HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զրոյից սկսելու ճանապարհը․ բացահայտելով արցախցիների մեծ ներուժը

Մի պահ պատկերացրեք հաշմանդամություն ունեցող երեխայի մորը, որն, իր ներսի ցավը սեղմելով, երեխային սովորեցնում է քայլել, վայր ընկնելով՝ չհուսահատվել, քաջալերում է նրան, ասում, որ քայլակը չկա, պետք է վեր կենա ու նորից քայլի։ Հիմա մի պահ պատկերացրեք, որ այդ մայրը Արցախից բռնագաղթի ճանապարհ անցած, ծանր ապրումներով, փախստականի կարգավիճակում ամեն ինչ զրոյից սկսող մեկն է։ Խոցելիությունը կրկնակի է դառնում։

Ամիսներ շարունակ այս տեսարանին է ականատես եղել Լուսինե Բաբայանը: Եվ դա նրան ոչ թե զարմացրել, այլ հիացրել է: Ըստ նրա՝ դա, հավանաբար, հենց այն մոդելն է, որ գենետիկորեն դրված է մեր մեջ՝ այդ տեսակը փնտրելու եւ այդ տեսակով ապրելու համար:

Լուսինե Բաբայանը «Զարգացում եւ համագործակցություն» հիմադրամի կառավարման խորհրդի նախագահն է։ Մեր զրույցում նա պարբերաբար խոսում է արցախցի մայրերի կամային մեծ որակի ու դրական ներուժի մասին։ 

Այս տարվա օգոստոսից մինչեւ դեկտեմբեր Լուսինեի ղեկավարած հիմնադրամը «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության ենթադրամաշնորհային ծրագիր է իրականացրել, որը ֆինանսավորվել է ԵՄ-ի կողմից։ Նպատակն էր աջակցել Արցախից բռնի տեղահանված այն ընտանիքներին, որոնք հաշմանդամություն ունեցող երեխա ունեն։ Աջակցությունը ոչ միայն երեխային էր ուղղված, այլեւ նրա ընտանիքի մյուս անդամներին։ Լուսինեն ընդգծում է՝ իր նպատակը չէ խոսել այս ծրագրից կամ իրազեկել դրա մասին, այլ խոսել այն մեծ ներուժի մասին, որ ունեն արցախցիները:

Ծրագրի պայմաններից մեկն էր ընտրել ընտանիքներ, որտեղ կան հաշմանդամություն ունեցող երեխաներ եւ ընտանիքի անդամներ, որոնք ոչ միայն հոգեբանական աջակցման, այլեւ վերականգնողական թերապիայի կարիք ունեն։ Ընտրվել է նման 11 ընտանիք, յուրաքանչյուր ընտանիքից՝ 3 հոգի։ Շահառուները միաժամանակ էին այցելում վերականգնողական կենտրոն։

«Մեր թիրախն էր ուժեղացնել ծնողի կարողությունները, ուժեղացնելով ընտանիքի կարողությունները՝ ստեղծել է՛լ ավելի բարենպաստ միջավայր երեխայի համար»,- նշում է Լուսինե Բաբայանը։

Նրա դիտարկմամբ՝ ծրագրի կարեւոր բաղադրիչներից մեկն է ծնողին իրազեկել բոլոր այն կազմակերպությունների ու կառույցների մասին, որոնք կարող են օգնել երեխային։ «Հետքի» զրուցակիցը նկատում է՝ ծրագրի միջոցով կապեր են ստեղծվում, որոնք հետագայում էլ կարող են օգտակար լինել երեխային։ Օրինակ՝ ծնողին իրազեկում են, թե դպրոցում երեխան կրթական ինչ ծրագրից կարող է օգտվել, ինչ սկզբունքներ կամ օրենքներ են գործում եւ այլն, իրենք էլ կապ են հաստատում մասնագետների հետ։ Ձեւավորվում է համագործակցության ձեւաչափ։

Քանի որ սա միգրացիոն ծրագիր է, ըստ Լուսինեի, իրենց առաջնային նպատակը եղել է մարդկանց սթրեսի հաղթահարումն ու ինտեգրումը: Ծրագրի մի մեծ կտոր հատկացվել է հոգեբանական աջակցությանը։ Ընտանիքի 3 անդամն էլ ստացել են այս աջակցությունը, այնինչ, օրինակ, վերականգնողական թերապիաները կարող էին ընտանիքից մեկ-երկուսն ընտրել, իսկ երեխան՝ հատուկ մանկավարժական աջակցությունը:

«Հետքի» զրուցակիցն ասում է, որ երբ մարդիկ նույն վերապրման մեջ են, միմյանց հետ քննարկում են իրենց ձեռքբերումներն ու ձախողումները, ու ճիշտ ռեզոնանսի էֆեկտով ավելի մեծ արդյունավետություն է գրանցվում: Ըստ Լուսինեի՝ հենց դրա շնորհիվ առաջացավ փոխվստահության մթնոլորտ, եւ երկրորդ կեսից հոգեբանն այլեւս ոչ մեկին չէր հորդորում հոգեբանական աջակցություն ստանալ, հակառակը՝ մասնակիցներն իրենք էին մեկը մյուսին իրազեկում ու խորհուրդ տալիս անպայման ստանալ այդ աջակցությունը, քանի որ իրենք արդեն տեսել են արդյունքը: 

-Կա՞ ընդհանուր մի գիծ այս 11 ընտանիքների պատմությունների մեջ, որ համախմբել է բոլորին, իհարկե, բացի նրանից, որ նրանք բռնագաղթի ծանր ճանապարհ անցած, հայրենիք կորցրած մարդիկ են:

-Իմ կարծիքով՝ դա դրական մեծ ռեսուրսն է, որ կրում են արցախցիները: Շատ եմ ուզում, որ դա տարածվի: Ոչ այնքան պետք է իրազեկել գովազդի տեսանկյունից, դա չէ մեր խնդիրը, որքան արցախցու տեսակի ամրությունն ու ռեսուրսային լինելը ցույց տալու: Ինչքան ուժ, դրականը կարող է կրել մարդն իր մեջ: Արթնացնելու դեպքում ինչ մեծ էներգիա կարող է լինել, որը կարող է ոչ միայն առաջ տանել ընտանիքը, որը ծանր ճանապարհ է անցնում, զրոյից սկսել, կանգնեցնել հաշմանդամություն ունեցող երեխային, կայացնել, այլեւ լինել կնոջ, մոր օրինակ, որ կարող է ունենալ այդ ուժն ու լավատեսությունը:

Լուսինեն ավելացնում է, որ մայրն ընտանիքում այն կետն է, որն ստեղծում է տրամադրություն, միջավայր, որտեղ էլ կերտվում են մնացած գործընթացները: «Կուզեի, որ մենք սովորեինք տեսնել արմատը, իրական պատճառն ու ակունքը»,- նշում է «Հետքի» զրուցակիցը:

Ծրագրի շրջանակներում արցախցի երեխաների հետ աշխատել է հատուկ մանկավարժ Մարիամ Ղազարյանը: Ասում է՝ թեեւ աջակցության համար ժամանակը կարճ էր, փորձել են տալ ավելին, քան նույնիսկ կարող էին:

Սկզբում դժվարություններ են եղել: Առաջինը լեզվական էր: Երեխաները շատ բառեր Արցախի բարբառով էին հասկանում, ու հարցերը լսելիս մի փոքր պետք էր՝ դրանք հասկանալու համար: Երկրորդ դժվարությունը, ըստ Մարիամի, եղել է ապրումակցումը: Ասում է՝ իր դիմաց կոտրված պատմություններով ու ճակատագրերով մարդիկ էին, որոնք ամբողջ կյանքում ունեն առաջնորդող պատմություն՝ իրենց երեխան:

Ծրագիրն իրականացվել է երկու վերականգնողական կենտրոնում: Այնպիսի վայր են ընտրել, որ կարողանան միանգամից մեծ թվով մարդկանց աջակցել:

Պրոֆեսոր Մ. Ա. Մովսեսյանի անվան առողջության կենտրոնի տնօրեն Գոհար Մովսիսյանն ասում է, որ ծրագրի շրջանակներում համագործակցությունը շատ հեշտ է ստացվել, քանի որ դեռ 2020 թ. պատերազմից հետո իրենք օգնում են արցախցի երեխաներին: «Այս ծրագիրը մեր գործունեության տրամաբանական շարունակությունն է, եւ մեզ թույլ է տալիս օգնել ոչ միայն փոքրիկներին, այլեւ մեծերին։ Մեր ամբողջ անձնակազմն առանց մտորելու կցանկանա, որ ծրագիրը լինի շարունակական։ Եթե կարողանանք նոր լուծումներ գտնել, ուրախ կլինենք այդ ընտանիքների համար»,- նշում է կենտրոնի տնօրենը: Երկրորդը «Ամերիքան Սփայն Ինստիտուտ» ՍՊԸ-ի վերականգնողական կենտրոնն է: 

Լուսինե Բաբայանն ասում է՝ ավարտվում է ծրագրի այս փուլը, բայց կշարունակեն փնտրել նոր հնարավորություններ: Իսկ կապը արցախցի 11 շահառու ընտանիքների հետ շարունակական է լինելու:

ՀԳ. Ծրագրի մասնակից երկու ընտանիքների մասին կպատմենք առաջիկայում:

Առաջին լուսանկարում՝ հատուկ մանկավարժ Մարիամ Ղազարյանը

Մեկնաբանություններ (1)

Նորա
Շատ շատ շնորհակալ ենք Ձեզ , մեր կողքին լինելու , մեր հետ տխրելու, մեր հետ ուրախանալու, ինչու չէ նաև ուրախացնելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter