
Փաշինյանն ու Լուկաշենկոն բանավիճել են ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր՝ դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ բանավիճել են 2025 թվականին Մինսկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Հայաստանի պատվիրակության մասնակցության ձևաչափի շուրջ:
Բանավեճը ծագել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից, որ 2025 թվականի մայիսին Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստին Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի հեռավար ձևաչափով։
«Իսկ ո՞րն է ձեր խնդիրը: Մինսկը հեռո՞ւ է: Ոչ ոք չկա՞, որ ձեզ բերի: Անհրաժեշտության դեպքում մենք կկազմակերպենք Ձեր պատվիրակության տեղափոխությունը»,- Փաշինյանի հայտարարությանն արձագանքել է Լուկաշենկոն։
ՀՀ վարչապետը պատասխանել է, որ ավելի վաղ հրապարակային հայտարարություն է արել այդ կապակցությամբ, և այն մնում է ուժի մեջ: «Ես չեմ կարծում, որ սա ճիշտ ձևաչափ է այդ հարցերը քննարկելու համար։ Դուք բարձրաձայնեցիք այդ հարցը, և ես պետք է անմիջապես արձագանքեի, որպեսզի որևէ թյուրիմացություն չլինի»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը։
Ի պատասխան՝ Լուկաշենկոն ասել է, որ կդիտարկեն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ինչին Փաշինյանն արձագանքել է, որ իր հայտարարությունը դիտարկման ենթակա չէ։
«Մենք կքննարկենք: Միգուցե հեռուստացույց չլինի, որ Դուք հեռակա ելույթ ունենաք»,- ասել է Լուկաշենկոն։ «Խնդիր չկա, խնդիր չկա,- բանավեճն ավարտել է Փաշինյանը՝ հավելելով,- ես հասկանում եմ, որ Ձեզ մոտ կարող է խնդիրներ են առաջացել նաև հեռուստացույցների հետ կապված, ես ըմբռնումով եմ դրան վերաբերվում»։
Վերջին ամիսներին հայ-բելառուսական հարաբերությունները ճգնաժամ են ապրում։ Պատճառը Բաքվում Ալեքսանդր Լուկաշենկոյի խոստովանությունն էր, որ Բելառուսը անուղղակի մասնակցություն է ունեցել 2020 թվականին Արցախի վրա Ադրբեջանի հարձակմանը։ Լուկաշենկոն Բաքվում հայտարարել էր, որ «աջակցում էր, հավատում և ցանկանում Ադրբեջանի հաղթանակը»։
Ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ոչ ինքը, ոչ էլ որևէ այլ հայ պաշտոնյա չի այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Փաշինյանը Բելառուսի ղեկավարից պահաջել էր ներողություն խնդրել:
Փաշինյանի հայտարարությանն անդրադարձել էր Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը նշել էր, որ Բելառուսը չի պատրաստվում փչացնել հարաբերությունները Հայաստանի հետ, «որքան էլ Հայաստանի ղեկավարությանը դրդեն արտաքին խաղացողները»:
Գլազը նաև ընդգծել էր, որ Մինսկը չի միջամտում ՀՀ ներքին գործերին, «հարգում է հայ ժողովրդին և նրան ցանկանում ղեկավարներ, որոնք իսկապես կմտածեն երկրի ապագայի և մարդկանց բարեկեցության մասին»: Այս հայտարարության կապակցությամբ Հայաստանի ԱԳՆ-ն բողոք էր հայտնել բելառուսական կողմին և Մինսկում Հայաստանի դեսպանին խորհրդակցությունների նպատակով կանչել Երևան։
Լուսանկարը՝ Կրեմլի մամուլի ծառայության
Մեկնաբանել