
ՔԿՀ-ների բուժանձնակազմի աշխատավարձը կբարձրանա՝ ըստ ծանրաբեռնվածության
Հայաստանում գործող 10 քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների և կալանավորված անձանց բժշկական սպասարկումն իրականացվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով: Վերջինիս ստորաբաժանումներում նախատեսված է 149 հաստիքային միավոր միջին և ավագ բուժաշխատողների համար: Քրեակատարողական հիմնարկներում գրեթե միշտ թափուր հաստիքներ են լինում. պատճառներից մեկն էլ ցածր աշխատավարձերն են: 2025թ.-ին բարձրանալու է բուժանձնակազմի աշխատավարձը՝ հիմքում դնելով ծանրաբեռնվածությունը։
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը գործում է Առողջապահության նախարարության ենթակայության ներքո: ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը «Հետք»-ին հայտնել է, որ 2025թ. հունվարի 7-ի դրությամբ թափուր է բուժանձնակազմի 7.5 հաստիքային միավոր: Մասնավորապես՝ նշված օրվա դրությամբ թափուր է եղել «Նուբարաշեն» և «Վանաձոր» ՔԿՀ-ների բժշկական ստորաբաժանումների ղեկավարների հաստիքները, բացի այդ 2.5 հաստիք բժիշկի և 2 հաստիք բուժքրոջ թափուր տեղ կա «Նուբարաշենում», իսկ «Արմավիրում» թափուր է դեղագետի հաստիքը:
«Թափուր հաստիքների առկայությունը կախված է աշխատանքի առանձնահատկությամբ, ստորաբաժանման տեղակայվածությամբ, ինչը բերում է կադրերի հոսունության: 2025թ. բուջեով հատկացված միջոցներով պայմանավորված՝ «Արմավիր» և «Նուբարաշեն» բժշկական ստորաբաժանումների ծանրաբեռնվածության աստիճանից ելնելով՝ դատապարտյալներին և կալանավորված անձանց սպասարկող բժիշկների, բուժակ-բուժքույրերի աշխատավարձերը նախատեսվում է 10-30% բարձրացնել, իսկ մյուս բուժակ-բուժքույրերի աշխատավարձերը 10-20%-ով բարձրացնել»,- ասում է Կամո Մանուկյանը:
Մինչև աշխատավարձերի բարձրացումը ՔԿՀ-ի բժիշկներին վճարվող միջին աշխատավարձը մոտ 365 հազ. դրամ է, իսկ բուժքույր-բուժակներինը՝ 178 հազար: Սրանք չհարկված աշխատավարձերն են:
Նշենք, որ բժիշկների ու բուժակների շուրջօրյա հերթապահություն շաբաթվա բոլոր օրերին իրականացվում է միայն «Դատապարտալների հիվանդանոց» բժշկական ստորաբաժանումում, որպես հիվանդանոցային բժշկական ստորաբաժանում: Իսկ ՊՈԱԿ-ի մնացած ստորաբաժանումներում իրականացվում է շուրջօրյա հերթապահություն միայն միջին բուժանձնակազմի, այսինքն՝ բուժքույրերի և բուժակների կողմից:
10 քրեակատարողական հիմնարկներում օրական շուրջօրյա հերթապահություն իրականացնում են 12 բուժքույր կամ բուժակ, իսկ ցերեկաին ութժամյա ռեժիմով՝ 30:2 բուժքույր-բուժակով շուրջօրյա հերթապահութուն իրականացվում է միայն «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում, քանի որ վերջիններս ավելի ծանրաբեռնված են, իսկ մյուս 8 ՔԿՀ-ներում հերթապահում է մեկական բուժքույր կամ բուժակ:
Այդ հանգամանքով պայմանավորված՝ 2025թ. «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ների բժշկական ստորաբաժանումների բուժակ-բուժքույրերի աշխատավարձերը կկազմեն մոտ 218 հազ. դրամից մինչև 237 հազ. 500 դրամ, իսկ բժիշկների աշխատավարձերը՝ 350-385 հազ. դրամ: Մյուս բժշկական ստորաբաժանումների բուժակ-բուժքույրերի աշխատավարձերը կկազմեն 198-218 հազ. դրամ: Սա ևս չհարկված աշխատավարձերի չափն է։
Նշենք, որ 2024թ. դեկտեմբերի 19-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պահվել է ազատությունից զրկված 2701 մարդ: Դատապարտված և կալանավորված անձանցով ամենաշատը ծանրաբեռնված է «Արմավիր» ՔԿՀ-ն, այնուհետև «Նուբարաշենը»։
«Հետքը» դեռ մեկ տարի առաջ գրել էր՝ քանի որ բժիշկներն աշխատում են 8-ժամյա ռեժիմով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամը 18:00-ից հետո հերթապահ չեն մնում, բուժքույրերի վրա է մնում քրեակատարողական հիմնարկի ողջ ծանրաբեռնվածությունը:
Բուժքույրերն են ընդունում կալանավորված անձանց և քրեակատարողական հիմնարկում տեղավորելուց առաջ զննում նրանց, արձանագրում մարմնի վրա առկա վնասվածքները: Նրանք են զբաղվում վատառողջ դատապարտյալների, հացադուլի մեջ գտնվող անձանց, ինքնավնասման և այլ բուժական հարցերով: Իսկ ծանր դեպքերում նրանց վրա է մնում քաղաքացիական հիվանդանոցներից շտապօգնություն հրավիրելու պատասխանատվությունը:
Անդրադարձել էինք բուժքույրերի ու բուժակների ցածր աշխատավարձերին, քանի որ նրանք վարձատրվում էին առանց ծանրաբեռնվածությունը հաշվի առնելու։ Այժմ այս մոտեցումը վերանայվում է՝ հիմքում դնելով ծանրաբեռնվածությունը։
Ինֆոգրաֆիկան՝ Արեն Նազարյանի
Մեկնաբանել