HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Ակցիա՝ հաջակցություն Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների

Բաքվում պահվող Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության դատաքննության մեկնարկի կապակցությամբ այսօր՝ հունվարի 17-ին, Երեւանում բողոքի ակցիա տեղի ունեցավ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ ԱԳՆ-ի դիմաց։ Ակցիայի նախաձեռնողները արցախյան մի խումբ կազմակերպություններ էին, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը եւ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Մենք այստեղ ենք մեր խղճի, մեր անհատական և ազգային արժանապատվության համար, որովհետև մեր հայ պատանդներն այնտեղ են մեզ համար։ Իրենք այնտեղ շինծու դատավարության առջև են կանգնում, խոշտանգվում են և անմարդկային վերաբերմունքի են արժանանում, որովհետև ներկայացնում են մեզ՝ նախ որպես Արցախի Հանրապետության գործող և նախկին ղեկավարներ, և երկրորդ՝ որպես հայեր․ բոլորը, ոչ միայն ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ՄԱԿ-ի գրասենյակի առաջ ասաց Արտակ Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ պետք է առաջին հերթին ստիպել և պահանջել ՀՀ իշխանություններից, որ առավելագույնը անեն Բաքվում ապօրինի պահվող պատանդներին հայրենիք վերադարձնելու համար։ Բեգլարյանը կարևոր է համարում միջազգային կառույցների առջեւ ևս բողոքի ձայն բարձրացնել։ Ակցիան կազմակերպել էին ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց որպես միջազգային հանրության հավաքական կառույց՝ ընդգծելով, որ իրենց պահանջն ուղղված է բոլոր պետություններին։ Իսկ քայլերթով դեպի ԱԳՆ շարժվելը խորհրդանշում է պահանջը՝ ՀՀ իշխանություններին։ 

«Մենք բոլորս պետք է հիշենք՝ այնտեղ գտնվող մեր եղբայրներն իրավունք ունեն, ազատ են ասելու յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր միտք, միայն թե իրենք ողջ վերադառնան հայրենիք։ Որևէ մեկը՝ սովորական քաղաքացի կամ իշխանություն կրող անձ, իրավունք չունի թիրախավորելու, հարվածի տակ դնելու մեր եղբայրներին այնտեղ։ Իրենք այնտեղ են մեր երեսից»,- ասաց Բեգլարյանը՝ հիշելով, որ այսօր լրանում է Բաքվի հայ բնակչության կոտորածի 35-րդ տարելիցը։

Ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի գրասենյակին փոխանցեցին իրենց պահանջագիրը, ապա երթով շարժվեցին դեպի ՀՀ ԱԳՆ։

ՄԱԿ-ին և բոլոր պետություններին ուղղված այդ գրությամբ ակցիայի մասնակիցները պահանջում էին առավելագույն ճնշում գործադրել ալիևյան ռեժիմի վրա՝ անհապաղ ազատ արձակելու ադրբեջանական բանտերում խոշտանգվող ու նվաստացվող բոլոր հայ պատանդներին։ Իսկ մինչև նրանց ազատ արձակումը՝ ապահովել նրանց հիմնարար իրավունքների պաշտպանությունն Ադրբեջանում։ Ինչպես նաև՝ գործուն քայլեր ձեռնարկել բռնի անհետացած ու անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ, գործարկել միջազգային մեխանիզմներ՝ Արցախի պատմամշակութային ժառանգության, հանրային և մասնավոր սեփականության վիճակի մշտադիտարկման և պաշտպանության համար։

Երթի մասնակիցները «Հայ ղեկավարները Բաքվի բանտում են», «Ազատություն ռազմա-քաղաքական ղեկավարությանը» գրություններով պաստառներով և ոստիկանների ուղեկցությամբ հասան Արտաքին գործերի նախարարության շենք։ 

Այնտեղ ելույթով հանդես եկավ Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նա վերահաստատեց Արտակ Բեգլարյանի խոսքերը՝ նշելով, որ Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցում Հայաստանն ունի առաջնային պարտավորություն։ Նա դիմեց ՀՀ իշխանություններին․ «Ես կուզեի իրենք իրենց խղճի առաջ հարց տան և պատասխանեն՝ արդյոք իրենք անու՞մ են այն ամենը, որպեսզի թեթևացվի կամ վերացվի այդ տանջանքն ու դաժանությունը, որը կատարվում է մեր հայրենակիցների հետ Բաքվի բանտում»։

Ակցիայի մասնակիցներն Արտաքին գործերի նախարարությունից պահանջեցին տեսանելի, շոշափելի քայլեր ձեռնարկել, դիվանագիտական և հնարավոր այլ մեթոդներ կիրառել՝ միջազգային հարթակներում այս հարցը օրակարգային դարձնելու համար։

Նշենք, որ այժմ Բաքվում ընթանում է ապօրինի պահվող Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարների գործով առաջին դատական նիստը։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները ապօրինի ազատազրկված են Բաքվում 2023 թվականի սեպտեմբերից։ Արցախի ամբողջական օկուպացիայից հետո Ադրբեջանի ուժայինները ձերբակալեցին և Բաքու տեղափոխեցին Արցախի նախկին և ներկա ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչների։

Կարդացեք նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter