Ո՞ր փուլում է հողից հանված հավի մսի գործը
Ամիսներ առաջ հողից հանված հավի մսի աղմկահարույց պատմությունից հետո Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կոմիտեից «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ քրեական վարույթով ի հայտ են եկել բազմաթիվ նոր հանգամանքներ։ Սակայն, թե ինչ հանգամանքների մասին է խոսքը, Քննչական կոմիտեն չի մանրամասնում՝ համարելով, որ դրանց հրապարակումն այս փուլում կարող է խոչընդոտել մինչդատական վարույթի բնականոն ընթացքը։
2024 թվականի օգոստոսի 9-ին Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ընկերությունը թռչնամիս է ներմուծել Հայաստան, որը, ըստ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) եզրակացության, եղել է օգտագործման համար ոչ պիտանի և ոչնչացման ենթակա։
Ըստ ՊԵԿ-ի՝ թռչնամսի այդ խմբաքանակը՝ 13 500 կգ, ոչնչացվել է ՊԵԿ աշխատակիցների մասնակցությամբ։ Թաղել են Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կոտայք գյուղում։ Նույն օրը, կրկին ըստ ՊԵԿ-ի, «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ընկերության ներկայացուցիչներն այցելել են ոչնչացման վայր և քանդող տեխնիկայով հողի տակից հանել են թաղված թռչնամիսն ու տեղափոխել իրենց ընկերության տարածք։
Այս դեպքերից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում։
Քրեական վարույթով դեռևս մեղադրյալներ չկան։
«Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ»-ի իրավաբան Բաբկեն Դավթյանը տեղյակ չէ, թե ինչ նոր հանգամանքների մասին է խոսքը։ Ըստ նրա՝ ընկերության ներկայացուցիչներն այս հարցով քրեական վարույթի նախաձեռնումից հետո իրավապահ մարմինների հետ որևէ առնչություն չեն ունեցել։ «Մեզ հարցաքննության չեն հրավիրել այս ընթացքում։ Մինչև այսօր որևէ արձագանք չկա»,- ասաց իրավաբանը։
Բաբկեն Դավթյանը և «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ընկերության հիմնադիր, տնօրեն Մարտիկ (Արթուր) Անդրասյանը պնդում են, որ թռչնամիսը գողացել է ընկերության վարորդը, որի մասին իրավապահ մարմիններին իրենք տեղյակ են պահել։
Գլխավոր լուսանկարում՝ կադրեր ՊԵԿ-ի տարածած տեսանյութից
Մեկնաբանել