Հռիփսիմյան գիմնազիայի շինարարությունը ԿԳՄՍՆ-ի հետ չի համաձայնեցվել. նախարարությունը պարզաբանում է պահանջում քաղաքապետարանից
Ամիրյան 6 հասցեում գտնվող Հռիփսիմյան իգական գիմնազիայի նախկին շենքում վերջին շաբաթներին շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Շենքի ճակատային հատվածն ու տանիքը ներկվել են, ներսում ևս աշխատանքներ են ընթանում։
1898 թվականին կառուցված այս պատմամշակութային հուշարձան-շենքը շուրջ երեք տասնամյակ լքված է եղել։ Մինչև Առաջին հանրապետության հռչակումը այս շենքում գործել է Հռիփսիմյան իգական գիմնազիան, Առաջին հանրապետության տարիներին՝ Հանրային խնամատարության և աշխատանքի նախարարությունը։ Խորհրդային Հայաստանում շենքում գործել են կրթական ու մշակութային տարբեր կառույցներ։ 1995-ին Երևանի քաղաքային խորհրդի որոշմամբ՝ հուշարձան-շենքը աճուրդով վաճառվել է սփյուռքահայ գործարար Վաչե Մանուկյանին պատկանող ընկերությանը։ Սեփականաշնորհման պատմությանը անդրադարձել ենք։ Շենքի վաճառքից հետո այն չի շահագործվել։
ՀՀ կառավարության՝ 2004-ի հոկտեմբերի 7-ի որոշմամբ՝ շենքը ներառվել է Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։
Ամիրյան 6 հասցեի հուշարձան-շենքի տարածքում ընթացող շինարարական աշխատանքները չեն համաձայնեցվել ԿԳՄՍ նախարարության հետ: Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին նախարարությունից։ Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի՝ հուշարձանների տեղափոխման և փոփոխման թույլտվություն տրվում է միայն լիազորված մարմնի (այսինքն՝ ԿԳՄՍ նախարարության) դրական եզրակացության հիման վրա՝ նախքան հուշարձանը տեղափոխելը կամ փոփոխելը։ Ստացվում է՝ ընթացիկ աշխատանքներով սեփականատերը խախտել է օրենսդրության դրույթները։
Նախարարությունից հայտնել են, որ դիմել են Երևանի քաղաքապետարան՝ հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով: Թե՛ մենք, թե՛ նախարարությունը քաղաքապետարանից մեկնաբանություն դեռ չենք ստացել։
Օրենքով սահմանված է, որ հուշարձանի փոփոխումը կատարվում է բացառիկ` նրա սկզբնական ու հարմարեցված գործառնական նշանակությամբ օգտագործելու անհնարինության և (կամ) շահագործման նորմատիվային պահանջներին համապատասխանեցնելու դեպքերում: Հուշարձանի փոփոխումը չի կարող զուգորդվել նրա պատմական, գիտական և գեղարվեստական արժեք հանդիսացող արտաքին ու ներքին ծավալների, դրանց առանձին տարրերի ու դրվագների անդարձելի խեղմամբ, աղճատմամբ կամ ոչնչացմամբ: Քանի որ սեփականատերը փոփոխություն կատարելու նախագիծ չի ներկայացրել, այս պահին անհայտ է, թե ինչ փոփոխություններ են կատարվելու ու ինչ նպատակով։
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ շենքի սեփականատիրոջ՝ Վաչե Մանուկյանին պատկանող «Քոմփյութրոն ինդասթրիզ իսթաբլիշմենթ» ընկերության հետ հուշարձան-շենքի պահպանության պարտավորագիր չի կնքվել, նախարարությունը դիմել է սեփականատիրոջը՝ օրենքով վերջինիս վերապահված պարտականությունները կատարելու նպատակով, սակայն արձագանք չի ստացել։
Հիշեցնենք՝ գիմնազիայի շենքը օտարվել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ աշխատած տարիներին ու որոշմամբ։ Այդ ժամանակ շենքում Երևանի պատմության թանգարանն էր, որ չհասցրեց ցուցադրություն կազմակերպել նոր շենքում։ Որպես վաճառքի հիմնավորում նշվում են ֆինանսական դժվարությունները։
Շենքը 1995 թվականի մայիսի 5-ին վաճառվել է մեկ միլիոն ամերիկյան դոլարին համարժեք դրամով։ Քաղաքային իշխանությունը որոշել է աճուրդային վաճառքից ստացված գումարից կես միլիոն ամերիկյան դոլարին համարժեք դրամ հատկացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, իսկ մնացածը փոխանցել քաղաքային բյուջե՝ Երևանի պատմության թանգարանի նոր շենքի շինարարության համար։ Նույն փաստաթղթով նախատեսվել է Երևանի պատմության թանգարանի նոր շենքի շինարարություն՝ «Կասկադ» համալիրում։ Բայց թանգարանը Կասկադում չկառուցվեց։ Թե ինչ եղավ 500 հազար դոլարը, չենք կարողացել պարզել։ Այդ տարիների մի քանի աճուրդներ ուսումնասիրելով՝ պարզել էինք, որ նման մեծ չափի գումարով որևէ շինություն չի սեփականաշնորհվել։
Մանրամասները՝
Մեկնաբանել