
Էզեկիելը՝ Արգենտինայից․ խաղն ու կրկեսը բերելով կյանք
Արգենտինայում ծնված ու մեծացած Էզեկիելը, որի հայրը հայ է, իսկ մայրը՝ իտալացի, առաջին անգամ Հայաստան եկավ ինը տարի առաջ։ Նա ցանկանում է այստեղ հիմնել սոցիալական կրկես, որտեղ բոլորը կհավասարվեն խաղի միջոցով։
«Երբ մարդիկ խաղում են, հիերարխիաներ չեն մնում»,– ասում է նա՝ ընդգծելով, որ կրկեսային արվեստը կարող է վերացնել հասարակական սահմանները։
Հայաստանում Էզեկիելը տարբեր միջոցառումների և փողոցային ելույթների միջոցով ծանոթացնում է մարդկանց կրկեսի պարզագույն հնարքներին։ Շատերի համար անսովոր է տեսնել նրան փողոցում, այգում, ուր նա աճպարարություն է անում կամ այլ համարներ ցույց տալիս, սակայն, նրա խոսքով, ամենակարևորն այն է, որ բոլորը տեսնեն ու հասկանան, թե ինչ զվարճալի և միավորող ուժ ունի կրկեսը։
Սոցիալական կրկեսի գաղափարը, որ նա ցանկանում է զարգացնել, շեշտը դնում է ոչ միայն զվարճանքի, այլև զարգացման ու ներառականության վրա։
Այս մոտեցման օրինակներից է նրա համագործակցությունը «Ունիսոն» հասարակական կազմակերպության հետ, որը զբաղվում է հաշմանդամություն ունեցողների աջակցության և նրանց իրավունքների պաշտպանության առաքելությամբ։ Այնտեղ Էզեկիելը պարբերաբար անցկացնում է կրկեսային վարպետության դասեր, որոնց մասնակցում են տարբեր տարիքի ու տարբեր կարողություններով մարդիկ։ Դասընթացների ընթացքում բոլորը հավասար են, քանի որ բոլորը գալիս են խաղալու, ստեղծագործելու և շփվելու մեկ ընդհանուր նպատակով։ Ըստ Էզեկիելի՝ կարևորն այն է, որ մարդիկ միասին ծիծաղեն, խաղան ու իրենց ապահով զգան։
Սոցիալական կրկեսի գաղափարը փորձում է տարածել նաև մարզերում։ Ելույթներ ունեցել է Շիրակի մարզում, Սյունիքում։ Այնտեղ էլ մարդիկ հետաքրքրությամբ են արձագանքել, իսկ երեխաները մեծ ոգևորությամբ են մասնակցել փորձերին։
Էզեկիելի ցանկությունը սոցիալական կրկեսի մշակույթը Հայաստանում ամրապնդելն է, որ մարդիկ խաղի ու հաղորդակցման միջոցով ավելի հաճախ իրենց զգան հավասար պայմաններում՝ առանց սահմանափակումների ու խոչընդոտների։
Մեկնաբանել