
Դադարեցրեք «փոխհրաձգությունը», պարոնայք ծանրամարտիկներ
Այն, ինչ տեղի ունեցավ ծանրորդ Առաքել Միրզոյանի ձախողումից հետո, երբ Յուրի Վարդանյանը hayeli.am-ի հետ զրույցում քննադատեց մարզիկին, մարզիչներին ու ոլորտի ղեկավարներին, այլ կերպ, քան տհաճ ու նման մարդկանց պատիվ չբերող լեզվակռիվ, դժվար է անվանել:
Այո, 1980-ի օլիմպիական չեմպիոնը, մեր երկրի լավագույն մարզիկներից մեկը իրավացիորեն արտահայտել է այն տեսակետը, որը, համոզված ենք, շատ մարզասերների է հուզում. ինչու՞ է Առաքել Միրզոյանը իր անձնական մարզիչ հոր՝ օլիմպիական չեմպիոն Հոկսեն Միրզոյանի գլխավորությամբ մարզվել ու մարզվում ազգային թիմից առանձին: Համաձայնելով Վարդանյանի տվյալ քննադատությանը՝ նշենք, որ այդուհանդերձ, չի կարելի պնդել, թե անհաջողության գլխավոր պատճառը հենց դա էր: Այո, պակաս կարեւոր չէր նաեւ 77 կգ-ից կրկին 69 կգ քաշային կարգ վերադառնալը, քաշ գցելը, հին քաշին հարմարվելը: Սակայն վերջիվերջո ո՞րն էր մարզիկի ձախողման հիմնական պատճառը: Չէ՞ որ պատվիրված կիլոգրամները անծանոթ չէին նրան, դրանք հաղթահարվել են մարզումների ժամանակ եւ ոչ մեկ անգամ:
Մի կողմ թողնելով այս հարցերի պատասխանները, որոնք, հուսով ենք, դեռ կլսենք հենց Միրզոյաններից ու մարզչական շտաբի եւ ֆեդերացիայի ներկայացուցիչներից՝ անդրադառնանք այլ հանգամանքի: Ի վերջո Յուրի Վարդանյանի տեսանկյունից որքանո՞վ է ճիշտ քննադատել մի մարզիկի, որը այսպես թե այնպես թիմի հետ գտնվում է Լոնդոնում, թիմի մի մասն է, մի թիմի, որի անդամ է նույն Վարդանյանի որդին՝ Նորայրը: Ակնհայտ է, որ այստեղ շահերի բախում կա, իսկ նման դեպքում լավագույն տարբերակը թերեւս լռելն է:
Կարելի էր պարզապես խուսափել մեկնաբանություններ անելուց՝ սպասելով թիմի վերադարձին: Այլապես ստացվում է, որ հիմա, երբ դեռ ելույթ չի ունեցել Նորայր Վարդանյանը, նրա վրա ավելորդ հոգեբանական ճնշում է ընկնելու: Ամեն ինչ շատ պարզ է. մարզիկի հայրը քննադատել է թիմի անդամներից մեկին, նրա մարզիչ հորը, մարզական ղեկավարությանը, ու հիմա Նորայրի ամեն մի սայթաքում կարող է սրերով ընդունվել չարակամների կողմից, որոնք, բնականաբար, առիթը բաց չեն թողնի Միրզոյանների հասցեին ասված խոսքերը հիշեցնելու համար: Եթե հիմա էլ հետեւենք, օրինակ, Առաքել Միրզոյանի ֆեյսբուքյան էջում Վարդանյանի հասցեին թողնվող մեկնաբանություններին, արդեն հասկանալի կդառնա, թե ինչ ծավալ կարող են դրանք ստանալ Նորայրի հավանական ձախողման դեպքում:
Վարդանյանի կողմից արդյոք էթիկապես ճի՞շտ էր նման արտահայտություններ անելը. «Առաքելը ընդհանրապես վատ մարզիկ չէ, բայց հարթակի վրա էնպիսի տպավորություն թողեց, որ ինքն իրենից ոչ մի բան չի ներկայացնում, որը էդպես չի... Իրա պապան խնդրել է ՀԱՕԿ նախագահից, որ իրենք առանձին մարզվեն և առանձին հանդես գան, որը ճիշտ չէր... Ես չգիտեմ` ինչու էր այդ թույլտվությունը Առաքելին տրվել, իրենք առանձին մարզվեցին, ու ստացվեց այն, ինչ ստացվեց: Այդ իրավունքը և թույլտվությունը չպիտի տրվեր, էն էլ ոչ պրոֆեսիոնալ մարդու կողմից»: Իսկ մինչ խաղերի նախապատրաստական փուլը մարզասերների քանի՞ տոկոսն էր լսել Նորայր Վարդանյանի մասին, ինչպե՞ս նա հայտնվեց հավաքականում... Միայն ամերիկյան մայրցամաքում հաջողություններ գրանցած մարզիկը հանկարծ հայտնվում է երկրի օլիմպիական թիմում, երբ երկրում կան ոչ պակաս արժանավոր տղաներ...
