Ինչպես անապատում պատահական մի ծառ
72-ամյա Փայլուն Թադևոսյանը վերջին չորս տարին ամեն օր՝ ժամը 10-ին, դուրս է գալիս տնից, նստում է տրոլեյբուսը ու գնում «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի ցերեկային կենտրոն։ «Եթե մի օր չեմ գնում, անընդհատ մտածում եմ՝ վայ չգնացի, չծիծաղեցինք, չզրուցեցինք, չկռվեցինք»,- ասում է Փայլունը։
Ճանապարհի նրա ընկերը ձեռնափայտն է, անգիր գիտի, թե որտեղ ինչ աստիճան, փոս կամ անհարթություն կա։ Փայլուն Թադևոսյանը 1,5 տարեկանում կարմրուկով հիվանդանում է ու ընկնում հիվանդանոց։ Բժիշկներն ասում են՝ կամ կմեռնի, կամ էլ կկուրանա։ Ծնողները նրան թողնում են հիվանդանոցում ու հեռանում։ Փայլունը վերջնականապես չի կուրանում, բայց տեսողությունը խիստ վատանում է։ Մինչև չափահաս դառնալը նա ապրում է մի քանի մանկատներում, հետո աշխատանք գտնում գործարանում, որտեղ էլ մինչև թոշակի անցնելն աշխատում է։
Մանկատան տարիները, ընկերներին ու դաստիարակներին նա լավ է հիշում։
Բորշի համար բանջարեղեն ու միս է գնել, պատմում է, որ երբ աչքերը փակում է, ինքն ու ընկերներն են մանկատան բանջարեղենի մեքենայի հետևից վազելիս ու բորշի կաղամբը կռթկռթալով ուտելիս։ Դաստիարակները տեսնում էին, բայց չէին բարկանում։
Նա քնելուց մի քանի ժամ առաջ միացնում է նվագարկիչը ու հանգիստ տեղավորվում բազմոցին, այսօր Վիլյամ Սարոյան է լսում։ «1914 թվականին, երբ ես 6 տարեկան էի, մի ծերունի երևաց մեզ մոտ՝ Սան Բենիտո փողոցում. նա գնում էր զառամյալների տուն․․․»
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել