HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնի պոլիկլինիկայում թոքերի ռենտգեն սարքը 15 օրից ավելի է չի աշխատում

Հայաստանում կորոնավիրուսով վարակման էպիկենտրոնը դարձած Էջմիածնի պոլիկլինիկայում մոտ 15 օր է չի աշխատում թոքերի նկարման ռենտգեն սարքը: Մինչդեռ սարքն այս պահին ավելի քան անհրաժեշտ է՝ թոքերում կասկածելի օջախները հայտնաբերելու և դրա հիման վրա մասնագիտացված հիվանդանոց ուղեգրելու համար:

Թվում էր, թե Էջմիածնում բժշկական հաստատություններն այս օրերին պետք է ավելի կազմակերպված աշխատեին, սակայն պարզվում է, վիճակը սովորական օրերից ավելի վատ է:

«Քաղաքում ընդամենը 3 ռենտգեն ապարատ ունենք: Մերը չի աշխատում, սարքը վնասված է արդեն 15 օրից ավելի: Հիվանդանոցի ռենտգեն բժշկուհին և տեխնիկը մեկուսացված են, Ծաղկաձորում են: Երևի գիտեք, իրենք են առաջին հիվանդին ռենտգեն արել, դա էլ դուրս եկավ: Մնացել է «Մաստեր Ֆարմը»»,-ասում է «Էջմիածին» բժշկական կենտրոնի թերապևտ թոքաբան Ալվարդ Սամսոնյանը:

Այսօր շրջայց ենք կատարել «Էջմիածին» բժշկական կենտրոնում, կամ, որ նույնն է՝ պոլիկլինիկայում, եղել ենք նաև հիվանդանոցում: Պոլիկլինիկայում հերթապահում էր ընդամենը մեկ թերապևտ թոքաբան՝ Ալվարդ Սամսոնյանը և մանկական բժիշկը: Մյուս կաբինետների դռները փակ էին: Փակ էր նաև տնօրենի աշխատասենյակի դուռը:

«Մարդ չկա, գնացեք երկուշաբթի կգաք»,- հորդորեց առաջին հարկում տեղակայված պահակակետի աշխատակիցը, ով տարիքով մեծ տղամարդ էր:

Այսօր հերթապահող թերապևտ թոքաբան Ալվարդ Սամսոնյանը նշեց, որ առողջապահության նախարարի հրամանով արդեն երկու ամիս է` հերթապահություն է սահմանված մինչև ժամը 16:00-ն: Սա բժշկուհու երկրորդ հերթապահությունն է, որը նախորդի հետ համեմատ ավելի ծանրաբեռնված է:

Մինչ բժշկուհին քաղաքացիներին հերթով ընդունում էր, հիվանդներից մեկը, ով չցանկացավ անունը հրապարակել, պատմեց, որ 40 րոպե սպասում է իր հերթին: Մինչ այդ հասցրել է միջանցքում ջերմությունը չափել: Պարզել է, որ ունի 37.8 ջերմություն: Հազում է, ունի թուլություն և անհանգիստ էր, որ հնարավոր է` ինքն էլ վարակված լինի կորոնավիրուսով:

Երիտասարդ տղամարդը ցանկանում էր թոքերը նկարել, որպեսզի վստահ լինի, սակայն, Էջմիածնում չի գտնվել ոչ մի բժշկական հաստատություն, որ ռենտգեն կաներ: Ժամը մոտ 16:00-ն էր: Քաղաքացին պատմեց, որ սկզբում եղել է հիվանդանոցում, այնտեղից ուղարկել են պոլիկլինիկա, իսկ պոլիկլինիկայից ուղարկել էին հարևանությամբ գտնվող մասնավոր բժշկական հաստատություն՝ «Մաստեր Ֆարմ», սակայն, այնտեղ էլ ասել են, որ շաբաթ օրերին ռենտգեն աշխատում է մինչև ժամը 14:00-ն, կիրակի չեն աշխատում, իսկ երկուշաբթի օրը պետք է հերթագրվել նոր մոտենալ:

«Մաստեր Ֆարմ» բժշկական կենտրոնից նույնը նաև մեզ փոխանցեցին:

«Խիստ ծանրաբեռնված աշխատում ենք, տեսնում եք, ժամը 10-ից մինչև հիմա (ժամը 16:00 էր,-հեղ.) այդքան հիվանդ կա: Իսկ անցած անգամ, որ հերթապահում էի, մեկ հոգի դիմող չի եղել: Դե բնական է, Էջմիածնի իրավիճակից ելնելով է, մարդիկ վախից գալիս են»,- ասում է Ալվարդ Սամսոնյանը:

Հերթապահության ժամն ավարտվել էր, սակայն միջանցքում դեռ մոտ մեկ տասնյակ հիվանդ կար սպասող: Բժշկուհի Սամսոնյանն ասաց, որ 35 հիվանդից ավել արդեն ընդունել է՝ գրիպոզ վիճակով, ջերմության գանգատներով:

«Բնակչությունը վախեցած է, որը երրորդ շարքի կոնտակտավոր է, անմիջականները արդեն մեկուսացված են, պոչային մասը դեռ գալիս է: Այս անգամ բնակիչները շատ ինքնակազմակերպված են, գալիս են ձեռնոցներով, դիմակներով, ամեն ինչը տեղը տեղին: Մի հատ փռշտացել են, հազացել, կոկորդը ցավացել է, անմիջապես այստեղ են եկել»,- նշում է Ա. Սամսոնյանը:

«Էջմիածին» բժշկական կենտրոնի տնօրենից չկարողացանք պարզաբանում ստանալ, քանի որ այսօր նրա համար ոչ աշխատանքային օր էր:

«Վաղարշապատի հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրեն Գոռ Ասատրյանը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց, որ հիվանդանոցի երեք բուժաշխատող կարանտինի մեջ է: Ասաց, որ հիվանդանոցում ամեն ինչ ընթանում է պլանավորածի նման: 

Ըստ Գոռ Ասատրյանի, «Վաղարշապատի հիվանդանոց»-ը հայտնաբերել է միայն էջմիածինցի կնոջ դեպքը, որն առաջինն է եղել քաղաքում: Դրանից հետո կապ են հաստատել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի և ինֆեկցիոն հիվանդանոցի հետ:

«Մենք ոչ թե ախտորոշել ենք կորոնավիրուսը, այլ հայտնաբերել ենք կասկածելի դեպք և տեղափոխել ենք ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է հիվանդությունը»,- հավելեց հիվանդանոցի տնօրենը:

Գոռ Ասատրյանն ամեն կերպ խուսափում էր հայտնել, թե միջինում օրական քանի քաղաքացի է դիմում: Նա նաև խուսափում էր պատասխանել հարցին, թե ինչ ռեժիմով է աշխատում հիվանդանոցը, երբ ոչ աշխատանքային օրերին պոլիկլինիկայում ընդամենը մեծահասակների համար մեկ հերթապահ բժիշկ է աշխատում և առանց գործիքային ստուգումների:

Գոռ Ասատրյանն նշեց, թե չի կարող համաձայնել մեզ հետ, քանի, որ ինքը դրանից տեղյակ չէ: Երբ առաջարկեցինք միասին գնալ և տեղում տեսնել, նշեց. «Հիվանդանոցում ունենք հերթապահություն, հերթապահ թերապևտ, վիրաբույժ, ռեանիմատոլոգ, հերթապահ երեք շտապօգնության բրիգադ:  Միասին փոխհամագործակցության մեջ ենք: Եթե պոլիկլինիկայի բժշկուհին հետազոտությունների կարիք ունի հիվանդանոցը պատրաստ է»:

Հիվանդանոցի տնօրենը նշեց, որ պոլիկլինիկաների համար ոչ աշխատանքային ժամերին, հատուկ խմբերի քաղաքացիները, սուր իրավիճակներում քաղաքացիները կարող են հիվանդանոցներում անվճար սպասարկվել:

Գոռ Ասատրյանն անընդհատ ասում էր, որ եթե դիմենք պոլիկլինիկայի հերթապահ բժիշկին, ապա նա մեզ կասեր, որ ոչ աշխատանքային օրերին և հրատապ դեպքերում ռենտգեն հետազոտությունը կարող է կատարվել հիվանդանոցում: Փաստորեն հիվանդանոցի տնօրենը չգիտեր, որ պոլիկլինիկայում մոտ 15 օր ռենտգեն ապարատը չի աշխատում, ավելին՝ հենց նույն հերթապահ բժիշկն ասաց, որ բուժաշխատողների մեկուսացման պատճառով չի սպասարկվում նաև հիվանդանոցի ռենտգեն սարքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter