HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ավիացիայի ոլորտի պետական ընկերություններին առնչվող քրեական վարույթները ձգվում են արդեն 3-4 տարի

Քաղավիացիայի կոմիտեին (ՔԱԿ) ենթակա 2 պետական ընկերություններին առնչվող քրեական վարույթները շարունակվում են, ընթանում է նախաքննություն: Խոսքը «Ավիաուսումնական կենտրոն» (ԱՈւԿ) ՓԲԸ-ի եւ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի մասին է:

Ինքնաթիռի վարձակալության գործը

2019 թ. ՀՀ հաշվեքննիչ պալատը ներկայացրել էր 2018-2019 թթ. ընթացքում ՔԱԿ-ում կատարած հաշվեքննության արդյունքները, որոնցում անդրադարձել էր նաեւ կոմիտեին ենթակա ԱՈւԿ-ին, որտեղ ստուգումներ էր իրականացրել:

ԱՈւԿ-ում կատարած ստուգումները հետաքրքիր դրվագ էին բացահայտել, որը հետագայում քրեական վարույթ նախաձեռնելու հիմք դարձավ: ՀՊ-ն պարզել էր, որ «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ն ուսանող օդաչուների ուսումնավարժանքային թռիչքների իրականացման համար «Մեյն Ավիէյշըն Տեքնիքս» ՍՊԸ-ից վարձակալել է «Diamond DA40-TDI» տիպի օդանավ, որը ՍՊԸ-ն Հայաստան էր ներմուծել 2013-ին:

Պալատը նշել էր, որ ինքնաթիռի մաքսային արժեքը, ներառյալ հարկերը, կազմել է 86,2 մլն դրամ, ինչը, ըստ էության, տվյալ օդանավի շուկայական արժեքն է: 2013-ից սկսած՝ ԱՈւԿ-ն այս օդանավի վարձակալության համար վճարել է 592 մլն դրամ վարձավճար, այսինքն՝ ինքնաթիռի արժեքի գրեթե յոթնապատիկի չափով:

Հատկանշական է այն, որ «Մեյն Ավիէյշըն Տեքնիքս» ՍՊԸ-ն փոխկապակցված էր 2004-2016 թթ. ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունը (ներկայում՝ քաղավիացիայի կոմիտե) ղեկավարած Արտյոմ Մովսեսյանին: Այսպես՝ ՍՊԸ-ի 1 %-ը պատկանել է դրա տնօրեն Կարեն Մովսիսյանին, որը Ա. Մովսեսյանի հորեղբոր որդին է, իսկ մնացած 99 %-ի տերը եղել է «Ավիաքլաբ» ՍՊԸ-ն, որի միակ սեփականատերն, ըստ փաստաթղթերի, եղել է Ա. Մովսեսյանի մայրը՝ Երանուհի Մովսեսյանը:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն, ուսումնասիրելով Հաշվեքննիչ պալատից ստացված հաշվեքննության արդյունքները, փաստաթղթեր էր պահանջել ՔԱԿ-ից, ՊԵԿ-ից, Ոստիկանությունից, «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ից, տեղեկություններ ձեռք բերել ԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի էլեկտրոնային համակարգից: Ի վերջո, 2019 թ. հուլիսի 17-ին ԳԴ-ն քրեական գործ (ներկայում՝ քրեական վարույթ) է հարուցել:

Ըստ այդմ՝ պարզվել էր, որ ԱՈւԿ-ի եւ «Մեյն Ավիէյշըն Տեքնիքսի» միջեւ 2013-2018 թթ. կնքված պայմանագրերով «Diamond DA 40-TDI» ինքնաթիռի վարձակալության համար Ա. Մովսեսյանին փոխկապակցված ՍՊԸ-ին վճարվել է ընդհանուր 592 մլն դրամ (2434 ժամ 50 րոպե թռիչքային ժամերի համար):

Դատախազության տեղեկացմամբ՝ 2013 թ. «Մեյն Ավիէյշըն Տեքնիքսի» հետ օդանավի վարձակալության պայմանագիր կնքելուց հետո ԱՈւԿ-ը 2015-ին նոր գնում չի իրականացրել, փոխարենը առանց հիմնավորման շարունակել է 2013-ի պայմանագրի գործողությունը: Իսկ ահա Արտյոմ Մովսեսյանի ղեկավարած ՔԱԳՎ-ն պայմանագրում նախատեսվածից առանց հիմնավորման 16 մլն դրամ ավել գումար է հատկացրել ԱՈւԿ-ին, որ նա էլ փոխանցի ՍՊԸ-ին (սա արվել է ԱՈւԿ-ում պետպատվերով սովորող ուսանողների թռիչքային պրակտիկայի ծախսերը փակելու համար): 2016-ին եւս մի պայմանագիր է կնքվել «Մեյն Ավիէյշըն Տեքնիքսի» հետ, որը մրցույթի միակ մասնակիցն էր, սակայն, ըստ Դատախազության, պայմանագիր չպետք է կնքվեր, քանի որ ընկերությունը չի բավարարել մրցույթի պահանջները: Դատախազությունը հայտնել է նաեւ, որ ՍՊԸ-ն, բացի տնօրեն Կարեն Մովսիսյանից, չի ունեցել այլ աշխատող:

Քրգործը հարուցվել էր այն ժամանակ գործող Քրեական օրենսգրքի 214-րդ (առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) եւ 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածներով: Նախաքննության կատարումը հանձնարարվել էր ՀՀ քննչական կոմիտեին:

Ինչպես տեղեկացել ենք Գլխավոր դատախազությունից, ներկայում նախաքննությունն իրականացվում է նախկին ՔՕ 214-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Սրանցից առաջինը սահմանում է. «Առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ եւ իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու կամ առավելություններ ձեռք բերելու կամ այլ անձանց վնաս պատճառելու նպատակով օգտագործելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով (300.000-500.000 դրամ), կամ կալանքով՝ 2-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով»:

Քրեական վարույթի հիմքում դրված երկրորդ դրույթն էլ սահմանում է. «Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը (այդ թվում՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով եւ/կամ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ 5-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:

Գլխավոր դատախազությունը մեզ տեղեկացրել է, որ նախաքննության շրջանակներում նշանակվել է համապատասխան փորձաքննություն, որի եզրակացությունը դեռ չի ստացվել: Բացի դրանից, ըստ դատախազության, ներկա պահին չկան մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք:

«Հայաէրոնավիգացիայի» գործը

ՔԱԿ-ին ենթակա «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ին առնչվող քրեական վարույթի հիմքում էլ ՀՀ պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) կողմից այս ընկերությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքներն են: 2020 թ. մայիսին ՊՎԾ-ն հայտարարեց, որ ուսումնասիրել է «Հայաէրոնավիգացիայի» գործունեությունը 2013-2020 թթ. կտրվածքով:

Ուսումնասիրության արդյունքում հաշվարկվել էր պետությանը պատճառված շուրջ 613 մլն դրամի վնաս եւ (կամ) հնարավոր լրացուցիչ եկամուտների կորուստ: Ըստ ՊՎԾ-ի՝ այդ վնասը կուտակվել էր այսպես.

  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ պահուստային հիմնադրամին առնչվող իմպերատիվ դրույթները ՓԲԸ-ի գործադիր մարմնի կողմից խախտելու հետեւանքով ընկերությունը չի ունեցել առնվազն 257,8 մլն դրամի հնարավոր լրացուցիչ եկամուտներ,
  • Հայկական ավիաընկերություններից մեկը (տվյալ ժամանակաշրջանում պետական պաշտոն զբաղեցրած անձի հետ փոխկապակցված) 2014 թ. ընթացքում ՓԲԸ-ի նկատմամբ կուտակել է շուրջ 181 մլն դրամի դեբիտորական պարտքեր, այնուհետեւ, դատարանի վճռով ավիաընկերությունը սնանկ է ճանաչվել, իսկ ՓԲԸ-ի գործադիր մարմինը, չիրականացնելով իրեն վերապահված իրավունքները, քայլեր չի ձեռնարկել այդ ուղղությամբ,
  • ՓԲԸ-ն, չպահպանելով աշխատանքային օրենսդրությունը եւ ներքին իրավական ակտերը, ունեցել է սահմանված հաստիքներից ավելի աշխատողներ, եւ նրանց վճարվել է առնվազն 109 մլն դրամ,
  • ՀՀ քաղավիացիայի կոմիտեի որոշ աշխատակիցներ միաժամանակ գրանցված են եղել նաեւ ՓԲԸ-ում եւ ստացել են շուրջ 55 մլն դրամի չափով աշխատավարձ,
  • ՓԲԸ-ի որոշ աշխատակիցների արտասահմանյան գործուղումների հատուցման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափից ավել է հաշվարկվել եւ վճարվել շուրջ 3,1 մլն դրամ,
  • ՓԲԸ-ի կողմից հաշվարկվել եւ վճարվել է շուրջ 7,4 մլն դրամի չափով պարգեւատրում այն աշխատակիցների համար, ովքեր այդ ժամանակահատվածում գտնվել են երկարաժամկետ ուսումնական գործուղման մեջ,
  • աուդիտորական ծառայությունների, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցի ձեռքբերման համար նախատեսված գնման ընթացակարգերում խախտվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները:

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքը ՊՎԾ-ն ուղարկել էր Գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու նպատակով: Եվ ահա 2020 թ. մայիսի 26-ին ԳԴ-ն քրեական գործ էր հարուցել այն ժամանակ գործող Քրեական օրենսգրքի 179-րդ (յուրացնելը կամ վատնելը) եւ 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածներով: Նախաքննության կատարումը հանձնարարվել էր ՀՀ քննչական կոմիտեին:

2020-ին «Հետքն» անդրադարձել էր ՊՎԾ-ի կողմից «Հայաէրոնավիգացիայում» արձանագրված վերոնշյալ երկրորդ կետին, որը վերաբերում է սնանկացած «Էյր Արմենիա» ավիաընկերության կուտակած պարտքին. վերջինս փոխկապակցված էր նախկին նախարար ու պատգամավոր Դավիթ Հարությունյանին: Նշել էինք, որ ավիաընկերության ունեցած 181 մլն դրամ պարտքի դրվագը չի հայտնվել քրեական գործում, քանի որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն ընդգրկվել էր սնանկացած ավիափոխադրողի պարտատերերի ցուցակում (ՊՎԾ-ն նշել էր, որ ՓԲԸ-ի գործադիր մարմինը քայլեր չի ձեռնարկել պարտքը ստանալու ուղղությամբ):

Գլխավոր դատախազությունից տեղեկացել ենք, որ ներկայում նախաքննությունն իրականացվում է նախկին Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, ինչպես նաեւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

179-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը, որը կատարվել է 1) պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 3) խոշոր չափերով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 500-1000-պատիկի չափով (500 հազ.-1 մլն դրամ), կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա»:

179-րդ հոդվածի 3-րդ մասում էլ նշվում է. «Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է 1) առանձնապես խոշոր չափերով, 2) կազմակերպված խմբի կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ 5-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:

Իսկ ահա 308-րդ հոդվածի 2-րդ մասում կարդում ենք. «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով»:

Գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ քրեական վարույթի շրջանակներում համապատասխան հանձնարարականներ են տրվել քննիչին: Միաժամանակ տեղեկանում ենք, որ մեղադրյալի կարգավիճակ ունեցողներ ներկա պահին չկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter