HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ որոշումներ է ընդունել Թրամփն իր նախագահության առաջին օրը

Երեկ Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը։ 

Երդմնակալության արարողությունից ընդամենը ժամեր անց մի շարք հրամանագրերով Թրամփը չեղարկեց նախկին նախագահ Ջո Բայդենի ընդունած տասնյակ որոշումներ, սկսեց միգրացիայի դեմ պայքարը, դուրս բերեց ԱՄՆ-ը Փարիզի կլիմայական համաձայնագրից, ժամանակավորապես չեղարկեց TikTok-ի արգելքը ԱՄՆ-ում և ներում շնորհեց իր աջակիցներին, որոնք 2021 թվականի հունվարի 6-ին հարձակվել էին ԱՄՆ Կապիտոլիումի վրա։

Ներկայացնում ենք Թրամփի առաջին գործողություններն ու ապագա ծրագրերը․

Ներումներ աջակիցներին

Թրամփը ներում է շնորհել հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակված իր աջակիցներին։

Ինչպես և նա բազմիցս խոստացել էր 2024 թվականի քարոզարշավի ժամանակ, Թրամփը ներում շնորհեց շուրջ 1500 աջակցի։ Դրանց թվում են և՛ արդեն դատապարտված անձինք, և՛ նրանք, ում դեմ կային հարուցված քրեական գործեր հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակման համար:

Թրամփը նաև հրամայել է դադարեցնել դաշնային քրեական գործերը, որոնք հարուցված էին Բայդենի վարչակազմի «քաղաքական հակառակորդների» դեմ։ Նա իր ելույթում նշել էր, որ վերջ կդնի դաշնային իրավապահ մարմինների օգտագործումը այլախոհների դեմ, սակայն իր այս հրամանագրերը ուղղված են միայն իր կողմնակիցներին օգնելուն:

Տնտեսություն և TikTok

Երկուշաբթի երեկոյան «Capital One Arena»-ում հեռարձակման ժամանակ Թրամփը ստորագրել է խորհրդանշական մի հուշագիր, որով նա հանձնարարել է բոլոր դաշնային կառույցներին պայքարել գնաճի դեմ:

Թրամփը նաև թեթևացրել է նավթի և բնական գազի արդյունահանման կարգավորումները, ինչը, ըստ նրա, կնվազեցնի սպառողական բոլոր ապրանքների արժեքը: Թրամփը հատուկ թիրախավորում է Ալյասկան, որտեղ նախատեսվում է ընդլայնել հանածո վառելիքի արտադրությունը:

Նոր մաքսատուրքեր սահմանելու իր խոստումների մասով Թրամփը նշել է, որ փետրվարի 1-ից 25% մաքսատուրքեր է սահմանելու Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների վրա։ Չինաստանից ներմուծման մաքսատուրքերի վերաբերյալ, սակայն, որևէ հստակ ծրագիր դեռ չկա:

Թրամփը նաև հրաման է ստորագրել, որը նախատեսում է 75 օրով չեղարկել Կոնգրեսի՝ TikTok-ն ԱՄՆ տարածքում արգելափակելու որոշումը։ Այս ժամանակահատվածում Թրամփը խոստացել է գտնել հարցի քաղաքական այնպիսի որոշում, որը կբխի և՛ ԱՄՆ ազգային անվտանգության շահերից, և՛ չի սահմանափակի TikTok-ի հասանելիությունն ամերիկացիների համար:

America First

Ստորագրած հրամանագրերից մեկով Թրամփը դուրս է բերում ԱՄՆ-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից: Նույնը նա արել էր իր նախորդ նախագահության ժամանակ։

Բացի այդ, նա հրամայել է վերանայել ԱՄՆ արտաքին օգնությանն ուղղված ծախսերը: 

Երկու քայլերն էլ նա բացատրել է «America First»` «առաջին հերթին Ամերիկան» մոտեցմամբ:

Միգրացիա և ազգային անվտանգություն

Թրամփը չեղարկել է Բայդենի նախագահության ժամանակ ընդունված մի քանի հրամաններ, որոնցով սահմանվում էին արտաքսման առաջնահերթություններ։ Ըստ նոր հրամանի՝ ԱՄՆ-ից առաջին հերթին կարտաքսվեն ոչ միայն ծանր հանցագործություններ կատարած և ազգային անվտանգությանը սպառնացող անձինք, այլ նաև բոլոր նրանք, որոնք ԱՄՆ-ում գտնվում են ապօրինի:

Մոտակա օրերը ուժային կառույցները նախատեսում են միգրանտների դեմ մեծ ռեյդեր Չիկագոյում և Նյու Յորքում։ Ըստ Թրամփի՝ ԱՄՆ-ից պետք է արտաքսվեն բոլոր ապօրինի միգրանտները։

Թրամփը մեկ այլ հրամանագրով արտակարգ դրություն է հայտարարել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին։ Սահմանի երկայնքով տեղակայվելու են զորքեր, արդեն սահմանափակվել և չեղարկվել է փախստականներին ապաստանի տրամադրումը:

Բացի այդ, Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ դադարեցնելով ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը։ Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ, թե արդյոք այս հրամանը ուժի մեջ կմտնի, քանի որ ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը ամրագրված է ԱՄՆ Սահմանադրությամբ, և այս որոշումը կարող է վիճարկվել դատարանում:

Թրամփը ժամանակավորապես կասեցրել է ԱՄՆ փախստականների ընդունման ծրագիրը (U.S. Refugee Admission Program)։ Այն պետք է անցնի գնահատում, որով պետք է սահմանվի՝ արդյոք ծրագիրը վտա՞նգ է ներկայացնում «հանրային և ազգային անվտանգության» տեսանկյունից:

Թրամփի հրամանով՝ չեղարկվել է նաև Բայդենի նախագահության օրոք գործարկված CBP One հավելվածը, որի միջոցով ԱՄՆ օրինական մուտք է ստացել մոտ 1 միլիոն մարդ:

Կլիմա և էներգետիկա

Ինչպես և սպասվում էր, Թրամփը նորից որոշում կայացրեց, որով ԱՄՆ-ը դուրս է գալու կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից:

Նա նույն քայլն արել էր իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում, բայց Բայդենի օրոք ԱՄՆ-ը նորից միացել էր համաձայնագրին:

Թրամփն իր երդմնակալության խոսքում խոստացել է հայտարարել արտակարգ դրություն ազգային էներգետիկայի ոլորտում և թեթևացնել բնապահպանական թույլտվություններ ու փորձաքննություններ ստանալու գործընթացները, որոնք, ըստ նրա, մեծ բեռ են դնում էներգիայի արտադրության և օգտագործման վրա։

Դաշնային բյուրոկրատիայի հիմնանորոգում

Թրամփը դադարեցրել է աշխատանքի ընդունումը դաշնային կառավարության մարմիններում՝ բացառությամբ զինվորականների և կառավարության որոշ հատվածների, որոնց անունը դեռ չի նշվում:

Թրամփը պաշտոնապես լիազորել է ստեղծել, այսպես կոչված, Կառավարության արդյունավետության վարչություն, որը ղեկավարելու է Իլոն Մասքը: Ըստ երևույթին, այն չի լինելու պաշտոնական դաշնային գործակալություն, բայց այս քայլով Թրամփը Մասկին օժտելու է լայն լիազորություններով, այդ թվում՝ պետական ​​ծրագրերն ու ծախսերը կրճատելու մասով:

Բազմազանություն, հավասարություն և ներառականություն 

Թրամփը չեղարկել է տրանսգենդեր անձանց պաշտպանության ծրագրերն ու դադարեցրել է բազմազանության, հավասարության և ներառման ծրագրերը դաշնային կառավարությունում:

Մի հրամանով հայտարարվում է, որ դաշնային կառավարությունը ճանաչելու է միայն երկու սեռ՝ արական և իգական: Եվ սա պետք է որոշվի՝ ելնելով այն բանից, թե մարդը ծնվել է ձվաբջիջներով թե սերմնահեղուկով, այլ ոչ թե քրոմոսոմներով: 

Միգրանտների և բռնաբարության զոհերի համար նախատեսված դաշնային բանտերն ու ապաստարանները կտարանջատվեն ըստ սեռի:

Դաշնային բյուջեով հնարավոր չի լինելու ֆինանսավորել տրանսգենդեր անձանց սեռափոխման պետական ծառայությունները։

Մեքսիկայի ծոցը՝ Ամերիկայի ծոց

Թրամփը նախատեսում է հրաման ստորագրել Մեքսիկական ծոցը վերանվանելու մասին՝ այն դարձնելով Ամերիկայի ծոց:

Իսկ Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր լեռը, որն այժմ հայտնի է որպես Դենալի լեռ, կանվանափոխվի ՄաքՔինլի լեռ։ Առաջին անգամ լեռն անվանափոխել էր Բարաք Օբաման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter