Ախուրյանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Մարտիկ Մաթոսյանը 99 պայմանագիր է կնքել համայնքի և այլ պետական կառույցների հետ
Ախուրյանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Մարտիկ Մաթոսյանին եւ նրա մորը պատկանող «Սոֆոն» և «Սմարթվեյվ» ՍՊԸ-ները 2021-2024 թթ.-ին պետական տարբեր գերատեսչությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ կնքել են 99 պայմանագիր։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 125,5 մլն դրամ։ Այս ընկերությունները համայնքներին և պետական գերատեսչություններին մատակարարել են համակարգիչներ և համակարգչային սարքավորումներ, սկանավորման և բազմաֆունկցիոնալ տպիչ սարքեր։
«Սոֆոն» ՍՊԸ-ի տնօրենը Մարտիկ Մաթոսյանն է։ Նա Ախուրյան համայնքի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարն է, նաև՝ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահը։ 2021թ.-ին հիմնադրված «Սոֆոն» ՍՊԸ-ի 100% բաժնետերը նրա մայրն է՝ Կարինե Գաբրիելյանը։
Մարտիկ Մաթոսյանը «Սմարթվեյվ» ՍՊԸ-ի սեփականատերն է։ Այս ընկերությունը ևս ակտիվ է պետական գնումներում։ 2024 թվականին Ախուրյան համյանքը «Սմարթվեյվ» ՍՊԸ-ի հետ 2 պայմանագիր է կնքել՝ ընդհանուր 1 մլն 350 հազար դրամի։
Այս ընկերությունը, ըստ ՊԵԿ կայքում առկա տվյալների, զբաղվում է համակարգչային սարքավորումների մեծածախ առևտրով։
Մարտիկ Մաթոսյանի հայրը՝ Հովհաննես Մաթոսյանը, եղել է Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանի խորհրդականը։ Հիմա Հովհաննես Մաթոսյանը աշխատում է Ախուրյանի համայնքապետարանում որպես ՔՊ խմբակցության փորձագետ։
Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ Մարտիկ Մաթոսյանը «Սոֆոն» ՍՊԸ-ից 2023-ին ստացել է 4 մլն 200 հազար դրամ եկամուտ, իսկ «Սմարթվեյվ» ՍՊԸ-ից՝ 900 հազար դրամ։
Մարտիկ Մաթոսյանի կինը՝ Լիանա Կարապետյանը ևս մասնակցում է պետական գնումներին որպես անհատ ձեռներեց։ Լիանա Կարապետյան Ա/Ձ-ն 2024 թվականին 14 պայմանագիր է կնքել տարբեր գերատեսչությունների հետ։ Պայմանագրերի ընդհանուր գինը կազմել է 3 մլն 791 հազար դրամ։
Մենք Մարտիկ Մաթոսյանին խնդրեցինք մեկնաբանել՝ արդյոք իր քաղաքական կապերն օգնել են պետական գնումներում հաղթելու համար։ Մաթոսյանը հերքեց, թե իր կապերն ազդեցություն են ունեցել մրցույթների ելքի վրա և ասաց, որ այստեղ շահերի բախում չի տեսնում։
Խոսեցինք նաև Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ։ Նա ևս ասաց, որ Մարտիկ Մաթոսյանի՝ ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար լինելու հանգամանքը որևէ ազդեցություն չի ունեցել մրցույթներում հաղթելու վրա։
Մեկնաբանել