
Կառուցապատողների հետաձգված հարկերի հույսով
2024 թվականի ընթացքում Հայաստանի պետական բյուջե է մուտքագրվել մոտ 2 տրիլիոն 391 մլրդ դրամի հարկ և տուրք։ Այս ցուցանիշը հրապարակել է ինչպես ԱԺ բյուջետային գրասենյակը, այնպես էլ՝ Պետական եկամուտների կոմիտեն (ՀՀ ՊԵԿ)։
Տնտեսության համար այս կարևորագույն ցուցանիշներից մեկը, ինչպես միշտ, մեկնաբանվում է ըստ ճաշակի՝ ՊԵԿ նախագահը խոսում է հարկերի աճի մասին, ֆինանսների նախարարը, տնտեսագետները՝ թերակատարման։ Այս տարվա՝ 2025 թվականի համար Կառավարությունը շատ ավելի բարձր հարկային եկամուտներ է ակնկալում այն պարագայում, երբ նախորդ տարվանը թերակատարվել է, տնտեսական աճի տեմպն էլ՝ նվազել։ Բոլոր դեպքերում, ֆինանսների նախարարը շեշտում է, որ պահուստային ֆոնդը կփրկի իրավիճակը։
Հարկերը թերհավաքագրվել են. ցածր տնտեսական ա՞ճն է պատճառը, թե կանխատեսումներն էին սխալ
Հունվարի 16-ի ասուլիսին ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, որը պաշտոնավարում է 2024-ի նոյեմբերի վերջից, հայտարարեց, որ հարկերը հավաքագրվել են տնտեսության զարգացումներին համահունչ։
Այս ցուցանիշների մեջ դրականն այն է, որ հավաքագրված հարկերը 2023 թվականի համեմատ աճել են 117 մլրդ դրամով կամ 5.1%-ով։ Սակայն, 2024-ի բյուջեն պլանավորելիս Կառավարությունը, այդ թվում՝ Ֆինանսների նախարարությունն ու ՊԵԿ-ը, ավելի մեծ աճ էին սպասում, հետևաբար քաղաքացիներից և բիզնեսից ստացվող հարկերի ու տուրքերի, մասնագիտական լեզվով ասած՝ բյուջեի հարկային եկամուտների ավելի մեծ ցուցանիշ էին կանխատեսում։
Դրանք թերակատարվել են ինչպես 2024-ի բյուջեն կազմելիս արված կանխատեսումների, այնպես էլ՝ տարվա ընթացքում ճշտված պլանների նկատմամբ։
Ինչպես ԱԺ բյուջետային գրասենյակի, այնպես էլ՝ պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ հրապարակված վերջին հաշվետվությունում, որն ամփոփում է 2024-ի նոյեմբերը, նշված է, որ տարվա ընթացքում ճշտված պլանի համաձայն՝ հարկային եկամուտները պետք է կազմեին 2 տրլն 614 մլրդ դրամ։ 2024-ի պետական բյուջեի մասին օրենքով ամրագրված ցուցանիշը դրանից շատ չի տարբերվում։
Ըստ դրա՝ ստացվում է, որ փաստացի հարկերի հավաքագրումը 223 մլրդ դրամով կամ 8.6%-ով թերակատարվել է։ ԱԺ բյուջետային գրասենյակը այն հրապարակել է հունվարի 7-ին։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը ևս հայտարարեց, որ տարեկան տվյալներով բյուջեի հարկային եկամուտները շուրջ 200 մլրդ դրամով կթերակատարվեն։
Ըստ ֆինանսների նախարարի՝ հարկերի հավաքագրման վրա ազդել է մի քանի գործոն՝ պայմանավորված պլանավորումներով, որոնք տեղի չեն ունեցել։ Հիմնական գործոնները պլանավորվածից ցածր տնտեսական աճն ու ավելի մեղմ գնաճն են։
ՊԵԿ նախագահը, սակայն, պնդում է, որ հարկերը ճշտված պլանի համեմատ թերակատարվել են ընդամենը 60-65 մլրդ դրամով։
Թե երբ է դա փոփոխվել և որտեղ հրապարակվել, հայտնի չէ։
ՊԵԿ նախագահը հարկերի թերհավաքագրումը թերացում չի համարում։
«Երբ ասում ենք թերհավաքագրում, դուք ավտոմատ տանում եք այն դաշտ, որ թերացում է տեղի ունեցել։ Երբ խոսում ենք պետական բյուջեի եկամուտների ձեր նշած պլանի մասին, որը ես պլան չեմ անվանում, այլ՝ կանխատեսում, կանխատեսման հիմքում ընկած են բազմաթիվ այլ գործոններ և կարևոր է հասկանալ, թե որ գործոնն է կանխատեսումներից դեպի ներքև տեղափոխվել։ Այստեղ երեք կարևոր գործոն կա՝ առնվազն բարձր մակարդակում. առաջինը տնտեսական զարգացումներն են, երկրորդը վարչարարական ջանքերն են, երրորդը՝ հարկային քաղաքականության փոփոխությունները։ Տնտեսական իրավիճակում փոփոխություն կա և կոմունիկացվել է հասարակության հետ, որ դեպի ներքև ճշգրտումները կլինեն։ Առաջարկում եմ այս տարի խոսել կանխատեսում, կանխատեսումից շեղում տրամաբանության մեջ, այլ ոչ թե՝ թերհավաքագրում, թերացում տրամաբանության մեջ»,- ասուլիսում լրագրողի հարցին ի պատասխան` արձագանքեց Էդուարդ Հակոբյանը։
Նա համոզված է, որ այն, ինչ տեղի է ունեցել, շատ օբյեկտիվ է և ունի բացատրություն, որը հիմնականում տնտեսության հետ է կապված։
Տնտեսագետ, ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը նկատում է, որ նույնիսկ եթե տարվա ընթացքում հարկային եկամուտների սպասվելիք ցուցանիշները ճշգրտվում են, դա դեռևս չի վկայում, որ թերակատարում չկա։ Տարվա սկզբում այլ բան է կանխատեսվել, սակայն տարվա վերջում այլ ցուցանիշ է ստացվել։
Ավելին, այս տարվա թերհավաքագրման պայմաններում կառավարությունը 2025-ի համար ավելի բարձր նշաձող է սահմանել։
«Համեմատել ենք 2024-ի փաստացի ցուցանիշները, 2025 թվականի կանխատեսումը և բյուջեով նշված որոշակի ցուցանիշներ, օրինակ՝ 5.1% տնտեսական աճը, և նույնիսկ այս սցենարի դեպքում, եթե տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխություններ չլինեն, մոտ 108 մլրդ դրամ կպակասի, որ հարկային եկամուտների և պետական տուրքի մասով 2025-ի համար թիրախային 2 տրլն 720 մլրդ դրամը կատարվի»,- նշում է տնտեսագետը։
2025-ի բարձր նշաձողը. շինարարությու՞նն է փրկելու իրավիճակը
«ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի համաձայն՝ 2025 թվականի համար կանխատեսվում է 2 տրլն 720 մլրդ դրամի հարկային եկամուտ հավաքագրել։ Սա 329 մլրդ դրամով ավելի է 2024-ին փաստացի հավաքագրված հարկերից։
Մի կողմից 2024-ի հարկերը թերակատարվում են, մյուս կողմից՝ Հայաստանի տնտեսական ակտիվությունը նվազում է։
Ըստ Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների՝ 2024 թվականի նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է ընդամենը 1.2%-ով։ Մինչդեռ տարին սկսվել էր երկնիշ աճով։
Թե հարկերի թերհավաքագրման և տնտեսության ակտիվության անկման ֆոնին Կառավարությունը և, մասնավորապես, ՊԵԿ-ը ինչի՞ հաշվին են ակնկալում ավելացնել բյուջե մուտքագրվող հարկերը, պարզ չէ։
Լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին երեք անգամ հարց տրվեց՝ ինչի՞ հաշվին են ակնկալում ավելացնել հարկային եկամուտները։
ՊԵԿ նախագահի խոսքից կարելի է եզրակացնել, որ Կառավարության և ՊԵԿ-ի հույսը ստվերի դեմ կոշտ պայքարի արդյունքում լրացուցիչ հարկերի հավաքագրումն է և շինարարության ոլորտից սպասվելիք հարկերը։
Էդուարդ Հակոբյանն իրատեսական է համարում այս տարի 2 տրլն 720 մլրդ դրամի հարկային եկամուտների հավաքագրումը։
«Մեր ջանքերն ուղղելու ենք պատշաճ հարկահավաքության ուղղությամբ։ Դա նշանակում է տնտեսության տրված զարգացումների պարագայում օպտիմալ հարկերի հավաքագրումը, որը ենթադրում է ստվերի դեմ կոշտ պայքար»,- նշեց Էդուարդ Հակոբյանը։
Ըստ նրա՝ Հայաստանը վերադառնում է բնականոն աճի մակարդակ՝ 5% տնտեսական աճի շրջանակներում, որն էլ, իր հերթին, ունի ռիսկեր։ Այս տարի կտրուկ փոփոխություններ չեն սպասվում։
Հարցին` տնտեսության ոլորտներից ո՞րն ունի ներուժ, և ո՞րը կարող է լրացուցիչ հարկերի աղբյուր դառնալ, Էդուարդ Հակոբյանը միայն շինարարությունը շեշտադրեց։ Կառուցապատողները տարիներ շարունակ ավելացված արժեքի հարկի գծով դեբետներ են կուտակել, ավելի պարզ ասած՝ հետաձգել են հարկերի վճարումը մինչեւ շինարարության ավարտը։ Սպասվում է, որ 2025 թվականին կառուցապատողները էական ծավալի հարկեր կվճարեն։ Թե դրանք ակնկալվող 329 մլրդ դրամի աճի որ մասը «կծածկեն», Էդուարդ Հակոբյանը կոնկրետ թիվ չնշեց։
«Շինարարության ոլորտն առանձնահատկություն ունի, քանի որ հարկերն այս ոլորտում վճարվում են շինարարության հանձնումը գրանցելու պահից սկսած։ Սովորաբար, գործունեության մեկնարկի և մինչև այդ պահը բավականին երկար լագ կա։ Քանի որ 2025 թվականին Երևանից դուրս է գալիս հիփոթեքային վարկերի տոկոսների վերադարձի ծրագիրը, դա թիրախավորելով՝ բազմաթիվ տնտեսվարողներ այնպես էին արել, որ շինարարությունը ավարտվի հենց այդ շրջանում, ապա դա լրացուցիչ գործոն է լինելու, որպեսզի մեր հարկահավաքումներն այդ ոլորտից տեղի ունենան»,- ասաց ՊԵԿ նախագահը։
Նա նաև հիշեցրեց, որ շրջանառության հարկի դրույքաչափի բարձրացման քննարկումների ժամանակ նշվել է, որ դրա արդյունքում 10-15 միլիարդ դրամ հավելյալ հարկ կհավաքագրվի։
Շինարարության ոլորտից սպասվող հարկերի մասին ամիսներ առաջ խոսել է նաև նախկին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Ըստ նրա՝ վերջին երեք տարիներին շինարարության ոլորտը որքան աճում է, այնքան հավաքագրվող հարկերը նվազում են։ Դա ևս բացատրվում է ԱԱՀ դեբետներով։ 2024 թվականի առաջին կիսամյակում պլանավորվածից 117 մլրդ դրամով պակաս հարկ է հավաքագրվել։ Բադասյանը, ի համեմատություն այս թերհավաքագրվող հարկերի, նշել է, որ միայն շինարարության ոլորտից վերջին երեք տարիներին, ներառյալ 2024-ի կեսը, 130 մլրդ դրամի ԱԱՀ կարող էին հավաքագրել, որոնց վճարումը հետաձգվել է։
«Բնակարանների վաճառքից ԱԱՀ-ն առաջանում է, երբ բնակարանը ենթակա է պետական գրանցման Կադաստրում։ Այսինքն՝ գնման իրավունքներով օտարումներ է տեղի ունենում բնակարանների։ Այդ գումարներից ԱԱՀ չի առաջանում, բայց շինարարության ծառայությունների ձեռքբերման, շինանյութի ներմուծման համար ԱԱՀ դեբետներ են առաջանում»,- նշել է Ռուստամ Բադասյանը։
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը թերահավատ է, որ ՊԵԿ-ը կկարողանա այս տարի բյուջեով նախանշված 2 տրլն 720 մլրդ դրամի հարկերը հավաքագրել։ Կարծում է՝ կրկին կթերակատարվի։
«Շինարարության ոլորտը կարող է որոշակիորեն նպաստել հարկային եկամուտների աճին, բայց հավանականությունը, որ դրա կամ շրջհարկի ռեժիմի կրճատման չափի բարձրացման հաշվին հնարավոր կլինի պլանը կատարել, կարծում եմ՝ բավականին ռիսկային է»,- ասում է տնտեսագետը։
Ըստ նրա՝ այս պահին չկա ներկա կամ սպասվող այնպիսի գործոն, որը տնտեսությունից լրացուցիչ հարկային եկամուտներ կձեւավորի. «Իրավիճակային գործոններով է պայմանավորված, մենք չենք կարող ասել, թե մեկ ամիս հետո ինչ տեղի կունենա։ Սակայն, այս պահին չունենք կոնկրետ մի ոլորտ, որի հաշվին տարվա ընթացքում չնախատեսված կամ լրացուցիչ հարկեր կարող են հավաքագրվել»։
Ֆանյանը կարծում է, որ հարկերի բարձր նշաձող սահմանելով՝ կառավարությունը փորձում է բարձրացնել հարկեր/ՀՆԱ ցուցանիշը։ Սակայն, տնտեսագետը խորին համոզմունք ունի՝ հավանականությունն ավելի մեծ է, որ այս պլանը չի կատարվի և տարվա ընթացքում հարկային եկամուտների պլանը կճշգրտվի։
«Եվ տարվա վերջում միգուցե ասեն, որ, ըստ ճշտված պլանի, թերակատումը քիչ է եղել»,- նշում է Հայկազ Ֆանյանը։
Պահուստային ֆոնդը
Բյուջեի ծախսերի տարեկան տվյալները դեռևս չեն հրապարակվել։ Հետևաբար, հայտնի չէ, թե որքան է կազմել դեֆիցիտը։
Ֆինանսների նախարարը մի քանի առիթով շտապել է շեշտել, որ հարկերի թերհավաքագրման արդյունքում բյուջեի ծախսերի կատարման խնդիր չի ծագի։ Կա պահուստային ֆոնդ, որը նախատեսված է նման իրավիճակների համար։
«Չունենք որևէ ծախս, որը մնացել է չֆինանսավորված»,- 2024-ի տարեվերջին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Վահե Հովհաննիսյանը։
2025-ի բյուջեի ուղերձ-բացատրագրում նշվում է, որ 2024 թվականի պետական բյուջեն ներառում է ռիսկերի կառավարման մեխանիզմներ հարկային եկամուտների ավելի ցածր հավաքագրման համար. «Դրանց թվում է պետական բյուջեի ծախսերում ամրագրված 60․5 մլրդ դրամ չափով պահուստային ֆոնդը, որը հնարավորություն է տալիս կլանել ծրագրվածի համեմատ հարկային եկամուտների ավելի քիչ հավաքագրումները` առանց ճնշում գործադրելու ֆինանսավորման պահանջի վրա»:
Իսկ 2025 թվականի համար, ըստ նույն ուղերձ-բացատրագրի, մակրոտնտեսական ռիսկերի կառավարման նպատակով սահմանվել է 47.1 մլրդ դրամի պահուստային ֆոնդ։
«Եթե որևէ մեկը կարծում է, որ մենք հավակնոտ նպատակներ ենք դրել, ես համաձայն եմ այդ ձևակերպման հետ։ Եթե ինչ-որ մեկն ասում է, որ մենք անիրատեսական նպատակներ ենք դրել, ես համաձայն չեմ այդ ձևակերպման հետ։ Ես կարծում եմ, որ այն, ինչ մենք դրել ենք, իրատեսական է, բայց հնարավոր է նաև այլ տարբերակներ լինեն, որի համար ունենք պահուստային ֆոնդ և փորձելու ենք բոլոր ջանքերը ներդնել այդ սցենարը իրականացնելու համար»,- հայտարարում է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Գլխավոր լուսանկարում՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը
Լուսանկարը՝ ՊԵԿ-ի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել