HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Համայնքապետարանն ու տնօրենը ճնշում են գործադրում աշխատանքային իրավունքների ոտնահարման մասին բարձրաձայնող դայակի վրա

Արևիկ Ալիխանյանը 20 տարի է՝ աշխատում է Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզում՝ մսուր խմբի դայակ է։ Մսուր խմբում, ըստ կարգի, պետք է լինեն դաստիարակ եւ դայակ: Արեւիկի պատմելով՝ 2024-ի օգոստոսից մենակ է աշխատում: Խմբի դաստիարակ Ջուլիետտա Սեյրանյանը, որը, Արևիկ Ալիխանյանի խոսքով, բարձրագույն կրթություն չի ունեցել, աշխատանքից ազատվել է։ 

Արևիկը բազմիցս դիմել է մանկապարտեզի տնօրենին՝ Անահիտ Աղաջանյանին, Դիլիջանի համայնքապետարան, որ նոր դաստիարակ ընդունեն աշխատանքի, բայց տարբեր պատճառաբանություններով նոր աշխատակից չի ընդունվել, թեև, ըստ Արևիկի, բազմաթիվ դիմումներ են եղել։

Արևիկ Ալիխանյանի ամուսինը՝ Գարիկ Գևորգյանը, նույն մանկապարտեզում է աշխատում՝ որպես պահակ, աշխատանքի է ընդունվել 6 տարի առաջ։

Արևիկ Ալիխանյանի խոսքով, Ջուլիետտա Սեյրանյանին վերականգնել են աշխատանքում, կես դրույքով, բայց վերջինս գրեթե չի լինում խմբում, Արևիկ Ալիխանյանին երբեմն օգնում են բուժքույրը կամ մաքրուհին։ Մանկապարտեզի դայակը հոգնել է, միայնակ խումբը պահել չի կարողանում, կես դրույքով ձևակերպված դաստիարակը չի կատարում իր աշխատանքային պարտականությունները, իսկ բուժքույրն ու մաքրուհին չեն կարող ամեն պահի իր հետ լինել։

«Այլ հայտատուներ, երբ դիմում են, որ ընդունվեն աշխատանքի, ասում են, որ այդ հաստիքը զբաղված է, տպավորություն է ստեղծվում, որ արհեստականորեն փորձում են հաստիքը զբաղեցրած պահել, ուրիշներին էլ հնարավորություն չեն տալիս աշխատել»,- պատմում է նա։

Ըստ Դիլիջանի համայնքապետարանի կայքի՝ Դիլիջանում գործում է 8 մանկապարտեզ, ամենաշատ սաներն ունի հենց թիվ 1 մանկապարտեզը՝ այստեղ հաճախում է 157 երեխա։ Մսուր խմբում գրանցված է 20 երեխա։

Տեսնելով, որ մանկապարտեզի տնօրինությանն ու համայնաքապետարանին դիմելով՝ արդյունքի չի հասում, որոշել է հանրայնացնել խնդիրը։ Նրա դուստրը նամակով դիմել է «Հետքի» խմբագրություն, մի նամակ էլ գրել և ուղարկել է Դիլիջանի համայնքապետարան։

Հունվարի 14-ին համայնքապետարանի աշխատակիցներն այցելել են մանկապարտեզ և քննարկում հրավիրել՝ ներգրավելով մանկապարտեզի բոլոր աշխատակիցներին։ Քննարկման ընթացքում, ըստ Գարիկ Գևորգյանի, ամուսինների հասցեին սպառնալիքներ են հնչել, բացի այդ, մանակապարտեզի տնօրենն ասել է, թե նրանց դուստրը սխալ է արել, որ դիմել է համայնքապետարան։ Առաջարկել են, որ Արևիկը հենց քննարկման ընթացքում զանգահարի «Հետք» և ասի, որ սխալ է հասկացել։

«Ասացին՝ դիմիր «Հետքին», բողոքդ հետ վերցրու, քանի որ մենք քո աղջկա գրած բողոքը որ ուղարկենք դատարան, քեզ դատի կտանք, ուղղակի մի քաղաքում ենք ապրում, չենք ուզում դատի տալ»,- պատմում է Արևիկը։

Քննարկմանը մասնակցել է նաև Դիլիջանի համայնքապետի խորհրդական Նոննա Գրիգորյանը։ Ըստ Արեւիկի՝ Նոննա Գրիգորյանն իրենց ասել է, որ եթե ինքնասիրություն ունենան, աշխատանքից ազատման դիմում կգրեն։

Արևիկ Ալիխանյանն ու Գարիկ Գևորգյանը տնօրինության և համայնքապետարանի ներկայացուցիչների հանդիպումից հետո ճնշված ու վախեցած են, մտածում են՝ գուցե պետք է լսեն հորդորներն ու ազատման դիմում գրեն։ Քննարկման ընթացքում տնօրենը հիշել է, որ 2015 թվականին՝ 10 տարի առաջ, Արևիկ Ալիխանյանը նկատողություն է ստացել, ու ասել է, որ հենց այդ հիմքով էլ կարող էին նրան աշխատանքից ազատել։

Արևիկն ասում է, որ տնօրենից և մանկապարտեզի անձնակազմից որևէ բողոք չունի, իր միակ խնդրանքը դաստիարակի թափուր հաստիքը լրացնելն է, որ երեխաների խնամքը միայնակ չիրականացնի։

«Հետքը» պարզաբանման խնդրանքով դիմել է մանկապարտեզի տնօրեն Անահիտ Աղաջանյանին։ Մեր զանգի ժամանակ դեռ ընթանում էր քննարկումը։ Տնօրենը չպատասխանեց, հաղորդագրություն գրեցինք, նշեցինք, թե ինչու ենք զանգահարում։ Նա հետ զանգեց և ասաց, որ զանգի պահին էլ խորհրդակցությունն ընթացքի մեջ է, ինքը բարձրախոս է միացրել, և բոլորը լսում են։

Անահիտ Աղաջանյանը սկզբում ասաց, որ որևէ խնդիր չի տեսնում։ Ջուլիետտա Սեյրանյանը կրճատվել է, քանի որ կրթություն չի ունեցել, բայց այժմ աշխատում է որպես փոխարինող դաստիարակ, մինչև նոր դաստիարակ կընդունվի աշխատանքի։ Այդ իրավունքը, ըստ տնօրենի, իրենք ունեն։

Այն հարցին, թե ինչու՞ հաստիքը թափուր չեն թողնում, որ այլ հայտատուներ կարողանան դիմել, տնօրենը պատասխանեց, թե պետք է ընտրել լավագույնին, և դայակը չի կարող որոշել՝ հաստիքի համար դիմող հայտատուներն արժանի՞ են զբաղեցնել պաշտոնը, թե՞ ոչ։

«Ընդունելու համար դաստիարակ, նա պետք է համապատասխանի շատ տարբեր չափանիշների, դիմողներ շատ կան, բայց մենք պետք է ընտրություն կատարենք, մենք չենք կարող ամեն դիմողի խումբ ընդունել, հատկապես, երբ երեխաներն անուշադրության մատված չեն, և շատ լավ խնամք է տարվում բուժքրոջ, պարուսույցի և մեթոդիստի օգնությամբ»,- նշեց մանկարպարտեզի տնօրենը։

Ջուլիետտա Սեյրանյանը մանկապարտեզում զբաղեցնում է նաև ֆիզհրահանգչի և գործավարի հաստիքները։ Այն հարցին, թե ինչու է նա երեք հաստիք զբաղեցնում, տնօրենը պատասխանեց. «Ինչի չի՞ կարելի զբաղեցնել, նա սահմանված ժամանակահատվածը չի անցնում, ժամերն այնպես ենք կարգավորել՝ որ ժամին նա ֆիզկուլտուրայի լինի, բուժքույրը, պարուսույցը, մեթոդիստը էնտեղ լինեն, հիմա Ձեզ համար ի՞նչն է կարևոր, որ երեխաներին մենակ չթողնե՞ն, թե՞ տեսնեք՝ ում վրա ինչ է գրված»,- ասաց տնօրենը։

Նա հավելեց, որ շուտով հարցը կարգավորվելու է եւ առաջարկեց հոդված չհրապարակել, իսկ «Հետքի» խմբագրություն և համայնքապետարան դիմած դայակը սուբյեկտիվ է ներկայացրել հարցը։ Տնօրենի խոսքով, իրենք փորձում են հասկանալ, թե ինչու է դայակը ցանկանում հեղինակազրկել Դիլիջանում այդքան մեծ հեղինակություն վայելող մանկապարտեզը։

Ավելի ուշ տեղեկացանք, որ մեր զանգից հետո Արևիկ Ալիխանյանի վրա փորձել են ճնշում գործադրել՝ մեղադրել դստեր միջոցով աշխատանքային խնդիրը բարձրաձայնելու համար։

Ստացվում է, որ Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզում թափուր հաստիքը զբաղեցրած են պահում, նոր մարդ չեն ընդունում աշխատանքի, իսկ դաստիարակի հաստիքը ֆիզհրահանգչի և գործավարի հաստիքի հետ համատեղում է մանկավարժական կրթություն չունեցող դաստիարակը։ Համայնքապետարանն էլ, այս մասին տեղյակ լինելով, ոչ միայն լռում է, այլեւ ճնշում գործադրում իր իրավունքների ոտնահարման մասին բարձրաձայնող դայակի վրա։

«Հետքը» փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Դիլիջանի համայնքապետարանից։ Աշխատակազմից մեզ ուղղորդեցին խոսել համայնքի ղեկավարի խորհրդական Նոննա Գրիգորյանի հետ։ Վերջինս ասաց, թե մանկապարտեզում որևէ օրինախախտում չկա, երկու կնոջ միջև կենցաղային վեճ է տեղի ունեցել, կողմերից մեկն էլ որոշել է վեճը հանրային հնչեղության թեմա դարձնել։ Նոննա Գրիգորյանը նշեց, թե Արևիկ Ալիխանյանն այնքան էլ ծանրաբեռնված չէ, երբեք խմբում մենակ չի լինում, ուղղակի կենցաղային հողի վրա առաջացած վեճի պատճառով դիմել է մեզ։ Նա նույնպես հիշեց, որ 2015 թվականին դայակը նախազգուշացում է ստացել։ Անհասկանալի է, թե ինչու՞ է համայնքապետի խորհրդականը հիշում 10 տարվա վաղեմության դեպքը։ Խորհրդականը «տգետ» որակեց Ալիխանյանի դստեր՝ համայնքապետարան և լրատվամիջոց ուղարկված դիմումը։

Նոննա Գրիգորյանի հետ մեր զրույցից րոպեներ անց զանգահարեց Արևիկ Ալիխանյանի դուստրը՝  Մերի Գևորգյանը և ասաց, որ իր հետ կապ է հաստատել Նոննա Գրիգորյանը, սպառնացել, որ դատական հայց կներկայացնի իրենց դեմ, իսկ եթե չդիմեն լրատվամիջոցին և հետ չվերցնեն բողոքը, խայտառակ կլինեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter