HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաշխատի՞ վարչական դատարանի էլեկտրոնային համակարգը, թե՞ կարժանանա սնանկության էլեկտրոնային համակարգի ճակատագրին

Վարչական դատարանի էլեկտրոնային մոդուլի ստեղծման համար Արդարադատության նախարարությունը 2023թ. հունիսի 22-ին պայմանագիր է կնքել «Հարմոնիա տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամի» հետ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը 240 մլն դրամ է։

Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 7 ընկերություն՝ «Հարմոնիա տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամը», «Սիներջի ինթրնեշնըլ սիսթեմսի» հայաստանյան մասնաճյուղը, «Դանիամ» ՍՊԸ-ն, «Քոդեքս» ՓԲԸ-ն, «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ՍՊԸ-ն, «Վի իքս սոֆթ» ՍՊԸ-ն և «Բյուրո վերիտաս» ընկերության Դուբայի մասնաճյուղը։ 

Արդարադատության նախարարությունն անցկացրել է երկփուլ մրցույթ, այսինքն՝ մրցույթի արդյունքում պետք է հաղթեր ոչ թե ամենացածր գին առաջարկած մասնակիցը, այլ երեք տարբեր բաղադրիչների (մասնագիտական փորձ, աշխատանքային ռեսուրսներ, ֆինանսական միջոցներ) հանրագումարով ամենաբարձր միավոր ստացածը։

Մրցույթը կազմակերպած հանձնաժողովը 2023թ. մայիսի 29-ի նիստում գնահատել է մասնակցության հայտ ներկայացրած ընկերություններին՝ բացի «Քոդեքս» ՓԲԸ-ի և «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ՍՊԸ-ի, քանի որ նրանց ներկայացրած հայտերը գնահատվել էին անբավարար։ 

Ամենաբարձր միավորը ստացել է «Հարմոնիան»՝ 100 միավոր (առավելագույն 100-ից), ապա «Վի իքս սոֆթ» ՍՊԸ-ն՝ 87.07, «Սիներջի ինթրնեշնըլ սիսթեմսի» հայաստանյան մասնաճյուղը` 74.64, «Դանիամ» ՍՊԸ-ն` 66.37 և «Բյուրո վերիտաս» ընկերության Դուբայի մասնաճյուղը՝ 64.25։

Ամենացածր գնառաջարկը ներկայացրել էին «Քոդեքս» և «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ընկերությունները՝ համապատասխանաբար 52 և 75 մլն դրամ (առանց ԱԱՀ)։ 240 մլն դրամ գնառաջարկ ներկայացրած «Հարմոնիան», որը նաև ամենաբարձր միավորն է ստացել հանձնաժողովից, ընտրվել է հաղթող և նրա հետ կնքվել է պայմանագիր։

Արդարադատության նախարարությունից տեղեկացրին, որ «Հարմոնիան» ավարտել է պայմանագրի առաջին և երկրորդ փուլերով նախատեսված աշխատանքները։ Ներկայումս ընթանում է երրորդ փուլով նախատեսված աշխատանքների կատարումը։ Այդ փուլով նախատեսվում է իրականացնել շահառուների՝ վարչական մասնագիտացմամբ դատարանների գրասենյակների աշխատակիցների և դատավորների, Վերաքննիչ վարչական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների, փաստաբանների, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների վերապատրաստումներ և համակարգի պիլոտային գործարկում։ Այս փուլը պետք է ավարտվի այսօր՝ փետրվարի 3-ին։

«Միաժամանակ, Պայմանագրի և Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի 2024թ. սեպտեմբերի 20-ի նիստում կայացված որոշման համաձայն՝ մրցույթով ներգրավված մասնագիտացված ընկերության կողմից իրականացվում են համակարգի ՏՏ թեստավորումներ։ Թեստավորումների արդյունքները կներկայացվեն Արդարադատության նախարարությանը մինչև 2025 թ. փետրվարի 3-ը, որից հետո, թեստավորումների դրական ելքի դեպքում, կընդունվեն պայմանագրի 3-րդ փուլի աշխատանքները և կմեկնարկի պայմանագրի 4-րդ՝ համակարգի գործարկման փուլը: Համակարգը նախատեսվում է գործարկել 2025 թ. գարնանը»,- մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Արդարադատության նախարարությունից։

Համակարգի ՏՏ թեստավորումն իրականացնելու համար նախարարությունը պայմանագիր է կնքել «Գովթեք» ՍՊԸ և «Վի իքս սոֆթ» ՍՊԸ կոնսորցիումի հետ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը 4 մլն 920 հազար դրամ է։

«Գովթեք» ՍՊԸ-ի սեփականատերը Լեոնիդ Ավետիսյանն է, Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (ԷԿԵՆԳ) ՓԲԸ-ի նախկին տնօրենը։ Նա նաև «Հարմոնիա» ընկերության տնօրեն Մուրադ Մուրադյանի ընկերն է։ Ավետիսյանի խոսքով՝ նրանք շատ ջերմ հարաբերություններ ունեն։ Այս մասին «Գովթեք» ՍՊԸ-ի սեփականատերը հայտնել է իր ցուցմունքներից մեկում։ Հիշեցնենք, որ 2024թ. փետրվարի 15-ին հայտնի դարձավ, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ։ Նրան և նախարարության յոթ աշխատակցի մեղադրում էին նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների համար։ Այս գործի շրջանակներում հարցաքննվել է նաև Լեոնիդ Ավետիսյանը։

Թեև Արդարադատության նախարարությունը և մասնավոր ընկերությունը որևէ խախտում չեն արձանագրել «Հարմոնիայի» կատարած աշխատանքում, սակայն համակարգը չունի սահուն փոխգործելիություն «CAST» համակարգի հետ։ Արդարադատության նախարարությունից նշում են, որ համակարգը հնացած է, և առկա է այլ համակարգերի հետ համակցման տեխնիկական անհնարինություն։

Նշենք, որ CAST ծրագրի միջոցով դատարաններում իրականացվում են գործերի բաշխումը դատավորներին, վերաբաշխումը, կոնկրետ գործով կոլեգիալ կազմերի ձևավորումը, ինչպես նաև գործավարությունը։ CAST ծրագրի տվյալների մի մասը տեղ է գտնում «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում, որը հանրությանը հասանելի է: 

Այսինքն՝ եթե խափանումներ լինեն CAST համակարգում կամ էլեկտրոնային համակարգերը միմյանց հետ չկապակցվեն, ապա դրանք պարզապես չեն աշխատի։

««Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ընկերությունն առ այսօր Արդարադատության նախարարությանը չի տրամադրել CAST համակարգի տեխնիկական նկարագրերը և API-ները՝ անհրաժեշտ ինտեգրումներ իրականացնելու համար։ Այնուամենայնիվ, վարչական դատավարության համակարգի պատշաճ գործարկումն իրականացնելու նպատակով Արդարադատության նախարարությունը գործադրում է բոլոր ջանքերը, այդ թվում՝ ուղղված վարչական դատավարության համակարգում անհրաժեշտ գործիքակազմի մշակմանն ու ներդրմանը»,- հավելել են նախարարությունից։

Գրել էինք, որ տարիներ շարունակ դատական ավտոմատացված համակարգի սպասարկման ծառայությունների և CAST ծրագրի սպասարկման համար Դատական դեպարտամենտի և «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս»-ի միջև 2016-2024թթ. ընդհանուր առմամբ մոտ 242 մլն դրամի պայմանագրեր են կնքվել, սակայն խնդիրները դարձյալ չեն լուծվել:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Հետքը» հոդված էր հրապարակել Արդարադատության նախարարության և «Հարմոնիայի» միջև կնքված պայմանագրով կատարված աշխատանքներից մեկի մասին։ Արդարադատության նախարարությունը 2021թ. հունիսի 15-ին պայմանագիր է կնքել «Հարմոնիայի» հետ՝ սնանկության էլեկտրոնային համակարգ ստեղծելու համար։ Պայմանագրի գինը կազմել է 172 մլն 800 հազար դրամ։ Գումարը վճարվել է, սակայն համակարգը մինչ օրս չի գործում:

Որպես չգործելու պատճառ Արդարադատության նախարարությունը նշել էր CAST համակարգի հետ սահուն փոխգործելիության ապահովման անհնարինությունը։ Այստեղ հարց է առաջանում՝ ինչպե՞ս է աշխատելու էլեկտրոնային վարչական դատարանի համակարգը, եթե այն նույնպես չունի սահուն փոխգործելիության ապահովման հնարավորություններ CAST համակարգի հետ։

Սնանկության էլեկտրոնային համակարգի վերաբերյալ խնդիրներին 2025թ. հունվարի 14-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում անդրադարձել էր նաև Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նա մասնավորապես ասել է.

