
.... հոգին է, որ կը հրամայէ, հոգին է որ կը հմայէ... Եղիա Տեմիրճիպաշեան (մաս 3)
Ազգային ոգու պահպանման և ազգային դաստիարակութեան ջատագովը
«Ո՞ր ազգն ունի այդ լեզուն, ո՞ր լեզուի մէջ կարող է միտքը այնքան ազատ շրջիլ, հոգին այնքան ազատ թռչիլ, որքան հայ լեզուի մէջ...»: Ռուսաստանում փակված հայկական դպրոցների հարցը խիստ մտահոգիչ էր իր համար: Կարծում էր, որ համաշխարհային շփումները շատ կարևոր են: Եղիա Տեմիրճիպաշյանը համոզված էր, որ Եվրոպայում և Ամերիկայում կրթություն ստացող հայ երիտասարդները մեծ անելիք և առաքելություն ունեն մեր Հայրենիքում: Ֆրանսիայում կրթություն ստացածները Հայրենիք կներմուծեն գեղեցիկ դպրություն: Իտալիայում կրթվածները՝ գեղեցիկ արուեստներ, Անգլիայից վերադարձողները` վաճառականական գիտելիք: Շվեյցարիայից ու Գերմանիայից Հայաստան կբերվի մանկավարժություն և փիլիսոփայություն: Ամերիկայից կներմուծվի պարզասիրության եւ օգտասիրության ճաշակ:
Լուսինյանները, Վիկտոր Հյուգոն և անտարբեր հայերը
1885-ին Եղիան գրական և իմաստասիրական «Շարժում» հանդեսի հուլիսյան Գ հատորում զետեղում է «Վիգդօռ Իւկօ եւ Իշխան Լուսինեան» գրությունը: Սա «Մեծաշուք Գուիտօն Իշխան Լուսինեան»-ի նամակն է, որտեղ պատմվում է այն մասին, որ Վիկտոր Հյուգոն 8 տարի շարունակ ապրել և ստեղծագործել է իրենց տանը՝ «Այո՛, մեր բնակարանները դալարագեղ քաղցրաբոյր պարտիզով բաժանուած են, բայց մեր սրտերն անբաժան պէտք է լինին միշտ»,- համոզված ասում էր Հյուգոն Լուսինյան ամոլին: Այս բացառիկ իրողությունից սակայն ոչ մի հայ չի փորձել օգտվել ի շահ իր ազգի: «Եթե ուրիշ ազգ մի ունէր այս անզուգական բաղդն, արդեօք ինչե՜ր պիտի չընէր ու չհրատարակէր...»: Փարիզյան մամուլը գրել է այդ մասին՝ Հյուգոյի և Լուսինյանների բարեկամությունը գովերգելով: «Բոլոր գաղղիացիք եւ օտարազգիք երանի՜ կուտային մեզ եւ կուտան ցարդ որ վեհանուն Վիքթօր Հիւկօն այնչափ տարի վարձաբնակ տնակից ունեցանք և նորա սերտ մտերմութիւնը վայելեցինք»: Մինչդեռ հայությունը մունջ էր: Այս նամակը տպագրելու 2 դրդապատճառ ուներ Եղիան, մեկ՝ պատմել այս անհայտ և շատ ուրախալի բարեկամության մասին, և 2-րդ՝ վկայել հայության աններելի անտարբերության մասին:
Ճանաչել աշխարհը զգալով
1891-ի Զատիկին Սուրբ Թագվոր եկեղեցու առջև նա ցնցոտիներ հագած սկսեց մուրացկանություն անել: Մշտական մուրացկանները անտանելի զայրացան՝ նորի հայտնվելով: Մանավանդ որ վերջինիս գործերը լավ էին ընթանում: Մարդիկ, ճանաչելով Եղիային, կարեկցանքով հենց նրա թիթեղյա տուփի մեջ էին նետում դրամը: Բայց այդ օրը նա հրավիրված էր Արթին էֆենդի Ունճյանի տուն` զատկական ճաշի, այնպես որ եկեղեցու բակում երկար մնալ չէր կարող: Եղիան իր հավաքած ողորմությունը բաժանեց իրեն թշնամաբար ընդունած մուրացիկներին և, քիչ անց, մաքուր հագված հայտնվեց Ունճյանների տանը: Լուրն, իհարկե, տարածվեց Պոլսում: Ոմանք մտածեցին, թե վերջ, արդեն ամբողջովին ցնորվել է, մյուսները այս արարքի մեջ դերասանություն տեսան: Իսկ ճաշկերույթի ժամանակ, երբ նրան հարցրին, թե ինչու առավոտյան եկեղեցու բակում իրեն այդպես պահեց, պատասխանեց. «Այդ զգայնութիւնն ալ ունենալ ուզեցի»:
Մասոն Շելթոն Բեթերի կինը
Փախավ Խասգյուղից, եկավ Բերա: «Հետապնդում էին»: Սկսեց վարձով կացարան փնտրել: Ծեծեց պատահական մի տան դուռ: Բացեց Էլէն Նիսընը: Եղիան հիշում է, որ, երբ կինը դուռը բացեց և տեսավ իրեն, ահաբեկված hետ-hետ գնաց, բայց շուտով հրավիրեց ներս՝ ասելով. «Եղբայրս չէ, բայց եղբորմէս աւելի ինձի կը նմանի, ո՞վ է»: Էլէնը տեսա՞վ այն ներքին լարված և անառողջ հոգեվիճակը, որի դրոշմը Եղիայի աչքերի մեջ էր, կամ որսաց այն հոգեկան ցավը, որը ծանոթ էր նաև իրե՞ն: Նիսըն իր անգլիացի ամուսնու ազգանունն էր: Ամուսինը՝ Շելթոն Բեթեր Նիսընը, մասոն էր և Կոստանդնուպոլսի Ազատ որմնադիրներ անգլիական օթյակի նախագահը: Խեղճը վաղուց մեռել էր՝ միայնակ թողնելով իր կապտաչյա, շիկահեր և կարճահասակ հունգարուհի տիկնոջը: Ըստ Եղիայի մասին տարբեր պատմությունների` տիկինը դանեմարքացի էր կամ նորվեգացի, բայց դա էական չէ: «Այս օտարուհին, որ իր միւս խուցերը սիրային ժամադրավայրի վերածած էր, պահապան հրեշտակ մը դարձած էր Եղիայ համար»: Ինչո՞ւ Էլէնը Եղիային պահեց իր մոտ՝ թեև զգաց նրա արտասովոր լինելը: Ոմանք կարծում էին, թե դա պարզ, մաքուր հիացում էր: Կորսված սիրելիի փոխարինող ունենալու ցանկություն, 2-րդ՝ որ նա այն կանանցից էր, որոնք սիրում են իրենց գլխին փորձանք և խնդիրներ բարդել, որ մազոխիստական հակումներով կին էր: Վերջապես, ի՞նչ ուներ ծերացող, գրեթե մոր տարիքի կինը Եղիայի նկատմամբ՝ մանչի տկարությունը մայրաբար փայփայելու պահա՞նջ, թե՞ ցանկասիրություն:
Ի՞նչ պիտի ըլլա Եղիային վախճանը
Հարց է տվել Գ. Զոհրապը 1892-ին, երբ Եղիան դեռ չէր հանդիպել Էլէնին, և կանխատեսել է.
«Կը կարծեմ որ իր այլակերպութեանց անակնկալներուն ծայրը հասած չենք դեռ։ Չի պիտի զարմանանք բնաւ եթէ օր մը յիսուննոց աղջկան մը հետ ելլէ ամուսնանայ, վերջին օրերու խնամող ընկերուհի մը ունենալու համար ձեռքին տակ, կամ մսեղ, պարարտ այրիի մը հետ որուն պիտի ցանկայ յանկարծ։ Իր հարսանեաց հրաւիրագիրը՝ այն սովորական գռեհիկ արձակը չի պիտի ըլլայ զոր տպագրիչներն ու վիմագիրները գոց գիտեն, այլ ոտանաւոր քերթուած մը որուն մէջ, զմեզ ամենքս հրաւիրելով հանդերձ, ներողութիւն պիտի հայցէ մեզմէ այս վերջին յիմարութեան համար»։
Ա՛յ քեզ մարդկային հոգին կարդացող Զոհրապ: Նա բռնել էր Եղիային: Այս տողերը գրելուց 3 տարի անց, ահավասիկ, կատարվեց այս կախատեսումը՝ Եղիան գտավ 50-ը վաղուց անց և միաժամանակ այրի կնոջ: «Տարիքոտ կիները խնձորներու կը նմանին. որչափ աւելի հասուննան՝ այնքան աւելի կակուղ կ՛ըլլան»: Գուցե ժամանակ առաջ գրի առած իր այս միտքն է հիշել՝ դռան մեջ Էլէնին տեսնելով: Եղիային բուժող բժիշկը համոզված էր, որ դա «2 խենթերու սիմբաթի էր»: Թող այդպես լինի, բայց դա երկուսի համար էլ կարևոր, օդի ու ջրի պես անհրաժեշտ համակեցություն էր: 2 խենթերի կապ էր, թե՞ երկուսի խենթ կապ: Բայց, թվում է, թե միմյանց ֆրանսերենով ուղարկած 1-2 նամակների բովանդակությունը խառնում է բոլոր ախտորոշումները, կասկածելի դարձնում դրանք... քանի դեռ կարդում ես: Էլէնի համար Եղիան կյանքի իմաստ էր դարձել. «Քեզ պես բարի մարդ մեկ հատ եմ ճանաչել՝ ամուսինս էր»: Շվեյցարիայում՝ կնոջից ստացված նամակին ի պատասխան, Եղիան գրում է. «Վաղուց է, ինչ նման ուրախություն չէի ապրել: …Ամեն անգամ, աստիճաններին ոտնաձայն լսելիս, մտածում էի, որ նամակաբերը քեզնից ծրար է բերում: Բայց սխալվում էին՝ ոչ մի նամակ: Անհանգստությունը սպանում էր ինձ: Միայն թե հիվանդ չլինի, Տեր Աստված: Վերջապես երեկ առավոտյան դուռս թակեցին՝ նամակաբեր տղան էր: Քեզնից նամակ էր բերել: Ես երեք անգամ «Փառք Աստծո, Փառք Աստծո, Փառք Աստծո» ասացի հայերեն: Շատ հուզված էի և շատ երջանիկ: Մոռացա բոլոր տառապանքներս: Ես գրեթե համոզված էի, որ կստանամ քո նամակը, քանզի շատ-շատ էի աղոթել Աստծուն գիշերը: «Ով Երկնային Հայր, դու իմ սիրտը չես փշրի…..»: Իմ աղոթքը Աստծուն լսելի եղավ: Երբ նամակդ ուշանում էր, մտածում էի, թե Աստված էլի իմ համբերությունն է փորձում: Իմ սիրելի և թանկագին տիկին, երկինք ու երկիր կանցնեն, բայց իմ սերը քո հանդեպ չի մարի»:
Փախուստ «Վիլլա Էսբեռանս»
Շուտով, հիվանդության ծայրահեղ սրված փուլում Եղիան տեղափոխվեց Պոլսի Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոց: Բայց մինչ այնտեղ հայտնվելը և այնտեղից դուրս գալը, նրա կյանքում արագընթաց տեղի ունեցան անսպասելի և տարօրինակ բաներ:
1897 թիվն էր: Արդեն 2 տարի ապրում էր Էլէնի հետ: Մորաքրոջ դրամական օժանդակությամբ մեկնեց Շվեյցարիա, ապա՝ Ավստրոհունգարիա: Վստահ, որ իրեն հետապնդում էին, Եղիան անընդհատ հասցեներ էր փոխում, քաղաքից քաղաք անցնում, պանդոկից պանդոկ՝ հյուրանոցատերերին չհայտնելով իր ուր գնալու մասին: Բնության գեղեցկությամբ զմայլված և մանավանդ Մոն Բլանի և Լեմանի՝ լեռան և լճի սադրիչ վեհությանից գլուխը կորցրած՝ նա նորից սկսեց պատկերացնել իրեն լեռան գագաթից գահավիժելիս կամ լճի հատակը սուզվելիս: Եվ այդ տարօրինակ պատկերացումը, որ ուրիշ մեկին կարող է ահաբեկել, նրան հասցնում էր κάθαρσις-ի՝ հոգեկան ցավի թոթափման` կամ նիրվանայի, ինչին անվերջ ձգտում էր: Երբ Մինաս Չերազը նրա հետքը հազիվ գտավ Լոզանում՝ Վիլլա Էսբեռանս-ում էր: Սլացավ այնտեղ: Եվ Եղիան խոսակցություն բացեց կրկին ինքնասպանության մասին: Նա առաջարկեց ընկերոջը քաջություն ունենալ, նստել մակույկ, հասնել լճի խորքը, ձեռք ձեռքի տալ և ջրասույզ լինել: Երբ Մինասը նրան փորձեց հասկացնել.
-Քաջութիւն չէ այդ, սիրելիս, քաջութիւնը խոչերու դէմ կռուելու մէջ կ՛կայանայ: Ինչո՞ւ մեռնինք այսօր, քանի որ դեռ կրնանք օգտակար ըլլալ մեր տառապեալ ազգին:
-Ինչո՞ւ չես կարող ըմբռնել այսքան հրաշալի օր մը ծովամոյն ըլլալու այն վսեմ բանաստեղծութիւնը:
Շվեյցարիայում նրան «սկսեցին» կրկնակոխ հետապնդել բազում սիրուհիներ: «Անոնցմէ մին, ամենէն տեսլագեղն ու ամենէն հոգեպարարն, ամենէն հրեշտակայինն Յուլիանն էր»:
Թիվ 50 մահճակալի սադրանքը
Մոտ մեկ տարի գրեթե բռնի պառկած էր Ազգային հիվանդանոցում: Դա ավելի էր գրգռել նրան: Իր վախերն ու կասկածամտությունը ավելի էին խորացել: Այնպես էր ստացվել, որ Եղիային տեղավորել էին նույն այն հիվանդասենյակում և ճիշտ նույն մահճակալին, որտեղ հոգին էր ավանդել Գարեգին Սրվանձտյանը, և այդ մահճակալը կրում էր 50 թիվը: Եղիան 1901-ին հենց 50 տարեկան էր և բացարձակապես վստահ էր, որ դա նենգ դավադրություն էր իր հարազատների և բժիշկների կողմից: Մտածում էր, որ բոլորն ուզում են, որ ինքը մեռնի 50 տարեկանում: Եղիան, իհարկե, դեմ չէր մեռնելու, դա կար իր ծրագրերի մեջ, բայց մեռնել սեփական նախաձեռնությամբ, այլ ոչ թե հիվանդության կամ ուրիշների կամքով: Նրա կասկածամտությունն այն աստիճանի հասավ, որ հրաժարվեց ուտել հիվանդանոցի սնունդը, միայն՝ Էլէնի եփած վարդի մուրաբան՝ «օրը 2 գդալ»: Իսկ իր ճաշերը տալիս էր հիվանդանոցին կից գործող որբանոցի սաներին: Ուղեղի և ջղերի գերլարվածությունից հետո նա գրում էր իր ամենատպավորիչ հոդվածներն ու փիլիսոփայումները: Մուսան իր նոպան էր: Իսկ օրվա մյուս ժամերն անցնում էին տագնապի, ստվերների հետ հարաբերվելու և մտացածին, երևակայական պատմությունների մեջ: Նա տեսնում էր բաներ, որ չէին տեսնում մյուսները, մեղադրում էր նրանց կույր լինելու համար, մյուսները նրա մասին փսփսում էին. «խենթ է»: Միայն Էլէն Նիսընն էր մշտապես հաստատում Եղիայի «ճշմարտացիությունը»: Կամ այս կինը չէր ուզում փշրել ամուսնու երազները, կամ խորապես համոզված էր դրանց իրական լինելու մեջ: 1901թ. հիվանդանոցից Եղիա Տեմիրճիպաշյանը գրեց Էլէնին. «Գլխումս հազարավոր մտքեր կան և ամենը Ձեր մասին են հոգուս-հոգի: Երեքշաբթի եկաք: Ձեզ տեսա սովորականից առավել հոգնած… չկարողացա թերթերը կարդալ: Չեմ կարող կարդալ, երբ Ձեզ չեմ տեսնում: Ես պառկած եմ այն թախտին, որի վրա Ձեր գորգն է փռված: Եվ անվերջ մտածում եմ Ձեր մասին՝ կյանքիս վերջին 7 տարվա թանկագին ուղեկից: Տարիներ, երբ իմ սիրտը առավել զգայուն էր, քան երբևէ: Երբ Ձեզ սիրում էի: Արդյոք հարկ է, որ ասեմ, որ սիրել եմ և կսիրեմ ինչպես ոչ մեկին: Ամբողջ հիվանդանոցում մի սրտակից մարդ չկա: Գուցե և ամբողջ ազգի մեջ: Ատում եմ: Ձե՛զ խաբում են, ի՛նձ խաբում են: Թող անիծյալ լինեն նրանք: Ինչո՞ւ եմ ապրում այսպիսի աշխարհում, որտեղ ունեմ միայն Ձեզ, իսկ դուք՝ իմ խեղճ, չունեք ինձ դարձյալ Ձեր թևերի մեջ առնելու հույս: Սիրտս հազար կտոր է լինում ամեն օր, ամեն ժամ: Հույսը չկորցնեք, հավերժ և միայն Ձեր՝ Եղիա Տեմիրճիպաշեան»:
Խաղալով ոստիկանի հոգու հետ
Եղիան չէր կորցրել մտքի ուժը և գրելու կարողությունը, բայց ամենակարևորը՝ հումորը: Հիվանդանոցից դուրս գալուց հետո, հերթական թափառումներից մեկի ժամանակ, նրան կանգնեցնում է ոստիկանը և հարցնում ով լինելը: Եղիան պատասխանում է՝ թե իբր Հնչակյան կուսակցության նախագահն է: Ոստիկանը չէր մոռացել Գում Գափուի դեպքերը: Ապշած նայել է Եղիային՝ զգացել տարօրինակությունը և ասել. «Արտասովոր վիճակ եմ տեսնում վրադ»:
«Էֆենդի, ինչպէս կուզէք որ այդ տեսակ կուսակցութեան մը նախագահ ըլլամ ու արտասովոր վիճակ մը չունենամ»:
Մեկնաբանել