Եվ ահա այդ ֆոնին Յուրի Վարդանյանը ոչ պրոֆեսիոնալ է անվանում օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին: Չգիտեմ, թե քանի հոգի են ունեցել այն զգացողությունը, ինչ ես Ծառուկյանի հասցեին Վարդանյանի ասածները կարդալիս: Կամա թե ակամա միտքդ է գալիս այն փաստը, որ Վարդանյանը այսօր ՀՀ նախագահի խորհրդականն է, ՀՀ նախագահը ՀՀԿ-ական է, Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն չի կազմել կոալիցիա, չնայած նրանց հարաբերությունները այժմ էլ վատ չեն, սակայն ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն իրար խայթելու առիթը բաց չեն թողնում: Գուցե սա մի փոքր չափազանցված թվա, սակայն ամեն մի մանրուք պիտի հաշվի առնել եւ ոչինչ բացառել պետք չէ:
Իր հերթին Առաքել Միրզոյանը իր հոր տարիքի մարդուն պատասխանել է այսպես. «Ուրեմն իմ համար Յուրիկ Վարդանյանի կարծիքը կարևոր չէ բացարձակապես։ Իսկ ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ասեմ, որ նա այն մարդն է, ով կանգնած է հայ ազգի ու սպորտի կողքին, և նա մինչ այսօր սխալ որոշում չի կայացրել։ Նրա բոլոր որոշումները տեղին են եղել և դրական։ Իսկ կասե՞ք, թե ուր էր Յուրի Վարդանյանը, երբ Ծառուկյանն էր օգնում սպորտին ու կանգնած էր մեր բոլորի կողքին։ Ծառուկյանին և Հոկսեն Միրզոյանին թող հանգիստ թողնեն, ամոթ է։ Քննադատելը հեշտ է»:
Մի կողմ թողնելով Առաքելի վրդովված տոնն ու հիշեցումները, որոնք նույնպես մեծ արձագանք են ստացել «Ֆեյսբուքում», ընդամենը մի բան նշենք. ճիշտ չէ՞ր լինի այս տողերը գրելուց առաջ ներողություն խնդրել բոլոր հայ մարզասերներից, ովքեր սրտատրոփ հետեւել են իր ելույթին ու մեծ ցավ զգացել ձախողված մոտեցումներից: Փաստորեն Առաքելը Վարդանյանին պատասխանելու ժամանակ գտել է, այն էլ շատ արագ, իսկ ներողություն խնդրել չարդարացրած սպասելիքների համա՞ր... Ի՞նչ է, կարո՞ղ է մարզասերը արժանի չէր դրան:
Այս տղայական լեզվակռիվը բոլորովին էլ դուր չի գալիս իրական երկրպագուներին, որոնց համար ամենագլխավորը երկրի պատիվն է, նվաճած մեդալները: Առողջ քննադատությունը միշտ էլ անհրաժեշտ է, առանց քննադատության ամեն ինչ կլճանա, կապ չունի, թե ինչ ոլորտ կլինի: Սակայն ցանկացած քննադատություն ունի տեղ եւ ժամանակ: Բացի այդ՝ քննադատությունը պետք է հնչի այնպիսի մարդու կողմից, որը այս կամ այն կերպ չի հանդիսանում, այսպես ասած, կողմ, այլապես ամեն ինչ միանգամյան այլ կերպ կընկալվի:
Այնպես որ դադարեցրեք «փոխհրաձգությունը», պարոնայք ծանրամարտիկներ: Մարզասերներին հուզող միակ հարցն այս պահին մեդալների բացակայությունն ու անհաջող ելույթներն են, իսկ անձնական հարաբերությունները կարելի է պարզել (եթե, իհարկե, դրա կարիքն ունեք) մամուլի էջերից դուրս, ինչը, միեւնույնն է, ձեզ նման ճանաչված մարդկանց պատիվ չի բերում...
Մեկնաբանություններ (15)
Մեկնաբանել