HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ֆլայ Արնայի» աշխատակիցն «Արմենիա Էյրվեյզի» հիմնական սեփականատեր է գրանցվել

Հայկական «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության 51 տոկոսի սեփականատերը՝ Հորմոզ Գոլազիզին, աշխատում է մեկ այլ տեղական ընկերությունում՝ «Ֆլայ Արնայում», որպես փոխադրումների կարգավար: Սա հետաքրքիր իրավիճակ է, քանի որ նույն շուկայում ներգրավված երկու փոխադրողները, մեծ հաշվով, մրցակիցներ են:

Այն, որ Հ. Գոլազիզին «Արմենիա Էյրվեյզի» հիմնական սեփականատերն է, երեւում է պետռեգիստրի կայքում, որտեղ տեղադրվել է ««Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերություն» ՓԲԸ-ի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրն այս տարվա մարտի 29-ի դրությամբ:

Ըստ այդմ՝ ՓԲԸ-ն ունի 2 բաժնետեր՝ Հորմոզ Գոլազիզի Դարբեռուդին (51 %), որը չնայած ՀՀ քաղաքացի է, ծագումով իրանցի է, եւ Ուզբեկստանի քաղաքացի Զերա Աբլյալիմովան (49 %): Նրանք, սակայն, ՓԲԸ-ում ներգրավված են անուղղակի ձեւով: Միջանկյալ օղակը երեւանյան «Եվրո Էքսփրես» ՍՊԸ-ն է, որի սեփականատերերը Գոլազիզին ու Աբլյալիմովան են:

Հիշեցնենք, որ «Արմենիա Էյրվեյզը» հիմնադրվել է 2013-ի ապրիլին Երեւանում: Դրա առաջին տերերը՝ երեւանցի Արմեն Սարգսյանն ու «Մեյն Ավիէյշըն Տեքնիքս» ՍՊԸ-ն, անմիջական կապ ունեին 2004-2016 թթ. ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի հետ: Ընկերության տնօրենն էլ 2013-2018 թթ. Ա. Մովսեսյանի հորեղբոր որդին էր՝ Կարեն Մովսիսյանը: «Արմենիա Էյրվեյզը» կոմերցիոն թռիչքների իրավունք տվող ՕՇՎ (օդանավ շահագործողի վկայական) ուներ, սակայն ընկերության հաշվեկշռում գտնվող միակ ինքնաթիռը առեւտրային փոխադրումներով չէր զբաղվում, այլ ավիացիոն ուսուցմամբ: Օդանավի սեփականատեր «Մեյն Ավիէյշըն Տեքնիքսն» այն վարձակալությամբ հանձնել էր Մովսեսյանի ղեկավարած ՔԱԳՎ-ին ենթակա «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ին՝ ուսանող օդաչուների գործնական պարապմունքների համար:

Ինքնաթիռի վարձակալության հետ կապված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ 2019 թ. Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել, որի նախաքննությունն ընթանում է մինչ օրս:

2018-ին Ա. Մովսեսյանի մերձավորներն օտարել են «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը: Դրա նոր ղեկավար է դարձել պարսկահայ Առլեն Դավուդյան-Զարնաին: Չնայած պետռեգիստրում, որպես կանոն, չեն երեւում բաժնետիրական ընկերությունների սեփականատերերի տվյալները, այս ավիաընկերությանն առնչություն ունեցող մեր աղբյուրը հայտնել էր, որ Դավուդյանը ոչ միայն «Արմենիա Էյրվեյզի» նոր տնօրենն է, այլեւ սեփականատերը: Այս հանգամանքը չէր հերքել նաեւ Ա. Դավուդյանը:

Այդուհանդերձ, վերջերս «Հետքի» մեկ այլ աղբյուր տեղեկացրեց, որ Դավուդյանը եղել է միայն «Արմենիա Էյրվեյզի» տնօրենը, իսկ ընկերության իրական սեփականատերերը պարսիկներ են:

Առաջին հայացքից կարող է պարադոքսալ թվալ, բայց սրանք չեն հակասում իրար: Բանն այն է, որ «Ավիացիայի մասին» օրենքով ՕՇՎ կարող են ստանալ այն ընկերությունները, որոնց առնվազն 51 տոկոսը պատկանում է ՀՀ քաղաքացիներին կամ ՀՀ-ում գրանցված այլ իրավաբանական անձանց: Իսկ քանի որ Առլեն Դավուդյանը ՀՀ քաղաքացի է, չի բացառվում, որ նա թղթի վրա եղել է նաեւ «Արմենիա Էյրվեյզի» սեփականատերը (օրենքի տառը պահելու համար), իսկ իրական տերերն ու ներդրողները Իրանից են:   

Նկատենք, որ մինչ «Արմենիա Էյրվեյզում» հայտնվելը Դավուդյանը հայտնի էր նրանով, որ նրա ընտանիքին պատկանող «Տաթեւ ՏՏՏ» տուրիստական գործակալությունը իրանական ավիափոխադրողների ներկայացուցիչն էր Հայաստանում:

Դավուդյանի օրոք «Արմենիա Էյրվեյզը» նախնական ծրագիր ուներ Երեւանից չվերթեր իրականացնել դեպի Եվրոպա, Ռուսաստան ու Չինաստան: Ծրագիր կար նաեւ Երեւանն իբրեւ տարանցիկ կետ օգտագործել Մոսկվայի ու Չինաստանի միջեւ: Հեռանկարում էլ դեպի ԱՄՆ չվերթերի բացումն էր:

Սակայն ծրագրերն այլ բան են, իրականությունը՝ այլ: «Արմենիա Էյրվեյզը» շեշտը դրեց Երեւան-Թեհրան-Երեւան չվերթերի վրա, որոնք մինչ այս պահը նրա առաջնահերթությունն են: Ընթացքում եղել են նաեւ թռիչքներ այլ ուղղություններով, սակայն գլխավորը Թեհրանի հետ օդային կապն է:

Դավուդյանի օրոք հայկական փոխադրողն այս գծի վրա 2019-2021 թթ. շահագործում էր «Bae 146-300» տիպի ինքնաթիռ (նախկին հայկական գրանցումը՝ EK-14601): 2021-ին էլ մեր երկրում գրանցվեց օպերատորի երկրորդ օդանավը՝ «Boeing 737-300» (EK-73730), որը շահագործվում է մինչ օրս եւ կրում է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գրիգոր Ղազարյանի անունը:

Մի որոշ ժամանակ «Արմենիա Էյրվեյզը» վարձակալել էր նաեւ «Շիրակ Ավիայի» «Boeing 737-500» տիպի ինքնաթիռը (EK-SHA), որը հետո անցավ «Շիրակ Ավիայի» սեփական թռիչքների իրականացմանը:

2022 թ. տարեվերջին «Արմենիա Էյրվեյզի» ավիապարկը համալրել է երկրորդ «Boeing 737-300»-ը (EK-73740):

Սակայն հարկ է նշել, որ մինչ այս Առլեն Դավուդյանն արդեն լքել էր «Արմենիա Էյրվեյզի» տնօրենի պաշտոնը: Դա տեղի է ունեցել 2021 թ. դեկտեմբերին, երբ ավիափոխադրողի նոր տնօրեն է նշանակվել երեւանցի Պարույր Վարդանյանը: Վերջինս Դավուդյանի նման ներգրավված է տուրիստական գործակալությունների բիզնեսում (Վարդանյանի անունն, ըստ պետռեգիստրի, առնչվում է այդ ոլորտի մի շարք ընկերությունների):

Եթե Մովսեսյանների օրոք «Արմենիա Էյրվեյզի» հասցեն տնօրեն Կարեն Մովսիսյանի հաշվառման վայրն էր Երեւանի Ազատության պողոտայում, Դավուդյանի ղեկավարման տարիներին այն տեղափոխվեց Երեւանի Նալբանդյան 15ա (անհատական բնակելի տուն է), որտեղ գրանցված է նաեւ Դավուդյանի «Տաթեւ ՏՏՏ» գործակալությունը (փաստացի գործում է Նալբանդյան 19-ում): 2023 թ. հունվարին «Արմենիա Էյրվեյզը» տեղափոխվել է Չարենցի 17՝ իրանական կապիտալով «Մելլաթ բանկի» հարեւանությամբ (բանկը գտնվում է Չարենցի 19 հասցեում):

Վերադառնանք «Արմենիա Էյրվեյզի» իրական սեփականատերերի հայտարարագրին, որում, ինչպես ասվեց, մարտի 29-ի դրությամբ նշված է երկու անուն՝ ՀՀ քաղաքացի, ծագումով իրանցի Հորմոզ Գոլազիզի Դարբեռուդի (51 %) եւ Ուզբեկստանի քաղաքացի Զերա Աբլյալիմովա (49 %), որոնք «Արմենիա Էյրվեյզի» սեփականատեր են անուղղակի եղանակով (մանրամասները տես այստեղ):

Բանն այն է, որ ավիաընկերության անմիջական սեփականատեր է գրանցված «Եվրո Էքսփրես» ՍՊԸ-ն, որը Զ. Աբլյալիմովայի կողմից հիմնադրվել է 2020 թ. դեկտեմբերին Երեւանի Նալբանդյան 15ա հասցեում («Տաթեւ ՏՏՏ»-ի եւ «Արմենիա Էյրվեյզի» հասցեում): Հիշեցնենք, որ այդ ժամանակ «Արմենիա Էյրվեյզի» տնօրենը դեռ Առլեն Դավուդյանն էր:

Տպավորություն է, որ «Եվրո Էքսփրեսը» հիմնադրվել է կոնկրետ նպատակով: Այսինքն՝ քանի որ օրենքը պահանջում է, որ ՕՇՎ ունեցող ցանկացած ընկերության, այդ թվում՝ «Արմենիա Էյրվեյզի» առնվազն 51 տոկոսի անմիջական սեփականատերը լինի ՀՀ քաղաքացի կամ ՀՀ-ում գրանցված ընկերություն, ապա երեւանյան «Եվրո Էքսփրեսը» միանգամայն բավարարում է այդ պահանջը: 2020 թ. դեկտեմբերին հիմնված այս ՍՊԸ-ն, ըստ ՊԵԿ-ի, ներկայում գործող կազմակերպություն է, գործունեության տեսակն էլ օդային տրանսպորտով միջազգային բեռնափոխադրումներն են: Սակայն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի («1000 դրամների») տվյալները ցույց են տալիս, որ «Եվրո Էքսփրեսը» հիմնադրամին պարտադիր վճարումներ է կատարել միայն 2022 թ. սեպտեմբեր, նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսներին, ամսական՝ 3000 դրամ: Սա նշանակում է, որ ՍՊԸ-ն ունի 1 կամ 2 աշխատող: Դրանցից մեկը, եթե ոչ միակը, բնականաբար, տնօրենն է: Իսկ «Եվրո Էքսփրեսի» տնօրենը հիմնադրումից մինչեւ այս տարվա փետրվար եղել է նույն Զերա Աբլյալիմովան, որին փոխարինել է երեւանցի Հռիփսիմե Ավետիսյանը:   

2022-ի նոյեմբերից մինչեւ 2023-ի հունվար «Եվրո Էքսփրես» ՍՊԸ-ում Ուզբեկստանի քաղաքացի Աբլյալիմովայի գործընկերը եղել է ՀՀ քաղաքացի, երեւանցի Խաչատուր Մարդոյանը, որն ընկերության 51 տոկոսի սեփականատերն էր:

Չնայած «Ավիացիայի մասին» օրենքը բառացի չի պահանջում, որ ՕՇՎ ունեցող ավիաընկերության (այս դեպքում՝ «Արմենիա Էյրվեյզի») սեփականատեր հանդիսացող իրավաբանական անձը (այս դեպքում՝ «Եվրո Էքսփրեսը») եւս առնվազն 51 տոկոսով պատկանի ՀՀ քաղաքացու, այդուհանդերձ, տրամաբանությունը հուշում է, որ օրենքը նկատի ունի հետեւյալը՝ ՕՇՎ ունեցող (ստացող) ավիաընկերության առնվազն 51 տոկոսը ուղղակիորեն կամ անուղղակիորեն (միջնորդավորված, ինչպես որ «Արմենիա Էյրվեյզի» դեպքում է) պետք է պատկանի ՀՀ քաղաքացու: Ըստ էության, հենց սրանից ելնելով էլ «Եվրո Էքսփրեսում» ներգրավվել է Խ. Մարդոյանը, որի անունը ՀՀ-ում գրանցված այլ ընկերություններում չենք հանդիպում:    

Մարդոյանը, սակայն, երկար չի մնացել «Եվրո Էքսփրեսում»: 2023 թ. փետրվարին նրա անունով գրանցված 51 տոկոս բաժնեմասն անցել է ՀՀ քաղաքացի, ծագումով իրանցի Հորմոզ Գոլազիզիին («Եվրո Էքսփրեսի» իրական սեփականատերերի հայտարարագիրը՝ այստեղ):

«Արմենիա Էյրվեյզի» իրական սեփականատերերի հայտարարագրում նշված է, որ Զ. Աբլյալիմովան ավիաընկերության իրական սեփականատեր է դարձել 2020 թ. դեկտեմբերին, իսկ Հ. Գոլազիզին՝ 2023 թ. փետրվարին, այսինքն՝ այն ժամանակ, երբ նրանք փայատեր են դարձել «Եվրո Էքսփրեսում»: Եթե Գոլազիզիի մասով սա կարելի է տրամաբանական համարել, քանի որ 2023-ի փետրվարի դրությամբ «Եվրո Էքսփրեսն», ըստ ամենայնի, արդեն «Արմենիա Էյրվեյզի» անմիջական տերն էր, ապա Աբլյալիմովայի մասով կարող ենք ասել, որ սխալ կա, քանի որ նա չէր կարող դառնալ «Արմենիա Էյրվեյզի» ոչ անմիջական սեփականատեր այն նույն օրը, երբ միջանկյալ ընկերությունը՝ «Եվրո Էքսփրեսը», նոր էր գրանցվում:   

Ինչեւէ, փաստն այն է, որ Աբլյալիմովան ու Գոլազիզին ներկայում գրանցված են որպես «Արմենիա Էյրվեյզի» իրական սեփականատերեր: Եթե առաջինի մասով դժվար է ասել, թե ինչ առնչություն ունի ավիացիայի հետ, ապա երկրորդի մասով հստակ է, որ աշխատում է մեկ այլ հայկական ընկերությունում՝ «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ում, որն առավել հայտնի է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով: Ըստ «LinkedIn» սոցկայքում Գոլազիզիի անձնական էջի՝ նա «Ֆլայ Արնայում» աշխատում է որպես փոխադրումների կարգավար (flight dispatcher):

39-ամյա Հ. Գոլազիզին ՀՀ քաղաքացի է, կնոջ հետ գրանցված է Երեւանի Վաղարշյան փողոցում:

Այդուհանդերձ, դժվար է հավատալ, որ ավիաընկերությունում ոչ բարձր պաշտոն զբաղեցնող անձը կարող է լինել մեկ այլ ավիափոխադրողի իրական սեփականատեր, այն էլ՝ 51 տոկոսի (ավիացիան բավականին թանկ ոլորտ է, ու այստեղ ներդրումներ կատարելը լուրջ ֆինանսական ռեսուրսներ է պահանջում): Տպավորություն է, որ «Արմենիա Էյրվեյզի» իրական սեփականատերերի հայտարարագրում ներկայացված Հորմոզ Գոլազիզի Դարբեռուդին եւ Զերա Աբլյալիմովան ամենեւին էլ իրական սեփականատեր չեն, այլ «Եվրո Էքսփրես» ՍՊԸ-ի նման հերթական կապող օղակ հայկական ավիաօպերատորի ու իրական, բայց հանրությանն անհայտ տերերի միջեւ: Այս պարագայում ընդունված է կիրառել «proxy» տերմինը, այսինքն՝ Գոլազիզին ու Աբլյալիմովան, ըստ էության, սեփականատերեր են միայն թղթի վրա: Իսկ «Արմենիա Էյրվեյզի» իրական շահառու (բենեֆիցիար) տերերը, թերեւս, իրանցիներ են (չի բացառվում, որ մի հոգի է), որոնք ինչ-ինչ պատճառներով (այստեղ չենք կարող չնշել Իրանի դեմ արեւմտյան պատժամիջոցների հավանական ազդեցությունը) չեն ցանկանում հանրայնացնել իրենց անձը:

Ինչ վերաբերում է «Արմենիա Էյրվեյզի» ներկա գործունեությանը, ապա ընկերությունը, ինչպես ասվեց վերեւում, իր ավիապարկում ունի 2 հատ «Boeing 737-300» (EK-73730 եւ EK-73740), որոնցից առաջինն այս պահի դրությամբ իր վերջին թռիչքը կատարել է մարտի 25-ին, իսկ երկրորդը շարունակում է թռչել եւ բացի սեփական՝ Երեւան-Թեհրան-Երեւան չվերթերից, իրականացնում է նաեւ հայկական մեկ այլ ընկերության՝ «Fly One Armenia»-ի թռիչքները ռուսական ուղղություններով («Fly One Armenia»-ն ունի չվերթերի մեծ ցանց, սակայն օդանավերի սակավության եւ տեխնիկական սպասարկման նպատակով շարքից ժամանակավոր դուրս գալու պատճառով պարբերաբար դիմում է այլ հայկական փոխադրողների օգնությանը): 

«Արմենիա Էյրվեյզի» ներկա գործադիր տնօրենը 2021 թ. դեկտեմբերից երեւանցի Պարույր Վարդանյանն է, իսկ 2022-ի դեկտեմբերին ավիաընկերության ֆինանսական տնօրեն է նշանակվել Զերա Աբլյալիմովան, որը բավականին մեծ լիազորություններ ունի: Ըստ ՓԲԸ-ի կանոնադրության՝ 400.000 դրամը (դրան համարժեք արտարժույթը) գերազանցող արժեքով մեկ կամ մի քանի փոխկապակցված գործարքներ կնքելիս գործադիր տնօրենը պետք է ֆինանսական տնօրենից ստանա գրավոր համաձայնություն կամ ունենա գրավոր հանձնարարություն: Գործադիր տնօրենը նաեւ պարտավոր է լիազորագիր տրամադրել ֆինանսական տնօրենի անունով, որպեսզի վերջինս ՓԲԸ-ի անունից բանկային գործարքներ կատարի, իսկ այդ գործարքները կնքելու եւ կատարելու որոշումները կայացնում է ֆինանսական տնօրենը սեփական հայեցողությամբ: Գործադիր տնօրենի կողմից այս պահանջները չկատարելու դեպքում բաժնետերերն իրավունք ունեն լուծել նրա աշխատանքային պայմանագիրն ու պահանջել հատուցել նրա մեղքով պատճառված բոլոր տեսակի վնասները: 

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի, jetphotos.com-ից, linkedin.com-ից, facebook.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter