HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տիգրան Ավինյանն ընդդեմ «ՍիվիլՆեթի». քաղաքապետը պետական տուրքի գծով արտոնության միջնորդություն է ներկայացրել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «ՍիվիլՆեթ» լրատվամիջոցի: Տ. Ավինյանը լրատվամիջոցից պահանջում է հրապարակային ներողություն խնդրել, հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաև՝ փոխհատուցում վճարել: Երևանի քաղաքապետարանից չեն պարզաբանում, թե որքան գումար է պահանջում քաղաքապետ Ավինյանը «ՍիվիլՆեթից»:

Տիգրան Ավինյանին վրդովեցրել է «ՍիվիլՆեթի» նոյեմբերի 13-ի հետաքննությունն այն մասին, որ 2018-ի հեղափոխությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներից Տիգրան Ավինյանին հասցրել է քաղաքական իշխանության բարձունքի։ Ավինյանը, որն այդ ժամանակ Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամ էր, դարձել է Հայաստանի փոխվարչապետ։ Նրա քաղաքական կարիերայի աճն ուղեկցվել է ընտանիքի հետ կապված բիզնեսի բարգավաճմամբ, այդ թվում՝ պետական ծրագրերից անուղղակի օգուտներ ստանալու միջոցով։ ՍիվիլՆեթը և OCCRP-ն (Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագիծ) համատեղ հետաքննությամբ պարզել են, որ այդ ծրագրերը Ավինյանի համակարգման տիրույթում են եղել և դրանց վերաբերյալ քննարկումները համակարգել է ինքը՝ փոխվարչապետ Ավինյանը։

Լրատվամիջոցի դեմ հայց ներկայացնելու մասին հրապարակային խոսվեց դեկտեմբերի 18-ին՝ «FactorTV»-ի ուղիղ եթերում Տիգրան Ավինյանի և նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի բանավեճի ժամանակ: Տ. Ավինյանը հայտարարեց. «…մեդիան մեզ մոտ դարձել է մի մեծ աղբանոց։ Ինչ ուզում՝ խոսում է, և անպատիժ»:

Նշենք, որ 2024թ. Տիգրան Ավինյանը երեք լրատվամիջոցի դեմ՝ «Ժողովուրդ», «Օրագիր» և «ՍիվիլՆեթ», դատական հայցեր է ներկայացրել: Ընդհանուր առմամբ, 2024թ. զրպարտության մեղադրանքով 21 հայցադիմում է ներկայացվել լրատվամիջոցների դեմ:

Հետաքննության համահեղինակ Անի Գրիգորյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ մինչև հետաքննության հրապարակումը գրավոր հարցումներ են ուղարկել թե Տիգրան Ավինյանին, թե եղբորն ու հորը, որոնց անդրադարձել են հրապարակման մեջ, սակայն մոտ մեկ ամիս սպասելուց հետո այդպես էլ որևէ պատասխան չեն ստացել: Զանգահարել են քաղաքապետի եղբորը՝ պարզաբանումներ ստանալու, բայց ապարդյուն:

«Հետաքննութունը պատրաստվել է OCCRP-ի հետ համատեղ, և յուրաքանչյուր պնդում մի քանի անգամ ստուգվել է: Ասինքն՝ չկա հրապարակված մի փաստ, որը ստուգված չլինի, սակայն մեզ համար կարևոր էր, որ Տիգրան Ավինյանը ևս արձագանքեր, ինչը չի արել»,-ասում է Անի Գրիգորյանը:

«ՍիվիլՆեթի» լրագրողը նշում է, որ ամեն ինչ բարդվում է լրագրողի վրա, մինչդեռ պաշտոնյաները նույնպես պետք է բարեխիղճ ու թափանցիկ լինեն, արձագանքեն մամուլի հարցադրումներին:

«Նույնիսկ հոդվածի հրապարակումից հետո ոչ Տիգրան Ավինյանը, ոչ նրա մերձավորները հերքման, պատասխան հրապարակելու պահանջով չեն դիմել մեզ: Գործում է նաև վեճերը կարգավորող Դիտորդ մարմին, կարող էին նաև այդ մարմնին դիմել, եթե կարծում էին, որ լրատվամիջոցը բարեխիղճ չի եղել և օրենք է խախտել, բայց միանգամից որոշել են դիմել դատարան, ինչը մտահոգիչ է»,-ասում է Ա. Գրիգորյանը և հավելում, որ դատարանով հարցեր պարզելը ճնշում է լրատվամիջոցների և հատկապես անկախ մեդիայի վրա: Դատական գործընթացը լրատվամիջոցից մեծ ռեսուրս է պահանջում, քանի որ պետք է դիմեն փաստաբանի՝ իրենց շահերը պաշտպանելու համար:

«Մինչդեռ լրագրողի գործառույթը հանրությանը տեղեկատվություն փոխանցելն է, ոչ թե դատարանում հայտնվելը»,-հավելում է Անի Գրիգորյանը:

Նշենք, որ Տիգրան Ավինյանը հայցադիմումը դատարան է ներկայացրել  2024թ. դեկտեմբերի 10-ին, այն վարույթ ընդունելու մասին որոշում դեռ չկա: Քաղաքապետը հայցադիմումին կից ներկայացրել է նաև միջնորդություն պետական տուրքի գծով արտոնություն տրամադրելու վերաբերյալ: Երևանի քաղաքապետարանից չեն պարզաբանում, թե ինչ արտոնության մասին է խոսքը:

Լուսանկարը՝ Երեւանի քաղաքապետարանի ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter