
Որքա՞ն հարկ են վճարում բուքմեյքերական ընկերությունները
2024 թվականի առաջին ինն ամիսներին (հունվար-սեպտեմբեր) Հայաստանում շահումով խաղերի ոլորտի հասույթը կազմել է մոտ 202 մլրդ դրամ։ Տարեկան տվյալները դեռևս չեն ամփոփվել։
Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ այս գումարը գոյացել է հիմնականում վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական գործունեությունից, որոնք միասին կազմել են մոտ 194 մլրդ դրամ՝ 2023-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 11%-ով։
Խաղատների հասույթը անգամներով քիչ է՝ 8 մլրդ դրամ, որը նվազել է 22%-ով։
Թեև շահումով խաղերի ոլորտի տեսակարար կշիռը ծառայությունների կազմում, հետևաբար՝ նաև ամբողջ տնտեսությունում, վերջին տարիներին նվազում է, սակայն դեռևս էական է։ 2024-ի հունվար-սեպտեմբերի տվյալներով` այն 8.2% է։ Այս ցուցանիշով շահումով խաղերի ենթաոլորտը հինգերորդն է ծառայությունների ոլորտում` զիջելով, օրինակ, ֆինանսական, տեղեկատվության և կապի ոլորտներին։
Ֆինանսների նախարարության տրամադրած լիցենզիաների ցանկում տեսնում ենք, որ 2024 թվականի վերջի դրությամբ Հայաստանում չորս ընկերություն ինտերնետ շահումով խաղեր է կազմակերպում։ Նրանցից երեքը նաև վիճակախաղեր կազմակերպելու լիցենզիա ունեն։
Իսկ խաղատան լիցենզիա ունի հինգ կազմակերպություն։
Որո՞նք են այդ կազմակերպությունները և որքա՞ն հարկ են վճարում։
Բուքմեյքերական ընկերություններից երեքը խոշոր հարկատուների կազմում բարձր հորիզոնականներ են զբաղեցրել
«Կաբարկո» (Adjarabet), «Դիջիթեյն» (նախկինում՝ «Տոտո Գեյմինգ», TotoGaming) ՍՊԸ-ները և «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն (Vbet) զբաղվում են ինչպես վիճակախաղերի, այնպես էլ՝ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպմամբ։
Ինտերնետ շահումով խաղեր է կազմակերպում ևս մեկ ընկերություն՝ «Գուդ Սոֆթ» ՍՊԸ-ն (Goodwin)։
Այսպիսով, ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպմամբ այս պահին զբաղվում է չորս կազմակերպություն։ Նրանք առավել հայտնի են որպես բուքմեյքերական ընկերություններ։
Նրանցից ամենախոշոր հարկատուն «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն է։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի (ՀՀ ՊԵԿ) հրապարակած վերջին տվյալների՝ 2024 թվականի առաջին ինն ամիսներին (հունվար-սեպտեմբեր) «Սոֆթ Կոնստրակտ»-ը պետական բյուջե է վճարել 13.9 մլրդ դրամի հարկ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 60%-ով։
Ընկերության հարկերի կազմում ամենամեծ հատվածը եկամտային հարկն է (6 մլրդ դրամ), հաջորդում է շահութահարկը (2.4 մլրդ դրամ), մնացածը այլ տեսակի հարկերն են, որոնց բացվածքը ՊԵԿ-ի հրապարակած խոշոր հարկատուների ցանկում չի երևում։ «Սոֆթ Կոնստրակտ»-ը 2024 հունվար-սեպտեմբերի տվյալներով Հայաստանի 11-րդ խոշոր հարկատուն է։
«Սոֆթ Կոնստրակտ»-ի հասույթը, ենթադրվում է նաև՝ հարկերը, հիմնականում գոյանում են խաղադրույքներից։ Ընկերությունը նաև ծրագրային ապահովման մշակմամբ է զբաղվում։
Ըստ «Սոֆթ Կոնստրակտ–ի հրապարակած վերջին ֆինանսական հաշվետվության՝ 2023 թվականին «Սոֆթ Կոնստրակտ»-ի հասույթը կազմել է մոտ 61 մլրդ դրամ, որից 43 մլրդ դրամը միայն խաղադրույքներից հասույթն է։
Օնլայն խաղերի ոլորտի մյուս խոշոր հարկատուն «Դիջիթեյն» ՍՊԸ-ն է (TotoGaming)։ 2024-ի հունվար-սեպտեմբերին այս ընկերությունը պետական բյուջե է վճարել 9.4 մլրդ դրամի հարկեր և դարձել Հայաստանի 20-րդ խոշոր հարկատուն։ Ընկերությունը վճարել է 3.3 մլրդ դրամի եկամտային հարկ, 1.6 մլրդ դրամի՝ շահութահարկ, մնացածը այլ տեսակի հարկերն են։ Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ ընկերության ընդհանուր հարկերի ծավալն աճել է 2.2 անգամ։
«Դիջիթեյն»-ը ևս հանդես է գալիս որպես IT ընկերություն, սակայն ֆինանսական հաշվետվությունից դժվար է տարբերակել, թե հասույթի որ մասն է գոյացել միայն խաղադրույքներից։
Ոլորտի երրորդ խոշոր հարկատուն «Կաբարկո» ՍՊԸ-ն է (Adjarabet), որը 2024-ի հունվար-սեպտեմբերին 8.6 մլրդ դրամի հարկեր է վճարել՝ գրանցելով 57% աճ։ Խոշոր հարկատուների ցանկում «Կաբարկո»-ն 22-րդն է։
Ինտերնետ շահումով խաղերի լիցենզիա ունեցող «Գուդ Սոֆթ» (Goodwin) ընկերությունը վճարած հարկերի ծավալով մի քանի անգամ զիջում է վերը նշված երեք ընկերություններին։ 2024 թվականի առաջին ինն ամիսների տվյալներով՝ «Գուդ Սոֆթ»-ը խոշոր հարկատուների ցանկում 210-րդ տեղն է զբաղեցրել։ Վճարել է մոտ 1.1 մլրդ դրամի հարկեր, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ 39%-ով աճել է։
Բացի ինտերնետ շահումով խաղերից, Ֆինանսների նախարարությունը ևս մեկ ընկերության՝ «Մանռու» ՍՊԸ–ին, շահումով խաղերի լիցենզիա (ոչ օնլայն խաղերի) է տրամադրել։ Այս ընկերությունը, սակայն, խոշոր հարկատուների ցանկում չի ընդգրկվել։
Խաղատներից բյուջե հոսող հարկերը ավելի «համեստ» են
Ֆինանսների նախարարությունը խաղատան կազմակերպման լիցենզիա է տրամադրել հինգ ընկերության։
Խաղատներից Երևանին առավել մոտը «Շանգրի Լա»-ն (Shangri La) է, որը գտնվում է Երևան-Աբովյան ճանապարհին: Շահագործողը «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն է։
Այն «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում է և շահագործում է նաև «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրը, «Մուլտի Գրանդ» հյուրանոցը: Հետևաբար, դժվար է ՊԵԿ-ի տվյալներից տարբերակել, թե խաղատան գործունեությունից որքան հարկ է գոյացել։
2024 թվականի հունվար-սեպտեմբերին «Օնիրա քլաբ»-ը դարձել է Հայաստանի 50-րդ խոշոր հարկատուն՝ վճարելով 4.4 մլրդ դրամի հարկեր, որը նախորդ տարվա համեմատ 17%–ով նվազել է։
Մյուս չորս խաղատները գտնվում են Ծաղկաձոր քաղաքում։ Դրանք շահագործող չորս ընկերությունները չեն ներառվել խոշոր հարկատուների ցանկում՝ «Ռոյալ սիգնաչր» (համանուն խաղատնով), «Կոբալտ գրուպ» («Ոսկու աշխարհ» հյուրանոցի խաղատունը), «Պոլիմեր պլյուս» («Կոսմոս» խաղատուն) և «Վ ենդ Վ» ՍՊԸ-ները (նորաբաց խաղատուն, որի լիցենզիան տրվել է 2024-ի սեպտեմբերին)։ 2024 թվակականի հունվար-սեպտեմբերին 1000-րդ խոշոր հարկատուն 242 մլն դրամի հարկ է վճարել, ինչը նշանակում է, որ այս ցանկում չհայտնված մյուս բոլոր ընկերությունների հարկերը դրանից փոքր են եղել։
Մեկնաբանել