Շտապօգնության անձնակազմը Կապանի օդանավակայանում հերթապահում է մեքենայի մեջ
Նախորդ ամռանը Կապանի «Սյունիք» օդանավակայանի թռիչքուղու մոտ երկար ժամանակ արեւի տակ սպասելու հետեւանքով վատացել էր ծառայություն իրականացնող շտապօգնության բուժքրոջ ինքնազգացողությունը: Գործընկեր վարորդն առաջին բուժօգնություն էր ցույց տվել: Այս մասին պատմել է «Հետքի» աղբյուրը:
Վերջինիս տեղեկացմամբ՝ Երեւան-Կապան չվերթի օդանավի վայրէջքից երկու ժամ առաջ Կապանի ԲԿ-ի շտապօգնության ծառայության մեքենան իր անձնակազմով ժամանում է «Սյունիք» օդանավակայան: Հիշեցնենք, որ Երեւան-Կապան-Երեւան չվերթերն իրականացվում են 2023-ի օգոստոսից: Մինչեւ անցած տարվա սեպտեմբեր դրանք իրականացվում էին ամեն երկուշաբթի եւ ուրբաթ, իսկ սեպտեմբերից թռիչքներ կատարվում են նաեւ չորեքշաբթի օրերին: Երեւանից ինքնաթիռը մեկնում է առավոտյան ժամը 10-11-ի միջակայքում, Կապան է ժամանում 45 րոպե անց, իսկ հետադարձ թռիչքն իրականացվում է ժամանումից 1 ժամ անց՝ կեսօրին՝ ժամը 12-13-ի միջակայքում:
«Հետքի» աղբյուրի տեղեկացմամբ՝ շտապօգնության մեքենան կայանում է թռիչքուղու հարեւանությամբ՝ օդանավերի համար նախատեսված կառամատույցի մոտ, սակայն անձնակազմին չի թույլատրվում մեքենայից դուրս գալ: Դրա հետեւանքով շտապօգնության աշխատողները ստիպված են լինում մեքենայի մեջ սպասել նվազագույնը երկու ժամ՝ մինչեւ օդանավը մեկնի Կապանից: Մյուս կողմից, ըստ աղբյուրի, քանի որ մեքենայի վառելիքը սահմանափակ է, ամռանը մեքենան հովացնելու, իսկ ձմռանը տաքացնելու խնդիր է ծագում:
Մեր ստացած բողոքի հիման վրա հարցեր էինք ուղղել «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերադասին՝ Սյունիքի մարզպետին (ՓԲԸ-ի հիմնադիրը Սյունիքի մարզպետի աշխատակազմն է): Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին ուղարկված հարցերին պատասխանել է ԲԿ-ի տնօրեն Արսեն Բաբայանը:
Հետաքրքրվել էինք, թե ներկայում օրական շտապօգնության քանի բրիգադ է սպասարկում Կապան խոշորացված համայնքին: Արդյոք հերթապահող բրիգադների թիվը բավարար է՝ համայնքի փաստացի կարիքներն սպասարկելու համար: Հիշեցնենք, որ այս խոշորացված համայնքը ներառում է 38 բնակավայր՝ Կապան քաղաքն ու 37 գյուղ:
Արսեն Բաբայանը, որպես հիմք նշելով առողջապահության նախարարի 2022 թ. հրամանը, հայտնել է, որ շտապ բժշկական օգնության բրիգադների ձեւավորումն իրականացվում է յուրաքանչյուր 20.000 բնակչին առնվազն մեկ բրիգադ սկզբունքով, իսկ Կապան խոշորացված համայնքի բնակչությունը կազմում է 37.500, հետեւաբար, Կապանի ԲԿ-ն աշխատում է օրական երկու բրիգադով: Դա, ըստ Բաբայանի, բավարարում է Կապան խոշորացված համայնքի փաստացի կարիքները:
«Սյունիք» օդանավակայանում ծառայություն իրականացնող շտապօգնության աշխատակիցների վերաբերյալ հարցրել էինք, թե ինչու վերջիններիս չի թույլատրվում սպասել օդանավակայանի ուղեւորային համալիրում (օրինակ՝ բուժկետում կամ այլ հատվածում)՝ խուսափելու համար բուժաշխատողներին պատճառվող անհարմարություններից։
Տնօրեն Բաբայանը հայտնել է հետեւյալը. «ԲԿ-ի շտապօգնության ծառայության մեկ մեքենա իր կազմով Երեւան-Կապան-Երեւան չվերթից 20 րոպե առաջ է լինում «Սյունիք» օդանավակայանում: Մեքենան կայանում է թռիչքուղու մոտ, քանի որ հաշվի է առնվում օդանավակայանի ներքին կանոնակարգը եւ անձնակազմի կողմից տրված հրահանգը: Հաշվի է առնվում նաեւ այն փաստը, որ շտապօգնության մեքենաները համալրված են բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Ինչ վերաբերում է ձմռանը մեքենան տաքացնելուն, հավելեմ, որ այդ ժամանակահատվածի համար տրամադրվում է հավելյալ վառելիք, իսկ հովացման համար չի տրամադրվում: Վարորդին վառելիք տրվում է ըստ համապատասխան լոկատորի (կենտրոնական ղեկավարման համակարգ) վերծանած ցուցմունքի: Շտապօգնության բոլոր մեքենաները կցված են լոկատոր համակարգին»:
Հարցրել էինք նաեւ, որ եթե շաբաթական երեք անգամ օդանավակայան մեկնող մեկ բրիգադն այնտեղ է մնում մի քանի ժամ, արդյոք մյուս մեկը բավարար է՝ խոշորացված համայնքի կարիքներն այդ ընթացքում արդյունավետ հոգալու համար: Ըստ ԲԿ-ի տնօրենի՝ այդ ընթացքում երկրորդ մեքենան իր անձնակազմով կարողանում եւ հասցնում է արդյունավետ հոգալ համայնքի կարիքները, իսկ անհրաժեշտության դեպքում առկա է տնային հերթապահող բրիգադ, որը շատ արագ իրականացնում է լրացուցիչ կանչերը, սակայն մինչ այժմ նման դեպք չի գրանցվել (տարօրինակ է՝ եթե նման դեպք չի գրանցվել, ինչպես է տնօրենը փորձում հավաստիացնել, որ լրացուցիչ կանչերը շատ արագ են սպասարկվում):
«Հետքի» աղբյուրը նաեւ հայտնել էր, որ Կապանի ԲԿ-ի շտապօգնության ծառայության գործուղումները (օրինակ՝ Երեւան ծանր հիվանդ տեղափոխելու համար) վճարվում են ուշացումով՝ շաբաթներ անց, այնինչ, օրինակ, Մեղրու տարածաշրջանային ԲԿ-ի շտապօգնության անձնակազմը գործուղման գումարը ստանում է գործուղումից առաջ (այս ԲԿ-ի հիմնադիրը եւս Սյունիքի մարզպետի աշխատակազմն է): Մարզպետին խնդրել էինք պարզաբանել, թե որն է տարբերության պատճառը, եւ արդյոք նախատեսվում է փոփոխություն Կապանի ԲԿ-ի պարագայում:
Այս հարցին եւս պատասխանել է Արսեն Բաբայանը, որը նշել է, թե իր ղեկավարած ԲԿ-ի շտապօգնության ծառայության գործուղումների գումարները վճարվում են գործուղումների թերթիկները ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան մոտակա մի քանի օրը: Այսպիսով՝ անպատասխան է մնացել հարցը, թե որն է Կապանի ու Մեղրու ԲԿ-ների՝ այս հարցում տարբերության պատճառը:
Մարզպետ Ղուկասյանից նաեւ հետաքրքրվել էինք, թե արդյոք տեղյակ է, որ Կապանի ԲԿ-ի շտապօգնության ծառայության վարորդներից մեկը նույն ծառայության ավտոպարկի ղեկավարի որդին է։ Հարցրել էինք, թե արդյոք շահերի բախում չի տեսնում այն պարագայում, երբ որդին աշխատանքի է ընդունվել հոր ենթակայությամբ: Այս հարցին եւս արձագանքել է ԲԿ-ի տնօրենը: Ըստ Արսեն Բաբայանի՝ ավտոպարկի ղեկավարի որդին ունի վարորդական համապատասխան վկայական ու աշխատանքային փորձ եւ աշխատում է պայմանագրով՝ բացակայող վարորդի փոխարեն: Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո, ըստ Բաբայանի, նա ազատվելու է աշխատանքից: «Հավելեմ նաեւ, որ այս պարագայում չկա շահերի բախում՝ քանզի յուրաքանչյուր վարորդ վճարվում է համապատասխան աշխատած օրերի: Վերջին ամիսների փաստացի վճարված աշխատավարձերի ուսումնասիրությունը փաստում է, որ բոլոր վարորդները վճարվել են հավասարապես՝ համապատասխան աշխատաժամանակի ներկայացված տեղեկագրի աշխատաժամերի»,- պատասխանել է ԲԿ-ի տնօրենը: Ընդգծենք, որ մեր ստացած բողոքի համաձայն՝ ավտոպարկի ղեկավարի որդին ամենաշատն է մեկնում գործուղումների, հետեւաբար եթե տնօրեն Բաբայանը նշում է, որ ամեն վարորդ ստանում է իր աշխատաժամերին համապատասխան գումար, ապա ճիշտ կլինի նախ հասկանալ, թե արդյոք նույն գործուղումների մասով բաշխումն իրականացվում է արդար ձեւով:
Մյուս կողմից՝ Կապանի ԲԿ-ի հիմնադիր Սյունիքի մարզպետի աշխատակազմը լավ կաներ հավելյալ ուշադրություն դարձներ ԲԿ-ի վերաբերյալ ահազանգերին ու հենց բժշկական կենտրոնի ներսում խրախուսեր ազդարարման համակարգի կայացումը:
Մեկնաբանել