
«Մեծամորի» ԲԿ-ում ֆինանսական խնդիրները կլուծվեն ծառայությունների կրճատմամբ
«Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն ֆինանսական խնդիրների առաջ է կանգնած։
2024 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ կառույցն ուներ մոտ 80 մլն դրամ պարտավորություն, նոյեմբերի 26-ին Կառավարությունը դրամաշնորհ է տրամադրել՝ մոտ 75 մլն դրամ։ 2025 թվականի հունվարի մեկի դրությամբ պարտավորությունը կազմել է մոտ 7․5 մլն դրամ, որից մոտ 5․6 մլն դրամը՝ Արհմիութենական անդամավճարի գումար։
Ըստ Արմավիրի մարզպետի աշխատակազմի՝ ֆինանսական պարտավորությունները սկսել են գոյանալ 2014 թ․-ից։ Սակայն այս իրավիճակը պայմանավորված է նաև վերջին շրջանի մի շարք այլ իրադարձություններով։ Օրինակ՝ 2021 թվականին Առողջապահության նախարարության կողմից վերակենդանացման ծառայության և գինեկոլոգիական վիրահատությունների պետական պատվերը կասեցվել է, ինչը հանգեցրել է բժշկական կենտրոնի՝ ամսական մոտ 2 մլն դրամի եկամտի կրճատման։
Իսկ 2024 թվականի հունվարից դադարեցվել է վարակիչ հիվանդությունների «մանկական» բժշկական օգնության գործունեությունը, որը բժշկական կենտրոնին բերել է մոտ 20 մլն դրամի վնաս։
Կենտրոնում տեխնիկական վերազինում տեղի չի ունեցել բացման օրվանից ի վեր։ 1984 թվականի արտադրության միակ ռենտգեն սարքը հնարավոր չէ վերանորոգել։ Աշխատավարձների վերանայում, մաշված դուռ-պատուհաններ և մի շարք այլ խնդիրներ է առաջ քաշում Արմավիրի մարզպետի աշխատակազմը։
Բժշկական կենտրոնն ունի 169 աշխատակից, որոնցից 44-ը՝ բարձր որակավորում ունեցող բժիշկ է։ Ըստ մարզպետի աշխատակազմի՝ կառույցը բազմիցս ապացուցել է իր անհրաժեշտությունը և մրցունակությունը։ Կենտրոնի թերապևտիկ, մանկական և ինֆեկցիոն բաժանմունքները աշխատում են լիարժեք ծանրաբեռնվածությամբ և շահույթով։
Այսօրվա որոշմամբ Կառավարությունը նախատեսում է դադարեցնել ոչ շահութաբեր ծառայությունները և համապատասխանեցնել ընկերության կառուցվածքը ներկայիս զբաղվածությանը, որպեսզի լրացուցիչ ծախսեր չառաջանան։
Մարզպետարանի աշխատակազմն ակնկալում է, որ «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բնականոն գործունեությունը կկայունանա։
Կարդացեք նաև՝
- Մեծամորի հիվանդանոցում սպառած էլեկտրաէներգիայի համար վճարում են բուժաշխատողները
- Մեծամորի բժշկական կենտրոնից շարժական ռենտգեն սարքն այսօր տեղափոխվել է «Էջմիածին» ԲԿ
- Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններն էլեկտրաէներգիայի պարտքի համար հայտնվել են դատարանում
Լուսանկարը՝ «Հետք»-ի արխիվից
Մեկնաբանել