
Ինչպես են վաճառվել ուրիշների գերեզմանները
Կաշառքը բոլոր ժամանակներում եղել է օրենքներն ու կարգերը շրջանցելու միջոց։ Այդպես է նաև այսօր։ Կաշառքով պաշտոնի են նշանակվում, բանակից ազատվում, թույլտվություններ ստանում և այլն։ Կաշառքով նաև մահացածների վերջին հանգրվանն է ընտրվում։ Ապօրինի վարձատրության դիմաց նաև վերահուղարկավորություն են անում՝ ավելի հարմար գերեզմանոց տեղափոխելով։ Այդ ճանապարհին չի խնայվում ոչինչ։ Հանգուցյալներին թաղում են մեկ այլ հանգուցյալի վրա, կամ՝անմիջապես կողքին։ Ջարդում և ոչնչացնում են անժառանգ կամ տասնամյակներ առաջ հուղարկավորված մարդկանց գերեզմանները, քարերը խառնում են հին ծաղկեպսակների և շինաղբի հետ՝ տեղ ազատելով նոր հուղարկավորության համար:
«Հետք»-ն ուսումնասիրել է Երևանի գերեզմանատների տարածքները, դրանցում արձանագրված մի շարք հանցագործություններ, ծանոթացել է բազմաթիվ փաստաթղթերի, դատական գործերի, զրուցել պատասխանատուների հետ և պարզել է գերեզմանատների կառավարման ոլորտում առկա բացերը, որոնք պարարտ միջավայր են դարձել կոռուպցիոն դրսևորումների համար։
2018-2022թթ․-ն Երևանի «Քանաքեռի» գերեզմանատանը ապօրինի հուղարկավորությունների, գերեզմանաքարերի պղծման, մասնավոր անձանց պատկանող հողամասում թաղման, գերեզմանների վկայականների կեղծման, կաշառք պահանջելու և կաշառք ստանալու բազմաթիվ դեպքեր են գրանցվել։
Գործերից մեկով մեղադրյալի աթոռին է հայտնվել գերեզմանատներից մեկի նախկին հսկիչը, որին վերագրել են «Քանաքեռի» գերեզմանատանը կատարված բազմադրվագ և տարատեսակ հանցագործություններ։ Իրավապահներն այդ հանցագործությունների և դրանք կատարողների մի մասին են բացահայտել։ Մյուսների ճակատագրերն անհայտ են։
Երևանի Հասրաթյան փողոց 9 հասցեում գտնվող «Քանաքեռի» գերեզմանատունը «մասնակի փակ» կարգավիճակ ունի։ Այստեղ սպառված են գերեզմանների տեղերը։ Կարելի է հուղարկավորություն կատարել միայն ընտանեկան գերեզմաններում, որտեղ որ ազատ տեղեր կան։ «Քանաքեռի» գերեզմանատանը նոր հողահատկացումներն արգելված են։
Հին գերեզմանների պղծում, տեղում նոր հուղարկավորությունների կազմակերպում
«Քանաքեռի» գերեզմանատան ընտանեկան գերեզմաններից մեկում 11 հանգուցյալ է կողք կողքի թաղված եղել։ Մահացածները հուղարկավորվել են տասնամյակներ, նույնիսկ՝ ավելի քան մեկ դար առաջ (օրինակ՝ 1912թ․-ին): Հանգուցյալների հարազատները, մի օր այցելելով գերեզմանատուն, տեսել են, որ իրենց հարազատներից 3-ի գերեզմանաքարերի փոխարեն նոր հողաթումբ կա՝ առանց ցուցանակի։ Նույն պահին գերեզմանոցում է եղել նոր հուղարկավորվածի հարազատը։ Բոլորը անակնկալի են եկել տեղի ունեցածից։ Հետագայում պարզել են, որ ավելի վաղ հանգուցյալների տապանաքարերը հանվել, կոտրվել և տեղափոխվել են «Քանաքեռի» գերեզմանատան այլ վայր, իսկ տարածքը հատկացվել է նոր մահացածի հարազատներին՝ հուղարկավորությունը կազմակերպելու համար։ Պարզվել է, որ նոր հանգուցյալի համար հողահատկացումն իրականացրել է գերեզմանատան նախկին հսկիչը՝ 400 հազար դրամի դիմաց․ գումարի պահանջը ներկայացվել է որպես բետոնապատման և գերեզմանի բարեկարգման ծախս։ «Քանաքեռի» գերեզմանատանը հին գերեզմանների պղծման դեպք «Հետք»-ը արձանագրել էր նաև 2021 թ.-ին։
«Ամրագրված» և վերավաճառված գերեզմանատեղի
«Քանաքեռի» գերեզմանատանը 2020թ.-ից առաջ մի հողակտոր մետաղական ցանկապատով առանձնացվել և «պատկանել» է մի կնոջ։ Առանց որևէ իրավական հիմքի դա համարվել է նրա տարածքը, որտեղ հանգուցյալ չի հուղարկավորվել։ Գերեզմանատան նախկին հսկիչն այդ կնոջից, առանց որևէ փաստաթղթի, 1200 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել այսպես ասած գերեզմանը (այդտեղ հանգուցյալի աճյուն չի եղել)։ Հետագայում այդ դատարկ տարածքն ավելի թանկ գնով՝ 4000 ԱՄՆ դոլարով վաճառել է մեկ այլ անձի, որը ցանկացել է տվյալ գերեզմանատանն իր մահացած հարազատին հուղարկավորել։ Հուղարկավորությունը կատարվել է 2020թ․-ին։ Նմանատիպ «ամրագրված» և վերավաճառված գերեզմաններ Երևանի մյուս գերեզմանատներում էլ կան։
«Մասնակի փակ» ռեժիմով գերեզմանատանը նոր հողահատկացում է արվել
«Քանաքեռի» գերեզմանատան տարածքում և գերեզմանատան հարևանությամբ Երևան համայնքին պատկանող հողամասերում 2020թ․-ին մի շարք հուղարկավորություններ են կատարվել։ Քանի որ գերեզմանատունը հանդիսացել է «մասնակի փակ», և նոր հողահատկացումներ հնարավոր չեն եղել, գերեզմանատան նախկին հսկիչը գերեզմանի կեղծ վկայականներ է պատրաստել։ Այսպես, նոր մահացած մարդկանց հարազատներին տրվել է գերեզմանատեղիի քարտ, որտեղ կեղծ տվյալներ են ներառվել, թե իբր 1980, 1970 և այլ թվականներին նրանց հարազատներն են այդտեղ թաղած եղել, և թույլատրվում է նրանց գերեզմանների կողքին նոր հանգուցյալի հուղարկավորել։ Նմանատիպ դեպքերով գերեզմանատան նախկին հսկիչը մահացած անձանց հարազատներից պահանջել և ստացել է կաշառք։ Այդկերպ «մասնակի փակ» ռեժիմով գերեզմանատանը և գերեզմանատան հարակից, Երևան համայնքին պատկանող հողամասերում ապօրինի հողահատկացումներ են կատարվել։
Գերեզմանի կեղծ քարտեր կամ վկայականներ են պատրաստվել
Նույն գերեզմանատանը 2020թ․ ապրիլին 9 քմ հողակտորում հուղարկավորություն կազմակերպելու համար նախկին հսկիչը մի քաղաքացուց մաս-մաս 1 միլիոն 200 հազար դրամ գումար է պահանջել և ստացել։ Գումարի դիմաց կազմվել է գերեզմանի կեղծ քարտ, թե իբր այդ 9 քմ հողակտորում հուղարկավորված է մահացածի ազգականը։ Գերեզմանի կեղծված քարտի հիման վրա Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը տվել է գերեզմանի վկայական։
Նույն թվականի հունիս ամսին նույն հսկիչը մեկ այլ քաղաքացու հարազատին հուղարկավորելու համար 7.5 քմ հողահատկացում է կատարել։ Այս դեպքում ևս գերեզմանի կեղծված քարտ է պատրաստվել, որի դիմաց հանգուցյալի հարազատից հսկիչը ստացել է 1400 ԱՄՆ դոլար։ Այս դեպքում ևս կեղծված քարտի հիման վրա «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը հուղարկավորված անձի հարազատներին է տրամադրել գերեզմանի վկայական։ «Քանաքեռի» գերեզմանատանը հուղարկավորված անձանց վերաբերյալ արխիվային տվյալները սկսվում են 1986թ.-ից, իսկ գերեզմանի կեղծ վկայականներում մահվան տարեթիվ է նշվել մինչ 1986թ․։
Մասնավոր սեփականություն համարվող հողամասերում հուղարկավորություններ են կատարվել
2021թ․-ին իրավապահներին զեկուցագրով դիմել է Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը և հայտնել, որ «Քանաքեռի» գերեզմանատանը և դրա հարակից տարածքներում հայտնաբերվել է 8 գերեզման, որոնցում կատարված հուղարկավորություններն իրականացվել են գերեզմանատան կազմակերպման համար նախատեսված վայրից դուրս։ Ըստ զեկուցագրի՝ հուղարկավորությունները հանրային ծառայողն է իրականացրել, որի դիմաց ստացել է ապօրինի վարձատրություն։ Հետագայում արդեն Ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2018 և 2021թթ․-ին Հասրաթյան 9 հասցեի գերեզմանոցի հարևանությամբ՝ Հասրաթյան 8/6 հասցեում, մի քաղաքացու սեփականությունը համարվող 267 քմ հողամասում, սահմանված կարգի խախտմամբ, հուղարկավորվել են տարբեր անձինք։ Հողամասի սեփականատերը իրավապահներին հայտնել է, որ «Քանաքեռի» գերեզմանատան հարևանությամբ գտնվող հողամասն իր ընտանիքին տարիներ առաջ հատկացվել է այգեգործական նպատակով, այնտեղ կառուցել են կացարան, սակայն չեն օգտագործել։ Տուժողը հայտնել է նաև, որ իրենց հողամասը որևէ արգելապատնեշով գերեզմանոցից առանձնացված չի եղել։ Հողամասի սեփականատերը տարածք երկար ժամանակ չի այցելել, հետագայում է իմացել, որ հողամասում տարբեր անձանց են հուղարկավորել, և այն վերածվել է գերեզմանոցի։
Երևանի քրեական դատարանում քննվել և կարճվել են «Քանաքեռ»-ի գերեզմանատանը տեղի ունեցած բազմադրվագ հանցագործությունների դեպքերը։ Մեղադրյալը մեկն էր՝ մայրաքաղաքի մեկ այլ գերեզմանատան նախկին հսկիչը։ Տուժողները 8-ն էին, որոնցից բացի, վնաս է կրել նաև Երևան համայնքը։ Հանցագործության դեպքերի մի մասը բացահայտել էր ԱԱԾ-ն, մի մասը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից իրավապահներին ուղղված դիմումներից հետո էր պարզվել, մի քանի դեպք էլ քաղաքացիների հաղորդումների հիման վրա էր բացահայտվել։ Միակ մեղադրյալը չի պատժվել՝ տուժողների հետ հաշտվելու և վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։
Քանաքեռի գերեզմանատանը նոր հողահատկացումներ են արվում
2025թ․-ի հունվարին այցելեցինք «Քանաքեռի» գերեզմանատուն։ Մեր այցելության ժամանակ նոր գերեզմանափոս էր փորվում, նոր հողահատկացում էր արվել Երևան համայնքին պատկանող տարածքում։ Գերեզմանատան տարածքում բազմաթիվ կոտրված գերեզմանաքարեր կային՝ հիմնականում աղբին միախառնված։ Մի քանի հին գերեզմանի ցանկապատեր հանված էին, գերեզմանաքարերը՝ վնասված։ Կային գերեզմաններ, որոնք աղբի կույտի մեջ էին․ ակնհայտ էր, որ «նախապատրաստվում են» ոչնչացման։
Հասրաթյան 8/6 հասցեի տարածքը, գրեթե ամբողջությամբ, զբաղեցված է գերեզմանատեղիներով, և ոչ միայն այդ հասցեն։ Ըստ Կադաստրի կոմիտեի տվյալների՝ ևս մի քանի հողակտոր՝ կից Հասրաթյան 8/6 հասցեին, պատկանում է այլ անձանց, որոնք նույնպես այժմ գերեզմանատեղիներ են։ Քարտեզում կարող եք տեսնել այն տարածքները, որոնք պատկանում են մասնավորին կամ Երևան համայնքին։ Այդ տարածքներում այժմ գերեզմանատեղիներ են։
Գերեզմանատունը սեփականության վկայական ստացել է 2017թ․-ին։ Երևանի այդ ժամանակվա քաղաքապետի որոշմամբ «Քանաքեռ»-ի գերեզմանատան սահմաններ են ճշգրտվել, նոր հատակագիծ է թողարկվել և հասցե է տրվել։ Գերեզմանատունը զբաղեցնում է 7.3 հեկտար մակերես, ունի «կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակություն»։ Գերեզմանատունը երեք կողմից ցանկապատված է։ Հասրաթյան փողոցից՝ մետաղական ցանկապատով, հյուսիսային և հարավային կողմից՝ մետաղական և երկաթբետոնե հենապատերով, իսկ հարավ-արևելյան մասը բաց է, և հենց այդ մասով էլ գերեզմանատունն ընդլայնվել է մասնավոր սեփականություն համարվող հողերի և Երևանի քաղաքապետարանին պատկանող՝ այլ նպատակային նշանակությամբ հողերի հաշվին։
Երևանի 21 գերեզմանատնից ընդամենը 4-ը վկայական ունի
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կողմից շահագործվող 21 գերեզմանատներից ընդամենը 4-ն ունի սեփականության վկայական և ճշգրտված սահմաններ։ Դրանք են՝ «Զեյթուն»-ը, «Մուշական-Ջրաշեն»-ը, «Նորք-Մարաշ»-ը և «Սպանդարյան»-ը: Տեղեկատվությունը հայտնել են Երևանի քաղաքապետարանից։
Ուսումնասիրելով նշված 4 գերեզմանատների կադաստրային փաստաթղթերը և քարտեզները՝ պարզվում է, որ «Զեյթուն» և «Նորք-Մարաշ» գերեզմանատների սեփականության վկայականը տրվել է 2023թ․-ին։ Երկու գերեզմանատան զբաղեցրած հողերն ունեն «կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների» կատեգորիա։ «Սպանդարյան» գերեզմանատան զբաղեցրած հողամասի համար Երևան համայնքի սեփականության իրավունքը գրանցվել է դեռևս 2005 թ․-ին։ Այս գերեզմանատան հողամասը «բնակավայրերի/բնակելի կառուցապատման» նպատակային նշանակություն ունի։ Սա նշանակում է, որ հողամասում օրենքի խախտմամբ է Երևանի քաղաքապետարանը կազմակերպում հողահատկացումն ու հուղարկավորությունը, քանի որ այն «կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների» կատեգորիայի հող չէ, որտեղ թույլատրվում է գերեզմանատուն շահագործել։ Ուսումնասիրելով Կադաստրի կոմիտեի՝ «Մուշական-Ջրաշեն» գերեզմանատանն առնչվող տվյալները, պարզեցինք, որ Կադաստրի քարտեզով գերեզմանատան տարածքը սահմանազատված է, սակայն դրա համար, սահմանված կարգով, Երևան համայնքի սեփականության իրավունքը գրանցված չէ։ Սա տեխնիկական հարց է, քանի որ Կադաստրի քարտեզում գերեզմանի զբաղեցրած հողամասը սահմանազատված և առանձնացված է։
«Մյուս գերեզմանատների տարածքների սահմանազատման վերաբերյալ հայտնում ենք, որ նախկինում գերեզմանատների ընդլայնման հետեւանքով գերեզմանատների սահմանների որոշակի հատվածներ համադրվում են այլ նպատակային նշանակություն ունեցող հողատարածքների հետ, եւ գերեզմանատների սահմանների ճշտման նպատակով 2024 թվականին կատարվել են համապատասխան գեոդեզիական աշխատանքներ»,- գրավոր հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ գերեզմանատները համայնքային եւ մասնավոր հողերից ու շինություններից առանձնացված են քարե, բետոնե պարսպով, ճաղավանդակներով՝ մասնակի կարգով։ Գերեզմանատների սահմանների որոշակի հատվածներում առկա այլ տարածքների հետ համադրման առնչությամբ քաղաքապետարանի կողմից կատարվում են գերեզմանատան սահմանների ճշտումներ։ Գերեզմանատների տարածքներում տեսանկարահանող սարքեր տեղադրված չեն։
Գերեզմանատեղերի և հանգուցյալների արխիվային տվյալները մասնակի են պահպանված
Երևանի գերեզմանատներում հուղարկավորությունների գրանցման տվյալները տարբեր տարիներից են սկսվում։ Ինը գերեզմանատան պարագայում՝ 1986 թվականից, մեկը՝ 1990-ից, հինգ գերեզմանատուն՝ 1997-ից, երկուսը՝ 1999-ից, ևս երկուսը՝ 2004-ից։
Մինչև 2007 թվականը ՀՈԱԿ-ի գրանցամատյաններում հանգուցյալի վերաբերյալ նշվել են՝ անուն, ազգանուն, ծննդյան և մահվան տարեթվեր։ Երևանի քաղաքապետարանից մեզ տրամադրել են 19 գերեզմանատան արխիվային տվյալների պահպանման տարեթվերը, 2 գերեզմանատան վերաբերյալ որևէ տվյալ չեն տրամադրել։ Կարող ենք ենթադրել, որ այդ գերեզմանատներում հուղարկավորված հանգուցյալների վերաբերյալ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում տվյալներ չկան։
Հանգուցյալների վերաբերյալ տվյալներն այսօր էլ գրանցվում են գերեզմանատների մատյաններում՝ թղթի վրա, էլեկտրոնային գրանցամատյան չկա։
Գերեզմաններում շինարարության կարգը փոխվել է
Նոր քաղաքային իշխանությունը պաշտոնավարում է 2023 թ․-ի հոկտեմբերից, որից երկու ամիս անց՝ դեկտեմբերին, ավագանու որոշմամբ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կանոնադրությունում փոփոխություններ կատարվեցին։ Հստակեցվեցին հսկիչների և վարիչների լիազորությունները, գերեզմանատներում գերեզմանոցների կառուցման շինարարական աշխատանքների համաձայնեցման կարգը։ Ավագանու որոշմամբ սահմանվել է․
- Հուղարկավորության կազմակերպումը ստանձնած անձի համար սահմանված պահանջներն այդ անձանց կողմից խախտված լինելու մասին գրավոր տեղեկացնում է իրավապահ մարմիններին:
- Կազմակերպության արդյունավետ գործունեության ապահովման նպատակով գերեզմանատների շահագործման ապահովումն իրականացվում է գերեզմանատների վարիչների միջոցով։
- Գերեզման օգտագործողին՝ իրեն հատկացված գերեզմանի սահմաններում գերեզմանների, գերեզմանատեղերի բարեկարգման և տապանաքարերի, մահարձանների տեղադրման աշխատանքներ կատարելու համար Կազմակերպության տնօրինության անունից համաձայնություն տալիս է տվյալ գերեզմանատան վարիչը
- Գերեզմանատան վարիչի կողմից պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը հիմք է վերջինիս նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոց կիրառելու համար։
Գերեզմանատների վարիչների և հսկիչների լիազորությունները հստակ են
Գերեզմանատան վարիչները համակարգում եւ վերահսկում են գերեզմանատան հսկիչների, բանվորների աշխատանքները, տրամադրում նոր գերեզմանատեղ, լրացնում են գերեզմանի քարտը, վերահսկում են հուղարկավորությունների կազմակերպման, նոր գերեզմանատեղերի օրենքով նախատեսված չափսերով տրամադրումը եւ դրանց պահպանումը։ Վարիչներն են գերեզմանատներում առկա հուղարկավորությունների գրանցման մատյանում կատարում հուղարկավորությունների վերաբերյալ համապատասխան գրանցումներ։ Նրանք նաև հսկում են, որ գերեզմանատներում չսահմանված վայրերում աղբ չթափվի։
Գերեզմանատան հսկիչը վարիչի բացակայության ժամանակ կատարում է վերջինիս պարտականությունները։ Իսկ մինչ այդ, ապահովում է գերեզմանատան տարածքի մաքրությունը, գերեզմանատներում առկա որեւէ թերության դեպքում անհապաղ հայտնում է ղեկավարին եւ միջոցներ ձեռնարկում դրանց վերացման ուղղությամբ, հսկողություն է իրականացնում հուղարկավորությունների կազմակերպման, նոր գերեզմանատեղերի՝ օրենքով նախատեսված չափսերով տրամադրման եւ դրանց պահպանման նկատմամբ, կատարում է իր ղեկավարի հանձնարարությունները։
Քաղաքապետարանի տեսլականը. գերեզմանատների սահմանները ճշգրտվում են
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը «Հետք»-ին տված հարցազրույցում նշեց, որ գերեզմանատների սահմանների ճշգրտման աշխատանքները շարունակվում են, իսկ հիմնական խնդիրը, որ դեռ լուծված չէ, գերեզմանատներին կից մասնավոր անձանց պատկանող հողամասերի ճակատագիրն է, որտեղ տարբեր տարիների ապօրինի հուղարկավորություներ են իրականացվել։
«Այս հարցը պետք է լուծում ստանա, այդտեղ կան սեփական տարածքներ, որտեղ մարդիկ են թաղված։ Սեփականատերերի հետ, բնականաբար, հանդիպում ենք, որովհետև ենթադրենք X քառակուսի մետր հող է, որի y հատվածում իրականացված են հուղարկավորություններ, բայց այն մյուս հատվածը, այդ թվում՝ նաև հենց որտեղ որ իրականացված են հուղարկավորությունները, շարունակում է պատկանել մասնավոր մարդու։ Ես կարծում եմ, որ խնդիրը վաղ թե ուշ պետք է լուծում ստանա, որովհետև, միևնույն է, տվյալ գերեզմանատեղիները հանդիսանում են նաև հարազատների (հանգուցյալի) սեփականությունը, և ամեն ինչ անում ենք, որպեսզի լուծում տանք»,- ասաց Արմեն Փամբուխչյանը՝ չհստակեցնելով, թե ինչ լուծումների մասին է խոսքը։
Գերեզմանատներում հանգուցյալների և գերեզմանոցների տվյալները ընթացիկ տարում էլ չեն թվայնացվի։ Փոխքաղաքապետը նշեց, որ թվայնացման հարցը Երևանի քաղաքապետարանի 2025 թ.-ի ծրագրերում ներառված չէ․ «Առհասարակ քաղաքապետարանն այսօր այն ոլորտներում, որտեղ որ հնարավոր է իրականացնել թվայնացում, գնում է այդ ճանապարհով, արդեն թվայնացված որոշակի ոլորտներ ունենք, և, բնականաբար, նաև այս ոլորտը՝ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի բազաներին առնչվող ոլորտը, պետք է նույնպես, այո, թվայնացվի։ Այս տարի մենք չենք դրել այդ խնդիրը, որովհետև դեռ թվայնացնելով գնում են քաղաքապետարանի մյուս ստորաբաժանումները, բայց, բնականաբար, դա օրակարգում կա»։
Երևանի գերեզմանատներում գերեզմանաքարերի պղծման, տեղում նոր հուղարկավորությունների կազմակերպման մասին և դրանցում «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի աշխատակիցների մասնակցության վերաբերյալ մեր հարցերին ի պատասխան՝ Փամբուխչյանն ասաց, որ քաղաքապետարանը գերեզմանոցներում նման դեպքերը վերահսկելու հատուկ ստորաբաժանում չունի։ «Մենք դա իրականացնում ենք վարիչների, հսկիչների միջոցով, և եթե որևէ արտառոց դեպք նկատվում է, բնականաբար, առաջին գործողությունը, որ պետք է անեն, զանգահարել Ոստիկանություն, ինչը որ անում են»,- ասաց և հավելեց, որ եթե գերեզմանատան աշխատակիցները մաս են կազմում հանցավոր դրսեւորումների, ապա այդ դեպքերը պետք է ստանան քրեաիրավական գնահատական։
Բացեր՝ իրավակարգավորումներում
Թեև օրենքը պարսպապատման պարտադիր պահանջ է սահմանում միայն մասնավոր գերեզմանատների համար, սակայն, համայնքային գերեզմանատների դեպքում էլ համայնքի ղեկավարը (Երևանում՝ Երևանի քաղաքապետը) պետք է հաստատի գերեզմանատների հողերի օգտագործման հատակագիծը (սխեման)՝ գերեզմանատան հողատարածքի սահմաններով, ինչպես նաև հաստատի գերեզմանատան սանիտարապաշտպանիչ գոտին` պարսպից (ցանկապատից) առնվազն 10 մետր հեռավորությամբ։ Տվյալ պարագայում «պարիսպ» բառը կարող է ընկալվել բաժանարար գիծ, տարածքի առանձնացում, սահմանազատում, ինչը պետք է ապահովեն համայնքի ղեկավարները։ Այս դեպքում ապահովված չի եղել, ինչն այլոց սեփականության իրավունքը խախտելու հիմք է ստեղծել։
Բացթողումներ և ռիսկեր
- Համայնքային գերեզմանատները չունեն հստակ սահմաններ, ինչը հիմք է դառնում այլոց սեփականության իրավունքի խախտումների համար
- Համայնքային գերեզմանատները հիմնականում պարսպապատված կամ սահմաններն առանձնացված չեն
- Գերեզմանատներում գերեզմանատեղերի և հուղարկավորությունների գրանցումները չեն իրականացվում էլեկտրոնային եղանակով
- Թղթային գրանցամատյաններում գրանցումներն ամբողջական չեն, ինչը չարաշահումների հնարավորություն է տալիս
- Թղթային գրանցամատյանների դեպքում մեծ է նաև գերեզմանների համադրումների վտանգը, քանի որ չկա գերեզմանատեղիի գծային պատկեր
- Համայնքի ղեկավարի կողմից կառավարիչների, հսկիչների գործողությունների նկատմամբ պատշաճ վերահսկողության մեխանիզմներ չկան
- Գերեզմանատներում չկան պահակներ, անվտանգության տեսախցիկներ, ինչը չի ապահովում տարածքում գտնվող գույքի անվտանգությունը։
Իրավական վերլուծությունն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել