
Կեղծիքներ՝ հանուն Գագիկ Ծառուկյանի․ հրդեհի դեպքում մարդկանց տարհանումը ռիսկային է
Երևանի փոքր կենտրոնում վեր է խոյացել հերթական բարձրահարկը։ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց կառուցված շենքն ունի 18 հարկ։ Մեկ կամ երկու տարի հետո շենքը շահագործման կհանձնվի։ Նորակառույցի՝ 9-ից բարձր հարկերում հրդեհ բռնկվելու դեպքում ապագա բնակիչների տարհանումը կարող է անհնար լինել։ Նույն խնդրի առաջ կարող են կանգնել Տերյան փողոցում շահագործման հանձնված նորակառույց «Քորթյարդ բայ Մարիոթ» հյուրանոցի այցելուները կամ հյուրանոցի հարևանությամբ գտնվող բնակելի-հասարակական շինության բնակիչները և այցելուները։ Պատճառն այն է, որ Հայաստանում առկա փրկարարական տեխնիկան անզոր է նման բարձրություն հաղթահարել։
2024 թ․-ին Երևանի մի քանի շենքի 9-ից բարձր հարկերում հրդեհներ են բռնկվել։ Ուսումնասիրել ենք երեք դեպք։ Դեպքերից մեկը Մոնթե Մելքոնյան փողոցում է գրանցվել, մյուսը՝ Երվանդ Քոչար փողոցում, երրորդը՝ Աջափնյակում՝ 16-րդ թաղամասում։
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության(ՓԾ) հաղորդագրության համաձայն՝ Մոնթե Մելքոնյան փողոցի շենքերից մեկի 16-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը մարվել է ահազանգից 1 ժամ անց։ ՓԾ-ն հաղորդագրությանը կից 2 լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված ավտոսանդուղքը (համար՝ 0133) չի հասել հրդեհվող բնակարան։ Հրդեհից տուժած ընտանիքի հարազատը «Ազատություն» ռադիոկայանին պատմել էր, որ փրկարարների աստիճանը 9-րդ հարկից վերև չէր բարձրացել ու այդպես էլ չէր կարողացել հասնել 16-րդ հարկի պատշգամբ, որտեղ կրակից ու ծխից որդու ընտանիքն էր պատսպարվել։ Բարեբախտաբար, ընտանիքը հետագայում կարողացել է հրդեհվող բնակարանի մուտքով դուրս գալ։
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն թաղամասի շենքերից մեկի 15-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը տարածվել է շենքի 16-րդ հարկի երկու բնակարանում։ Ըստ Փրկարար ծառայության հաղորդագրության՝ հրդեհը մարվել է 1 ժամ անց՝ գույքային վնասներ պատճառելով բնակիչներին։ Հաղորդագրությանը կից հրապարակված լուսանկարներում երևում է հրշեջ-փրկարարական 3 մեքենա, որոնցից մեկը՝ աստիճանասանդուղքով (համար՝ 0133), որը գործի չի դրվել:
Կենտրոն վարչական շրջանում՝ Երվանդ Քոչար փողոցի 13 հարկանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է շենքի տանիքի ծածկը։ Այս դեպքի վերաբերյալ ՓԾ-ի հաղորդագրությանը կից հրապարակված լուսանկարներում երևում է Փրկարար ծառայության նույն ավտոսանդուղքը (համար՝ 0133), որը կրկին գործի չի դրվել։
Նշված երեք դեպքում էլ Փրկարար ծառայությունը բարձրահարկերի հրդեհները մարելիս շենքերին մոտեցրել է «համար 0133» աստիճանասանդուղքը, որը գործի չի դրվել, եթե գործի էլ դրվել է, հնարավոր չի եղել աստիճանը մոտեցնել 9-րդ հարկից բարձր հարկերի։
Փրկարար ծառայության տեխնիկական հագեցվածության, աստիճանասանդուղքների բարձրության վերաբերյալ մի շարք գրավոր հարցեր ենք ուղղել Ներքին գործերի նախարարություն։ Մասնավորապես՝ «Տրամադրել տեղեկություն Փրկարար ծառայության կամ ՆԳՆ ռեզերվում առկա աստիճանասանդուղքներով կահավորված մեքենաների վերաբերյալ։ Ի՞նչ տեսակի, տարեթվի քանի մեքենա կա, որը կահավորված է աստիճանասանդուղքով։ Քանի՞ մետր երկարություն ունեն աստիճանասանդուղքները։
Փրկարար ծառայության Երևանի ստորաբաժանումներում քա՞նի մեքենա կա, որը կահավորված է աստիճանասանդուղքով»։ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետի պարտականությունները կատարող Ա․ Վանյանը գրավոր մերժել է տեղեկատվության տրամադրումը՝ պատճառաբանելով, որ հայցվող տվյալները ՆԳ նախարարի 2024 թ.-ի հրամանով գաղտնագրված են և հրապարակման ենթակա չեն։
Ուսումնասիրելով Փրկարար ծառայության նախորդ տարիների գույքային համալրումների և ավտոպարկի վերաբերյալ բաց աղբյուրներում առկա հրապարակումները, նյութերը և ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալներ, որոշ տեղեկատվություն հավաքեցինք։ Պարզեցինք, որ Հայաստանում կա 50 մետր երկարություն ունեցող հրշեջ-փրկարարական աստիճանասանդուղք, որը, սակայն, չի շահագործվում։ Այս տեղեկության հաստատումը հնարավոր դարձավ միայն լրացուցիչ ուսումնասիրությունից հետո։
Դեռևս 2022 թ․-ին Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի «911tert.am» էլեկտրոնային պաշտոնաթերթի թողարկումներից մեկում անդրադարձ է կատարվել Հայաստանում առկա հրշեջ-փրկարարական միջոցներին։ «Փրկարար ծառայության ավտոպարկն այս տարի 50 մետր բարձրությամբ ավտոսանդուղքով կհամալրվի, ինչը հնարավորություն կտա բարձր հարկերում փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպել»,- պաշտոնական հարթակում հրապարակված տեսանյութում իրազեկում է լրագրողը, ապա, հաջորդ կադրում, Փրկարար ծառայության աշխատակիցներից մեկը ներկայացնում է ծառայության ավտոպարկում առկա տեխնիկան։
Ցույց տալով «Իսուզու» մակնիշի «համար 0133» աստիճանասանդուղքը՝ ծառայության աշխատակից Հարություն Մոսեսյանը նշում է, որ մեքենան հրշեջ-փրկարարական աշխատանքներ է կարողանում կատարել մինչև 9-րդ հարկ բարձրության վրա։ Հաջորդիվ ներկայացվում է «Մագիրուս-50» աստիճանասանդուղքը, որի ֆունկցիոնալությունը ներկայացվում է այսպես․ «Կատարում է մինչև 16-րդ հարկ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ»։ Նույն տեսանյութում արդեն Փրկարար ծառայության այդ ժամանակվա տնօրեն Արմեն Գասպարյանը հայտարարում է, որ ծառայության ավտոպարկում կա ընդամենը 1 «Մագիրուս-50», որը հին է, իսկ շահագործումը՝ ոչ արդյունավետ։ «Շատ-շատ կարևոր է մեր ծառայության համար, բնակչության սպասարկման համար նմանատիպ տեխնիկայի ձեռքբերումը և ունենալը։ Նախատեսվում է 2022 թ․-ին պետական միջոցների հաշվին ձեռք բերել նոր հրշեջ-փրկարարական 50 մետրանոց ավտոսանդուղք»,- հայտարարում է ծառայության տնօրենը։
Գրավոր հարցմամբ կրկին դիմեցինք Ներքին գործերի նախարարություն՝ խնդրելով տրամադրել 50 մետրանոց ավտոսանդուղքի ձեռքբերման պայմանագրերը։ ՆԳ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը գրավոր հայտնել է, որ 2022 թ․-ից մինչև 2024 թ․-ի նոյեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում 50 մետրանոց հրշեջ-փրկարարական ավտոսանդուղքի գնման գործընթաց Փրկարար ծառայությունը չի իրականացրել։
Երևանի բարձրահարկերում բռնկված և մեր ուսումնասիրած երեք դեպքում ակնհայտ է, որ «Մագիրուս-50» տեսակի 50 մետրանոց ավտոսանդուղքը չի շահագործվել։ Կարող ենք ենթադրել, որ այն պարզապես ենթակա չէ շահագործման, հակառակ դեպքում՝ տարօրինակ կլինի շահագործման ենթակա տեխնիկան բարձրահարկերում բռնկված հրդեհների ժամանակ չօգտագործելը։
Կեղծ տեղեկանքներով ավարտին հասցվեց 18 հարկանի շենքի կառուցումը
«Հետքն» ուսումնասիրել է Երևանում վերջին տարիներին կառուցված և կառուցվող բարձրահարկերի շինթույլտվությունները, առանձնացրել մի շարք բազմաֆունկցիոնալ համալիրների կառուցապատման ծրագրեր։ Մեկ շինարարության օրինակով ներկայացնում ենք քաղաքաշինական փաստաթղթերը կազմելու, համաձայնեցնելու և հաստատելու շղթայում առկա ռիսկերը։
2024 թ.-ի դեկտեմբեր ամսվա դրությամբ Երևանի Աբովյան 5/5 հասցեի բազմաֆունկցիոնալ համալիրի հիմնական շինարարությունն ավարտվել է։ Շենքի վերգետնյա 18 հարկերը կառուցվել են, այժմ երեսպատման և ներքին հարդարման աշխատանքներն են ընթանում։ Մոտ 100 մլն դոլար գնահատված համալիրը կառուցում են խոշոր գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ու իր գործընկերները։ Շենքի կառուցումը հարթ չի ընթացել։ 2017թ․-ին Աբովյան 5/5 հասցեի քառահարկ շենքը ապամոնտաժվեց, տեղում նոր համալիրի հիմքերը փորվեցին, ու 1 տարի անց ստորգետնյա հարկերից բացի, կառուցվեցին համալիրի 3 հարկերը։ 2018 թ․-ին շինարարությունը կասեցվեց դատական վեճի պատճառով, որը հանգուցալուծվեց 4 տարի անց։ 2022 թ․-ին շինարարությունը վերսկսվեց, և երկու տարում բարձրահարկ համալիրի հիմնական մասը կառուցվեց։
«Մոսկվա» կինոթատրոնի դիմաց կառուցվող բազմաֆունկցիոնալ համալիրի համար Երևանի տարբեր քաղաքապետեր տվել են ընդհանուր առմամբ շինարարության 3 թույլտվություն։ Առաջինը՝ 2017 թ․-ին, երկրորդը՝ 2018 թ․-ին, երրորդը՝ 2022 թ․-ին։ Շինարարության թույլտվություններին նախորդել է համայնքի ղեկավարի՝ նախագծման թույլտվությունը, որի հիման վրա կառուցապատողը նախագիծ է կազմել։
2017 թ․-ի նախագծման թույլտվությամբ սահմանվել է, որ համալիրը կարող է ունենալ 3 ստորգետնյա և մինչև 12 վերգետնյա հարկ։ 2019 թ․-ին տրված նախագծման թույլտվությամբ սահմանվել է, որ համալիրը կարող է ունենալ 11 վերգետնյա հարկ, իսկ 12-րդ հարկը՝ մասնակի ծավալով (տեխնիկական հարկ)։ 2022 թ․-ին տրված նախագծման թույլտվությամբ թույլատրելի բարձրությունը հարկերի փոխարեն նշվել է մետրով․ «Կառույցը նախագծել 3 ստորգետնյա և շենքի հիմնական ծավալի համար մինչև 48 մետր, իսկ հետ ընկած գլանաձև ծավալի բարձրությունը՝ մինչև 71 մետր»։ Եթե ընդունենք, որ 1 հարկի բարձրությունը, առաստաղն էլ ներառած, կարող է լինել 3.3 մետր, ապա 71 մետրով հնարավոր է մինչև 21 հարկ կառուցել։ 2022 թ․-ի օգոստոսին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի տված նախագծման թույլտվությանը մեկ ամիս անց հաջորդել է շինարարության թույլտվությունը։
Երևանի քաղաքապետարանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, իր պաշտոնական կայքում չի հրապարակում համայնքի ղեկավարի կողմից տրված նախագծման և շինարարության թույլտվությունները։ Այդ փաստաթղթերին մենք հասանելիություն ենք ստանում միայն գրավոր հարցումներ ուղարկելուց հետո։
Կառուցվող համալիրի հարկայնության փոփոխման (ավելացման) մասին 2022 թ․-ին բարձրաձայնեց Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարը, որից հետո «Հետքը» պաշտոնական հաստատում ստացավ հարկերն ավելացնելու՝ համայնքի ղեկավարի ծածուկ թույլտվությունների մասին։
Շինարարության թույլտվություն ստանալը բազմափուլ գործընթաց է։ Կառուցապատողը սկզբում համայնքապետարան է ներկայացնում դիմում և էսքիզ, որից հետո համայնքի ղեկավարը տրամադրում է նախագիծ կազմելու թույլտվությունը (որում նշվում է հարկայնության սահմանաչափը և այլն)։ Կառուցապատողը, այդ թույլտվությունը ստանալով, գնում է ճարտարապետական արվեստանոց և նախագիծ պատվիրում։ Բարձրահարկ շենքերի դեպքում նախագիծը կազմելուց հետո այն ներկայացվում է ինչպես համայնքապետարան, այնպես էլ Քաղաքաշինության կոմիտե (համալիր փորձաքննության համար) և Շրջակա միջավայրի նախարարություն (ՇՄԱԳ թույլտվության համար)։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը հիմնականում անդրադառնում է բնապահպանական հարցերին։
Քաղաքաշինության կոմիտեում ձևավորվում է հանձնաժողով, որը համալիր փորձաքննության է ենթարկում նախագիծը։ Կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ղուլարյանի նախագահությամբ ձևավորված հանձնաժողովը դեռևս 2021 թ․-ին դրական եզրակացություն է տվել Աբովյան 5/5 հասցեում շենք կառուցելու նախագծին։ Նախագիծը պատրաստվել է 2019 թ․-ին տրված նախագծման թույլտվության հիման վրա։ Այսինքն՝ 12 հարկանի համալիրի նախագիծն արժանացել է համալիր փորձաքննության դրական եզրակացության։ Քաղաքաշինության կոմիտեի կայքում հրապարակվում են համալիր փորձաքննության դրական եզրակացությունները, սակայն Աբովյան 5/5 հասցեի վերաբերյալ եզրակացությունը հրապարակված չէր։ Միայն գրավոր հարցմամբ Կոմիտեից կարողացանք ստանալ եզրակացությունը, որն ընդամենը 1 էջանոց փաստաթուղթ է։ Փորձաքննական հանձնաժողովը բաղկացած է եղել 11 անդամից, որոնցից 3-ը Քաղաքաշինության կոմիտեից են եղել, 2-ը՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունից, 1-ական անդամ՝ Առողջապահության, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ԿԳՄՍ նախարարություններից և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը մեզ գրավոր հայտնեց, որ համալիր փորձաքննությունների ժամանակ «բացասական» եզրակացություն չի կազմվում, այլ նախագծային փաստաթղթերը վերադարձվում են լրամշակման։ Նախագծերի վերաբերյալ հանձնաժողովի անդամներն իրենց կարծիքները տրամադրել են էլեկտրոնային եղանակով (հանձնաժողովը ֆիզիկական նիստեր չի անցկացրել)։ Նունե Պետրոսյանը մեզ է տրամադրել Աբովյան 5/5 հասցեի շենքի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի անդամների դրական եզրակացությունների փաստաթղթից քաղվածք, որը պարունակում է ընդամենը «կողմ» կամ «V» նշումներ։
Այսինքն՝ 2021 թ․-ին համալիր փորձաքննության ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարարության 2 ներկայացուցիչ դրական եզրակացություն է տվել մի նախագծի, որով նախատեսվում է 12 հարկանի շենք կառուցել, սակայն այդ ժամանակ ԱԻՆ-ի կազմում գործող փրկարարական ծառայությունը նման բարձրություն հաղթահարելու աստիճանասանդուղք չի ունեցել (եղած 1 հատ 50 մետրանոց ավտոսանդուղքը շահագործման ենթակա չէ)։ ԱԻՆ-ը համալիր փորձաքննական հանձնաժողովում ներկայացված է եղել «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» և «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ների վարչությունների պետերի մակարդակով։
Սա դեռ ամենը չէ։ 2022 թ․-ին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նախագծման թույլտվություն է տվել, որով համալիրի հարկայնությունը հասցվել է մինչև 71 մետրի, որից հետո նախագիծը հաստատել է նույն Հրաչյա Սարգսյանը և տվել 18 հարկ կառուցելու շինթույլտվություն։ Ուսումնասիրեցինք տրամադրված թույլտվությունները, կազմված նախագիծը և կից այլ փաստաթղթեր։ Քաղաքապետի տված շինթույլտվության մեջ նշված է, որ դրա համար հիմք է հանդիսացել`
- 2021 թ․-ին տրված համալիր փորձաքննության դրական եզրակացությունը
- Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թ․-ի գրությունը
- Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2021 թ․-ի եզրակացությունը։
Քաղաքաշինական համալիր փորձաքննության վիճելի «դրական» եզրակացությանն արդեն անդրադարձանք։ Քաղաքաշինության կոմիտեից գրավոր հարցմամբ ստացանք կոմիտեի այդ ժամանակվա նախագահ Արմեն Ղուլարյանի 2022 թ․-ի գրության պատճենը, որը դրվել է 18 հարկանի շենք կառուցելու շինթույլտվության հիմքում։ Գրությունն ուղղված է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրենին։ «․․․հաշվի առնելով, որ նախագծում փոփոխություններ տեղի չեն ունեցել, և նախագիծը համապատասխանում է նոր տրամադրված նախագծման թույլտվության չափորոշիչներին, ուստի կրկնակի համալիր փորձաքննության անհրաժեշտություն չկա և ․․․ 2021 թ․-ի մայիսի 17-ին տրված N31/5 դրական եզրակացությունը համարվում է ուժի մեջ»,- գրության մեջ նշել է Քաղաքաշինության կոմիտեի այդ ժամանակվա նախագահ Արմեն Ղուլարյանը։ Թե ինչպես է նա համարել, որ 12 հարկանի համալիրի նախագիծը 18 հարկանու վերածելը փոփոխություն չէ, անհասկանալի է։
Այս կեղծ տեղեկությունը պարունակող գրությանն էլ գումարվել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2021 թ․-ի եզրակացությունը և կասկածելի շինթույլտվության «հիմքերը» ամբողջացել են։ 2021 թ․-ին Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը կրկին «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրենին ուղղված գրությամբ հայտնել է․ «Տեսչական մարմինը քննարկել է Աբովյան 5/5 հասցեում նախատեսվող հյուրանոցային համալիրի լրամշակված ճարտարապետական և ինժեներական նախագծերը և տեղեկացնում է, որ դրանք համապատասխանում են հրդեհային անվտանգության պահանջներին»: Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը ևս տվել է թույլտվություն այն պայմաններում, որ Հայաստանի Փրկարար ծառայության ավտոպարկում 50 մետրանոց ավտոսանդուղք չկա (եղած 1 հատ 50 մետրանոց ավտոսանդուղքը շահագործման ենթակա չէ)։ Ի դեպ, Տեսչական մարմնի այս եզրակացությունը տրվել է համալիրի 12 հարկանի նախագծի վերաբերյալ, որը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դրել է 18 հարկանի շենքի շինթույլտվության հիմքում։
Պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել ենք նաև վերը նշված պաշտոնյաներին, որոնց պատասխանները կներկայացնենք առաջիկայում։
Սա ընդամենը 1 շինթույլտվության պատմություն էր, նման շինթույլտվություններ Երևանի ներկա և նախկին քաղաքապետերը շատ են տվել, համալիր փորձաքննության նմանատիպ բազմաթիվ դրական եզրակացություններ կան, տեսչական մարմինների և նախարարությունների դրական կարծիքների պակաս նույնպես չկա։ Իսկ բնակլիմայական և տեխնածին աղետներից հետո պաշտոնյաները կարող են մեղքը բարդել ամեն մեկի և ամեն ինչի վրա՝ բացի իրական պատասխանատուներից։
__________________
Թարմացում․ Հոդվածի հրապարակումից հետո Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից պարզաբանեցին, որ 2021 թ․-ին տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը հակահրդեհային անվտանգության վերաբերյալ դրական եզրակացություն տվել է՝ առաջնորդվելով քաղաքաշինական նորմերով, որով թույլտվություն պետք է տալ նման բարձրության շենքերի նախագծերին (մինչև 71 մ)։ Տեսչականից միևնույն ժամանակ հավելեցին, որ թույլտվություն տալուց լիազորված չեն գնահատել Փրկարար ծառայության նյութատեխնիկական հագեցվածությունը։ Հաշվի առնելով այդ պարզաբանումը՝ հոդվածի գլխավոր նկարից հեռացնում ենք ՔՏՀԱՄ-ի ղեկավարի տեղակալ Ա․Պապիկյանի լուսանկարը։
Մեկնաբանել