HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Էյր Արմենիայի» միլիոնանոց պարտքի դրվագը չի ներառվել «Հայաէրոնավիգացիայի» ղեկավարության վերաբերյալ հարուցված քրգործում

Մայիսի 19-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հայտնել էր քաղավիացիայի կոմիտեին ենթակա «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում հայտնաբերված ենթադրյալ խախտումների մասին: ՊՎԾ-ն ուսումնասիրել էր այս ընկերության 2013-2020 թթ. գործունեությունը եւ հաշվարկվել պետությանը պատճառված շուրջ 613 մլն դրամի վնաս եւ (կամ) հնարավոր լրացուցիչ եկամուտների կորուստ: Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքը ՊՎԾ-ն ուղարկվել էր դատախազություն՝  իրավական գնահատական տալու նպատակով:

Արդեն մայիսի 26-ին ՊՎԾ-ն տեղեկացրել էր, որ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել իր ուսումնասիրության հիման վրա: Նախաքննությունը հանձնարարվել է քննչական կոմիտեին: 

ՊՎԾ-ն ակնարկել է նախկին նախարար, պատգամավոր Դավիթ Հարությունյանի մասին

Վերահսկողական ծառայության հայտնաբերած ենթադրյալ խախտումներից մեկը վերաբերում է հայկական ավիաընկերություններից մեկին: ՊՎԾ-ն նշել էր, որ այդ ավիափոխադրողը (տվյալ ժամանակաշրջանում պետական պաշտոն զբաղեցրած անձի հետ փոխկապակցված) 2014 թ. ընթացքում «Հայաէրոնավիգացիայի» նկատմամբ կուտակել է շուրջ 181 մլն դրամի դեբիտորական պարտքեր, այնուհետեւ դատարանի վճռով սնանկ է ճանաչվել, իսկ «Հայաէրոնավիգացիայի» գործադիր մարմինը, չիրականացնելով իրեն վերապահված իրավունքները, քայլեր չի ձեռնարկել այդ ուղղությամբ: 

Իրավապահ համակարգում «Հետքի» աղբյուրը հաստատել է մեր տեղեկությունը, որ խոսքը «Էյր Արմենիա» ավիաընկերության մասին է, որն սկսեց ուղեւորափոխադրումներ կատարել 2013-ի աշնանը՝ այն բանից հետո, երբ նույն տարվա գարնանը հայկական շուկայից հեռացավ «Արմավիան»: 

Առանձնապես դժվար չէր հասկանալ, որ խոսքը հենց «Էյր Արմենիայի» մասին է, ինչի մասին հուշում են նաեւ փաստերը. 2014-ին հայկական ավիացիոն շուկայում հիմնական դերակատարը հենց «Էյր Արմենիան» էր, որը սնանկ ճանաչվեց 2015-ին: Մյուս կողմից՝ նորություն չէ, որ այս ընկերությունն առնչություն է ունեցել ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի հետ, ով 1998-2007 թթ. արդարադատության նախարարն էր, 2007-2014 թթ. եղել է ԱԺ պատգամավոր, 2014-2017 թթ.՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, 2017-2018 թթ.՝ կրկին արդարադատության նախարար: 

Հարությունյանի կապն «Էյր Արմենիայի» հետ նրա կրտսեր եղբայրն է՝ Վահան Հարությունյանը, ով եղել է ավիաընկերության 50 տոկոսի բաժնետեր: Մնացած 50 տոկոսը պատկանել է Ռուզաննա Թովմասյանին, ով ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանի մայրն է: Հենց Ավետիսյանն է եղել «Էյր Արմենիայի» երկրորդ փաստացի բաժնետերը: Նկատենք, որ Ավետիսյանն ու Վ. Հարությունյանը նախկինում աշխատել են «Հայկական ավիաուղիներում», առաջինը դրա գործադիր տնօրենն էր, երկրորդը՝ կոմերցիոն: «ՀԱՈւ»-ի սնանկացումից հետո (2004 թ.) վերջինիս գույքի մի մասը ձեռք էր բերել հենց Ավետիսյանի ու Հարությունյանի «Էյր Արմենիան» (հիմնադրվել է 2003-ին): 

Քրեական գործում «Էյր Արմենիայի» դրվագը չկա

Քննչական կոմիտեին, այդուհանդերձ, հարցրել էինք ՊՎԾ-ի հիշատակած եւ ավիափոխադրողին փոխկապակցված ու պաշտոնյա եղած անձի մասին՝ հետաքրքրվելով, թե արդյոք խոսքն իսկապես Դավիթ Հարությունյանի մասին է: Կոմիտեն հայտնել է, որ ՊՎԾ-ի ուսումնասիրության վերաբերյալ կազմված տեղեկանքում որեւէ ավիաընկերության՝ պետական պաշտոն զբաղեցրած անձի հետ փոխկապակցված լինելու հանգամանքի վերաբերյալ որեւէ տեղեկություն առկա չէ: Այսինքն՝ տեղեկանքում նշում չի եղել «Էյր Արմենիա»-Դավիթ Հարությունյան կապի մասին, ինչի մասին, սակայն, իր հաղորդագրության մեջ ակնարկել է ՊՎԾ-ն: 

Ավելին՝ «Հետքը» պարզել է, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի հանդեպ «Էյր Արմենիայի» ունեցած մոտ 181 մլն դրամի դրվագը չի ներառվել քրգործում, քանի որ, ի հակադրություն ՊՎԾ-ի հայտարարության, «Հայաէրոնավիգացիան» ընդգրկված է սնանկացած «Էյր Արմենիայի» պարտատերերի ցուցակում, այլ կերպ ասած՝ գոնե այստեղ ՓԲԸ-ի ղեկավարությունը չի թերացել: Ավիաընկերության պարտատերերի պահանջների նախնական ցուցակից, որը հրապարակվել է դեռ 2015-ի տարեվերջին, տեղեկանում ենք, որ «Հայաէրոնավիգացիան» ոչ թե 181 մլն դրամի, այլ մոտ 410 հազ. եվրոյին համարժեք դրամի պահանջ է ներկայացրել, ինչն այսօրվա փոխարժեքով հավասար է 225 մլն դրամի (իսկ 2015-ի տարեվերջին այն հավասար էր 215 մլն դրամի):  

Ինչպես սնանկացավ «Էյր Արմենիան»

Թռուցիկ հայացք գցելով անցյալին՝ հիշեցնենք, որ 2013-2014 թթ. «Էյր Արմենիան» թռչում էր դեպի Ռուսաստան եւ Եվրոպա: Սակայն 2014-ի աշնանը պարտքերի պատճառով խնդիրներ ծագեցին ռուսական ավիացիոն իշխանությունների հետ, դրանց պատճառով խուճապ առաջացավ ընկերության ուղեւորների շրջանում, շատերը վերադարձրեցին գնված տոմսերը, «Էյր Արմենիայից» օգտվողների մեծ մասը հրաժարվեց նրա ծառայություններից: Ընկերությունը վերադարձրեց վարձակալած 3 ինքնաթիռներն, ու թռիչքները դադարեցվեցին: 

Դրանից հետո «Էյր Արմենիան» որոշեց ներքին փոփոխություններ կատարել: 2014-ի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ նոր բաժնետեր է հայտնվել՝ ուկրաինական ծագում ունեցող, սակայն օֆշորային Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված «East Prospect Fund»-ը, որը պաշտոնապես «Էյր Արմենիայի» 49 տոկոսի բաժնետեր դարձավ միայն 2015-ի օգոստոսին՝ կատարելով 68,6 մլն դոլարի ներդրում, մնացած 51 տոկոսը գրանցվեց Արսեն Ավետիսյանի անունով: Այդուհանդերձ, սա ավիափոխադրողին չօգնեց զերծ մնալ հետագա խնդիրներից, որոնք հանգուցալուծվեցին 2015-ի նոյեմբերին, երբ դատարանը «HSBC» բանկի պահանջով սնանկ ճանաչեց ավիաընկերությանը: 

Ու չնայած հետագայում դատարանը հաստատեց «East Prospect Fund»-ի կողմից ներկայացված առողջացման ծրագիրը, դրա իրականացումը նոր խնդիրների պատճառով տապալվեց, եւ «Էյր Արմենիան» առողջանալու փոխարեն մտավ լուծարման գործընթացի մեջ: Մինչ օրս օպերատորի գույքը վաճառվում է՝ հնարավորինս բավարարելու պարտատերերի պահանջները:   

Ինչ հոդվածներով է հարուցվել քրեական գործը

ՊՎԾ-ի հայտնաբերած ենթադրյալ խախտումների առանցքում «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի գործադիր մարմինն է: 2013-ից ի վեր ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը Արթուր Գասպարյանն է, ով ոլորտի հնաբնակներից է, 1984-ից աշխատում է աերոնավիգացիոն ոլորտում: 

Իսկ քրեական գործը հարուցվել է հետեւյալ հատկանիշներով. 

Հոդված 179. Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով, որը կատարվել է՝

-մաս 2, կետ 1. պաշտոնեական դիրքն օգտագործելով, 
-մաս 2, կետ 3. խոշոր չափերով 
պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից 1000-ապատիկի չափով (500.000-1.000.000 դրամ), կամ ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա   
-մաս 3, կետ 1. առանձնապես խոշոր չափերով
պատժվում է ազատազրկմամբ՝ 5-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Հոդված 308. Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որը՝

-մաս 2. անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ
պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:    

Քննչական կոմիտեից նաեւ տեղեկացել ենք, որ նախաքննությունը վարում է կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունը: 

Առաջին լուսանկարում՝ «Հայաէրոնավիգացիայի» կարգավարական աշտարակը՝ «Զվարթնոց» օդանավակայանում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter