
Թրամփը ցանկանում է նոր մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ խոշոր առևտրային գործընկերների նկատմամբ
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է փետրվարի 1-ից 10% մաքսատուրք սահմանել չինական արտադրության ապրանքների ներմուծման վրա։
Ըստ նրա` քննարկումները «հիմնված են այն փաստի վրա, որ նրանք ֆենտանիլ (ծանր թմրանյութ-խմբ.) են ուղարկում Մեքսիկա և Կանադա»:
Չինաստանը պատասխանել է, որ առևտրային պատերազմներում «հաղթողներ չկան»:
Չնայած ագրեսիվ հռետորաբանությանը՝ 10% մաքսատուրքը շատ ավելի քիչ է, քան Թրամփի նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացած 60%-ը:
Կարդացեք նաև՝
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը պատասխանել է Թրամփի սպառնալիքներին՝ խոստանալով պաշտպանել Չինաստանի ազգային շահերը։
«Մենք միշտ հավատացել ենք, որ առևտրային և սակագնային պատերազմներում հաղթողներ չկան», - ասել է նա:
Չինաստանի փոխվարչապետ Դին Սյուեքսյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում հանդես է եկել պրոտեկցիոնիզմի դեմ:
Առանց ԱՄՆ-ն հիշատակելու՝ նա շեշտել է, որ Չինաստանը փնտրում է երկկողմանի շահավետ, այսպես կոչված «win-win» լուծումներ և ցանկանում է ընդլայնել իր արտահանման ծավալները։
Ավելի վաղ պատասխանելով Թրամփի հայտարարություններին՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն խոստացել էր հակահարված տալ։
«Եթե (ԱՄՆ-խմբ.) նախագահը որոշի մտցնել նոր մաքսատուրքեր, Կանադան կպատասխանի, և ամեն ինչ սեղանի վրա է», - ասել է Թրյուդոն:
Կանադան իր հերթին կմտցնի նոր մաքսատուրքեր ԱՄՆ-ից եկող ապրանքների համար, ինչը ԱՄՆ-ին կարժենա միլիարդավոր դոլարներ:
Կանադան, Չինաստանը և Մեքսիկան ԱՄՆ-ի առաջատար առևտրային գործընկերներն են։
Բարձր մաքսատուրքերը Թրամփի տնտեսական ծրագրերի կարեւոր մասն են կազմում։ Թրամփը կարծում է, որ դրանք կարող են խթանել տնտեսական աճը, պաշտպանել ամերիկյան աշխատատեղերը և բարձրացնել հարկային եկամուտները:
Տնտեսագետները պնդում են, որ նման միջոցները կարող են հանգեցնել գնաճի և վնաս հասցնել ամերիկյան ընկերություններին:
Մեկնաբանել