HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

Կուզեի մի տեղ լիներ, որտեղ ծաղիկ կդնեի, կխոսեի կամ էլ կռվեի հետը. ի՞նչ փուլում են անհետ կորածների գործերը

Ավագ լեյտենանտ Սյուզի Բադեյանը դեռ չի շտապում հավաքել հյուրասենյակի մեծ ու լուսավոր տոնածառը։ Նոր տարին ընտանիքում շատ են սիրում։ Սյուզիի ամուսինը՝ մայոր Արմեն Բադեյանը, միշտ ոգևորված մասնակցում էր տոնի նախապատրաստությանը, Վանաձորից ծնողներին, եղբայրներին հրավիրում էր իրենց տուն, որ այդ օրը միասին նշեին։ Արդեն հինգերորդ տարին է, որ Արմեն Բադեյանի տեղը տոնական սեղանի շուրջ դատարկ է։

Սյուզին ու Արմենը հանդիպել են Վանաձորի պետական համալսարանում, երբ դեռ ուսանող էին, հետո արդեն՝ ամուսնացել։ Արմեն Բադեյանը այդ ժամանակ զինվորական ծառայության մեջ էր ու ժամանակ առ ժամանակ տեղից տեղ էին տեղափոխվում։

«2017թ․-ին եկանք Էջմիածին, Արմենը զորամասի թիկունքի պետի պաշտոնում նշանակվեց։ Էստեղ մեզ շատ դուր եկավ, մտածում էի Բերդից հետո ավելի ապահով կլինի։ Որոշեցինք, որ էստեղ էլ պիտի տուն գնենք»,- պատմում է Սյուզին։

Որոշ ժամանակ անց Սյուզին նույնպես Էջմիածնի «Քիմիկների զորամասում» ծառայության է անցնում՝ որպես համակարգչային օպերատոր։

«Մենք շատ էինք սիրում մեր աշխատանքը, համազգեստը, տունը, երեխաներին, մեր առօրյան, մեզ ապահով էինք զգում, մինչև որ սկսվեց պատերազմը։ Արմենը, ինչպես միշտ, մեկնողների առաջին շարքում էր, ուրախ էր, որ ցուցակում իր անունն էլ կար։ Չէի ուզում, որ գնա, բայց գիտեի՝ ուր էլ որ ուղարկեին, ինչ նեղության մեջ էլ լիներ, դուրս կգար, դա իր տեսակն էր»,- հիշում է Սյուզին։

2020թ․-ի հոկտեմբերի 21-ին Կովսականում իրականացրած մարտական գործողությանը մասնակցում է նաև Արմեն Բադեյանը։ Լուսաբացին 62 հոգանոց խումբը՝ բաղկացած և՛ աշխարհազորից, և՛ զինծառայողներից, ավտուբուսներով տեղափոխվում է Կովսական, որտեղ պիտի սանրման աշխատանքներ կատարեր՝ հակառակորդին հայտնաբերելու համար։ Դեռ դեպքի վայր չհասած՝ ադրբեջանական ուժերը հարձակվում են ու մարտի բռնվում խմբի հետ։ Առաջացած խուճապի հետևանքով ոմանք զոհվում են, ոմանք՝ գերեվարվում, մյուս մասն էլ անհետ կորած է։ 22 մարդու հաջողվում է նահանջել, հետագայում հաստատվում է 12 մարդու ԴՆԹ, ևս 5-ը վերադառնում է գերությունից, 23 հոգի համարվում է անհետ կորած․ մայոր Արմեն Բադեյանը նույնպես մինչ այժմ չի վերադարձել։

«Գիտեք՝ սկզբում սպասելով ապրելը հեշտ է։ Դու հույս ունես, որ շուտով կգա, մտածում ես, որ դեռ ամեն բան ավարտված չէ։ Սպասումը քեզ մղում է ապրելու։ Ամեն մի փոքր բան ինձ հաղթանակ է թվում ու միշտ մտածում եմ, որ երբ ինքը գա, այնքան շատ բան կունենամ պատմելու ու ցույց տալու, մտածում եմ, որ ինձնով շատ կհպարտանա։ Ես միշտ իր վրա եմ հենվել, ու մեր բոլոր հարցերը ինքն է լուծել, կպատմեմ, թե իր գնալուց հետո ինչքան բան եմ սովորել ու ինքնուրույն արել։ Ափսոս, ժամանակի հետ այս հույսը հետզհետե մարում է, ու հիմա շատ կուզեի, որ մի տեղ լիներ, որ կարողանայի գնալ, նստել, ծաղիկ դնել, խոսել կամ էլ կռվել հետը»,- ասում է Սյուզին։

Նրա ձևակերպմամբ՝ կորստից հետո մարդիկ կա՛մ կոտրվում են, կա՛մ ավելի ամրանում։ Երկուշաբթի օրը Սյուզի Բադեյանը կպաշտպանի իր մագիստրոսական թեզը, թեման ռազմական հոգեբանությանն է վերաբերում՝ ինչպես անել, որ երիտասարդները ծառայությունից չխուսափեն։ Ասում է, որ պատերազմից հետո հայրենիքը սկսել է ավելի շատ սիրել, ու անգամ կորուստը չի ստիպել, որ այդ սերը պակասի։

«Հոգեբանություն ուսումնասիրելն առաջին հերթին ինձ էր պետք, որպեսզի հասկանամ ինձ, կարողանամ դասավորել զգացողություններս ու մտքերս, կարծում էի, որ հոգեբանները ինձ դժվար թե կարողանան օգնել։ Հիմա զգացածս հասկանում եմ, կարողանում եմ արտահայտել, ու դա թեթևացնում է»,- ասում է Սյուզին։

Ամուսնու անհետ կորչելուց հետո Սյուզին դիմում է սպայական կոչում ստանալու համար, որովհետև տան միակ կերակրողը ինքն էր դարձել ու աշխատավարձը չէր բավարարում։ Ասում է, որ մեկ տարի շարունակ մերժում է ստացել, զորամասերում մտածում էին, որ իր հոգսերով ու տրամադրությամբ կծանրացնի մթնոլորտը։ Երկար փնտրտուքից հետո ի վերջո ծառայության է անցում Էջմիածնի մեկ այլ զորամասում՝ որպես կադրերի բաժնի պետ։

«Պատերազմից հետո դիմեցի ու վարորդական վկայական ստացա, դա իմ ու Արմենի նպատակն էր, երբ վկայականը ձեռքումս էր, շատ էի ուրախացել, հեռախոսը վերցրի, որ զանգեմ, բայց չգիտեի՝ ում զանգել, նորից տեղը դրի։ Հիմա ավելի ուշադիր եմ սկսել վարել, գիտեմ, եթե ինչ-որ բան պատահի, Արմենը էստեղ չի, որ գա հասնի, օգնի»,- պատմում է Սյուզին։

Պատերազմի ավատից հետո Սյուզի Բադեյանն ամուսնուն գտնելու համար ամեն հնարավոր տեղ դիմել է, նամակներ է գրել, հանդիպումներ է ունեցել, դիմել է նաև ՄԻԵԴ, բայց որևէ պատասխան չի ստացել։

«Հիմա արդեն էլ չգիտեմ՝ ուր կարելի է գնալ, հարցնել, փնտրել, բոլորի համար անհետ կորածների թեման ասես փակված լինի, ոչ մի ջանք չի գործադրվում պետության կողմից, ու սա շատ հուսահատեցնող է։ Անգամ եթե որևէ արդյունք չկա, թող գոնե տարին մի անգամ զանգեն, ներկայացնեն, թե ինչ գործողություններ են արել, ինչ են պատրաստվում անել, կամ հարցնեն՝ արդյոք ինչ-որ բանի կարիք ունենք, թե ոչ։ Էդպես գոնե ավելի քիչ անտեսված կզգանք մեզ։ Ամեն բան այնքան անկազմակերպ է, որ զանգել էին ամուսնուս համարին, որը հիմա տղայիս մոտ է ու խնդրել հորը փոխանցի, որ ներկայանա զինկոմիսարիատ՝ զորավարժություններին մասնակցելու համար»,- պատմում է Սյուզին։

Արմենը և Սյուզին 2 երեխա ունեն՝ 10-ամյա Յանան ու 18-ամյա Գևորգը, նա այս տարի Երևանի պետական բժշկական համալսարան է ընդունվել։ Մայրն ասում է, որ երկուսն էլ հոր հետ շատ կապված էին, երբ աշխատանքից վերադառնում էին, երեխաների հետ հիմնականում հայրն էր զբաղվում, իսկ ինքը տան գործերն էր անում։

«Երեխաները հորն անընդհատ սպասում են ու անկախ նրանից, թե ես ինչ եմ մտածում, իրենց երբեք որևէ բան չեմ պարտադրում, թող սպասեն, որքան որ ուզում են, ու երբ մի օր կորոշեն, որ էլ չեն սպասելու, թող չսպասեն»,- ասում է Սյուզի Բադեյանը։

Ի՞նչ է անում պետությունն անհետ կորածների ճակատագրերը պարզելու համար

Նախորդ տարեվերջին Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովը Հայաստանի վերաբերյալ տարեկան զեկույց է հրապարակել, որտեղ նշված է, որ Հայաստանում անհետ կորած մարդկանց թիվը 1000-ից ավելի է, որից 195-ը անհետ կորել է 2020թ․-ի արցախյան պատերազմի հետևանքով։ Զեկույցում ներկայացված են այն հիմնական խնդիրները, որոնք վերաբերում են անհետ կորածներին առնչվող աշխատանքին։ Դրանցից է օրինակ անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվության կառավարման կենտրոնացված, ինտեգրված տվյալների համակարգի բացակայությունը։ Դատաբժշկական և ԴՆԹ-ների վերականգնման հնարավորությունների անբավարարությունը ևս խնդրահարույց է, մասնավորապես՝ սահմանափակ են փորձաքննությունները՝ խառնված կամ այրված մնացորդների հետ աշխատելու համար: Ըստ զեկուցի՝ անհետ կորածների ընտանիքները հաճախ բախվում են տեղեկատվությունն, իրավական և սոցիալական աջակցություն ստանալու դժվարությունների։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ասում է, որ անհետ կորածների հարցով պետությունը բավականաչափ ջանքեր չի ներդնում, անկախ Ադրբեջանի՝ համագործակցության պատրաստակամությունից՝ կան գործողություններ, որ պետական մակարդակով կարող են արվել։

«Ադրբեջանը նույնիսկ իր անհետ կորածների համար որևէ բան չի անում, իրեն դա հետաքրքիր չէ, էլ ուր մնաց մարդասիրական վերաբերմունք ցուցաբերի մեր անհետ կորածների նկատմամբ։ Բայց սա չի նշանակում, որ պետք է ոչինչ չանել։ Այո, Ադրբեջանը չի գնում երկխոսության, իսկ ի՞նչ է արվում՝  նրան երկխոսության հարթակ բերելու համար։ Առնվազն մի քանի միջազգային հարթակներ կան, որտեղ անհետ կորածների  հարցը կարելի է բարձրացնել, նույն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում։ Երբեմն, այո, ԱԳՆ-ն բարձրացնում է այս հարցը, բայց դա պիտի հետևողական դիվանագիտական աշխատանք լինի»,- ասում է Սաքունցը։

Նրա խոսքով՝ անհետ կորածների հարցն այս պահին միջազգային հարթակներում չի շրջանառվում նաև այն պատճառով, որ Հայաստանը ցանկանում է դրան անդրադառնալ խաղաղության պայմանագրի կնքումից հետո, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ դրանից հետո Ադրբեջանն ավելի համագործակցային կլինի այս հարցում։

Անհետ կորածների մասով ՄԻԵԴ-ում դատական գործերի քննության տեմպը շատ հուսադրող չէ

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը ասում է, որ մինչ այս պահը բազմաթիվ գործեր են ներկայացրել ՄԻԵԴ, ՄԱԿ-ի հովանու ներքո գործող բռնի անհետացման աշխատանքային խումբ, որոնք վերաբերում են ինչպես անհետ կորածներին, այնպես էլ բռնի անհետացած անձանց։

«Մենք կապը պահում ենք այս կառույցների հետ, պարբերաբար նամակագրություն ենք վարում, ընթացիկ նստաշրջանների մասին տեղեկանում ենք, առանձին հանդիպումներ ենք ունենում անդամների հետ, մեր ձեռքի տակ հայտնված տեղեկատվությունը փոխանցում ենք, բայց արդեն իսկ հարցը քննարկողի և լուծողի դերում հանդես են գալիս միջազգային ատյանները, և այդ գործընթացները խիստ ձևականացված են, և դրանց վրա ազդելու մեր հնարավորությունները ևս սահմանափակ են, ուստի այստեղ մնում է սպասել։ Ընդհանուր առմամբ, անհետ կորածների մասով դատական գործերի քննության տեմպը շատ հուսադրող չէ»,- ասում է Սիրանուշ Սահակյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ մեկ այլ խնդիր էլ ռուս-ուկրաինական պատերազմն է, որը ավելի շատ ուշադրություն է գրավում և ծավալային առումով ավելի մեծ է, հետևաբար սրանք կարող են ազդել այլ գործերի ընթացքի վրա։

«Հինգից յոթ տարին այն միջինացված ժամկետն է, որ նմանաբնույթ գործերով դատարանն օբյեկտիվորեն կարող է դատական ակտ տալ, բայց այստեղ կան գործոններ, որոնք կարող են ազդել։ Թվերը նշանակություն ունեն, և դրանք հրավիրում են դատարանի հավելյալ ուշադրությունը, և ցավոք սրտի, միջազգային կառույցների աչքերում Արցախին և Հայաստանին բաժին ընկնող զոհերի թիվը, այնքան էլ տպավորիչ չէ նրանց գործունեությունը արագացնելու համար»,- ասում է Սիրանուշ Սահակյանը։

Իրավապաշտպանը նշում է, որ ՄԻԵԴ ներկայացված գործերը որքան էլ անհատական են, սակայն կան նաև հայ-ադրբեջանական միջպետական գործեր, և Եվրոպական դատարանը առանձին դիրքորոշումներ նախ և առաջ ձևավորում է միջպետական գանգատի շրջանակներում, այնուհետև տեղայնացնում անհատական գործերով։

Սիրանուշ Սահակյանը չի բացառում նաև, որ Ադրբեջանը կարող է որոնողական աշխատանքների կամ այդ անձանց ճակատագրերի պարզմանն ուղղված քննչական գործողությունների առնչությամբ կեղծված նյութեր տրամադրել, որոնք ընդամենը իմիտացնում են, որ հարցաքննությունները, ականատեսների, վկաների կամ զինվորական անձնակազմի հետ շփումները ոչինչ չեն տվել և ավելին՝ բացառել են հայ զոհերի ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվելը, ձևացնի, թե ընտանիքների տառապանքը մեղմելուն ուղղված քայլեր է ձեռնարկում ։ Գնահատողը լինելու է դատարանը և ապացույցների լույսի ներքո ձևավորելու է համոզում, ինչն էլ փոխակերպվելու է իրավական դիրքորոշման։ Եթե Եվրոպական դատարանը այդ ջանքերն անբավարար գնահատի, արձանագրելու է դատավարական նաև պարտականության խախտում, և այս իրավական դիրքորոշումը հիմք է հանդիսանալու, որ Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ քննություն իրականացվի Ադրբեջանում, որը կարող է որոշ հանգամանքներ պարզել, ինչը օգտակար կլինի ընտանիքների համար։

 

Գլխավոր լուսանկարում Արմեն և Սյուզի Բադեյանները

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter