
ԱՄՆ-ում մեկնարկում են նոր գումարման Կոնգրեսի աշխատանքները
ԱՄՆ նոր գումարման կոնգրեսը, որը ձևավորվել է 2024 թվականի նոյեմբերին կայացած ընտրությունների արդյունքում, կսկսի իր աշխատանքը հունվարի 3-ին։ Ինչպես փոխանցում է CBS News-ը, կոնգրեսականները Երևանի ժամանակով 22:00-ին կմասնակցեն առաջին նիստին։
2019 թվականից ի վեր առաջին անգամ Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է կազմում ինչպես Սենատում, այնպես էլ՝ Ներկայացուցիչների պալատում: Անցած՝ 118-րդ գումարման Կոնգրեսում հանրապետականները վերահսկում էին միայն Ներկայացուցիչների պալատը, իսկ դեմոկրատները՝ Սենատը։
Երկու պալատների նկատմամբ վերահսկողությունը կարող է օգնել հանրապետականներին կյանքի կոչել Դոնալդ Թրամփի նախընտրական ծրագիրը, որը նախագահական ընտրություններում հաղթել է Դեմոկրատական կուսակցության թեկնածու, գործող փոխնախագահ Քամալա Հարիսին: Թրամփի երդմնակալության արարողությունը կկայանա հունվարի 20-ին Վաշինգտոնում:
Կոնգրեսի աշխատանքի առաջին օրվա կարևորագույն խնդիրներից մեկը Ներկայացուցիչների պալատի խոսնակի ընտրությունն է: Այժմ այդ պաշտոնում է հանրապետական Մայք Ջոնսոնը։ Նրա վերընտրմանն իր աջակցությունն է հայտնել Դոնալդ Թրամփը։ Նորընտիր խոսնակը կընդունի նաև Կոնգրեսի մյուս անդամների երդմնակալությունը։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Մեկնաբանել