
Խոշորների վճարած հարկերի աճը դանդաղել է 2024-ին. ովքեր են գլխավորում ցանկը
Ամբողջ 2024 թվականին Հայաստանի 1000 խոշոր հարկատուները միասին պետական բյուջե են վճարել ընդհանուր առմամբ 1 տրլն 773 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Նախորդ տարվա համեմատ այն աճել է 62 մլրդ դրամով կամ 3.6%-ով։ Այս մասին են վկայում Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տվյալները։
Համեմատության համար նշենք, որ 2023-ին խոշորների վճարած հարկերն աճել են 14.8%-ով, 2022-ին՝ 32%-ով, 2021-ին՝ 14.3%-ով։
Այս դինամիկան ցույց է տալիս, որ խոշորների վճարած հարկերի աճը դանդաղել է։
Դրա վրա ազդել է մաքսատուրքերի՝ մաքսային մարմին վճարված հարկերի նվազումը, ինչպես նաև՝ հարկային մարմինների հավաքագրած հարկերի ոչ մեծ աճը։
Մասնավորապես, 2024 թվականին մաքսային մարմինը հավաքագրել է 334 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 16.9%-ով։
Նույն ընթացքում 10%-ով ավելացել են հարկային մարմնի կողմից հավաքագրվող հարկերը՝ կազմելով 1 տրլն 439 մլրդ դրամ։
Ընդհանուր առմամբ, դանդաղել է ոչ միայն խոշորների, այլև ամբողջ տնտեսությունից բյուջե ստացվող հարկերի աճը։ Կառավարությանը չի հաջողվում պլանավորվածի չափ հարկ հավաքագրել։ Հայաստանի տնտեսական ակտիվությունը ևս դանդաղել է տարվա ընթացքում։
Խոշորների ցանկը գլխավորում է ԶՊՄԿ-ն
2024 թվականի տարեկան տվյալներով Հայաստանի խոշորագույն հարկատուն հանքարդյունաբերող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն է։
Ընկերությունը տարվա ընթացքում պետական բյուջե է վճարել 102 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 44%-ով։
Երկրորդ խոշոր հարկատուն տեխնիկա ներմուծող, վաճառող և արդեն նախորդ տարվանից արտահանող «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ն (Mobile Centre) է։ Ընկերությունը վճարել է մոտ 67 մլրդ դրամի հարկեր, որն աճել է 45%-ով։
Երրորդ տեղում ծխախոտ արտադրող «Գրանդ տոբակո» ՍՊԸ-ն է՝ 64 մլրդ դրամի հարկերով և 15% աճով։
Հաջորդում է «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ն, որի հարկերը նվազում են։ Ընկերությունը տարվա ընթացքում վճարել է մոտ 47 մլրդ դրամի հարկեր, անկումը՝ 3.5%:
Հինգերորդ խոշոր հարկատուն կրկին տեխնիկա ներմուծող, վաճառող և վերաարտահանող «Փրիթի ուեյ» ՍՊԸ-ն (VESTA)՝ 36 մլրդ դրամի հարկերով և 9% աճով։
Հաջորդը վառելիքի առևտրով զբաղվող «Սի Փի Էս էներջի գրուպ» ՍՊԸ-ն է։ Վճարել է 24 մլրդ դրամի հարկեր, աճը՝ 2%:
Խոշոր հարկատուների տասնյակում գտնվող վերջին չորս ընկերությունները նվազեցրել են հարկերը։ Առավել մեծ անկում է գրանցել «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ն (Wildberries), որի հարկերը նվազել են 5.2 մլրդ դրամով կամ մոտ 20%-ով։
Խոշոր հարկատուների առաջին տասնյակի հարկերի ցուցանիշներն առավել մանրամասն ներկայացված են ինֆոգրաֆիկայում։
Մեկնաբանել