173 մլն դրամի վատնում. սնանկության էլեկտրոնային համակարգը չի գործում
Արդարադատության նախարարությունը 2021 թվականի հունիսի 15-ին պայմանագիր է կնքել «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամի հետ։ Պայմանագրով նախատեսվում էր մշակել սնանկության էլեկտրոնային համակարգ։ 172 մլն 800 հազար դրամ գումարը վճարվել է, սակայն համակարգը չի գործում:
Ներկայում սնանկության գործընթացը Հայաստանում տեղի է ունենում թղթային ձևաչափով։ Ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, երբ կամավոր սնանկության են գնում կամ ցանկանում են այլ անձի սնանկ ճանաչելու միջնորդություն ներկայացնել դատարան, դա անում են թղթային ձևաչափով։ Սնանկության գործով կառավարչի ընտրությունը ևս էլեկտրոնային ձևաչափով տեղի չի ունենում։
Ըստ պայմանագրի՝ «Հարմոնիան» պետք է էլեկտրոնային հարթակ ստեղծեր, որտեղ տեղի կունենար սնանկության ամբողջ գործընթացը՝ մասնակիցներին զերծ պահելով թղթաշրջանառությունից։ Այս համակարգի գործարկումից հետո պետք է նվազեր նաև Սնանկության դատարանի դատավորների ծանրաբեռնվածությունը:
Ծրագրի իրականացման համար Արդարադատության նախարարությունը «Հարմոնիա»-ին վճարել է 172 մլն 800 հազար դրամ։ Նախարարությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ գումարն ամբողջությամբ վճարված է։
«Նախարարության նկատառումները պայմանագրի շրջանակում իրականացված աշխատանքների վերաբերյալ ներկայացվել են հընթացս, իսկ աշխատանքի արդյունքների ընդունման ժամանակ պայմանագրից շեղումներ չեն արձանագրվել»,- ասված է Արդարադատության նախարարության պատասխանում։
Արդարադատության նախարարությունից նաև փորձել էինք ճշտել, թե ինչու մինչ օրս համակարգը չի գործարկվել։ Նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Տիգրան Արեյանի փոխանցմամբ՝ «Էլեկտրոնային սնանկության համակարգի գործարկմանը խոչընդոտում են «Դատական համակարգ» («CAST») ծրագրի տեխնիկական խնդիրները: Վերջինս հնացած է, չունի սահուն փոխգործելիության ապահովման պատշաճ հնարավորություններ: Ներկայում մշակվում են խնդրի համակարգային հասցեագրմանն ուղղված լուծումներ»:
Վարչապետի որոշմամբ 2019 թվակաինի օգոստոսի 1-ին Հայաստանում ստեղծվել է Թվայնացման խորհուրդ, որի գործունեության նպատակն է պետական կառավարման համակարգի և տնտեսության թվայնացման ապահովումը, թվային հմտությունների զարգացման խթանումը, ինչպես նաև՝ թվայնացման ոլորտում պետական գերատեսչությունների աշխատանքների ներդաշնակեցումը: Տիգրան Արեյանը տեղեկացնում է, որ խորհրդի որոշմամբ՝ համակարգային խնդիրների լուծման աշխատանքները ներկայումս «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի ուսումնասիրության տիրույթում են:
«Դատական համակարգ» («CAST») ծրագրի հետ փոխգործակցությամբ է աշխատում նաև էլեկտրոնային քաղաքացիական դատավարության հարթակը՝ cabinet.armlex.am կայքը։ Իհարկե, այստեղ ևս խափանումներ են լինում, ինչի մասին պարբերաբար բարձրաձայնում են փաստաբանները, քաղաքացիները:
Ինչպե՞ս է ստացվում, որ էլեկտրոնային քաղաքացիական դատավարության հարթակի աշխատանքները հնարավոր է կազմակերպել «CAST» ծրագրի ոչ սահուն փոխգործելիության պայմաններում, իսկ սնանկության էլեկտրոնային համակարգի դեպքում այն խոչընդոտ է դառնում։
«Արդյոք հնարավոր չէր նախապես կանխատեսել «CAST» ծրագրի հետ սահուն փոխգործելության ապահովման խնդիրները» հարցին ի պատասխան՝ Արդարադատության նախարարության ներկայացուցիչը պատասխանել է. «Ինչպես դատական համակարգի հետ առնչվող այլ համակարգերի դեպքում, սնանկության համակարգի դեպքում ևս համակարգի տեխնիկական առաջադրանքով նախատեսվել է դատական համակարգի հետ փոխգործելիության ապահովում: Առկա տեխնիկական խնդիրների կանխատեսումը դուրս է տեխնիկական առաջադրանքի մշակման աշխատանքների շրջանակից»:
Ուշագրավ է, որ տարիներ շարունակ դատական ավտոմատացված համակարգի սպասարկման ծառայությունների և CAST ծրագրի սպասարկման համար Դատական դեպարտամենտի և «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս»-ի միջև 2016-2024 թթ. ընդհանուր առմամբ մոտ 242 մլն դրամի պայմանագրեր են կնքվել, սակայն խնդիրները դարձյալ չեն լուծվել:
Նույն ընկերության և Արդարադատության նախարարության միջև 2022թ. հունիսին կնքվել է 348 մլն դրամի պայմանագիր՝ քաղաքացիական դատավարության թվայնացման ծառայությունների համար, որը դարձյալ խափանումներով է գործում:
Բազմիցս գրել ենք, որ Datalex տեղեկատվական համակարգը ևս խափանումներով է գործում: Այս կայքը ևս կապված է CAST ծրագրին:
Ստացվում է, որ Արդարադատության նախարարությունը 172,8 մլն դրամ է վճարել «Հարմոնիա» ընկերությանը մի ծրագրի համար, որը չի գործում։ Սնանկության էլեկտրոնային հարթակ կարող եք այցելել՝ մուտք գործելով e-bankruptcy.am կայք։ Սակայն կայքը դատարկ է, բացի կառավարիչների անուններից՝ այլ տվյալ չկա։
«Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամը երկար տարիներ է՝ մասնակցում է պետական գնումներին։ Մենք ուսումնասիրել ենք հիմնադրամի հետ կնքված այլ պայմանագրեր ևս։
Մասնավորապես, 2021 թվականի փետրվարի 24-ին Պետական եկամուտների կոմիտեն 60 մլն դրամ արժեքով պայմանագիր է կնքել «Հարմոնիա» հիմնադրամի հետ։ Համաձայն պայմանագրի՝ «Հարմոնիան» պիտի ՊԵԿ մաքսային միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգում նոր «Եվրասիական տնտեսական միության օրենսդրության համաձայն, որպես էքսպրես-բեռ փոխադրողի կողմից տեղափոխվող և օրենսդրությամբ սահմանված էքսպրես-բեռների համար ապրանքային հայտարարագրի կամ էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառությամբ հայտարարագրվող ապրանքների հայտարարագրման» ավտոմատացված տեղեկատվական համակարգի ներդրման խորհրդատվական ծառայություններ մատուցեր։
Պետական եկամուտների կոմիտեից «Հետքին» հայտնեցին, որ «Հարմոնիան» խախտել է ծառայությունների մատուցման ժամանակահատվածը, չի ապահովել սահմանված պարտավորությունները, և կատարման ընթացքի վերաբերյալ մասնագիտական խումբը բացասական եզրակցություն է տվել։ Այդ պատճառով ՊԵԿ-ը միակողմանի խզել է ընկերության հետ կնքված պայմանագիրը։
«Հարմոնիա»-ի հետ պայմանագիրը խզելուց հետո ՊԵԿ-ը նույն աշխատանքները կատարելու համար պայմանագիր է կնքել «Դանիամ» ՍՊԸ-ի հետ։ Այս ընկերությանը ՊԵԿ-ը վճարել է 58 մլն դրամ՝ 2 մլն դրամ պակաս, քան նախատեսվում էր վճարել «Հարմոնիա»-ին։
2024թ. փետրվարի 15-ին հայտնի դարձավ, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ։ Նրան և նախարարության յոթ աշխատակցի մեղադրում էին նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների համար։
Գաղտնալսումներ
Այս գործի շրջանակներում քննչական մարմիններն իրականացրել էին հեռախոսազրույցների մի շարք գաղտնալսումներ։ Այդ գաղտնալսումներից մեկում, որը հայտնվել է մեր տրամադրության տակ, Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը փորձում է ՊԵԿ փոխնախագահ Աշոտ Մուրադյանից տեղեկություններ ճշտել «Հարմոնիա» ընկերության մասին։ Հեռախոսազրույցում Մուրադյանը պատմում է, որ «Հարմոնիան» մեկ տարի իրականացրել է ՊԵԿ մաքսային համակարգի սպասարկումը։ «Որ ասեմ շատ գոհ ենք եղել՝ չէ։ Երկրորդ տարին մի հատ ուրիշ ընկերության հետ սկսեցին մրցակցել, գինը ահավոր իջացրին, դարձրին մի կոպեկ, որ իրենց մի երկու ամսվա աշխատավարձը կամ կփակեր կամ չէ, ու, բնականաբար, կրճատումներ իր մոտ և սպասարկումը համապատասխան ավելի ցածր գումարի, ավելի վատ որակի»,- այդ զրույցում ասում է ՊԵԿ փոխնախագահը։
«Հարմոնիան» հաղթել է նաև էքսպրես-բեռների համար ապրանքային հայտարարագրի կամ էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառությամբ հայտարարագրվող ապրանքների հայտարարագրման մրցույթը։ Ըստ Աշոտ Մուրադյանի՝ ընկերությունը վեց ամսում որևէ աշխատանք չի կատարել և հանձնելու որևէ բան չի ունեցել։ «Երբ եկավ աշխատանքն ընդունելու ժամանակը, մենք չընդունեցինք, գցեցինք սև ցուցակ։ Հետո պարոն Բադասյանին խնդրեցին, կարծեմ այն ժամանակ խնդրել ա Ջանջուղազյանը, որ մի հատ էլ հնարավորություն տվեք։ Մի ամիս լրացուցիչ ժամանակ տվեցինք և մի ամսում էլ չբերեց հանձնի աշխատող համակարգ և մենք գցեցինք իրան սև ցուցակ։ Հաջորդ տարի ինքը մեր սպասարկմանը չմասնակցեց»,- Անի Իսպիրյանի հետ հեռախոսազրույցում ասում է Աշոտ Մուրադյանը։
Մենք փորձեցինք կապ հաստատել Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի հետ, որը նախկինում զբաղեցրել է Ֆինանսների նախարարի պաշտոնը։ Ջանջուղազյանը չցանկացավ խոսել մեզ հետ, սակայն մեր հարցերին պատասխանեց Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղար Վազգեն Հարությունյանի միջոցով։ Հարությունյանը փոխանցեց, որ Ջանջուղազյանը որևէ մեկին չի զանգել «Հարմոնիա» ընկերության հետ կապված խնդրանքով։ Սակայն չհերքեց, որ ճանաչում է «Հարմոնիա» ընկերության տնօրեն Մուրադ Մուրադյանին և ջերմ հարաբերություններ ունի նրա հետ։ Հարցին, թե ինչու է ՊԵԿ փոխնախագահն ասել, որ Ջանջուղազյանը զանգահարել է Ռուստամ Բադասյանին նման խնդրանքով, Վ. Հարությունյանն առաջարկեց հարցնել ՊԵԿ փոխնախագահին։
Զանգահարեցինք Աշոտ Մուրադյանին եւ խնդրեցինք մեկնաբանել գաղտնալսման մեջ արած իր հայտարարությունները։ Մեր հացերը լսելուց հետո Մուրադյանը հրաժարվեց բանավոր պատասխանել և առաջարկեց հարցերն ուղղել գրավոր։
Պետական եկամուտների կոմիտեին գրավոր խնդրեցինք պարզաբանում տալ Ռուստամ Բադասյանին Ատոմ Ջանջուղազյանի զանգի, խնդրանքի հիման վրա ՊԵԿ-ում ընկերություններին արտոնություն տրամադրելու և հնարավոր շահագրգռվածությունների վերաբերյալ: Մեր հարցադրումներին ՊԵԿ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մկրտչյանը «բլից» պատասխաններ տվեց՝ ասելով, որ հեռախոսազանգի մասին համապատասխան տեղեկություն առկա չէ, իսկ մնացած հարցերին ուղղակի «ոչ» պատասխանեց:
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Մուրադ Մուրադյանից։ Մի քանի անգամ զանգեցինք «Հարմոնիա» ընկերություն, աշխատակիցը խոստացավ տեղյակ պահել տնօրինությանը զանգի մասին։ Մի քանի հաղորդագրություն ուղարկեցինք Մուրադյանին WhatsApp եւ Viber հավելվածներով՝ խնդրելով մեկնաբանություն տալ վերը նշված պայմանագրերի վերաբերյալ։ Օրեր առաջ նաեւ զանգեցինք նրան։ Մուրադ Մուրադյանը խոստացավ օրվա ընթացքում ավելի ուշ զանգահարել, սակայն այդպես էլ կապ չհաստատեց։
Մեկնաբանել