HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Հայկական արվեստի մի քանի օրը Փարիզում. «Un weekend à l'Est» փառատոնի երկիրը

Ամեն տարի Փարիզում մի քանի օր կարելի է բացահայտել Արևելյան Եվրոպայի երկրներից մեկի մշակույթը. գրականություն, կինո, վիզուալ արվեստ, պար, երաժշտություն, բանախոսություններ: Սկսած 2016 թվականից, «Un weekend à l'Est» փառատոնը հնարավորություն է տալիս Արևելյան Եվրոպայի երկրներին արվեստի լեզվով երկխոսել Փարիզի հետ։

Փառատոնի հիմնադիր Վերա Միշալսկի-Հոֆմանը իր ամուսնու՝ լեհ մտավորական Յան Միխալսկու հետ 1986 թվականից հիմնել է «Noir sur Blanc» տպագրատունը։ Նրանց նպատակն էր հրատարակել սլավոնական գրողների էսսեներ, հուշեր, որոնք արտացոլում են Լեհաստանի, Լիտվայի, նախկին խորհրդային երկրների առանցքային պատմական պահերը:

Ամուսնու մահից հետո, զարգացնելով գաղափարը, Վերա Միշալսկի-Հոֆմանը գեղարվեստական ​​ղեկավար Բրիջիթ Բուշարի հետ 2016թ.-ից Փարիզում կազմակերպում է «Festival du Week-end à l'Est» (հանգստյան օրեր Արևելքում) փառատոնը: Այս նախաձեռնությունը նպատակ ունի ընդլայնել Արևելյան Եվրոպայի մշակութային սահմանները: Ամեն տարի ընտրված երկիրը Փարիզում հանդես է գալիս իր երկրի մշակութային ամբողջ ներկապնակով։

Այս տարի փառատոնը անցկացվում էր ութերորդ անգամ, ներկայացող երկիրը Հայաստանն էր։

Նոյեմբերի 20-ից 30-ը Փարիզի դահլիճներում, ցուցասրահներում Հայաստանը ներկայացավ ժանրային և թեմատիկ բազմազան ծրագրով՝ ինչպես Հայաստանից ժամանած, այնպես էլ ֆրանսիաբնակ հայ արտիստների մասնակցությամբ։ 

Փառատոնի շրջանակներում ներկայացվել է ընդգրկուն և բազմակողմանի ծրագիր՝ դասականից մինչև ժամանակակից արվեստ։ Կինոյում Փելեշյան, Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմը, Համելտ Հովսեփյանի վիդեոարտը։ Երաժշտությունում՝ ջութակահար Սերգեյ Խաչատրյան, Լուսինե Խաչատրյան (դաշնամուր) դուետից մինչև Ռիմա Պիպոյան և Հայկ Կարոյի երաժշտապարային փերֆորմանս, Տիգրան Համասյան, «Հովեր» երգչախումբ։

Փառատոնի վիզուալ բովանդակության համադրողներն էին Ալան Բեղլանը և Վարդուհի Կիրակոսյանը։ Տեսողական արվեստին հատկացված հինգ ցուցահանդեսային տարածքում ներկայացան 23-ից ավել արտիստներ։

Փառատոնից առաջ արվեստի քննադատ Ալան Բեղլանը Ֆրասիայից ժամանել էր Հայաստան և ծանոթացել տեղի արվեստագետների հետ։ Մասնակիցների ամբողջական ընտրությունը դեռ արված չէր, երբ, վերադառնալով Փարիզ, Ալան Բեղլանին ծանոթացել է Սորբոնի համալսարանում արվեստաբանական թեզի վրա աշխատող Վարդուհի Կիրակոսյանի հետ։ Նա օգնել է ամբողջացնել արտիստների ընտությունը և հասկանալ այն համատեքստը, որում ստեղծվում է այդ արվեստը։

Վիզուալ արվեստի հինգ ցուցադրությունից երեքը խմբային էին, երկուսը՝ անհատական։ Նրանցից մեկը լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի ֆոտոշարքի ցուցադրությունն էր։

armenakyan_redblackwhite_01-c470f.jpg (1.57 MB)

Նազիկ Արմենակյանի ֆոտոշարքը պատմում է Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող կանանց մասին։ «Կարմիր, Սև, Սպիտակ» վերնագրով ֆոտոշարքը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է տեքստից հյուսված ֆոտոների միջոցով խոսել անխոսելիի մասին։

far_2017_canvas_oil_100cm_x_90cm-b9c39.jpg (258 KB)

Մյուս անհատական ցուցադրությունը նկարիչ Խաչատուր Մարտիրոսյանինն էր, այն ներկայացնում էր վերացական արվեստը։ 

Երեք խմբային ցուցադրությունները կրում էին « ET LES FRONTIÈRES DEVIENNENT DES PONTS» (Սահմանները դառնում են կամուրջներ) խորագիրը։ Խմբային ցուցադրությունում էր նաև լուսանկարիչ Արեգ Բալայանի պատերազմական պատումը, քառօրյա պատերազմի ընթացքում մի կողմից որպես լուսանկարիչ, մյուս կողմից որպես զինվոր արված լուսանկարները։ Համադրող Վարդուհի Կիրակոսյանի խոսքերով՝ խորագիրը շատ ավելի հեռու է գնում իրական սահմանների գաղափարից։

Հայ արտիստները խոսում էին սահմանի գաղափարից, բայց ոչ ուղղակի, Հայաստանի իրականության, պատերազմական խնդրի մասին, այլ իրենք դուրս են գալիս և ավելի լայն են դիտարկում սահմանի գաղափարը։

Սահմաններ նաև անձի, իր մարմնի, օրինակ՝ Գարուշ Մելքոնյանի գործերում կամ Մերի Կարապետյանի ասֆալտի ինստալյացիան, ով սահման է գծում ու մարդուն թելադրում իր մարմնի տեղը տարածքի մեջ։

Դավիթ Քոչունցի պորտալատիպ գորգերը։ Կարեն Խաչատուրովի սյուրռեալիստական աշխարհները կամ Թենի Վարդանյանի ակվարելները, որը ոչ մի ժանրի սահմանի հետ չես կարողանում կապել։ Համադրված էին տարբեր մեդիաներ. կար վիդեո, ֆոտո, նկարչություն և դրա միջոցով ցույց են տրվում արվեստի բաց սահմանները։ Փառատոնի ձեռքբերումը այսպիսի մեծ ֆորմատով խոսելն էր Հայաստանում ստեղծվող արվեստի մասին։ Հայաստանը իր բազմազանությամբ ներկայացավ Փարիզում և ցույց տվեց, որ մենք շարունակում ենք ստեղծել արվեստ, որով կարող ենք երկխոսել Եվրոպայի հետ։

Լուսանկարները՝ Չարլի Ակակպոյի և Մանուել Թուսենի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter