
Մեծամորի բժշկական կենտրոնից շարժական ռենտգեն սարքն այսօր տեղափոխվել է «Էջմիածին» ԲԿ
Մեծամորի բժշկական կենտրոնից շարժական ռենտգեն սարքն այսօր տեղափոխվել է «Էջմիածին» ԲԿ։ Նման որոշում Արմավիրի մարզպետարանը կայացրել է «Հետք»-ի երեկվա հրապարակումից հետո: Հիշեցնենք, որ հոդված էինք հրապարակել նշելով, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակման էպիկենտրոնը դարձած Էջմիածնի պոլիկլինիկայում մոտ 15 օր է չի աշխատում թոքերի նկարման ռենտգեն սարքը: Մինչդեռ սարքն այս պահին ավելի քան անհրաժեշտ է՝ թոքերում կասկածելի օջախները հայտնաբերելու և դրա հիման վրա հիվանդներին մասնագիտացված հիվանդանոց ուղեգրելու համար:
Պոլիկլինիկայի թերապևտ թոքաբան Ալվարդ Սամսոնյանը փաստել էր, որ մասնագետներին մեկուսացնելու պատճառով չի սպասարկվել նաև Վաղարշապատի հիվանդանոցի ռենտգեն սարքը:
Միակ գործող ռենտգեն սարքը մնացել է «Մաստեր Ֆարմ» մասնավոր բժշկական կենտրոնի ռենտգեն սարքը, սակայն, այս ԲԿ-ն շաբաթ օրերին ռենտգեն հետազոտություն իրականացրել է մինչև ժամը 14-ը: Երեկ էլ հայտարարել էին, որ կիրակի չեն աշխատում: Սակայն, մեր հրապարակումից հետո այսօր հերթապահություն է սահմանվել նաև «Մաստեր Ֆարմ»-ում: Այդ մասին ընկերությունը հայտարարություն է տարածել:
Նկատեցինք, որ հատկապես ռենտգեն կաբինետի մոտ այսօր հերթ էր գոյացել: Քաղաքացիները անհանգիստ էին և րոպե առաջ ցանկանում էին հավաստիանալ, որ կորոնավիրուսի ախտանշաններ չունեն:
«Ամբողջ գիշեր չեմ քնել վախից: Հազում էի, ինձ թվում էր վարակվել եմ, եկել եմ ստուգվեմ, տեսնեմ ինչ կասեն»,-ասւմ էր Էջմիածնի բնակիչներից Ա. Մկրտչյանը: Նրա անհանգստությունը երեխաներն էին, վատառողջ ամուսինը, որ նրանց չվարակի:
Նշել էինք, որ պոլիկլինիկաները ոչ աշխատանքային օրերին հերթապահություն են իրականացրել մինչև ժամը 16-ը: Երեկ ականատես եղանք, որ այդ ժամի դրությամբ Էջմիածնի պոլիկլինիկայում իրենց հերթին էին սպասում 10-ից ավելի մարդ: Ակնհայտ էր, որ մինչև ժամը 14-ը իրատեսական չէր բնակչությանը սպասարկելու համար:
Այսօր տեղեկացանք, որ Արմավիրի մարզպետի հանձնարարությամբ հանգստյան օրերին մարզային ենթակայության պոլիկլինիկաները կաշխատեն մինչև երեկոյան ժամը 19:00-ն:
Մարզպետարանում որոշել են, որ ըստ անհրաժեշտության՝ Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոնների շտապօգնության բրիգադները կսպասարկեն նաև Վաղարշապատի հիվանդանոցի կանչերը: Անհրաժեշտության դեպքում Մեծամորի բժշկական կենտրոնը բուժօգնություն կցուցաբերի նաև Էջմիածնի բնակիչներին:
Մեկնաբանել