HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

Ով է ում օգտագործում՝ մեդիան արհեստական բանականությա՞նը, թե՞ հակառակը

Մեդիայի համար արհեստական բանականության գործիքներ առաջարկող ընկերությունների մեծամասնությունը շարունակում է թաքցնել իրենց իրական սեփականատերերի, եկամուտների, գնահատված արժեքի, ներդրողների մասին ինֆորմացիան։ Առանց այս տվյալների, արդարացիորեն, կասկածի տակ կարող է դրվել ցանկացած լրագրողական աշխատանք, որը ստեղծվել է վերը նշված ԱԲ գործիքների կիրառմամբ։

Ի՞նչ է առաջարկում արհեստական բանականությունը լրագրողներին

Միամիտ կլիներ կարծել, որ արհեստական բանականության ժամ առ ժամ հզորացման այս շրջափուլում, մեդիան անմասն կմնար այդ փոփոխությունից։ Աշխարհում արհեստական բանականության ծառայություններ առաջարկող ընկերությունների թիվը հասնում է մի քանի հազարի։ Դրանցից որոշները մասնագիտացված են միայն մեդիայի ոլորտում, մինչդեռ մյուսները ունեն առանձին ծառայություններ, որոնք օգտագործվում են նաև լրագրողների կողմից։

ԱԲ-ն մեդիայում հիմնականում օգտագործվում է տեքստեր գեներացնելու, լուրեր, հոդվածներ գրելու, խմբագրելու, թարգմանությունների, վիզուալ բովանդակություն ստեղծելու, ձայնը տեքստի և հակառակը փոխարկելու և նույնիսկ փաստեր ստուգելու համար։

Պարտադիր չէ մասնագետ լինել հասկանալու համար, որ բազմաթիվ հարցեր կարող են առաջանալ ԱԲ գործիքների կողմանակալության, միտումների և արժանահավատության վերաբերյալ։ Կասկածներն ավելի հիմնավոր են դառնում, երբ ընկերությունների մասին բավարար տեղեկություններ չկան, որոնք թույլ կտան նույնականացնելու գործիքը ստեղծողներին, կառավարողներին, նրանց ֆինանսավորողներին և այն երկրները, որտեղ գրանցված են։ 

AI ընկերությունների երկու երրորդը թափանցիկ չէ

Մեդիայի և լրագրության հետազոտական կենտրոնը (Media & Journalism Research Center) հրապարակել է մի հետազոտություն, որը վերաբերում է լրագրողների կողմից օգտագործվող արհեստական բանականության գործիքներ առաջարկող ընկերությունների թափանցիկությանը՝ մասնավորապես ֆինանսներին, սեփականատերերին և ներդրողներին։ Հետազոտության համար ընտրվել է 100 ընկերություն։ Google-ը, Amazon-ը, Microsoft-ը և այլ խոշոր ընկերություններ ներգրավված չեն հետազոտությունում, քանի որ դրանք հետագայում են ինտեգրել ԱԲ-ն և ունեն բազմաթիվ այլ ծառայություններ։

Ըստ ուսումնասիրության՝ ընկերությունների 67%-ը չի ներկայացնում այնպիսի կարևոր և միևնույն ժամանակ տարրական տվյալներ, ինչպիսիք են ֆինանսները, սեփականատերերը, գրանցման երկիրը։

100 ընկերությունից 23-ը առաջարկում է նաև փաստերի ստուգման ծառայություններ, մինչդեռ նրանցից միայն հինգն է, որ չի թաքցնում իր եկամուտը, կառավարողներին և այլ կարևոր տեղեկություններ։ Սա լրջագույն խնդիր է` հաշվի առնելով, որ եթե փաստեր ստուգող գործիքը չի տրամադրում տվյալներ իր սեփականատերերի և ֆինանսական աղբյուրների ծագման մասին, որևէ մեկը չի կարող վստահել այդ ծառայության անկեղծ միտումներին և անաչառությանը։

Իսրայելի հետախուզական կորպուսի նախկին սպան խոստանում է անկողմնակալ փաստերի ստուգում Իսրայել-Համաս պատերազմի համատեքստում

«Get Clarity»-ն ներկայանում է որպես արհեստական բանականության միջոցով փաստեր ստուգող գործիք, մասնավորապես` օգտակար գործիք դիփ ֆեյքերի բացահայտման համար։

Թեև «Get Clarity»-ին չի հստակեցնում, թե որտեղ է տեղակայված իր գլխամասը, սակայն ընկերության թիմն ամբողջապես բաղկացած է մարդկանցից, որոնք ապրում են Իսրայելում՝ ներառյալ ղեկավար կազմը։ Ընկերության գործադիր տնօրեն Մայքլ Մաթիասը 5 տարի ծառայել է Իսրայելի հետախուզական կորպուսում, իսկ ղեկավար կազմից Գիլ Ավրիելը 14 տարի աշխատել է Իսրայելի ազգային անվտանգության խորհրդում։

Մաթիասը իր բազմաթիվ հարցազրույցներում շեշտում է, որ «Get Clarity»-ն կարող է օգտակար լինել՝ բացահայտելու Իսրայել-Համաս հակամարտությանը վերաբերող տեսանյութերի իսկությունը։ Նա նշել է, որ ընկերությունն ակտիվորեն համագործակցում է հետախուզական ծառայությունների հետ։ Մաթիասը հաստատել է, որ մոտ կապեր ունի իսրայելական կառավարություն հետ, դա օգնում է նրանց ստուգելու գերիներին և պատերազմական այլ դրվագներին վերաբերող տեսանյութերի իսկությունը։

Ելնելով վերը նշված տեղեկատվությունից՝ յուրաքանչյուր լրագրող ինքը պետք է որոշի, թե որքան անկողմնակալ կարող է լինել այս գործիքի տրամադրած տեղեկությունը, և որքանով է տեղին այդ տեղեկատվությունը հրամցնել լսարանին՝ իմանալով բոլոր այս կուլիսային կապերի մասին, որոնցից գուցե շարքային ընթերցողը տեղյակ չէ և պարտավոր էլ չէ իմանալ։

Որո՞նք են ամենահաջողակ AI ընկերությունները

Մեդիայի և լրագրողների կողմից առավել հաճախ օգտագործվող և հայտնի ընկերություններից են «Claude AI»-ը, «Dataminr»-ը, «Notion»-ը, «Grammarly»-ն և «Jasper AI»-ը։ Այս ընկերությունները ֆինանսապես բավականին կայուն են։ Օրինակ՝ «Claude AI»-ի արժեքը գնահատվում է մոտ՝ 20 մլրդ ամերիկյան դոլար, «Grammarly»-ն՝ 13 մլրդ, «Notion»-ը՝ 10 մլրդ, «Jasper AI»-ը՝ 2 մլրդ։

Օրեցօր աճող այս ընկերությունները գրավում են նաև ներդրողների ուշադրությունը։ Դիտարկվող 100 ընկերությունից միայն 48-ն է, որ ունի ներդրողների մասին տեղեկատվություն։ Համաձայն հետազոտության՝ «Y Combinator»-ը ներդումներ է կատարել ընկերություններից ութում։ Հաջորդ խոշոր ներդրողը «Google»-ն է, այն ներդրում է արել առավել հաջողակ 4 ընկերությունում։ Այլ ըներություններում ներդրումներ կատարել են նաև «Amazon»-ը և «Spark Capital»-ը։ Ամենաշատ ներդրումները կարողացել է ներգրավել «Claude AI»-ը՝ 7,7 մլրդ դոլար։

Դիտարկված 100 ընկերությունից միայն 74-ն է ունեցել գտնվելու վայրի մասին տեղեկություն։ Դրանցից 47%-ը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում, 19%-ը՝ Եվրոպայում, 5%-ը՝ Ասիայում և 3%-ը՝ Մերձավոր Արևելքում։

Հետազոտության հեղինակը նշում է, որ թեև այս անգամ ուսումնասիրել են միայն ընկերությունների սեփականատերերին, ֆինանսական միջոցները և այլ բաղադրիչներ, սակայն մյուս հետազոտությունը ներառելու է նաև ալգորիթմների ուսումնասիրությունը։

Գործիքի անկողմնակալությունը որոշելու համար կարևոր է պարզել նաև, թե որտեղից է այն տվալներ հավաքագրում և ինչպիսի քաղաքականութուն ունի։ Այս հարցերը հատկապես արդիական են ցանկացած տեսակի խտրականության և տեղեկատվության ստուգման համար, քանի որ դրանք մեծ ռիսկ են պարունակում անկախ մեդիայի համար։

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
Վերնագիրը սխալ է- Ով ում է օգտագործում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter