HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրի և Ախուրյան համայնքներում մեկնարկել են մասնակցային բյուջետավորման ծրագրի աշխատանքները

Հունվար ամսից Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ախուրյան խոշորացված համայնքում պետք է մեկնարկեին Կառավարության կողմից ֆինանսավորվող մասնակցային բյուջետավորման երկրորդ ծրագրի աշխատանքները: Երկու համայնքում էլ, 2024թ․-ին իրականացված պիլոտային ծրագրերի ընթացքն ու արդյունքները Տարածքային նախարարությունում դրական էին գնահատվել, որն էլ հիմք էր հանդիսացել ընդգրկվելու գումարային առավել մեծ չափաբաժնով սուբսիդավորվող համայնքների ցանկում:

Ախուրյան խոշորացված համայնքի պաշտոնական կայքում արդեն իսկ տեղադրված է 2025թ․-ի մասնակցային բյուջետավորման վերաբերյալ տեղեկատվությունը: Համայնքի ղեկավարի որոշմամբ ստեղծվել է բյուջետավորման կառավարման հանձնաժողով, հաստատվել են վերջինիս իրավասությունները, գործընթացի իրականացման ընթացակարգերն ու չափանիշները, առաջարկ-նախագծերի ներկայացման հայտի ձևը, ինչպես նաև մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակացույցը:

Ախուրյանում մասնակցային բյուջետավորման աշխատանքների ընթացքը կազմակերպելու, վերահսկելու և ծրագրերի ընտրության նպատակով ձևավորվել է 12 հոգուց բաղկացած հանձնաժողով, որտեղ ընդգրկված են ներկայացուցիչներ ավագանու խմբակցություններից, համայնքապետարանի աշխատակազմից և քաղաքացիական հասարակությունից: Հանձնաժողովի նախագահ, համայնքի ղեկավարի օգնական Հասմիկ Նավոյանի փոխանցմամբ, իրենք արդեն սկսել են իրազեկման արշավները համայնքի կազմում ընդգրկված գյուղական բնակավայրերում, իսկ փետրվարի 2-ից կսպասեն ծրագրային առաջարկներին:

Թե որքան գումար է հատկացնելու Կառավարությունը Ախուրյանում սպասվող սուբսիդավորվող ծրագրերին՝ անհայտ է: Հասմիկ Նավոյանն ասում է, որ ավագանին հաստատել է համայնքից տրամադրվող գումարը՝ 10 մլն դրամը: «Մենք հույս ունենք, որ Կառավարության տրամադրած ֆինանսավորումն էլ հետը կկազմի 50 մլն դրամ և իրազեկման արշավների ժամանակ, երբ մարդիկ հետաքրքրվում են, թե ինչ գումարների մասին է խոսքը, հենց այդ թիվն ենք նշում: Գումարն ամեն դեպքում մեծ է, անցած տարի 3 մլն դրամ էր, մրցույթի հաղթողը Ազատանն էր, ու էնտեղ խաղահրապարակ սարքվեց: Հիմա հույս ունենք ստանալու այնպիսի առաջարկներ, որոնք, օրինակ՝ կմիավորեն մի քանի գյուղեր»:

Իսկ ահա Գյումրիում, մասնակցային բյուջետավորման գործընթացը դեռ սաղմնային փուլում է: Քաղաքը ղեկավարում է ժամանակավոր պաշտոնակատարը, իսկ ավագանին նիստեր չի գումարում: «Օրենքի պահանջն այնպիսին է, որ ավագանին պետք է որոշում կայացնի գումարի հատկացման վերաբերյալ: Մենք ստիպված ենք առաջին քայլը բաց թողնել: Հանձնաժողովի նախագահ նշանակվում է կամ համայնքի ղեկավարի տեղակալը, կամ աշխատակազմի քարտուղարը: Այս պահին նշված պաշտոնները թափուր են, թեպետ սպասվում է, որ առաջիկայում կունենանք աշխատակազմի քարտուղար ու ամենայն հավանականությամբ հենց նա էլ կղեկավարի աշխատանքները»,- ասում է համայնքապետարանի սուբվենցիոն և զարգացման ծրագրերի համակարգող Լենա Մխիթարյանը, ով անցած տարի հանձնաժողովում իրազեկման աշխատանքների պատասխանատուն էր:

Ժամկետների սղությունը և Գյումրիում ստեղծված ֆորսմաժորային իրավիճակը կարգավորելու նպատակով հանձնաժողովից դիմել են Տարածքային նախարարությանը՝ որոշակի փոփոխություններ ընթացակարգի մեջ մտցնելու և թույլատրելու բավարարվել միայն համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի որոշմամբ՝ բաց թողնելով ավագանու կողմից որոշման հաստատումը: 20 օր իրազեկման արշավի և 25 օր մրցութային փուլն անցած ծրագրերի քվեարկության համար, ինչպես նաև հանձնաժողովի կողմից ծրագրերի ընտրության և արդյունքների ամփոփման փուլ է նախատեսում ծրագիրը:

Ըստ ժամանակացույցի՝ հունվարին պետք է ավարտված լինեին իրազեկման արշավները, իսկ փետրվարից սկսվեր գաղափարների հավաքագրումը, սակայն ներկա պահին Գյումրու համայնքապետարանում դեռ զբաղված են հանձնաժողովի ձևավորմամբ: Մասնակցային բյուջետավորման ծրագրի խիստ սեղմ ժամկետները, Գյումրու պարագայում, ամենայն հավանականությամբ կհանգեցնեն գործընթացների հետաձգման: 

«Անցած տարի, մենք ունեինք տեղեկություն, որ Կառավարությունը Գյումրուն հատկացնելու է 49 մլն դրամ, համայնքն իր հերթին հատկացնելու է 10 մլն դրամ: Անցած տարի, մեզ հասած տեղեկության համաձայն, որոշում կար 1 մլրդ դրամը բաշխել 18 համայնքի միջև, սակայն հնարավոր է, որ որոշումը փոխվի և ծրագրին մասնակցած 21 համայնքն էլ ընդգրկվեն ու այդ պարագայում բաշխվող գումարը նվազելու է,- բացատրում է Լենա Մխիթարյանը,- այս պահին, ինչպես մյուս համայնքները, մենք ևս հստակ թիվ չունենք: Չնայած առկա խնդիրներին՝  գործընթացը սկսել ենք, ավագանու խմբակցություններին ուղարկել ենք գրավոր ծանուցում, որ թեկնածուներ առաջադրեն: Մենք մարտի 1-ին պիտի արդեն ունենանք հաղթած ծրագիր, սակայն դեռ իրազեկումն էլ չենք սկսել: Կարծում եմ, որ Գյումրու համար ժամկետները կփոփոխվեն՝ կապված ներկա ոչ ստանդարտ վիճակի հետ»:

Ինչ վերաբերում է քվեարկության կարգին, ապա այն խստացվել է և առանց անձի տվյալների ստուգման ու համադրման, ինչպես նաև հեռախոսահամարին ստացվող անհատական կոդի, հնարավոր չի լինի քվեարկել: Նման կարգ մշակվել է նախորդ ծրագրերի քվեարկությունների ընթացքում արձանագրված թերությունները հաշվի առնելով: «Հետք»-ն անդրադարձել էր այս խնդրին Ազատանի խաղահրապարակի կառուցման մասին պատմող հոդվածում:   

Գլխավոր լուսանկարը՝ Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter