HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատարանում դարձյալ վիճարկվում է կարմիր գծերի դրույքաչափերի մասին Երևանի ավագանու որոշումը

Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը երեկ՝ 2025թ. հունվարի 23-ին դիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ «Երևան համայնքում տեղական վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման՝ վճարովի ավտոկայանատեղիների դրույքաչափերին վերաբերող կետերն անվավեր ճանաչելու պահանջով:

Երևանի ավագանին 2024թ. դեկտեմբերի 24-ի թիվ 265-Ն որոշմամբ անփոփոխ թողեց վճարովի ավտոկայանատեղիների դրուքաչափերը: Մինչև 2024թ. հունվարի 1-ը Երևանում ավտոկայանատեղիների համար սահմանված էր մեկ ընդհանուր գին: Սակայն, 2023թ. տարեվերջին ընդունված որոշմամբ քաղաքը բաժանվեց երկու գոտու՝ «Ա» և «Բ»։ Կարմիր գծերի «Ա» գոտում կայանման մեկ տարվա գինը նախկին 12 000 դրամի փոխարեն սահմանվեց 160 հազար դրամ, իսկ «Բ» գոտում՝ 24 000 դրամ։ Շեշտակի թանկացան նաև 1 ժամվա, շաբաթվա, ամսվա կայանման վճարները: Օրինակ՝ նախկինում 1 ժամվա վճարը 100 դրամ էր, իսկ 2024թ. հունվարի 1-ից «Ա» գոտու համար սահմանվեց 300 դրամ, «Բ» գոտու համար՝ 200 դրամ:

Մինչև դատարան դիմելը՝ 2025թ. հունվարի 21-ին «Մայր Հայաստան» խմբակցությունը ավագանու արտահերթ նիստ էր նախաձեռնել՝ օրակարգային երկու հարցով։ Առաջինով ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում էր կասեցնել կարմիր գծերի վերաբերյալ ավագանու որոշումը, իսկ մյուսով՝ տրանսպորտի թանկացման որոշումը։ Սակայն, նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով: 

Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները պահանջում են որոշման համապատասխան դրույթներն անվավեր ճանաչել դրանք ուժի մեջ մտնելու պահից, այսինքն՝ 2025թ. հունվարի 1-ից:

Հիշեցնենք, որ կարմիր գծերի գործով վարչական դատարանը մեկ որոշում արդեն իսկ կայացրել է: 2024թ. դեկտեմբերի 19-ին, 5 դատավորի կազմով Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Երևան քաղաքի կարմիր գծերի համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման նախորդ տարվա դրույքաչափերի մասին դրույթները: Դատարանն արձանագրել է՝ քաղաքապետարանը որևէ ձևով չի ապացուցել, որ վճարը շեշտակի թանկացրել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով, իսկ փողոցները բեռնաթափելու պատճառաբանութունն իրավաչափ չի համարել:

«Գործում առկա ապացույցներով որևէ կերպ չի հաստատվում այն էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքը, որ պատասխանողը ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու դրույքաչափերը 2024թ. համար սահմանելիս իրականացրել է այդ կապակցությամբ մատուցվող ծառայությունների որևէ ծախսային հաշվարկ: Ավելին, չի հիմնավորվել, թե արդյոք մատուցվող ծառայությունների համար անհրաժեշտ ծախսերը նախորդ տարիների համեմատ ենթարկվել են փոփոխության, որպիսի պայմաններում էլ նախաձեռնվել է նշված ծառայությունների վճարների ավելացմանն ուղղված գործընթացը»,- նշված է դատարանի վճռում:

Դատարանն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ ավտոկայանատեղում կայանելու համար տեղական վճարը սահմանվել է 2016թ.-ից: Երևան քաղաքի ավագանին յուրաքանչյուր տարի սահմանել է նույն դրույքաչափերը, իսկ 2024թ. համար դրանք աճել են, ինչի առնչությամբ Երևանի քաղաքապետարանը չի ներկայացրել անհրաժեշտ ծախսերի համեմատական վերլուծության տվյալներ։

Քաղաքապետարանը հայտարարեց, որ բողոքարկելու է դատարանի որոշումը և դրանից օրեր անց ավագանին նույնությամբ ընդունեց 2025թ. դրուքաչափերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter