
Ինչպես է Արսեն Թորոսյանը մանիպուլացնում հանրային տրանսպորտի թանկացման թեման
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանն այսօր մի տեսանյութ է տարածել, որտեղ արհեստական բանականությանը հարցնում է՝ եթե Երևանի 2 ամսվա տրանսպորտի փաթեթի գինը 9000 դրամ է, ապա միայն աշխատանքային օրերին 2 անգամ տրանսպորտից օգտվող քաղաքացու համար մեկ ուղևորափոխադրման գինը ինչքան կկազմի։
Արհեստական բանականության հաշվարկով՝ ամսվա մեջ կա մոտ 22 աշխատանքային օր, երկու ամսվա դեպքում՝ 44 օր, ըստ այդմ՝ եթե քաղաքացին օրական երկու անգամ է օգտվում տրանսպորտից, 2 ամսվա դեպքում կատարում է 88 ուղևորություն։
Եթե 9000-ը բաժանենք 88-ի, մեկ ուղևորության համար գինը կկազմի 102,27 դրամ։
Ըստ էության, Թորոսյանը ընտրել է միայն աշխատանքային օրերին 2 անգամ տրանսպորտից օգտվելու սխեման՝ ցույց տալու համար, թե որքան կկազմի մեկ ամսվա փաթեթի մեկ ուղևորության ամենաթանկ գինը։
Բայց իրականում նման հաշվարկները մանիպուլացնող են, քանի որ չկա որևէ ուսումնասիրություն, որը ցույց կտա, թե քաղաքացիների քանի տոկոսն է, օրինակ, օրական 2 անգամ օգտվում տրանսպորտից, կամ քանի տոկոսն է օգտվում միայն աշխատանքային օրերին։ Մյուս կողմից՝ 9000 դրամ արժեցող փաթեթը նախատեսված է անսահմանափակ ուղևորությունների համար և որ ամենակարևորն է՝ դրա ժամկետը 30 օր է, փաթեթն այդպես էլ կոչվում է՝ «30 օր»:
Պարզապես, ինչպես երեկ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ավագանին նախատեսում է լրացումներ կատարել իր որոշման մեջ, ըստ որի՝ այն անձինք, ովքեր այս տարվա հունվարի 1-ից փետրվարի 28-ը ներառյալ ձեռք կբերեն «30 օր», «90 օր» կամ «365 օր» տրանսպորտային փաթեթները, հնարավորություն կստանան ուղևորությունները կատարել մեկ ամիս ավել ժամկետով։ Այսինքն, եթե մինչև փետրվարի 28-ը ձեռք բերեք, օրինակ, «30 օր» փաթեթը, կարող եք ուղևորություններ կատարել փաթեթի ակտիվացման պահից 60 օրվա ընթացքում, «90 օր» փաթեթը կարող եք օգտագործել 120 օրվա ընթացքում, իսկ «365 օր» փաթեթը՝ 395 օրում։
Հենց «30 օր» փաթեթի գործողության ժամկետը 60 օր դարձնելու հիման վրա է Արսեն Թորոսյանն այնպիսի հարց գրում, որ արհեստական բանակությունը պարզ մաթեմատիկական հաշվարկ անի ու 9000 դրամը բաժանի ոչ թե 1 ամսվա ընթացքում եղած 22 աշխատանքային օրերի ու 44 ուղևորությունների վրա, այլ 2 ամսվա ընթացքում գոյություն ունեցող 44 աշխատանքային օրերի և 88 ուղևորությունների վրա: Իրականում ձեռքով հաշվելու դժվարություն ունենալու դեպքում Թորոսյանը կարող էր պարզապես դիմել հաշվիչի օգնությանը, բայց դիմել է արհեստական բանականությանը՝ ըստ էության, իր գրածին կշիռ տալու համար:
Եթե Թորոսյանը չէր ցանկանում մանիպուլացնել հանրությանը, ապա պետք է նշեր, որ ի սկզբանե 30 օրվա համար նախատեսված ու 9000 դրամ արժեցող փաթեթը կարելի է օգտագործել 2 ամսվա ընթացքում միայն այն դեպքում, եթե այդ փաթեթը ձեռք բերեք 2025 թ. հունվար և փետրվար ամիսներին։ Այսինքն՝ եթե դուք մարտի 1-ից ձեռք բերեք «30 օր» փաթեթը, որն արժե 9000 դրամ, ապա դրանից կկարողանաք օգտվել հենց 30 և ոչ թե 60 օր, իսկ ապրիլին պետք է վճարեք 9000 դրամ՝ կրկին «30 օր» փաթեթ ձեռք բերելու համար։ Այս դեպքում ստացվում է, որ փաթեթը կարող եք կիրառել միայն 22 աշխատանքային օրվա ընթացքում, և յուրաքանչյուր ուղևորությունը կարժենա ոչ թե 102,27, այլ 204,54 դրամ:
Իշխանության ներկայացուցիչների կողմից նման քարոզչական քայլերը, հավանաբար, արվում են նաև նրա համար, որպեսզի քաղաքացիները արագ ձեռք բերեն տրանսպորտային փաթեթներ, ու քաղաքապետարանը կարողանա որոշակի վիճակագրություն ապահովել։
Ավելին՝ քիչ առաջ քաղաքապետարանը «առաջ է անցել» Թորոսյանից ու 9000 դրամ արժեցող փաթեթի համար իր հաշվարկն է արել: Քաղաքապետարանը պարզապես 9000 դրամը բաժանել է 1 ամսվա ընթացքում 60, 50 և 40 ուղևորությունների վրա, ինչը նույնն է, եթե 2 ամսվա համար բաժանես 120, 100 և 80 ուղևորությունների վրա:
Այդուհանդերձ, ի տարբերություն Թորոսյանի, քաղաքապետարանը նշել է, որ այս տարբերակը կիրառելի է փաթեթեներն ընթացիկ ձմեռվա ընթացքում ձեռք բերելու դեպքում:
Այսպիսով՝ գործող իշխանության ներկայացուցիչ Արսեն Թորոսյանը մոլորեցնում է հասարակությանը՝ չնշելով, որ 60 օրվա գործողությամբ և 9000 դրամ արժեքով փաթեթը ժամանակավոր տարբերակ է (գուցեև մտածված հնարք-խայծ) ու կարելի է ձեռք բերել միայն մինչև փետրվարի 28-ը ներառյալ, իսկ դրանից հետո ձեռք բերելու դեպքում 9000 դրամով հնարավոր կլինի երթևեկել 30 օր և ոչ ավելի:
Եթե փետրվարի 28-ից հետո ձեռք բերեք «30 օր» տրանսպորտային փաթեթը, 22 աշխատանքային օրվա ընթացքում օրական 2 անգամ տրանսպորտից օգտվելու դեպքում ձեր մեկ ուղևորությանը գինը կկազմի ոչ թե 102,27, այլ 204,54 դրամ։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել