HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանն ու Ռուսաստանը կունենան ավելի սերտ հարաբերություններ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը պաշտոնական այցով Ռուսաստանում է։ Նա այսօր Մոսկվա է ժամանել ստորագրելու երկու երկրների միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը։

Կարդացեք նաև՝ Իրանն ու Ռուսաստանը Մոսկվայում 20-ամյա ռազմավարական համագործակցության պայմանագիր կստորագրեն

Պաշտոնական այցի շրջանակներում տեղի է ունեցել Փեզեշքիանի և Պուտինի հանդիպումը, որի ժամանակ երկրների ղեկավարները բանակցել են Իրան-Ռուսաստան հարաբերություններում մի քանի կարևոր ուղղությունների մասին։

Այսպես, Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը և Իրանը ցանկություն ունեն համատեղ նոր էներգետիկ ծրագրեր սկսել, այդ թվում նաև՝ ատոմային էներգետիկայի ոլորտում։ 

«Մենք շարունակում ենք մեր խոշոր նախագծերը, այդ թվում՝ ատոմային էներգետիկայի ոլորտում, ունենք նաև այլ հնարավոր նախագծեր էներգետիկայի ոլորտում»,- ասել է Պուտինը։

Փեզեշքիանը հույս է հայտնել, որ այսօր հնարավոր կլինի վերջնականացնել Իրանում նոր ատոմակայանի կառուցման հարցը։ 

«Ատոմակայանի կառուցման վերաբերյալ մեր պայմանավորվածությունները լավ նորություն են, կարծում եմ՝ այսօր դրանք վերջնական տեսքի կբերվեն»,- ասել է նա։

Խոսելով Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական զարգացումների մասին՝ Փեզեշքիանն ասել է, որ արտատարածաշրջանային խաղացողների առկայությունը նպաստում է տարածաշրջանում իրավիճակի հետագա ապակայունացմանը։ 

«Մեր գերագույն առաջնորդը և մենք բոլորս կարծում ենք, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն միայն տարածաշրջանային խաղացողների միջև պայմանավորվածությունների միջոցով: Արտատարածաշրջանային ուժերի ներկայության կարիք չկա, դա կարող է միայն վատթարացնել իրավիճակը»,- ասել է Փեզեշյանը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվայի և Թեհրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ուղղված չէ երրորդ երկրների դեմ։ 

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի խոսքով՝ փաստաթուղթը չի նախատեսում Իրանի և Ռուսաստանի միջև պաշտպանական դաշինքի ստեղծում։ 

Ինչպես նշել է Ռուսաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին, համաձայնագիրը տարբերվում է Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի և Բելառուսի միջև 2024 թվականի առանձին համաձայնագրերից, որոնք պարունակում են փոխադարձ պաշտպանության դրույթներ։

Այսօրվա բանակցությունների արդյունքում ակնկալվում է, որ երկու պետությունները կստորագրեն 20-ամյա ռազմավարական համագործակցության պայմանագիր։

Գլխավոր լուսանկարը՝  REUTERS/Evgenia Novozhenina

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter