
Համակենտրոնացման ճամբարների քանոնահարը. Արա Սևանյան (Արշավիր Ֆերջուլյան) մաս 2
Վուստրաուի ճամբարի հայկական համույթը
Ֆրենթզելը, որ Արշավիրին որպես երաժիշտ առանձնացրեց ռազմագերիների միջից և ուրիշ հայ երաժիշտների հետ տեղափոխեց Վուստրաու, ճամբարի lagerführer-ն էր: Վուստրաուում քարոզչական աշխատանք էր տարվում ռազմագերիների հետ: Ընդհանուր ղեկավարը hauptsturmführer Շուլցն էր: Արշավիրին հանձնարարում են արևելյան նվագախումբ ձևավորել՝ ներգրավելով հայ երաժիշտ-գերիներին:
-Բայց իմ գործիքից Դուք չունեք:
- Վնաս չունի, կճարենք: Ի՞նչ խորհուրդ կտաս, որտեղից գնենք:
-Փարիզից,-ասում է Արշավիրը՝ նկատի ունենալով, որ Ֆրանսիայում հայեր շատ կան և հաստատ կիմանան որտեղ է վաճառվում:
Փարիզից գնված քանոնը տալիս են ձեռքը: Համույթ է կազմում:
Համույթի հետ աշխատելը նորություն չէր Արշավիրի համար: 12-13 տարեկան տղա էր, որ գտան նրան և տարան Հայաստանի Ռադիոյում հիմնադրված «Արևելյան անսամբլ»: Սա ռադիոյի առաջին համույթն էր, ղեկավարում էր Կոնսերվատորիայի երիտասարդ ուսանող Արամ Մերանգուլյանը: 40 տարի նա գլխավորեց անսամբլը, իսկ մահից հետո էլ այն անվանակոչվեց իր անունով: Ցավոք համույթի առաջին կազմի ձայնագրությունները չկան: Երաժիշտները ռադիոյով ելույթ էին ունենում ուղիղ հեռարձակմամբ:
Անվանափոխություն հանուն փրկության
Վուստրաուում Արշավիրը ռազմագերու կարգավիճակ ուներ: Բայց դարձավ Բեռլին Ostministerium-ի` Արևելյան զավթված տարածքների նախարարության հովանու տակ գործող կազմակերպության աշխատող: Նրան կահավորված բնակարան տվեցին` արևելյան գորգերով զարդարուն, ամեն հարմարություն փորձեր անելու համար, նույնիսկ աշխատավարձ դուրս գրեցին և տվեցին տեղաշարժվելու մեծ ազատություն: Նրան իրավունք վերապահվեց հանդիպելու իր հայրենակից գերիների հետ, նրանց հետ զբոսանքի գնալու, խնջույք կազմակերպելու մոտակա լճակի ափին: Հենց այս հանդիպումների ժամանակ էլ տղաները որոշեցին իրենց խորհրդային անձնագրերի անուններից հրաժարվել՝ ՆԿՎԴ-ի (ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ, Народный комиссариат внутренних дел СССР) լրտեսական ցանցից հնարավորինս պոկվելու համար: Ֆերջուլյանը հիշում է, որ պարուսույց Վազգեն Կարապետյանը վերցրեց Աշոտ Արզան անունը, մեկ ուրիշ պարող դարձավ Ժորա Մակարյան: Իսկ իր՝ Արշավիր Ֆերջուլյանի համար ընտրեցին Արա Սևանյան անունը՝ Արարատից վերցնելով մի կտոր և Սևանն ամբողջությամբ: Պատերազմից հետո Իրանի հյուպատոսության միջոցով նրանք նոր փաստաթղթեր ստացան և ավելի ապահով զգացին իրենց: Այնպես որ, այստեղ՝ Գերմանիայում, մոռացության մատնվեց Արշավիր Ֆերջուլյան անունը՝ ծնունդ տալով Արա Սևանյանին: Շարունակելով պատմել այս հետաքրքիր ճակատագրով քանոնահար-կոմպոզիտորի մասին, այսուհետև կնշենք հենց այս նոր անունը: Արա Սևանյանը հիշում էր, որ թեև նոր անունով և ծննդյան տվյալներով, այնուամենայնիվ սովետական հետախուզությանը հաջողվում էր գտնել հայ երաժիշտների, ձերբակալել և աքսորել Սիբիր: Տարիներ անց, ՆԿՎԴ-ն նույնիսկ իր ետևից հասավ Ամերիկա: Սակայն, Հետաքննությունների դաշնային բյուրոն չեզոքացրեց նրանց և ապահովեց Սևանյանի անվտանգությունը: Այստեղ՝ Վուստրաուում գրեց իր «Բողոք»-ը՝ քանոնի համար:
Քեմփինսկի պանդոկ. Հանդիպում Կոմսի հետ
«Հայրդ հերոս էր»,- ասաց Կոմսը Բեռլինի Քեմպինսկի ռեստորանում: Վրթանես Փափազյանի բժիշկ եղբայրը՝ Վահանը, որին Կոմս էին անվանում, Բեռլինի Հայոց Ազգային կոմիտեից էր: Հայ ռազմագերիների ցուցակների մեջ կարդացել էր Ֆերջուլյան ազգանունը և շտապել հանդիպման Հայրենիքի ինքնապաշտպանական մարտերի զինակից իր լավ ընկերոջ՝ Օհաննեսի որդու հետ: Որտեղից որտեղ: Զրույցի ընթացքում Արային թվացել էր, թե Կոմսը կուզենար իրեն տեսնել դաշնակցության շարքերում: «Պարոն Փափազյան, ես երաժիշտ եմ և չեմ կարող պատկանել որևէ կազմակերպության կամ կուսակցության: Երաժշտությունը բոլորի համար է...»: Նրանք բաժանվեցին՝ հստակ որոշումով. այդ դաժան ժամանակներում շարունակել փրկել հայերին և հայկականը: Կոմսը՝ ռազմագերիներին, Արան՝ հայկական երաժշտությունը:
Արան ասում էր, որ բարձր երաժշտության մեջ ազգային տարրը միշտ առկա է լինում: Վերդի ես լսում և այն իր ակունքում իտալական է, Բեթհովենը՝ գերմանական: Խաչատրյանը ամբողջ կյանքում ապրել է Ռուսաստանում, բայց նրա երաժշտությունը ռուսականի հետ որևէ աղերս չունի: Խաչատրյանը հայկական է և անխառն ժամանակի քաղաքական հովերից:
Ամուսնություն պատերազմի ժամանակ
Հընթացս պատերազմի Սևանյանի նվագախումը տեղափոխվում էր այլ քաղաքներ: Երբ Բեռլինը վտանգվեց, նրանց տարան Ռոթվայլի կողմերը: Այստեղ ծանոթացավ իր ապագա 1-ին կնոջ հետ: Գերմանացիները Շվարցվալդի գործարաններից մեկում որպես աշխատուժ օգտագործում էին զավթած տարածքներից տեղափոխված անձանց: Նինան իր մոր հետ ևս այստեղ էր: Սևահեր գեղեցիկ ռուս կին էր, որն աչք չէր կտրում Արայից: Հակասական զգացումներ էին՝ սեր պատերազմի ժամանակ, երբ չգիտես վաղը ինչ կպատահի: Արան իր և Նինայի հարաբերությունների ընթացքը թողեց մի տարօրինակ պատահականության քմահաճույքին: Մի օր թրև էր գալիս կամուրջի տակ, երբ լսեց իրեն կանչող Նինայի ձայնը՝ բռնի՛ր: Կամուրջից Նինան հետևում էր Արային, ձեռքին՝ վայրի ծաղիկներ: Մինչ Նինան կնետեր ծաղիկները, Արան արագ որոշեց՝ եթե բռնեմ, կամուսնանամ հետ: Եվ բռնեց: Շուտով ծվեց նրանց որդին՝ Ալիշանը՝ Ալեքսը, ինչպես սովորաբար կոչում էին նրան:
Դեպի Մյունխեն, ապա՝ Շտուտգարդ
Պատերազմի ելքն արդեն կանխորոշված էր: Հիտլերյան Գերմանիան ջախջախվում էր: Ostministerium-ի հայկական կապերի շնորհիվ Սևանյանի նվագախումբը տեղափոխեց Մյունխեն: Մյուս ճամբարներից տեղափոխված շատ հայ գերիները ևս հավաքվեցին այստեղ: Իսկ հետո անցան Շտուտգարդի Ֆունկերկազերնեի հայկական համայնք-ճամբար: Պատկերացրեք, հայերն այստեղ հիմնել էին հայկական դպրոց, տպարան, Արա Սևանյանի պարուսույց ընկերը՝ նոր անունով Ժորա Մակարյանը, ղեկավարում էր Ֆունկերկազերնեի երգի և պարի համույթը, կար թատերախումբ, սկաուտական խումբ, այդ թվում և Արենուշ աղջիկների խումբ, ֆուտբոլի թիմ: Հայերը Շտուտգարդի Ֆունկերկազերնեի ճամբարում մեծ տոնախմբությամբ նշում էին Մայիս 28-ը: Արա Սևանյանը այստեղ ոչ միայն շարունակեց ղեկավարել իր համույթը, այլև մտավ Շտուտգարդի կոնսերվատորիա և կոմպոզիցիայի դասեր առավ գերմանացի պրոֆեսոր Գեորգ ֆոն Ալբրեխտի դասարանում:
Ո՞ւր գնալ՝ Սիբի՞ր
Պատերազմը ավարտվեց: Գերմանիան բաժանվեց վերահսկողության գոտիների: Արա Սևանյանը պատմում է, որ հատկապես ֆրանսիացիները փնտրում էին սովետական գերիներին՝ ստալինյան ռեժիմին հանձնելու համար: Ամերիկյան վերահսկողության գոտին ամենից ապահովն էր: Իր նախընտրությունն անշուշտ Հայաստանը էր, բայց գիտեր, որ վերադարձի ճանապարհն անցնելու էր իր հայրենիքի կողքով, իսկ վերջնակետը լինելու էր Սիբիրը: Արային նոր դժվարություններ էին սպասվում: Ամերիկացիները ոչ մի կերպ չէին կարողանում նույնականացնել Արա Սևանյանին Արշավիր Ֆերջուլյանի հետ: Ամերիկյան զինծառայող մի հայ կին դասավորում է բոլոր թղթերը, և Արան, կինը, որդին և կնոջ մայրը շուտով բարձրանում են դեպի Նյու Յորք ճանապարհվող նավը: Կյանքի ամբողջ ընթացքում Արային մշտապես հանդիպել են հոգատար մարդիկ: Սկսած Երևանում երաժշտության իր ուսուցիչներից մինչև Արամ Խաչատրյան, Մարիուպոլում հրեշտակի պես այն հայ աղջկանից մինչև համակենտրոնացման ճամբարներում հանդիպած հայ ծառայողները: Նրանք օգնել են հաղթահարելու բազմում դժվարություններ, անցնել կյանքի ու մահվան սահմանագիծը: Այս զինվորական հայուհին, որ համագործակցում էր Ջորջ Մարտիկյանի հիմնադրած ԱՆՉԱ (American National Committee for Homeless Armenians, ANCHA) կազմակերպության հետ, գլուխ բերեց Արա Սևանյանի վերջին դեգերումը՝ հին աշխարհից նոր աշխարհ:
«Օմար Խայամ»-ի Ջորջը
Բաբերդցի Գևորգ Մարտիկյանը, որի աչքի առջև թուրքերը ողջ-ողջ այրել էին մորական ընտանիքի անդամներին, աշխատել էր «Մերձավոր Արևելքի օգնության» կազմակերպությունում, Սան Ֆրանցիսկոյի «Օմար Խայամ» ռեստորանի հիմնադիրն էր, ընտիր խոհարար, որ հայկական խոհանոցի համերն ու բույրերը Ամերիկյան մայրցամաքում տարածելով՝ 1942-ից նշանակվել է Միացյալ Նահանգների բանակի սննդի գծով տնօրեն։
1945-ից նա «Հայրենազուրկ հայերի օգնության ամերիկյան ազգային կոմիտեի»՝ ANCHA-ի համահիմնադիրն էր: Մի կազմակերպություն, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին եվրոպական պատերազմական թատերաբեմից ավելի քան 5000 հայ ռազմագերի փոխադրեց ԱՄՆ՝ փրկելով նրանց կյանքը հնարավոր բռնաճնշումներից: 1953 թվականին նախագահ Հարի Ս. Թրումանը նրան պարգևատրեց Ազատության մեդալով: Ահա այս նույն Ջորջը ամեն բան արեց, որ Սևանյանը ընտանիքով հասնի օվկիանոսից այն կողմ:
Գլխավոր լուսանկարում՝ Շտուտգարդի ճամբարի հայկական համույթը Արա Սևանյանի ղեկավարությամբ: Լուսանկարը տրամադրել է Ֆրեզնոյի Հայկական թանգարանը:
2-րդ լուսանկարում՝ ձախից՝ Ա. Խաչատրյան, Քերոբ Առաքելյան, Արա Սևանյան, 1972 ԱՄՆ: Լուսանկարը տրամադրել է Ա. Խաչատրյանի տուն թանգարանը:
Մեկնաբանել