HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Մարտունի 3 զորամասի հրամանատարի պաշտպանների խոսքով՝ զոհվածների ծնողները սպառնալիքներ են հնչեցնում իրենց հասցեին

Մարտունի 3 զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանի պաշտպաններ Դավիթ Կարապետյանն ու Երեմ Սարգսյանը պնդում են՝ զոհվածների ծնողները սպառնալիքներ են հնչեցնում իրենց հասցեին։ Պաշտպանները դատարանից պահանջում են ապահովել իրենց անվտանգությունը։ Հունվարի 21-ին կայացած դատական նիստին նրանք չէին եկել։ Պաշտպանական կողմում միայն Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Արման Բայադյանն էր։

«Այս դատական նիտին ներկայանալ չենք կարող, խնդրում ենք հաջորդ դատական նիստի համար ապահովել արդար դատաքննությունն ապահովող միջոցներ, այդ թվում՝ անվտանգային»,- գրությամբ դատարանին էին դիմել պաշտպանները։

2020թ. հոկտեմբերի 11-ին Հադրութի Այգեստան գյուղի տարածքում հակառակորդի դիվերսիոն գործողությունների հետևանքով Մարտունի 3 զորամասի 3-րդ գումարտակի 7-րդ վաշտի 73 հոգանոց անձնակազմի բոլոր զինծառայողները զոհվել են։

Մեղադրյալի աթոռին երկու հրամանատար է՝ զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը և ՊԲ օպերատիվ բաժնի պետ Նվեր Մարտիրոսյանը։ Նրանք մեղադրվում են անփույթ վերաբերմունքի հետևանքով ծառայողական պարտականությունները չկատարելու մեջ, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Մեկ այլ գրությամբ պաշտպանները նշում են, որ հունվարի 8-ին դատական նիստի ավարտից հետո նիստերի դահլիճում տուժող կողմից սպառնալիքներ են հնչեցվել իրենց հասցեին՝ Գոռ Իշխանյանի պաշտպանությունն իրականացնելու հետ կապված։

«Պաշտպանության կողմը բազմիցս բարձրաձայնել է նման վարքագծի անթույլատրելիության և նման պայմաններում արդարացի դատաքննության անհնարինության մասին՝ խնդրելով նաև դատական նիստերի անցկացումն առանձին ապակեպատ դահլիճում։ Հետայսու ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած անձանց թույլ չտալ մասնակցել դատական նիստերին, հակառակը հանգեցնելու է դատական  նիստերին մեր մասնակցության անհնարինությանը, քանի որ պաշտպանի գործառույթը իրավական շահի պաշտպանությունն է, այլ ոչ թե լռելյայն դահլիճում ձևական ներկայություն ապահովելը»,- Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը նման գրությամբ դիմել է դատարանին հունվարի 8-ին կայացած հերթական նիստից հետո։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հետաքրքրվեց Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Արման Բայադյանից՝ ինչ նկատի ունեն պաշտպանները անվտանգային միջոցներ ասելով։

«Ենթադրում եմ, որ ապակեպատ դահլիճը դրանցից մեկն է, և կարգադրիչների համապատասխան օժանդակությամբ անվտանգային միջավայր ստեղծելը»,- պատասխանեց պաշտպանը։

Հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը հարցրեց՝ արդյոք դատարանին հայտնի է՝ ինչ միջադեպի մասին է խոսքը, ով է ներգրավված եղել, ինչ անվտանգային սպառնալիքների մասին է խոսքը, և նշեց, որ հանրային մեղադրողի համար առնվազն պարզ չեղավ, թե ինչն է հանդիսանում այն հիմքը, որից ելնելով պաշտպանական կողմը կարծում է, որ անվտանգությունը կասկածի տակ է դրվում։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ ինքը դատական նիստի ավարտից հետո դուրս է եկել դահլիճից, և դատական նիստից հետո որևէ տեղեկություն չունի՝ ինչ է կատարվել։ Միայն դուրս գալիս նկատել է, որ պաշտպան Դավիթ Կարապետյանը զրուցում էր ծնողների հետ։

-Ոչ մի բան չի կատարվել, ի՞նչ պիտի կատարվի,- տեղից ասացին ծնողները։

Պաշտպան Արման Բայադյանն էլ հայտնեց՝ ենթադրում է, որ միջադեպը տեղի է ունեցել զոհվածներից մեկի ծնողի և պաշտպանների միջև։ Պաշտպանը չկարողացավ հիշել զոհվածի ծնողի անունը, սակայն հիշեցրեց դատարանին, որ նախորդ նիստերից մեկում դատարանը սանկցիա է կիրառել և հեռացրել է նրան դահլիճից։

«Ինչ վերաբերում է կոնկրետ ինձ, սպառնալիքներ չեն հնչել, բայց ընդհանուր առմամբ մթնոլորտը, որն առկա է, դատարանն էլ իր խոսքով և դատական սանկցիա կիրառելով շատ ժամանակ սաստել է, կարծում եմ՝ հենց այդ մթնոլորտը, իրավական առումով, ճիշտ չի, սպառնալիքի մակարդակի չի հասնում, բայց ամեն դեպքում աշխատելը դժվարանում է»,- ասաց Նվեր Մարտիրոսյանի պաշտպանը։

Բայադյանն առաջարկեց՝ բացի նիստերն ապակեպատ դահլիճում անցկացնելուց, տևական ժամանակով սանկցիա կիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր կխոչընդոտեն նիստը կամ պաշտպանների նկատմամբ կանեն որևէ արտահայտություն։

Խոսքն ուղղելով ծնողներին՝ պաշտպանը նշեց, որ շատ է լինում նաև, որ միջանցքում և դրսում շփում են ունենում, բայց պաշտպանների նկատմամբ հարգանքը պետք է լինի. «Ոչ թե իրավունք ունեք հարգելու, այլ պետք է հարգեք, հակառակ պարագայում դուք եք տուժելու։ Ունեցեք իրավաբաններ ձեր կողքին, ովքեր ձեզ կբացատրեն դատական նիստի ընթացքը, պաշտապանություն իրականացենլու ձևերն ու մեթոդները»։

«էդ մարդը երեխա ա կորցրել, կարողա մի բան էլ ավել-պակաս ասի, դուք դա չե՞ք հասկանում»,- ասաց տուժող Խաժակ Պողոսյանը։

Մեկ այլ ծնող էլ խնդրեց պաշտպանին, որ չշփվեն իրենց հետ։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ արձանագրեց՝ միջոցներ պետք է ձեռնարկեն պաշտպանների անվտանգ աշխատանքն ապահովելու համար։

Հանարային մեղադրող Գրիգոր Մղդեսյանն ասաց՝ ակնհայտ է, որ պաշտպանները չեն ներկայանալու այս դատական նիստին, ուստի դատական նիստը պետք է հետաձգվի։

Հանրային մեղադրողը, հիմք ընդունելով պաշտպանների խնդրանքը, դատավորին խնդրեց հետագա նիստերն ապակեպատ դահլիճում անել, սակայն որոշ դեպքերում ծնողների մի մասին թույլատրել գտնվել դատական նիստերի դահլիճում։

Պաշտպան Արման Բայադյանն էլ առաջարկեց դատական սանկցիան ավելի տևական ժամանակով կիրառել։

Դատավորը հայտնեց, որ դատարանում մեկ ապակեպատ դահլիճ և 7 դատավոր կա, որոնք սպանության մեծ գործեր են քննում, և եթե ինքը որոշի ապակեպատ դահլիճում նիստերն անել, ամիսը 1 նիստ հազիվ կարողանան անել։

«Ապակեպատ դահլիճում դատական նիստ անելը այս պահին նպատակահարմար չեմ գտնում։ Դատական նիստի դահլիճում եթե տուժող կողմը կշարունակի վիճաբանել պաշտպանների հետ, ես արդեն իսկ կիրառել եմ և կկիրառեմ դատական սանկցիաներ։ Այս հարցը պետք է այնպես կարգավորել, որ մյուսները չտուժեն։ Դատական նիստերից դուրս թող կողմերը դիմեն իրավապահ մարմիններին։ Այսուհետ մեկը տեղից ձայն հանեց, սանկցիա եմ կիրառում»,- հայտնեց դատավորը՝ խնդրելով պաշտպանին դատական նիստի ավարտից հետո տուժող կողմի հետ շփում չունենալ։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 4-ին՝ ժամը 12-ին։

Կարդացեք նաև՝ 

Գլխավոր լուսանկարն՝ արխիվային, ձախից՝ Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Արման Բայադյանը, Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter