HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Գագիկ Ծառուկյանի արաբ գործընկերներն ու համատեղ բիզնեսը

Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում դժգոհել է իր արաբ գործընկերների՝ Հայաստանում կատարվող եւ կատարվելիք ներդրումների նկատմամբ խոչընդոտներից: Ավելի ուշ նրան պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունը ներկայացրել է արաբ գործարարների հանդիպումը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, որն, ըստ ռեպորտաժի, առաջացրել է արաբների զարմանքն ու հիասթափությունը: Սրան ի պատասխան՝ Մարությանը Հանրային հեռուստատեսությամբ ներկայացրել է իր փաստարկները՝ շեշտելով, որ պատրաստ են աջակցել ներդրումներին: Թեման շարունակվել է նաեւ այսօր, Ծառուկյանը ԱԺ-ում, պատասխանելով լրագրողների հարցերին, կրկին քննադատել է քաղաքապետին:  

Ո՞վ է շեյխ Սուլթան բին Խալիֆան

Երեկ երկու կողմերի հնչեցրած խոսքերից էլ պարզ դարձավ, որ քաղաքապետարանում կայացած հանդիպման ընթացքում արաբ գործարարներին զանգել են (Հ. Մարությանի պնդմամբ՝ մի քանի անգամ): «Կենտրոնի» ռեպորտաժում նշվում է, որ զանգողը եղել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Սուլթան բին Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանը, որի ներկայացուցիչներն են Մարությանին հանդիպած Ջաբեր եւ Ադել Ալմարզուքի եղբայրները: Մի կողմ թողնելով շեյխերի ներդրումային ծրագրերը Հայաստանում (բարեգործական հիվանդանոց, հյուրանոց, մետրոյի կայարանների վերանորոգում եւ կառուցում), որոնց մասին խոսվել է հանդիպման ժամանակ, եւ որոնց վերաբերյալ արաբներն (ավելի ճիշտ կլինի ասել՝ «Կենտրոն» հեռուստաընկերությունը) ու Մարությանը տարբեր տեղեկություններ են ներկայացնում՝ առանձնացնենք առաջին հայացքից գուցե անկարեւոր թվացող մի փաստ՝ շեյխ Սուլթան բին Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանը, ով Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) գործող նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի որդին է, իրականում թագաժառանգ չէ:

Ինչպես հայտնի է, ԱՄԷ-ն կազմված է 7 էմիրություններից, որոնցից յուրաքանչյուրը ղեկավարվում է էմիրի կողմից: Երկրի մայրաքաղաքը Աբու Դաբին է, որի համանուն էմիրությունն ամենամեծն է, Աբու Դաբիի էմիրն էլ ի պաշտոնե ԱՄԷ-ի նախագահն է, իսկ Դուբայի էմիրը՝ վարչապետը:

Գործող նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդը (հայերեն տարբերակով՝ Խալիֆա որդի Զայեդի կամ Զայեդի որդի Խալիֆա) ԱՄԷ-ն եւ Աբու Դաբին ղեկավարում է 2004-ից՝ հոր մահից հետո: Նա ԱՄԷ-ի երկրորդ նախագահն է: Նրան հաջորդելու է ոչ թե որդին, որի մասին խոսվել է վերոնշյալ ռեպորտաժում, այլ եղբայրը՝ շեյխ Մոհամեդ բին Զայեդը, ով Աբու Դաբիի թագաժառանգն է եւ համարվում է երկրի ստվերային կառավարիչը ավագ եղբոր առողջական խնդիրների պատճառով:

Ինչ վերաբերում է գործող նախագահի ավագ որդուն՝ շեյխ Սուլթան բին Խալիֆային, ապա նա ոչ միայն թագավորական Ալ Նահյան տան անդամ է, հոր խորհրդականն ու ռազմական գործիչ, այլեւ գիտնական է ու գործարար, ղեկավարում է իր անվան սկզբնատառերը կրող «SBK Holding» հոլդինգային ընկերությունը, որը միավորում է մի շարք նույնանուն ընկերություններ: Վերջիններիս գործունեության ոլորտը տարբեր է՝ հյուրանոցներ, հանգստավայրեր, անշարժ գույք, նախագծում եւ ենթակառուցվածքների զարգացում, մամուլի հրատարակչություն, սննդի արդյունաբերություն, ծովային փոխադրումներ եւ այլն:    

«Կենտրոնի» ռեպորտաժում Ջաբեր Ալմարզուքին նշում է, որ իրենից բացի Մարությանի հետ հանդիպմանը մասնակցել է նաեւ Նասեր Ալ Նովեյսը: Հիմա անդրադառնանք, թե արաբների հետ ինչ բիզնես ունի Գագիկ Ծառուկյանը:  

Մեքենաների բիզնես Ալմարզուքիների հետ

Ալմարզուքի (Almarzooqi) եղբայրները Գ. Ծառուկյանի գործընկերներն են ավտոմեքենաների վաճառքի ոլորտում: Գործարար պատգամավորի մասին պատմող հոդվածներից մեկում գրել ենք, որ Ջաբեր Մոհամեդ Ալի Ջասիմ Ալմարզուքին «Եուրոմոթորս» ՓԲԸ-ի տնօրենն է:

Ընկերությունը հիմնադրվել է 2014-ի մայիսին գործարար Փայլակ Հայրապետյանի ընտանիքի կողմից: Հայրապետյանները 1998-ին հիմնել էին «Եվրոմոթորս» ՍՊԸ-ն, որը, մասնավորապես, գերմանական «BMW» եւ բրիտանական «MINI» մակնիշի մեքենաների պաշտոնական ներկայացուցիչն էր Հայաստանում: Այս գործում հետագայում ՍՊԸ-ին փոխարինել է «Եուրոմոթորս» ՓԲԸ-ն, որն էլ 2015-ին վաճառվել է Գ. Ծառուկյանին (50 %-ի տերն է) եւ նրա արաբ գործընկերներին: Մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Հայրապետյաններն իրենց ընկերությունը վաճառել են 4-5 մլն դոլարով: «Եուրոմոթորսի» խանութը գտնվում է Երեւան-Սեւան մայրուղու աջ հատվածում՝ Ծառուկյանի հարազատ Առինջ գյուղի մուտքի մոտ (նախկինում Երեւանի կենտրոնում էր՝ Հայրապետյանների «Արարատ» հյուրանոցի շենքում): Մայրուղու հարեւանությամբ են գործում Ծառուկյանին պատկանող այլ խանութներ եւս («Մագաս Ինվեստ», «Մուլտի Մոթորս», «Գլոբալ Մոթորս»): «Եուրոմոթորսն» առաջարկում է ոչ միայն «BMW» եւ «MINI» մեքենաներ, այլեւ նույն մակնիշի հեծանիվներ, աքսեսուարներ, հագուստ: Այն նաեւ բրիտանական «Rolls-Royce» մեքենաների պահեստամասերի ներմուծողն ու սպասարկում իրականացնողն է Հայաստանում: Ընդ որում՝ նշված 3 մակնիշների սեփականատերը գերմանական մեքենաշինական հսկաներից մեկն է՝ «BMW AG»-ն:  

2017-ին Գ. Ծառուկյանը հերթական անգամ պատգամավոր ընտրվելուց հետո ներկայացրել էր պաշտոնի ստանձնման հայտարարագիր, որտեղ նշել էր նաեւ «Եուրոմոթորս» ՓԲԸ-ում ունեցած 50 % բաժնետոմսերի արժեքը՝ 591.325.000 դրամ, ինչը նշանակում է, որ ընկերության կանոնադրական կապիտալը 1.182.650.000 դրամ է: Ծառուկյանի մասին պատմող ֆիլմում նշվում է, որ ՓԲԸ-ի մյուս սեփականատերը արաբական «Princess Group»-ն է, որի կայքում որպես խմբի մաս կազմող ընկերություն է ներկայացված հայկական «Եուրոմոթորսը»: «Princess Group»-ը գրանցված է Աբու Դաբիում, դրա նախագահը Ադել Ալմարզուքին է, որին տեսնում ենք նաեւ Մարությանի հետ հանդիպման մասին պատմող «Կենտրոնի» ռեպորտաժում: 2018-ին «Եուրոմոթորսը» Հայաստանի 1000 խոշոր հարկատուների մեջ եղել է 234-րդը. վճարել է ընդհանուր մոտ 726 մլն դրամ հարկ: Դատելով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարված 1000-ական դրամ վճարներից՝ կարող ենք ասել, որ ՓԲԸ-ն ունի շուրջ 30 գրանցված աշխատող:

«Եուրոմոթորսը» Ծառուկյանի եւ Ալմարզուքիների միակ համատեղ բիզնեսը չէ: 2017-ի հոկտեմբերին գործարար պատգամավորն ու արաբների «Princess Group»-ը 50-50 համամասնությամբ Երեւան-Սեւան մայրուղու հարեւանությամբ գրանցել են «Մուլտի Քարս» ՍՊԸ-ն, որի կանոնադրական կապիտալը կարելի է խորհրդանշական համարել՝ 50 հազ. դրամ: ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը երեւանցի Սամվել Գեւորգյանն է, ով ղեկավարում է նաեւ հարեւանությամբ գործող «Մուլտի Մոթորս» եւ «Գլոբալ Մոթորս» ընկերությունները: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին «Մուլտի Քարսը» վճարումներ չի արել, չնայած ՊԵԿ-ի տվյալներով համարվում է գործող ընկերություն:

Ծառուկյանի եւ «Rotana»-ի համագործակցությունը

Ջաբեր Ալմարզուքին «Կենտրոնին» ասել է, թե աշխարհում ավելի քան 150 հյուրանոց ունեցող «Rotana» ցանցը մտադիր էր հյուրանոց կառուցել Երեւանում: Խոսքն Աբու Դաբիում հիմնադրված «Rotana Hotel Management Corporation»-ի մասին է, որը հայտնի է հյուրանոցների եւ առեւտրային կենտրոնների կառավարմամբ Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայում եւ Արեւելյան Եվրոպայում: Դեռ այս տարվա ապրիլին Ծառուկյանին պատկանող հեռուստաընկերությունը հայտնել էր, որ «Rotana»-ն ստանձնելու է «Առինջ Մոլի» հարեւանությամբ գտնվող «Մուլտի Գոլդ» ոսկերչական կենտրոնի կառավարումը: Հայտարարվել էր, որ «Մուլտի Գոլդում» գործելու են ոչ միայն խանութներ, այլեւ արտադրամասեր, պահեստներ, սրճարաններ ու ավտոկայանատեղի:

«Rotana»-ի հիմնադիր տնօրեն Նասեր Ալ Նովեյսը (Nasser Al Nowais) նշել էր, որ Հայաստանում նպատակ ունեն Ծառուկյանի հետ զարգացնել նաեւ հյուրանոցային բիզնեսը, ինչը, փաստորեն, քննարկվել է Հայկ Մարությանի հետ հանդիպմանը:

Ծառուկյանի եւ քուվեյթցի շեյխի համատեղ ծրագիրը Արարատում

2018-ի սեպտեմբերին Գ. Ծառուկյանն ու երեւանցի Դավիթ Գեւորգյանը մայրաքաղաքում հիմնել են «Արսիլիցիում» ՍՊԸ-ն, որի նպատակը սիլիցիումի գործարան շահագործելն է: Այս մասին եւս «Հետքը» գրել է: Ընկերության կանոնադրական կապիտալը 50 հազ. դրամ է, գլխավոր տնօրենն էլ Ծառուկյանի լիազոր անձն է՝ «Մուլտի Գրուպի» գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը: Չնայած ՍՊԸ-ն գրանցված է Երեւանի «Արարատ» կոմբինատի հասցեում, նախատեսվում է, որ այն պիտի աշխատի Արարատ քաղաքում:

Այս տարվա փետրվարին Ս. Առուստամյանի դիմումի հիման վրա Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը համայնքի ավագանուն է առաջարկել որոշման նախագիծ՝ քաղաքի վարչական տարածքում գտնվող եւ «Արսիլիցիում» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 10 հա հողամասից 7 հա-ի նպատակային նշանակությունը փոխելու մասին: Ըստ այդմ՝ գյուղատնտեսական հողը (արոտավայր) պետք է դառնար արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության (արդյունաբերական օբյեկտների հող), որպեսզի այդտեղ արտադրություն կազմակերպվեր: Սակայն քաղաքապետարանի կայքում տեսնում ենք, որ ավագանին չի քվեարկել: Այս փաստից եւս Գ. Ծառուկյանը երեկ դժգոհել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, բայց, ինչպես տեսնում ենք, տվյալ պարագայում հասցեատերը Արարատ համայնքն է՝ ՀՀԿ-ական քաղաքապետ Հ. Հայկյանի գլխավորությամբ (ավագանու 15 անդամից 7-ն անկուսակցական է, 4-ը՝ ՀՀԿ-ական, 2-ը՝ ԲՀԿ-ական, 1-ական՝ ՀԱԿ-ից եւ ՀՅԴ-ից):

«Կենտրոն» հեռուստաընկերությունը հայտնել էր, որ սիլիցիումի գործարանի ներդրումային ծրագիրն արժենալու է մոտ 1 մլրդ դոլար, ու բացվելու է շուրջ 3000 աշխատատեղ: Թե ինչքանով է սա իրական, դժվար է ասել: Իր հերթին Ս. Առուստամյանը «Հետքին» հայտնել էր, որ սիլիցիումի գործարանի կառուցման աշխատանքներ չեն կատարվում, քանի որ «Արսիլիցիումը» դեռեւս 2018-ի հոկտեմբերին դիմել էր Արարատի համայնքապետարան՝ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու խնդրանքով, սակայն մինչ օրս հարցը լուծում չի ստացել. ինչպես ասվեց, ավագանին չի քվեարկել: Առուստամյանը մեզ նաեւ տեղեկացրել է, որ նախկինում կատարվել է ընկերությանը պատկանող հողամասի ցանկապատում:

«Կենտրոնի» ռեպորտաժում ասվում էր, որ սիլիցիումի գործարանի նախագծում Ծառուկյանի գործընկերը Քուվեյթի թագավորական Ալ Սաբահ ընտանիքի անդամ շեյխ Ահմեդն է, որը նաեւ սպորտի մարդ է՝ Ասիայի օլիմպիական խորհրդի ու Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահն է, Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ: Գ. Ծառուկյանն ասել է, թե գործարանը պատրաստ կլինի շահագործման 2 տարուց՝ 2020-ին, բայց նման տեմպերից արդեն պարզ է, որ գալիք տարի այն չի բացվի:

Քանի որ պետռեգիստրում շեյխ Ահմեդի անունը «Արսիլիցիումի» սեփականատերերի մեջ բացակայում էր, Սեդրակ Առուստամյանին հարցրել էինք դրա պատճառի մասին, իսկ նա պատասխանել էր. «Իրոք, «Արսիլիցիում» ՍՊԸ-ի եւ Ալ Սաբահի միջեւ կա գրավոր պայմանավորվածություն Գ. Ծառուկյանի անձնական երաշխավորությամբ գործընկերային հարաբերությունների եւ ներդրումային ծրագրին մասնակցության վերաբերյալ: Ինչ վերաբերում է «Արսիլիցիում» ՍՊԸ-ում Ալ Սաբահի մասնակցությանը եւ պետական ռեգիստրում որպես ընկերության մասնակից գրանցվելուն, ապա կողմերը պայմանավորվել են այդ հարցին անդրադառնալ գործարանը շահագործման հանձնելուց հետո: «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքով՝ օտարերկրյա ներդրումների իրականացման ձեւերը չեն սահմանափակվում միայն ընկերության հիմնադիր հանդիսանալով»:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարված վճարներից բխում է, որ «Արսիլիցիումն» ունի ընդամենը 2 գրանցված աշխատող:

Ծառուկյանը բողոքում է քաղաքապետարանից, սակայն նրանք դատական վեճի նույն կողմում են  

Գ. Ծառուկյանի դժգոհության պատճառ է դարձել նաեւ Երեւանի Աբովյան փողոցում կառուցվող հյուրանոցի շինարարության ընթացքը, որը ներկա պահին կասեցված է: Խոսքը «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց գտնվող տարածքի մասին է, որտեղ նախկինում «Աստաֆյան» համալիրն էր: Վերջինս հյուրանոց ու կազինո էր, սեփականատերն էլ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արսեն Ավագյանն էր (մականունը՝ «Տուգո»), հետո այստեղ հագուստի խանութ հայտնվեց, ապա՝ սրճարան, իսկ 2017-ին շենքը քանդեցին: Տարածքում (Աբովյան 5/1, 5/2 եւ 5/5 հասցեներում) կառուցապատում են իրականացնում «Ա.Ա.Դ. Հոթել» ՓԲԸ-ն, որն ամբողջությամբ պատկանում է Գ. Ծառուկյանին, «Մուլտի Գրուպ» կոնցեռնը եւ փաստաբան Դավիթ Մանթաշյանը, որը եւս ԲՀԿ առաջնորդի թիմից է: Մամուլը գրել է այն մասին, որ այստեղ կառուցվում է հյուրանոցային համալիր, որն ընդգրկվելու է «Kempinski» համաշխարհային ցանցի մեջ:

Հյուրանոցի շինարարության ու դատական վեճի մասին գրել ենք: Նոր հյուրանոցի կառուցապատողներին եւ քաղաքապետարանին 2018-ին դատի է տվել հարեւան շենքի՝ Աբովյան 3-ի սեփականատեր Աննա Մարտիրոսյանը: Քաղաքապետարանը հայցով պատասխանողն է, քանի որ շինթույլտվություն տվողն է, իսկ «Ա.Ա.Դ. Հոթել» ՓԲԸ-ն, «Մուլտի Գրուպ» կոնցեռնն ու Դավիթ Մանթաշյանը ներգրավված են որպես երրորդ անձ:

Դատական վեճի հիմքում Ա. Մարտիրոսյանին պատկանող Աբովյան 3 հասցեի շենքի եւ կառուցվող շենքի միջեւ սեյսմիկ կարն է (հեռավորությունը): Վարչական դատարանը գտել է, որ այն ապահովված չի եղել, ու 2018-ի օգոստոսին ամբողջությամբ բավարարել է հայցը՝ անվավեր է ճանաչել քաղաքապետարանի տված շինթույլտվությունները, որոնցից մեկը հատկացվել է 2017-ի դեկտեմբերին, մյուսը՝ 2018-ի փետրվարին:

Այդուհանդերձ, քաղաքապետարանի բողոքարկումից հետո այս տարվա մարտին վերաքննիչ վարչական դատարանը վճիռը բեկանել է եւ գործը լրիվ ծավալով ուղարկել ստորադաս ատյան՝ նոր քննության: Բայց դա չի բավարարել քաղաքապետարանին, որը վերաքննիչի որոշումը փորձել է բողոքարկել վճռաբեկ ատյանում՝ պահանջելով, որ Ա. Մարտիրոսյանի հայցն ամբողջությամբ մերժվի, սակայն Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չի ընդունել: Վճռաբեկ բողոք է բերել նաեւ «Ա.Ա.Դ. Հոթել» ՓԲԸ-ն, բայց այն եւս վարույթ չի ընդունվել:

Վերաքննիչ ատյանից կրկին վարչական դատարան ուղարկված գործն այժմ քննում է դատավոր Սամվել Հովակիմյանը: Դեռեւս ընթանում են նախնական դատական նիստեր, որոնցից հերթականը նշանակված է գալիք տարվա հունվարին:  

Ըստ ՊԵԿ-ի՝ «Ա.Ա.Դ. Հոթել» ՓԲԸ-ի գործունեության ոլորտը սեփական կամ վարձակալած անշարժ գույքը վարձակալությամբ հանձնելն ու այլ գործառնություններ կատարելն է: Գլխավոր տնօրենը երեւանցի Հարություն Շահբազյանն է, ով ժամանակին ԿԸՀ նախագահի տեղակալն էր, միակ սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է: Գործարար պատգամավորի 2017 թ. հայտարարագրում 100 % բաժնետոմսերի արժեք է նշված 2.656.990.000 դրամը: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարված վճարումները ցույց են տալիս, որ «Ա.Ա.Դ. Հոթել» ՓԲԸ-ն գրանցել է միայն 1 աշխատող:

Երեւանյան հյուրանոցն, այդուհանդերձ, կառուցվում է ոչ միայն Ծառուկյանի միջոցներով: Նրա գործընկերն այս ծրագրում եւս քուվեյթցի շեյխ Ահմեդ Ալ Սաբահն է: Ըստ «Կենտրոն» հեռուստաընկերության ռեպորտաժի՝ 5-աստղանի հյուրանոցի ներդրումային ծրագիրն արժենալու է ավելի քան 100 մլն դոլար: Ծառուկյանը հայտնել է, որ բացումը լինելու է 2020-ին: Բայց ինչպես սիլիցիումի գործարանի պարագայում է, այս նախագիծը եւս գալիք տարի իրականություն դառնալու շատ քիչ հնարավորություն ունի, քանի որ դատական վեճի ընթացքում շինթույլտվությունների գործողությունը կասեցվել է: «Մուլտի Գրուպը» մեկ անգամ փորձել է վերացնել կասեցումը՝ դրա դեմ ներկայացնելով վերաքննիչ բողոք, սակայն այն չի ընդունվել:    

Գլխավոր լուսանկարում՝ շեյխ Ահմեդ Ալ Սաբահն ու Գագիկ Ծառուկյանը 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter