HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Armenia Airways»-ը նոր օդանավ է ձեռք բերել. այն նախկինում ծառայել է արքայազն Չարլզին

Հայկական «Armenia Airways» ավիաընկերությունը, որը ներկայում Երեւանից թռիչքներ է կատարում դեպի Թեհրան, Մոսկվա («Վնուկովո») եւ Կազան, ըստ ավիացիոն տեղեկատուների, ձեռք է բերել երկրորդ օդանավը:

Մինչ այս հայկական օպերատորը շահագործում էր մեկ հատ «Boeing 737-300», որը Հայաստանում գրանցվել է 2021-ի հոկտեմբերից (ՀՀ գրանցումը՝ EK-73730): Այս օդանավը կրում է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գրիգոր Ղազարյանի անունը:

EK-73730-ն արտադրվել է 1995-ին, նախկինում շահագործվել է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Ռուսաստանում եւ Բելառուսում։

«Արմենիայից» առաջ վերջին օպերատորը բելառուսական «Բելավիան» էր, որն այս բորտը շահագործել է 2012-2020 թթ․։ Փաստորեն, այս պահին «Armenia Airways»-ը իր բոլոր թռիչքները կատարում է այս միակ օդանավով:

Հիշեցնենք, որ մինչ դրա ձեռքբերումը հայկական օպերատորը շահագործում էր «Bae 146-300» տիպի ինքնաթիռ (նախկին հայկական գրանցումը՝ EK-14601), որը 2019-2021 թթ. Երեւան-Թեհրան-Երեւան ուղեւորափոխադրումներ էր կատարում:

Հիմա այդ օդանավից մնացել է միայն պլաները՝ կմախքը, որը գտնվում է «Զվարթնոցում»: 2022-ի ամռանը ինքնաթիռը դուրս է գրվել օդանավերի հայկական ռեգիստրից:

Հավելենք, որ եթե EK-14601-ը նախատեսված էր 112 ուղեւորի համար, ապա EK-73730-ը տեղավորում է 148 ուղեւոր:

Հատկանշական է, որ մինչ օրս «Armenia Airways»-ի շարժակազմում գրանցված 4 օդանավերից 3-ը մինչ Հայաստան բերվելը շահագործվել են Ռումինիայում: Խոսքը, մասնավորապես, վերոնշյալ «Bae 146-300»-ի (EK-14601) մասին է, որը մինչ այդ շահագործվել էր ռումինական «Aviro Air»-ում: Մյուս կողմից՝ Ռումինիայի ազգային ավիափոխադրող «TAROM»-ից էին ձեռք բերվել «Armenia Airways»-ի առաջին երկու օդանավերը՝ «Airbus A310»-երը, որոնք Հայաստան բերվեցին 2018-ի հունիսին, գրանցվեցին որպես EK-31001 եւ EK-31002, բայց մեր երկրում այդպես էլ չշահագործվեցին, փոխարենը օտարվեցին իրանական ավիաընկերությունների:

Եվ հիմա, ըստ ավիացիոն տեղեկատուների, «Armenia Airways»-ը «Boeing 737-300» տիպի ինքնաթիռ է ձեռք բերում ռումինական մեկ այլ փոխադրողից՝ «Air Bucharest»-ից: Խոսքը Ռումինիայում որպես YR-TIB գրանցված բորտի մասին է, որն արտադրվել է 1995-ին, նախկինում շահագործվել է Դանիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Ավստրիայում, Ռումինիայում:

Շվեյցարական «PrivatAir» ավիաընկերությունն այս «Boeing 737-300»-ը օգտագործել է որպես VIP բորտ, ընդ որում՝ այդ ընթացքում այն ծառայել է նաեւ Միացյալ Թագավորության արքայազն (այն ժամանակ) Չարլզին: Ըստ atdb.aero տեղեկատուի՝ ինքնաթիռը VIP բորտ էր մինչեւ 2010 թ., երբ ձեռք է բերվել «Air Bucharest»-ի կողմից:

«Air Bucharest»-ը չարտերային ավիաընկերություն է, որը հիմնադրվել է 2010-ին: Ավիափոխադրողի ստեղծման նպատակը եղել է դրա սեփականատերերին պատկանող տուրիստական գործակալության կազմակերպած տուրիստական երթուղիները սպասարկելը: Իսկ այս ընկերությունների հիմնադիրները Հասան եւ Օանա Յափիջիներն են (Hasan Yapici, Oana Yapici), որոնք ամուսիններ են եւ, ըստ ամենայնի, ազգությամբ թուրք են:

Ըստ տեղեկատուների եւ «Air Bucharest»-ի կայքի՝ «Armenia Airways»-ի ձեռք բերած այս նոր օդանավի տարողությունը, ինչպես EK-73730-ինը, 148 ուղեւոր է:

Radarbox.com-ից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 5-ին ինքնաթիռը Բուխարեստից ժամանել է Երեւան: 

Այդուհանդերձ, հայկական փոխադրողի նոր ինքնաթիռը դեռ չի գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում, որի վերջին թարմացումն արվել է նոյեմբերի 9-ին: Նոր օդանավի մասին ինֆորմացիա չկա նաեւ ավիաընկերության պաշտոնական կայքում ու ֆեյսբուքյան էջում: 

Առաջին լուսանկարում՝ YR-TIB-ը՝ Անթալիայում, 20.08.2022, հեղ.՝ Էմրե Տանրիվերմիս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter