Տեսչական մարմինը կեղծ դիպլոմով բժշկական օգնություն իրականացնելու 7 դեպք է բացահայտել . Սլավիկ Սարգսյանը ամփոփում է տարին
Այսօր՝ հունվարի10-ին, կայացավ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի ամփոփիչ ասուլիսը։ Տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրեց նախորդ տարվա ստուգումների տվյալները։ Վերջինս ընդգծեց՝ առաջին անգամ Տեսչական մարմինը առողջապահական ոլորտում կեղծ դիպլոմով աշխատանքի 7 դեպք է բացահայտել։ Տեղեկատվությունը փոխանցվել է համապատասխան մարմիններին։
Նախորդ տարի իրականացվել են պլանավորած և չպլանավորած ստուգումներ։ 850 պլանավորած ստուգումներ են իրականացվել. դեղերի շրջանառության ոլորտում՝ 199, բժշկական օգնություն և սպասարկում՝ 75, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում՝ 226, աշխատանքային իրավունքի, անվտանգության ապահովման ոլորտում՝ 350։ Ընդհանուր առմամբ պլանավորված վերահսկողության արդյունքում տրվել է 476 կարգադրագիր խախտումները վերացնելու մասով։
Բացի պլանավորածից իրականացվել է նաև մեծ ծավալով չպլանավորած վերահսկողական աշխատանքներ՝ թվով 2943-ը, որից 312-ը վերստուգումներ և նյութական պահուստի մասով ստուգումներն են, իսկ 2631-ը վարչական վարույթներն են, այդ թվում՝ 694-ը դիմում բողոքի հիմքով հարուցված վարչական վարույթներով։ Չպլանավորած վերահսկողական աշխատանքներն են դեղերի շրջանառության ոլորտը՝ 216 ստուգում, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում և բժշկական օգնության և սպասարկման ոլորտում յուրաքանչյուրում՝ 657 ստուգում, աշխատանքային իրավունքի, ներառյալ՝ աշխատողների առողջության պահպանման ապահովման և անվտանգության ապահովման ոլորտում՝ 1413-ը։ Ընդհանուր չպլանավորված վերահսկողության արդյունքում տրվել է 559 խախտումների վերացման կարգադրագիր։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը շեշտեց, որ կարևորում են կանխարգելիչ միջոցառումները։ 2024 թվականի ընթացքում իրականացվել է 379 կանխարգելիչ միջոցառում, որոնցից 83-ը՝ սեմինարներ. 5-ը դեղերի շրջանառության ոլորտով, 18-ը բնակչության օգնության հետ բժշկական օգնության հետ սպասարկման ոլորտով, 25-ը բնակչության անիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտով, 35-ը աշխատանքային իրավունքի, ներառյալ՝ աշխատողների անվտանգության պահպանման և ապահովման ոլորտով։ Նախորդ տարվա ընթացքում տեսչական մարմնի թեժ գծին ստացվել է 7942 զանգ։ Սլավիկ Սարգսյանը նշեց, որ ունեն 100 թափուր աշխատատեղ։
Վերջինս պատասխանեց նաև լրագրողների հարցերին։ Նա անդրադարձել էր նաև էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման, հանրային վայրերում ծխելու արգելքի, սոցցանցերում վաճառվող չգրանցված դեղամիջոցների, աշխատանքային իրավունքների թեմաներին։
«Հետքի» հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ աշխատանքային իրավունքների խախտման դեպքերում, երբ քաղաքացիները դիմում են Տեսչական մարմնին աշխատանքային իրավունքների վերականգնման համար, Տեսչական մարմինը գործը կարճում է, սակայն դատական կարգով քաղաքացիները վերականգնում են իրենց խախտված իրավունքները՝ Սլավիկ Սարգսյանը պատասխանեց, որ գուցե գործատուները կարողանում են Տեսչական մարմնից քողարկել խախտումները, իսկ դատարանից չեն կարողանում, բացի այդ Տեսչական մարմինը աշխատանքային վեճի առկայության պայմաններում ուղղորդում է դիմել դատարան և դատական կարգով լուծել խնդիրը։
Մեկնաբանել