«Շատ շահարկվեց և շրջանառվեց, վերջին շրջանում, սնանկացման պրոցեսի հետ կապված այդ թվայնացման համակարգը, որը, ըստ էության, չի գործարկվել։ Այդ խնդիրն անձամբ իմ ուշադրության կենտրոնում է։ Խնդրի էությունը պարզ և հասկանալի է։ Իհարկե, համակարգը կատարյալ չէ, բայց ունակ է գործելու, ուղղակի դրա գործելու անհնարինությունը կապված է այդ համակարգի այլ համակարգերին ինտեգրվելու անհնարինության հետ։ Խոսքը դատավորների մակագրման CAST համակարգի մասին է, և մեր կողմից որոշում է կայացվել, որ պետք է առաջնահերթ լուծվի այդ դատարանի մակագրման համակարգի հետ կապված խնդիրը, որպեսզի բոլոր այն համակարգերը, որոնք մենք ունենք և կունենանք ապագայում, հնարավորություն ունենան ինտեգրվել այդ համակարգին»։ 

Ամիսներ անց համակարգը պետք է ամբողջությամբ ներդրված լինի։ Արդյոք կաշխատի այս համարկարգ, թե կարժանանա սնանկության էլեկտրոնային համակարգի ճակատագրին և պետությունը, փաստացի ոչինչ չստանալով, կվճարի 240 մլն դրամ, պարզ կլինի շուտով։ Արդարադատության նախարարը շահարկում է անվանում չգործող համակարգի մասին բարձրաձայնումը՝ տպավորություն ստեղծելով, թե անհարկի է աղմուկը, մինչդեռ փաստ է, որ պետությունը խոշոր ֆինանսական միջոցներ է ներդրել, սական փաստացի չի ստացել գործող համակարգ: Ի դեպ, CAST համակարգում առաջացած խնդիրները նոր չեն, և նախարար Սրբուհի Գալյանը դրանց պետք է ծանոթ լիներ դեռևս 2019թ․-ից, երբ նշանակվեց Արդարադատության նախարարի տեղակալ: Այդ ժամանակ էլ CAST համակարգի ոչ սահուն գործելու պատճառով խափանումներ էին առաջանում «Դատալեքս» տեղեկատվական համակարգում, որի միջոցով ապահովվում է դատական գործերի հրապարակայնությունը:

«Մյուս մեծ մասը, որը վերաբերում է դատաիրավական բարեփոխումներին, կապված է թվայնացման օրակարգի հետ։ Արդեն գործում է քաղաքացիական դատավարության թվայնացված կարգը, և հայցադիմումներ կարող են ներկայացվել էլեկտրոնային հարթակով։ Իհարկե, համակարգը կատարյալ չէ, և մեր ուշադրությունն այդ համակարգի խնդիրներին է ուղղված ու պարբերաբար և՛ դատավորներից, և՛ փաստաբանական համայնքից, և՛ այն անձանցից, որոնք հանդիսանում են համակարգի շահառուները։ Մենք խնդիրները ցուցակագրում ենք և փորձում ենք համապատասխան մասնագետների օգնությամբ այդ խնդիրները լուծելի դարձնել»,- տարեվերջյան ասուլիսի ժամանակ հայտարարել է նախարար Սրբուհի Գալյանը: 

Ինչ վերաբերում է վարչական դատավարությանը, ապա ըստ Ս. Գալյանի՝ համակարգը, կարելի է ասել, պիլոտավորման փուլում է։ Գրեթե պատրաստ է, և ներկայում ընթանում են վերապատրաստման դասընթացներ, ինչպես փաստաբանների, այնպես էլ դատարանների հետ։ 

«Վերջնարդյունքում մենք կունենանք ամբողջովին էլեկտրոնային դատավարական համակարգ, ընդ որում՝ խոսքը բոլոր դատավարությունների մասին է»,- ասել է Արդարադատության նախարարությունը։

Ուշագրավ է, որ CAST համակարգի հետ է կապվում քրեական, քաղաքացիական, վարչական և սնանկության դատավարությունների թվայնացումը՝ էլեկտրոնային համակարգերի միջոցով, սակայն փաստացի գործում է քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգը, որը պատրաստված է «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ՍՊԸ-ի կողմից, իսկ «Հարմոնիայի»  պատրաստած սնանկության էլեկտրոնային դատական համակարգը չի գործում, անորոշ է նաև վարչական էլեկտրոնային դատարանի գործելու հանգամանքը: Արդարադատության նախարարի համար գուցե սա ևս շահարկում համարվի, սակայն դրանից իրավիճակը չի փոխվում. միլիոնավոր դրամներ են ծախսվում, որոնց արդյունքը փաստացի չի երևում:

Գլխավոր նկարը՝ Սյուզաննա Օհանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter