HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Կրթության միջազգային օրն այս տարի նվիրում է արհեստական բանականությանը

Հունվարի 24-ն աշխարհում նշվում է որպես Կրթության միջազգային օր։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այս տարի որոշել է տոնը նվիրել արհեստական բանականության ընձեռած հնարավորություններին ու մարտահրավերներին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն անդամ պետություններին կոչ է անում տեխնոլոգիայի պատասխանատու կիրառման ուղղությամբ ներդրումներ կատարել ու կրթել թե՛ ուսուցիչներին, թե՛ աշակերտներին։

«Արհեստական բանականությունը կրթության ոլորտում կարող է մեծ հնարավորություններ ստեղծել, սակայն դրա օգտագործումը դպրոցներում պետք է ղեկավարվի հստակ էթիկական սկզբունքներով։ Այս տեխնոլոգիան իր ողջ ներուժը կարող է բացահայտել միայն այն դեպքում, երբ համալրի ուսուցման մարդկային և սոցիալական բաղադրիչները, այլ ոչ թե փոխարինի դրանք։ Արհեստական բանականությունը պետք է ծառայի ուսուցիչների և աշակերտների շահերին՝ նպատակ ունենալով ամրապնդել նրանց ինքնուրույնությունն ու բարեկեցությունը»,-  Ազուլեի խոսքերը մեջբերում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությունը:

Կրթության միջազգային օրվա շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոնֆերանսներ է ծրագրել Փարիզում և Նյու Յորքում՝ քննարկելու տեխնոլոգիայի դերը կրթության ոլորտում:

Կազմակերպության մամուլի հաղորդագրության համաձայն՝ բարձր եկամուտ ունեցող երկրներում միջնակարգ դպրոցի աշակերտների 2/3-ը դպրոցական առաջադրանքներ կատարելու համար արդեն օգտագործում է գեներատիվ ԱԲ գործիքներ։ Ուսուցիչներն էլ օգտագործում են տեխնոլոգիան՝ դասերը պատրաստելու և աշակերտների աշխատանքները գնահատելու համար։ Ընդունելության գործընթացները, որոնք ավանդաբար իրականացվում էին ուսուցիչների ու մասնագետների կողմից, ավելի ու ավելի հաճախ են հանձնվում ԱԲ-ին։

Այնուամենայնիվ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտարկմամբ՝ կրթության ոլորտի մասնագետները դեռևս չունեն հստակ ուղեցույցներ։ 2023 թ. մայիսին 450 հաստատություններում անցկացված հարցման համաձայն՝ դպրոցների և համալսարանների միայն 10%-ն ունի ԱԲ-ի կիրառման համար պաշտոնական քաղաքականություն։ Մինչ 2022 թ․ խոսքը ընդամենը 7 երկրի մասին էր, 15-ն էլ ազգային ուսումնական ծրագրերում ներառել էր ԱԲ ուսուցումը։

Միևնույն ժամանակ, ավելի ու ավելի շատ երկրներ նոր տեխնոլոգիաների կիրառման վրա սահմանափակումներ են դնում դասարաններում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ այժմ 40%-ը ունի դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործումն արգելող օրենք կամ քաղաքականություն՝ 2023 թ․ հուլիսի 24%-ի համեմատ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2023-ի սեպտեմբերին հրապարակել էր կրթության մեջ գեներատիվ արհեստական բանականության օգտագործման վերաբերյալ իր առաջին ուղեցույցը՝ կոչ անելով կառավարություններին կարգավորել տեխնոլոգիայի կիրառումը և վերապատրաստել ուսուցիչներին։ 

Կազմակերպությունն առաջարկել էր ուշադրություն դարձնել տվյալների գաղտնիության պաշտպանությանը և օգտատերերի համար տարիքային սահմանափակում դնել:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն նաև ընդգծում է, որ կառավարությունների կողմից ԱԲ-ին հատկացված ռեսուրսները պետք է լինեն լրացուցիչ և չպետք է փոխարինեն արդեն իսկ կրթությանը տրամադրված ֆինանսական միջոցներին։ Սա հատկապես կարևոր է այն պայմաններում, երբ յուրաքանչյուր չորսից մեկ տարրական դպրոց դեռևս չունի էլեկտրաէներգիա, իսկ 60%-ը՝ ինտերնետ կապ։ Կազմակերպության դիտարկմամբ՝ անհրաժեշտ կարիքները պետք է մնան առաջնահերթ։

Գլխավոր նկարը մշակվել է արհեստական բանականության միջոցով (Midjourney)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter