
Google-ը շարունակում է խոշոր ներդրումներ կատարել OpenAI-ի մրցակից Anthropic-ում
Google-ը ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլարի նոր ներդրում է կատարել ChatGPT-ն ստեղծած OpenAI-ի մրցակից Anthropic-ում։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նախկինում Google-ն ընկերությանը հատկացրել էր շուրջ 2 միլիարդ դոլար։
Anthropic-ը, որն առավել հայտնի է արհեստական բանականության Claude մոդելներով, գեներատիվ արհեստական բանականության ոլորտում առաջատար նորաստեղծ ընկերություններից է, մրցակցում է OpenAI-ի և Իլոն Մասկի xAI-ի հետ: 2021 թվականին ընկերությունը հիմնադրել են OpenAI-ի մի խումբ նախկին աշխատակիցներ: Claude-ը արհեստական բանականության մյուս մոդելներից առանձնանում է հայերենի գերազանց իմացությամբ։
Ավելի վաղ Financial Times-ը գրել էր, որ Anthropic-ը բանակցում է Սիլիկոնային հովտի մի շարք առաջատար ներդրողների, այդ թվում՝ Lightspeed Venture Partners-ի հետ։ Հնարավոր 2 միլիարդ դոլար լրացուցիչ ներդրումներից հետո ընկերությունը կգնահատվի 60 միլիարդ դոլար՝ եռապատկելով նախորդ տարվա ցուցանիշը։
Amazon-ն իր հերթին արդեն 8 միլիարդ դոլար է հատկացրել Anthropic-ին՝ դառնալով ընկերության ամենամեծ ներդրողներից մեկը։ Amazon-ը նախատեսում է օգտագործել Claude մոդելները հաջորդ սերնդի Alexa սարքերի զարգացման համար։
Ըստ Financial Times-ի աղբյուրի՝ Anthropic-ի եկամուտը դեկտեմբերին հասել է տարեկան 1 միլիարդ դոլարի՝ նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ տասն անգամ։ Սակայն, ինչպես փոխանցում է լրատվամիջոցը, ներդրողները չեն ակնկալում, որ Anthropic-ն ու իր մրցակիցները մոտ ապագայում շահույթ կունենան՝ հաշվի առնելով ԱԲ մոդելների մշակման ծախսատար լինելու հանգամանքը։
Կարդացե՛ք նաև․
Մեկնաբանել