
«Որոշել եմ, մնում եմ Արցախում». Վահե Մամունցը զոհվեց Պուշկեն յալի բարձունքում
2020թ.-ի 44-օրյա պատերազմից հետո փոխգնդապետ Սարուխան Մամունցը Քարվաճառից ծառայության էր տեղափոխվել Ջերմուկ։ 2023թ. սեպտեմբերի 19-ի ցերեկը Ջերմուկի դիրքերում հանգիստ էր։ Նույն ժամերին մի քանի հարյուր կիլոմետր հեռավորությամբ՝ Մարտակերտում, «Պուշկեն յալ» կոչվող բարձունքում, որտեղ ծառայում էր Սարուխանի որդին՝ Վահե Մամունցը, թեժ մարտեր էին։ Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա՝ շփման գծի ողջ երկայնքով։ Որդու հետ վերջին հեռախոսազանգը եղել է ժամը 11:20։ Նրանց ստորաբաժանումը տագնապով բարձրացել էր դիրքեր, ադրբեջանական կողմից հարձակման վտանգ կար։ Մոտ երկու ժամ հետո սկսվում է հարձակումը։
Վահե Մամունցը 2018 թվականին ընդունվել էր Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ։
2020-ի հունվարից անցել էր ժամկետային զինծառայության Շուշիի ՀՕՊ զորամասում, ապա տեղափոխվել Ակնա (Աղդամ)։ Պատերազմի ժամանակ նրանց ստորաբաժանումը տեղափոխել էին Մարտունի։ 44-օրյա պատերազմից հետո Վահեն ժամկետային ծառայությունը շարունակել էր Մարտունու 3-րդ պաշտպանական շրջանում՝ մինչև 2022թ.-ի հունվար։
«Արցախից, ծառայությունից եկավ մեզ մոտ՝ Սևան։ Անհանգիստ էր, ասում էր՝ պետք է աշխատեմ, մի բան անեմ։ Ասում էի` նոր ես եկել ծառայությունից, պատերազմի միջով ես անցել, մի քիչ հանգստացի, ամենինչ լավ կլինի»,- պատմում է մայրը։
Մամունցների ընտանիքը Սևան էր տեղափոխվել Քարվաճառից, 44-օրյա պատերազմի ընթացքում։ Վահեի հայրը՝ Սարուխան Մամունցը և մայրը՝ Իրինա Քոչարյանը, արմատներով Արցախի Մարտակերտ քաղաքից են։ Ծառայության բերումով Սարուխան Մամունցը տեղափոխվել էր Քարվաճառ։ Վարջին 20 տարին ապրում էին այնտեղ։
2022-ի ապրիլին Վահե Մամունցը վերադարձել է Արցախ՝ համալսարանում կիսատ թողած ուսման պատրվակով։
«Էդ գնալը ճակատագրական եղավ։ Արցախից զանգեց, ասաց, որ որոշել եմ, մնում եմ Արցախում։ Ծառայության եմ անցնելու Ազգային անվտանգությունում։ Ասաց՝ ես երեխա չեմ, ես եմ որոշում։ Խնդրեց, որ համոզեմ հորը՝ ուղարկի բոլոր թղթերը»,- պատմում է Վահեի մայրը՝ Իրինան։
2022-ի մայիսից Վահեն ծառայության է անցել Արցախի ԱԱԾ-ի արագ արձագանքման երրորդ վարչությունում։ Նրանք իրականացնում էին Մարտակերտ քաղաքի մոտակայքում գտնվող «Պուշկեն յալ» դիրքի պահպանությունը։ «Պուշկեն յալը» ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող բարձունք էր։
«Զանգելուց հեռախոսի մեջ հենց լսում էի քամու ուժեղ սուլոցը, գիտեի, որ «Պուշկեն յալի» դիրքում է, վախում էի էդ ձայնից, ինչ-որ վատ կանխազգացում ունեի»,- ասում է մայրը։
Հայրը պատմում է, որ դեռ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, երբ Վահեն 15 տարեկան էր, Քարվաճառից կամավորների հետ զենք էր ստացել և գնացել Թալիշ։ Այնտեղ նրան հայրն էր ճանաչել և հետ ուղարկել։
2023 թ.-ի սեպտեմբերի 14-ից «Պուշկեն յալում» ուժեղացված ծառայություն էր։ Սեպտեմբերի 19-ին, ժամը 13-ի մոտակայքում սկսվեց դիրքի վրա հարձակումը։
Վահե Մամունցը մոր հետ վերջին անգամ խոսել էր այդ օրը ժամը 11:00-ին։ Իրինայի ականջին արդեն լուրեր էին հասել, որ Ասկերանի շրջանում հակառակորդը հրետանային հարվածներ է հասցնում դիրքերին։ Վահեն համոզել էր մորը, որ ամեն ինչ լավ է։
«Խոսելու ընթացքում սկսեցի լացել։ 44-օրյայի ժամանակ որ լաց էի լինում, ջղայնանում էր, ասում էր՝ մի լացիր։ Էս անգամ ոչ մի բան չասաց»,- պատմում է Իրինան։
Մարտերի սկսվելուց րոպեներ առաջ Վահեն խոսել է նաև Ջերմուկի զորամասում ծառայող հոր՝ Սարուխան Մամունցի հետ։ Հայրը խնդրել էր տեղեկացնել իրեն, եթե իրավիճակը լարվի։
Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ի մոտակայքում Վահեն զոհվեց ականանետի հարվածից։ «Պուշկեն յալում» զոհվեցին նաև Վահեի երկու ծառայակիցները՝ լեյտենանտ Տիգրան Ավանեսյանը և Գոռ Անտոնյանը։ Մեկօրյա պատերազմի ընթացքում հակառակորդի բոլոր գրոհները այդ դիրքի վրա հետ են մղվել։
Եռաբլուրում հուղարկավորեցին սեպտեմբերի 19-ին զոհված 3 զինծառայողի (ֆոտոպատմություն)
Վահե Մամունցի զոհվելու մասին ընտանիքի անդամներն իմացել են նույն օրը երեկոյան։ Վահեի մորեղբայրը, որը նույնպես ծառայում էր Արցախում, իմացել էր նրա մահվան լուրը և գնացել «Պուշկեն յալ»՝ մարմինը հանելու։ Մինչև նրա հասնելը ծառայակիցները Վահեի մարմինը դուրս են բերել դիրքից և տարել Մարտակերտ։
Սեպտեմբերի 29-ին Վահե Մամունցի մարմինը տեղափոխել են Երևան և հուղարկավորել Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Արցախի նախագահի հրամանագրով Վահեն հետմահու արժանացել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի։
«Ո՞վ կպատկերացներ, ու՞մ մտքով կանցներ, որ ամեն բան կորցնելուց հետո զավակ կկորցնեինք։ Ջրի ճանապարհ է դարձել Եռաբլուրի ճանապարհը, ու՞մ մտքով կանցներ»,- ասում է Իրինան՝ չկարողանալով զսպել արցունքները։
Մամունցների ընտանիքը հիմա ապրում է Երեւանում, վարձով։ Սարուխան Մամունցը շարունակում է զինվորական ծառայությունը։ Վահեի կրտսեր եղբայրները՝ Աշոտը և Գոռը, սովորում են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։
Մեկնաբանել