
Հուշարձան-շենքի արտաքին փոփոխությունները կատարվել են առանց համապատասխան թույլտվության
Ամիրյան 6 հասցեում գտնվող Հռիփսիմյան գիմնազիայի նախկին շենքի արտաքին փոփոխությունները կատարվել են առանց համապատասխան թույլտվության։ Սեփականատերը աշխատանքները սկսել ու ավարտել է՝ Երևանի քաղաքապետարանի և լիազոր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համաձայնությունը չստացած։
Նախորդ ամիս «Հետք»-ը գրել էր, որ Ամիրյան 6 հասցեում գտնվող հուշարձան-շենքում շինարարական աշխատանքներ են իրականացվում, ներկվել է շենքի ճակատային հատվածն ու տանիքը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնել էր, որ աշխատանքները չեն համաձայնեցվել նախարարության հետ, ինչի համար դիմել են Երևանի քաղաքապետարան՝ պարզաբանում ստանալու։ «Հետք»-ը մինչև նյութի հրապարակումը փորձել էր մեկնաբանություն ստանալ Երևանի քաղաքապետարանից, սակայն վերջինս հորդորել էր սպասել պաշտոնական պարզաբանման։
Մեզ ուղարկված պարզաբանման մեջ նշվում է, որ դեկտեմբերի սկզբին շինության ճակատի արդիականացման և տանիքի վերանորոգման էսքիզային նախագծի համաձայնեցման խնդրանքով Երևանի քաղաքապետարան է դիմել քաղաքացի Սևակ Գևորգյանը։ Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 24-ին դիմումատուին տեղեկացվել է, որ հարցի հետագա քննարկման համար պետք է շտկել էսքիզային նախագծի թերությունները, և քանի որ շենքը Երևան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում է, հարցում է արվել ԿԳՄՍ նախարարությանը։ Թեմայի վերաբերյալ «Հետք»-ի առաջին հոդվածը հրապարակվել է հենց դեկտեմբերի 24-ին, երբ աշխատանքներն ավարտական փուլում էին։ Ստացվում է՝ մինչ նախագծի վերաբերյալ քաղաքապետարանը պատասխան կտար, սեփականատերը սկսել ու ավարտել է շինաշխատանքները։ Նշենք, որ կատարված աշխատանքները շինթույլտվություն չեն պահանջում, անհրաժեշտ էր միայն համաձայնեցնել նախագիծը։
Այս ընթացքում՝ դեկտեմբերի 11-ին, քաղաքապետարանի աշխատակիցները նկատել են առանց համապատասխան թույլտվության իրականացվող աշխատանքները և վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով դեկտեմբերի 27-ին կազմել արձանագրություն։ Այս մասին քաղաքապետարանը հայտնել է ԿԳՄՍ նախարարությանը։
Երևանի քաղաքապետարանը նախարարությանը ներկայացրել է հուշարձան-շենքի ճակատի արդիականացման և տանիքի վերանորոգման՝ քաղաքացու կողմից ներկայացված էսքիզային նախագիծը:
«Հաշվի առնելով, որ արտաքին հարդարման՝ ներկապատման աշխատանքներն իրականացված են, դրանց գույնի համապատասխանության հարցը կքննարկվի ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի առաջիկա նիստում»,- նշված է ԿԳՄՍ նախարարության պատասխանում:
«Հետք»-ը կապ է հաստատել էսքիզային նախագիծ ներկայացրած Սևակ Գևորգյանի հետ՝ պարզելու, թե ինչ է նախատեսվում անել շենքում, և արդյոք այն սկսելու է շահագործվել։ Հուշարձան-շենքի ճակատագրի վերաբերյալ մեր հարցերն անպատասխան են մնացել։
Հիշեցնենք՝ Ամիրյան 6 հասցեում գտնվող հուշարձան-շենքի սեփականատերը բրիտանահայ գործարար Վաչե Մանուկյանին պատկանող «Քոմփյութրոն ինդասթրիզ իսթաբլիշմենթ» ընկերությունն է։ Այս շենքը կառուցվել է Հռիփսիմյան գիմնազիայի համար, նույն հասցեում երկար տարիներ գործել են մշակութային տարբեր կառույցներ։ Գիմնազիայի շենքը օտարվել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ աշխատած տարիներին ու որոշմամբ։ Այդ ժամանակ շենքում Երևանի պատմության թանգարանն էր, որ չհասցրեց ցուցադրություն կազմակերպել նոր շենքում։ Որպես վաճառքի հիմնավորում նշվում են ֆինանսական դժվարությունները։
Շենքը 1995 թվականի մայիսի 5-ին վաճառվել է մեկ միլիոն ամերիկյան դոլարին համարժեք դրամով։ Քաղաքային իշխանությունը որոշել է աճուրդային վաճառքից ստացված գումարից կես միլիոն ամերիկյան դոլարին համարժեք դրամ հատկացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, իսկ մնացածը փոխանցել քաղաքային բյուջե՝ Երևանի պատմության թանգարանի նոր շենքի շինարարության համար։ Նույն փաստաթղթով նախատեսվել է Երևանի պատմության թանգարանի նոր շենքի շինարարություն՝ «Կասկադ» համալիրում։ Բայց թանգարանը Կասկադում չկառուցվեց։ Թե ինչ եղավ 500 հազար դոլարը, չենք կարողացել պարզել։ Այդ տարիների մի քանի աճուրդներ ուսումնասիրելով՝ պարզել էինք, որ նման մեծ չափի գումարով որևէ շինություն չի սեփականաշնորհվել։
Արդեն 3 տասնամյակ է՝ շենքը չի շահագործվել, անհայտ է, թե կատարվող փոփոխություններից հետո շինության դռներն ու պատուհանները նորից կբացվեն, թե ոչ։
Մեկնաբանել