HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Արմենիա Էյրվեյզի» երրորդ ինքնաթիռն է գրանցվել Հայաստանում

«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը ՀՀ-ում գրանցել է իր երրորդ ինքնաթիռը, բայց ոչ թե մարդատար, այլ բեռնատար:

Դեկտեմբերի 14-ին ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցվել է այս օպերատորի Boeing 737-300SF տիպի բեռնատար օդանավը, որը ստացել է EK-73750 գրանցումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կայքից: 

Հիշեցնենք, որ այս ավիաընկերությունն ունի եւս 2 հատ Beoing 737-300, որոնք, սակայն, մարդատար են (գրանցումները՝ EK-73730 եւ EK-73740): 

Ինչպես արդեն գրել ենք, 1998 թ. թողարկված բորտը նախկինում շահագործվել է Մալթայում, Իտալիայում, Նոր Զելանդիայում եւ Բահրեյնում (EK-73730-ն ու EK-73740-ն արտադրվել են 1995 թ.): Ընդ որում՝ օդանավը մինչեւ 2015 թ. եղել է մարդատար, սակայն հետո ձեւափոխվել է բեռնատար տարբերակի: 

EK-73750-ը մինչեւ 2024 թ. հոկտեմբերի վերջին Երեւան տեղափոխվելը շահագործվել է Բահրեյնի Texel Air ավիաընկերության կողմից: Հայաստանում դրա գրանցումը վավեր է մինչեւ այս տարվա սեպտեմբերի 5-ը: Օդանավի սեփականատերը, ըստ planespotters.net հարթակի, իռլանդական K2 Aviation Partners լիզինգային ընկերությունն է (նախկինում՝ Kahala Aviation Leasing):

Այսպիսով՝ «Արմենիա Էյրվեյզը» ներկայում միակ հայկական ավիաընկերությունն է, որն ունի թե՛ մարդատար, թե՛ բեռնատար ինքնաթիռներ: Նկատենք, սակայն, որ այս պահին EK-73750-ը չունի թռիչքային պիտանիության սերտիֆիկատ, ինչը նշանակում է, որ առայժմ թռիչքներ կատարելու իրավունք չունի: 

Ինչ վերաբերում է EK-73730 եւ EK-73740 գրանցումներով բորտերին, ապա վերջիններս ներկա պահին իրականացնում են չվերթեր Երեւան-Թեհրան-Երեւան երթուղով:

EK-73730-ը՝ Թեհրանում, 05.05.2024

EK-73740-ը՝ Թեհրանում, 23.10.2024

2013-ին հիմնադրված, սակայն միայն 2019-ից կոմերցիոն թռիչքները մեկնարկած «Արմենիա Էյրվեյզի» անմիջական սեփականատերն այսօր երեւանյան «Եվրո Էքսփրես» ՍՊԸ-ն է, որն իր հերթին պատկանում է ՀՀ քաղաքացի, ծագումով իրանցի Հորմոզ Գոլազիզի Դարբեռուդիին (51 %) եւ Ուզբեկստանի քաղաքացի Զերա Աբլյալիմովային (49 %), որը նաեւ ավիափոխադրողի տնօրենն է: Այդուհանդերձ, «Հետքի» տեղեկություններով, «Արմենիա Էյրվեյզի» իրական/վերջնական շահառու սեփականատերերը թղթերում չեն երեւում, սակայն նրանք եւս իրանցի են: 

Առաջին լուսանկարում՝ «Արմենիա Էյրվեյզի» ձեռք բերած բեռնատար ինքնաթիռը՝ դեռեւս հին (A9C-APC) գրանցումով 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter