HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քսաներորդ դարու ֆաքիրը... Եղիա Տեմիրճիպաշեան (մաս 1)

Անձնասպանության 2-րդ և 3-րդ խիստ անհաջող փորձերը

Մայիսը խորհրդավոր ամիս էր նրա համար: Մեկ պարզ պատճառով. ծնվել էր մայիսին: Անձնասպանության փորձերը կանի հենց այդ ամսին: Ուզում էր, որ մարդիկ ասեն. «Ծնած օրը մեռաւ»: Նա մեծ գեղագետ էր, բայց իր անձնական գեղագիտությունը ավելի շատ մահվան գեղագիտությունը էր, քան կյանքի: Նա հաճույքով բեմադրում էր իր մահվան տեսարանները երևակայության մեջ, բայց երբ իրականում գործը հասնում էր դրան, ինչ-որ մի բան նրան հետ էր կանչում ապրելու: Բացառությամբ վերջին՝ 4-րդ դեպքի:

Մեռնիլ ես ինչպե՞ս կուզեի, գիտե՞ք.

Անձնասպանութեամբ…

Կարճատև կյանքի ընթացքին կատարած անձնասպանության 4 փորձից 3-րդը թեպետ անհաջող, բայց շատ յուրօրինակ էր: Մայիսի 31-ն էր, ամիսն ավարտվում էր, և Եղիա Տեմիրճիպաշյանը շտապում էր: Նա անկողնու մեջ լցրեց ժանտաբույր ծաղիկներ և պառկեց՝ ներշնչելով ինքն իրեն և հուսալով, որ առավոտյան իր մարմինը կգտնեն անկենդան: Հնարավոր է, որ երազում տեսավ բացվող առավոտը, որտեղ ինքն այլևս չկար: Թունավոր ծաղիկները գիշերվա մութի մեջ աննկատ և անցավ սպանել էին իրեն: Ժամեր անց առավոտն իրոք բացվեց: Բացվեցին նաև Եղիայի աչքերը: Զարմանալիորեն նա միանգամայն կայտառ էր: Իսկ ահա թունաբեր ծաղիկները թորշնած և ճմռթված էին: Սա ի՞նչ  բան է: Ինչո՞ւ գործը գլուխ չէր գալիս: Նախընթաց ևս մեկ փորձ էր ձեռնարկել:

Եթե ժանտ ծաղիկների բույրից սպանվելու միտքը, որ 3-րդն էր, նորարարական-փորձարարական էր, ապա 2-րդը առանձնապես նորույթ չէր: Սակայն ավարտը բավական անսպասելի էր: Եղիան գնաց Մոտայի հրվանդան: Կանգնեց ժայռին, զգաց ներքևում փռված  ծովը: Եվ նետվեց: Ժայռի և ծովի միջև հեռավորությունը հաղթահարելիս, նա երանության մեջ էր: Զգում էր, թե ինչպես է մոտենում մահվան: Դա ազատ թռիչք էր դեպի իր մեծ երազանքը: Նա կարծես լողում էր օդում, ուզում էր մի փոքր ձգել ջրասույզ լինելու իր հիվանդագին հաճույքի պահը: Ավաղ, Երկրի ձգողականությունը Եղիային ջուրը գցեց այնպես, ինչպես կգցեր, ասենք, քարի մի կտորը: Բայց Եղիայի գեղարվեստական ինքնասպանությունը շուտով մեկ այլ անհարմար փաստի էր հանդիպելու: Բանն այն է, որ այդ պահին անսպասելիորեն կամ՝ ոչ ծովեզերքին հայտնվել էր մի մակույկավար, որը, տեսնելով ջուրն ընկած մարդուն, նետվել էր նրան փրկելու: Պետոն, այսպես էին կոչում մակույկավարին, դարձավ հանրաճանաչ փրկարար Պոլսում: Նրա մասին գրեցին թերթերը: Ճիշտ է մեծ մասամբ հեգնական երանգով: Եղիայի արարքը որակվեց որպես «կեղծ փորձ», իսկ՝ Պետոն՝ դերակատար: Գրիգոր Զոհրապը գրեց. «…Մօտան, ուր Եղիան կ’երթայ եւ ուր Պետօն կ’սպասէ»:

19-րդ դարու սիրոյ աւետարանը...

Եղիան 23 տարեկան էր և լիովին Գյոթեի «Երիտասարդ Վերթերի տառապանքները» գրքի ազդեցության տակ: Խոստովանել է, որ վեպի «... հոգին ըմբռնելու համար գերմաներէն սորվեցայ»: Եղիան գտել էր անձնասպանություն գործելու պատրաստակամ իր հերոսին. «Էջ մը Վէրթէր կարդալէ ետեւ՝ պիտի ուղղուիմ դէպի Մօտա Պրունին. այն վայրն անդիմադրելի հրապոյր մ’ունեցած է միշտ հոգւոյս»: Ինչին ի հակադրումն, Մինաս Չերազը` Եղիայի դասընկերը և լավ բարեկամը, հորդորում էր՝ «Վէպ մի՛ կարդա, եղբայր, քանի որ ա՛յդքան զգայուն ես: Սպարտայի և Հռոմի պատմութիւնները կարդա՛ որ զօրանաս»:

Վերթերի տվայտանքները, Շարլոթթեի հանդեպ նրա սիրո պատմությունը կարդալը համընկել էին իր առաջին ձախողված սիրահարությանը: Մարիամ անունով աղջիկը մերժել էր իրեն՝ ասելով, որ ուզում է ամուսնանալ հարուստ մեկի հետ: Եղիան, իհարկե, տխրել էր, բայց գուցե և մտածել, որ սա հոյակապ առիթ է՝ անելու այն, ինչ արել էր երիտասարդ գերմանացին: «…Ահ, կյանքիս վրէժը պիտի լուծէ մահս… ի՜նչ գեղեցիկ պիտի ըլլայ…»: Եվ իր վառ ու անառողջ երևակայությամբ հավանաբար պատկերացրել էր իր մահվան տեսարանը. ինչպես են ծովի ալիքները խաղում անշնչացած մարմնի հետ, ինչպես են մարդիկ ջրասույզին հանում և սև հողը դնում...

Եվ 23-ամյա երիտասարդը նետվեց ծովը: Ամեն ինչ ընթանում էր ըստ իր որոշած սցենարի, քանի դեռ օդում էր: Հենց ընկավ ջուրը, դրամատուրգիական ռոմանտիկ գծից բան չմնաց: Փոխարենը զգաց սառը ջրի տհաճությունը և լսեց ցրտից ատամների կրճտոցը: Կապտած, սրթսրթալով՝ Եղիան դուրս եկավ ջրից և մի կերպ իրեն գցեց տուն… բայց ոչ թե իրենց տուն, այլ՝ Մարիամենց: Կամ այդ տունը ավելի մոտ էր Մոտայի հրվանդանին, կամ դա փոքրիկ խորամանկություն էր իր կողմից՝ խղճահարությամբ աղջկա կարեկցանքը շահելու փորձ: Մարիամի մայրը փոխեց Եղիայի թրջված հագուստը, պառկեցրեց անկողնուն, տաքացնող շփումներ արեց, մի խոսքով լավագույնս հոգ տարավ տղայի մասին: Բայց Մարիամը, ինչպես և որոշել էր, ամուսնացավ իր հարուստ ընտրյալի հետ: Այս դեպքից 10 տարի անց էլ Եղիան հիշում էր նրան. «Կը տխրիմ, զի քեզ կը խորհիմ, ո՜, Մարիամ: Կը խորհիմ որ եթէ կամէիր ապրիլ զիս սիրելու համար, սիրտս ավելի լուսաւոր անշուշտ պիտի ըլլար ու միտքս աւելի բեղմնաւոր, ու կեանքս աւելի փառա՜ւոր…»:  Շատ տարիներ անց, Եղիայի մահից հետո, Մինաս Չերազը իր «Կենսագրական միւսիոններ»-ում Մարիամի մասին գրեց. «Օրիորդը ամուսնացաւ իր ընտրած անձին հետ ու երջանիկ եղաւ: Ողջ է դեռ և տգեղ ու անդամալոյծ պառավ մը դարձած, այնպէս որ. եթէ Եղիան տեսնէր զայն  այսօր, պիտի համոզուէր, թե յիմարութիւն էր անձնասպան ըլլալ այսպիսի արարածի մը համար: Որքա՜ն պիտի նուազէր ինքնասպանութիւններու թիւը. եթէ յուսահատ սիրահարները կարենային իրենց կուռքերուն ապագան նախատեսել»:

Մարսելյան կարճատև շրջանը

Չստացված անձնասպանություններից հետո Եղիայի կյանքում արագ-արագ փոխվում էին իրադարձությունները: Մորաքույրներից մեկի աջակցությամբ մեկնում է Մարսել՝ իբր Վաճառականական բարձրագույն վարժարանում սովորելու: Բայց առևտրի մեջ հմտանալու փոխարեն հմտանում էր պատրանքային «իրականություններ» ստեղծելու մեջ: Չնայած՝ իրապես ստեղծում է Le Moniteur Litteraire et Financier de Marseille պարբերականը: Նյութականից զրկվելով՝ վերադառնում է Պոլիս:

Կամքդ թող ըլլայ…

Ասում էր՝ «Պարտականութեանց եւ հոգոց ծանրատաղտուկ շղթայ մըն է ամուսնութիւնը»:  Տարօրինակ է, որ կարծիք էր հայտնում մի բանի մասին, ինչին ծանոթ չէր: Ամեն դեպքում գիտեր՝ ինչ է նշանակում սիրել և համոզում էր ինքն իրեն, որ ամուսնությունն ու սերը միմյանց մերժող բաներ են: Բայց միևնույն ժամանակ ասում էր, որ իր տրտմության ամենամեծ պատճառն այն է, որ տանը մանուկ չկա և հետո շարունակում. «Կին բառն ինձ ատելի է...»: Հավանաբար, Եղիայի արած արտահայտությունն իր անհաջող սիրահարությունների արձագանքն էր: Նա ամենևին էլ անտարբեր չէր կանանց նկատմամբ, բայց, ահա, կանայք խուսափում էին իրենից: Զգում էին տարօրինակությունը: Սրբուհի Սեղբոսյանը շատ խելացի կին էր՝ Խասգյուղի աղջկանց Ներսիսյան վարժարանի տնօրինուհին: Եղիայից մեծ էր 12 տարով: 3 տարի նրանք լցնում էին իրենց կյանքը մեկը մյուսով: Ոմանց թվում էր, թե դա ինքնախաբեություն էր, որով Եղիան ուզում էր հագեցնել իր պարապ մնացած զգայնությունը: Սրբուհին, Եղիային գրած նամակներից մեկում, իրենց սերը բնութագրել է որպես հոգեկան սեր: Պատասխանը չի ուշացել. «Ոչինչ ինձ համար այդքան անընդունելի է, քան այս ձեւի տակ ներկայացուած սէրը»: Եղիայի հարափոփոխ տրամադրությունը և մտքերը խճճել էին Սրբուհուն: «Ինչ տարօրինակ անձ մ’ես դու … Կը կարծէի թէ ճանչցած եմ զքեզ: Անլուծելի հանելուկ մ’ես դու. հակապատկերներէ կազմուած էակ մը, քաղցրաբարոյ եւ հեզահամբոյր, մոլեգին եւ կատաղի…»: Սրբուհու առաջարկով հարաբերությունները խզվեցին: «Կամքդ թող ըլլայ»,- պատասխանատվությունը կնոջ վրա գցելով՝ համաձայնեց Եղիան, և այդպիսով՝ վերջակետ դրվեց նրա այս սիրահարության պատմությանը: Բարեբախտաբար, առանց անձնասպանության փորձի:

Մօնօքլը իր տկար աչքին

Եղիան ոչ միայն առարկաներն ու մարդկանց էր մշուշոտ և անհստակ տեսնում, այլև կյանքն ընդհանրապես և մասնավորապես՝ ինքն իրեն այդ կյանքում: Անընդհատ կկոցում էր աչքերը՝ պատկերը շտկելու հույսով: Մեկ աչքին դրած մոնոկլը առանձնապես օգուտ չէր տալիս: Իսկ այն, ինչ իրականում չէր տեսնում, հորինում էր: Հորինեց նաև իր կյանքը և մահը: Դա կյանք և մահ էր ըստ Եղիայի: Միակ բանը, որ նա հստակ տեսնում էր՝ աչքերին շատ մոտեցրած գրքերի էջերն էին, որոնց վրա կարդում էր պետքական և անպետք շատ բաներ: Ապրում էր կարդալով: Դա գրեթե անձնասպանություն գործելու չափ կարևոր զբաղմունք էր: Գրադարակներում, համաշխարհային գրականության հատորների կողքին, աշխարհի մեծ կրոնների սուրբ գրքերն էին: Նա  ուսումնասիրում էր դրանք: Մեկ ուզեց վարդապետ դառնալ, անգամ մազերը կտրեց և հասավ դպիրի աստիճանի, բայց շուտով ձեռքն ընկան Շոպենհաուերի և Էմիլ Լիթթրէի գործերը և դարձավ ազատախոհ: «Միայն Աստուած Լիդռէէն աւելի բան գիտէ»,- համոզված էր նա:

Եղիան անընդհատ գտնում և կորցնում էր իրեն: Պատսպարվում էր կեղծանունների հետևում: Ո՞վ էր այս մարդը՝ Գրասեր Ատոմը, Ճգնավորը, Նուրանիան, Խայթունին, Մելանիան, Շարժեանցը, Հուր Հրայրը, Թևանիօն, Ազատախոհեանը, թե՞ Եղիա Տեմիրճիպաշեանը: Այսպես՝ բազմափեղկված: Բուդդայի և Քրիստոսի միջև մոլորված: Հավատացյալ և անհավատ: Գրիգոր Զոհրապը շատ դիպուկ է ասել, թե բարձունքներին և անդունդներին տիրապետելու համար «...վհուկ մը կամ վարդապետ ըլլալ պէտք է, եւ Եղիան երկուքն ալ է միանգամայն»։ Ինչ էր ժառանգելու ինքնասպանության երեք անհաջող կամ ավելի ճիշտ զավեշտալի փորձից և 1 ճակատագրականից հետո՝ դժոխքի քաո՞սը, թե՞ երկնային արքայությունն այս բացառիկ Ուրիշը:

Շարունակություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter