HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեսչական վերահսկողության արդյունքում ԿԳՄՍՆ-ն կարող է կասեցնել մանկապարտեզի լիցենզիան

Հայաստանում կա լիցենզավորված 1085 նախադպրոցական հաստատություն, որից 145-ը մասնավոր հաստատություններ են: 2023-2024 թթ. մասնավոր հատվածում լիցենզավորվել է 84 նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնող հաստատություն: Այս մասին լրագրողներին հայտնել է ԿԳՄՍ նախարարության լիցենզավորման վարչության պետ Աշոտ Արշակյանը:

Վերջինիս տեղեկացմամբ՝ մասնավոր մանկապարտեզները նախկինում չէին լիցենզավորվում, քանի որ ասում էին, թե ծառայություն են մատուցում: Իսկ երբ նրանց նկատմամբ լիցենզավորման պահանջ դրվեց, Արշակյանի տեղեկացմամբ, դժգոհության ալիք բարձրացավ՝ հիմնավորմամբ, թե տեղյակ չեն գործընթացից: Մինչդեռ, ըստ Աշոտ Արշակյանի, ԿԳՄՍՆ-ն 4 անգամ խորհրդատվություն է իրականացրել մասնավոր հատվածի համար, քննարկումներ են եղել:

Լիցենզավորման վարչության պետն ասում է, որ իրենց համար ամենակարեւորը կրթական ծրագիրն է, որը նախարարի հրամանով հաստատված չափանիշ է:

«Հետքի» դիտարկմանը, որ, օրինակ, հնարավոր է կրթական լավ ծրագիր ներկայացնել, բայց դրա իրականացման համար չունենալ համապատասխան շենքային պայմաններ, լիցենզավորման վարչության պետը պատասխանում է, որ կրթական ծրագրի իրականացման համար գոյություն ունեն վավերապայմաններ. «Ասում ես՝ այ էսպիսի տարածքում էսպիսի պայմաններ ունենալու դեպքում կարող ես իրականացնել կրթական ծրագիր։ Կրթական ծրագրի լավ լինելը բավարար չէ, որովհետեւ դրա համար անհրաժեշտ են ենթակառուցվածքներ, նյութատեխնիկական բազա եւ այլն: Սրանց ամբողջությունն է, որ թույլ է տալիս իրականացնել կրթական ծրագիր»:

Մեր հարցին, թե արդյոք մինչեւ լիցենզիայի տրամադրումը փաստացի ստուգվում են նախադպրոցական հաստատության պայմանները, Աշոտ Արշակյանն արձագանքում է, որ հայտը ԿԳՄՍՆ-ում մուտքագրվելուց հետո՝ 23 աշխատանքային օրվա ընթացքում, նախարարի հրամանով հանձնաժողով է ստեղծվում, որը, բացի փաստաթղթերն ուսումնասիրելուց, տեղում դիտարկում է կատարում: Գնահատվում են տվյալ հաստատության ֆիզիկական միջավայրը, նյութետեխնիկական հագեցվածությունը եւ պայմաններ:

Իսկ ինչպե՞ս է տվյալ հաստատությունը վերահսկվում լիցենզիա ստանալուց հետո: Ըստ Ա. Արշակյանի՝ սա ցավոտ հարց է: Ըստ նրա՝ լիցենզավորված հաստատությունները սահմանված կարգով հաշվետվություն են ներկայացնում լիազոր մարմնին, սակայն դա բավարար չէ:  

«Բարեփոխումների ընթացքում եկանք այն եզրահանգման, որ սա բավարար չէ, որովհետեւ ԿԳՄՍՆ-ն՝ որպես կրթության կառավարման լիազոր մարմին, ստուգումներ կամ վերահսկողություն իրականացնելու իրավասություն չունի, որովհետեւ Սահմանադրության փոփոխությունից հետո հստակ ասվեց, որ պետական մարմինները պետք է կատարեն միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են։ Քննարկվել է այդ հարցը, եւ արդեն շրջանառության մեջ է դրվել «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրինագիծը, որտեղ Կրթության տեսչական մարմնին տրվել է լիազորություն ուսումնասիրելու լիցենզիայի պայման-պահանջները, այսինքն՝ տեսչական մարմինը լիցենցիայի պայման-պահանջների խախտման դեպքում իրավասություն ունի դիմելու մեզ՝ լիցենզիան կասեցնելու համար»,- ասում է ԿԳՄՍՆ աշխատակիցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter