HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասում և կարոտ․ պերուացի դատապարտյալի 10-րդ Ամանորը «Աբովյան» ՔԿՀ-ի ճաղերից այն կողմ

Պերուացի դատապարտյալ 41-ամյա Մարիա Ֆլորեսը 10-րդ Ամանորն է անցկացնում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում՝ հեռու իր ընտանիքից ու երեխաներից։ Ազատազրկման ընթացքում Մարիան միայն տեսակապով է շփվել նրանց հետ։ Երեխաներն արդեն 20 և 25 տարեկան են, Մարիան անհանգստանում է տարեց ծնողների համար, եւ նրա ամանորյա մաղթանքն է, որ նրանք առողջ լինեն, այնքան ապրեն, որ հասցնի տեսնել դուրս գալուց հետո։

Մարիան դեռ 5 տարի պիտի անցկացնի անազատության մեջ, նա թմրանյութերի իրացման համար է պատիժ կրում՝ չնայած չի ընդունում հանցանքը, որի համար մեղավոր է ճանաչվել։ Քրեակատարողական հիմնարկում նշում են, որ շատ ծանր պատիժ է բաժին հասել Մարիային, հնարավոր էր փոքր-ինչ մեղմ գտնվել նրա նկատմամբ։ 

Մարիա Ֆլորեսի հույսը արտահանձնումն է։ Սակայն չի կարողանում օգտվել էքստրադիցիայից, քանի որ դրա ծախսերը՝ մոտ 10 հազար դոլար, պետք է հոգա իր ընտանիքը։ 

«2019 թվականից ես պայքարում եմ էքստրադիցիայի համար, որովհետև Հայաստանն ու իմ երկիրը պայմանագիր չունեն, դա խնդիր է, որ ֆինանսական մասը իմ ընտանիքը պետք է հոգա, իսկ մենք չունենք։ Դրա համար մնացել եմ»,- հուսահատ ձայնով ասում է Մարիան ու փորձում թաքցնել արցունքները։

Նա հայերեն է խոսում, նաեւ՝ գրել է սովորում։ Ասում է՝ լեզուն բարդ է, դեռևս մի քիչ դժվարանում է,  բայց այլ տարբերակ չուներ, պիտի սովորեր․ «Որ նոր էի եկել, շատ դժվար էր, միայն իսպաներեն էի խոսում, ոչ հայերեն, ոչ անգլերեն գիտեի, միմիկայով էի խոսում»,- ասում է Մարիա Ֆլորեսը։

Պատմում է քրեակատարողական հիմնարկում իր առօրյայից․ դասեր, նկարչություն, ասեղնագործություն, ուլունքագործություն։ Քրեակատարողական հիմնարկի կյանքի միօրինակությունը փորձում է ցրել զբաղվածությամբ։ Համակերպվել է իր կյանքին, բայց կարոտը խեղդում է։ «Կուզեի մնալ հետո Հայաստանում, բայց չեմ կարա, շատ կարոտ ունեմ մեջս, շատ կարոտում եմ իմ ընտանիքը»,- ասում է նա։

Մարիան մաղթում է, որ մարդիկ ավելի բարի լինեն, Հայաստանում խաղաղություն լինի։ Հարցին, թե ինչ են մաղթել իրեն ծնողները, պատասխանում է․ «Ասում են՝ մենք աղոթում ենք ամեն օր, որ ընդեղ (Հայաստանում, խմբ․) մարդկանց սիրտը թուլանա, ավելի շուտ դուռը բացեն և դուրս գաս։ էրեխեքս էլ ամեն րոպե սպասում են ինձ, հարցնում են՝ մամա, ե՞րբ ես գալիս, պատասխանում իրանց, ասում եմ՝ չգիտեմ երբ, որովհետև չգիտեմ՝ երբ եմ գնալու»։ 

Մեկնաբանություններ (3)

Ռիտա
Կարծում եմ իր պատիժը արդեն կրել է։Ազատ արձակեք թող հասնի իր ընտանիքին։
Մկրտիչ
Ազատեք խնդում եմ այս կնոջը,նա արդեն հասկացել է...
Արայիկ
Հարգելի դատավոր մեն խղճով ազգենք ,Ազատիր այդ կնոջը թո գնա իր երկիր իր ընտանիք ,հյսովեմ խնդրանքես չեՍ մերժի։,ազատտմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter